Փրկանքը փառաբանում է Աստծու արդարությունը
ԱԴԱՄԻ և Եվայի ապստամբությունից հետո Եհովան հաստատեց իր նպատակը՝ համաձայն որի նա Սերունդ էր առաջ բերելու։ Այդ սերնդի գարշապարը խայթվելու էր (Ծննդոց 3։15)։ Սա տեղի ունեցավ, երբ Աստծու թշնամիները Հիսուս Քրիստոսին մահվան դատապարտեցին տանջանքի ցցի վրա (Գաղատացիս 3։13, 16)։ Հիսուսը մեղքից զերծ էր, քանի որ նրա կյանքը սուրբ ոգու զորությամբ հրաշքով տեղափոխվել էր մի կույսի արգանդը։ Ուստի իր արյամբ նա կարող էր փրկանք տալ մարդկանց համար, որոնք մեղք ու մահ էին ժառանգել Ադամից (Հռովմայեցիս 5։12, 19)։
Ոչինչ չի կարող ետ պահել ամենակարող Աստծուն՝ Եհովային, իր նպատակն իրականացնելուց։ Այն բանից հետո, երբ մարդը մեղք գործեց, Եհովայի տեսանկյունից փրկանքն արդեն վճարված էր։ Դրա շնորհիվ Աստված կարող էր փոխհարաբերություններ հաստատել նրանց հետ, ովքեր հավատ էին ընծայում իր խոստումների կատարմանը։ Սա հնարավորություն տվեց Ադամի մեղավոր հետևորդներին, օրինակ՝ Ենովքին, Նոյին և Աբրահամին քայլել Աստծու հետ ու նույնիսկ դառնալ նրա ընկերը՝ առանց արատավորելու նրա սրբությունը (Ծննդոց 5։24; 6։9; Յակոբոս 2։23)։
Որոշ անհատներ, ովքեր հավատ ունեին Եհովայի հանդեպ, լուրջ մեղքեր գործեցին։ Դրանցից մեկը Դավիթ թագավորն է։ Միգուցե հարցնեք. «Ինչպե՞ս կարող էր Եհովան օրհնել Դավթին այն բանից հետո, երբ նա պոռնկություն գործեց Բերսաբեի հետ և այնուհետև սպանել տվեց նրա ամուսնուն՝ Ուրիային»։ Դավիթը հավատում էր Աստծուն և անկեղծորեն զղջաց իր գործած սխալների համար (Բ Թագաւորաց 11։1–17; 12։1–14)։ Հիմք ընդունելով Հիսուսի զոհաբերությունը, որ նա տալու էր ապագայում՝ Աստված կարողացավ ներել Դավթի մեղքերը և միևնույն ժամանակ մնալ արդար (Սաղմոս 32։1, 2)։ Աստվածաշունչը բացատրում է, թե ինչ հրաշալի նպատակի է ծառայել Հիսուսի զոհաբերությունը։ Այն ցույց է տալիս «[Աստծու] արդարութիւնը.... այն առաջուց գործուած մեղքերի թոյլտուութեան համար» և ‘այս ժամանակում’ գործված մեղքերի համար (Հռովմայեցիս 3։25, 26)։
Այո՛, Հիսուսի թափած արյան շնորհիվ մարդկությունը մեծ օրհնություններ է ստանում։ Փրկանքի հիման վրա զղջացող մարդիկ կարող են մտերիմ փոխհարաբերություններ ունենալ Աստծու հետ։ Բացի այդ, փրկանքը հնարավորություն է ստեղծում, որպեսզի մահացած մարդիկ հարություն առնեն Աստծու նոր աշխարհում։ Հարություն կառնեն նաև Աստծու հավատարիմ ծառաները, որոնք մահացել են նախքան Հիսուսի՝ փրկանք վճարելը։ Նաև նրանք, ովքեր մահացել են՝ այդպես էլ չճանաչելով Աստծուն և հնարավորություն չունենալով երկրպագել նրան։ Աստվածաշնչում ասվում է. «Արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի» (Գործք 24։15)։ Այդ ժամանակ փրկանքի շնորհիվ Եհովան բոլոր հնազանդ մարդկանց հավիտենական կյանք կպարգևի (Յովհաննէս 3։36)։ Հիսուսն ասել է. «Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։ Այս բոլոր օրհնությունները մարդիկ կստանան Աստծու տված քավիչ զոհաբերության շնորհիվ։
Սակայն փրկանքի առանձնահատկությունն այն չէ, որ օգուտներ ենք ստանում դրանից։ Ամենակարևորն այն է, թե ինչպես է Հիսուսի տված փրկանքը փառաբանում Եհովայի անունը։ Այն փաստում է, որ Եհովան կատարյալ արդարություն ունի և նույնիսկ մեղավոր մարդկանց հետ գործ ունենալիս կարող է մնալ մաքուր և սուրբ։ Եթե Աստված նպատակ չունենար փրկանք վճարել, ապա Ադամի հետևորդներից ոչ մեկը՝ ո՛չ Ենովքը, ո՛չ Նոյը, ո՛չ էլ Աբրահամը չէին կարողանա քայլել Եհովայի հետ կամ դառնալ նրա ընկերը։ Գիտակցելով դա՝ սաղմոսերգուն գրեց. «Եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր» (Սաղմոս 130։3)։ Որքա՜ն շնորհակալ պետք է լինենք թե՛ Եհովային, որ իր սիրելի Որդուն ուղարկեց երկիր և թե՛ Հիսուսին, որն իր կյանքը պատրաստակամորեն փրկանք տվեց մեզ համար (Մարկոս 10։45)։