Որքանո՞վ է Բանսարկուն իրական ձեզ համար
ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Բանսարկուին ներկայացնում են որպես իրական անձնավորության։ Նա անտեսանելի է, ինչպես որ Աստված է մարդկանց համար անտեսանելի։ Աստվածաշունչն ասում է. «Աստուած Հոգի է» (Յովհաննէս 4։24)։ Բանսարկուն նույնպես ոգեղեն անձնավորություն է։ Սակայն ի տարբերություն Արարչի՝ նա սկիզբ է ունեցել։
Մարդկանց ստեղծելուց դեռ շատ ժամանակ առաջ Եհովա Աստված բազմաթիվ ոգեղեն արարածների էր ստեղծել (Յոբ 38։4, 7)։ Աստվածաշնչում այս ոգեղեն արարածները կոչվում են հրեշտակներ (Եբրայեցիս 1։13, 14)։ Աստված նրանց բոլորին էլ կատարյալ էր ստեղծել։ Նրանցից ոչ մեկը չար չէր և չուներ վատ հատկություններ։ Հետևաբար ինչպե՞ս առաջ եկավ Բանսարկուն։ «Բանսարկու» նշանակում է զրպարտող։ Այդ բառը բնութագրում է նրան, ով վարկաբեկիչ ստեր է տարածում ուրիշների մասին։ «Սատանա» բառը նշանակում է դիմադիր, հակառակորդ։ Ճիշտ ինչպես որ ազնիվ անհատն է դառնում գող, այնպես էլ Աստծու կատարյալ ոգեղեն որդիներից մեկը տեղի տվեց իր սխալ ցանկությանը և այդպիսով դարձավ Բանսարկու՝ Սատանա։ Աստվածաշունչը բացատրում է, թե ինչպես նրա մեջ այդպիսի վատ փոփոխություն տեղի ունեցավ. «Ամեն մէկը փորձվում է բուն իր ցանկութիւնիցը հրապուրուած եւ խաբուած։ Եւ այնուհետեւ որ ցանկութիւնը յղացած է՝ ծնվում է մեղք. եւ մեղքն էլ երբոր կատարվում է՝ մահ կ’ծնի» (Յակոբոս 1։14, 15)։
Ակնհայտ է, որ նրա հետ տեղի ունեցավ հենց սա։ Երբ Եհովա Աստված ստեղծեց առաջին մարդկային զույգին, այդ հրեշտակը, որն արդեն պատրաստվում էր ապստամբել Աստծու դեմ, օգտվեց այդ առիթից։ Նա գիտեր, որ Եհովան Ադամին ու Եվային պատվիրել էր երկիրը լցնել արդար մարդկանցով, որոնք կերկրպագեին Արարչին (Ծննդոց 1։28)։ Այդ հրեշտակը մտածեց, որ մարդկանց երկրպագությունը ստանալու միջոցով կարող էր ձեռք բերել փառք և ավելի մեծ հեղինակություն։ Ագահությունից դրդված՝ նա ցանկացավ ստանալ այն, ինչն իրավամբ պատկանում է միայն Արարչին, այն է՝ մարդկանց երկրպագությունը։ Այդ սխալ ցանկությունից հրաժարվելու փոխարեն՝ Աստծու այս ոգեղեն որդին զարգացրեց իր ցանկությունը այնքան, մինչև այն հանգեցրեց սուտ խոսելու, իսկ այնուհետև ապստամբության։ Քննենք, թե ինչ արեց նա։
Ապստամբ հրեշտակը օձի միջոցով խոսեց առաջին կնոջ՝ Եվայի հետ։ Նա հարցրեց Եվային. «Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք»։ Երբ Եվան հիշատակեց, թե ինչ էր պատվիրել Աստված, և թե ինչ պատիժ կարող էին ստանալ այդ պատվերին չհնազանդվելու դեպքում, օձն ասաց. «Բնաւ չէք մեռնիլ։ Այլ Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող» (Ծննդոց 3։1–5)։ Նա պնդեց, որ Աստված ճշմարտությունը չէր հայտնել Ադամին ու Եվային։ Սատանան այնպիսի միտք տվեց, թե ուտելով այդ ծառի պտղից՝ Եվան կդառնար Աստծու նման և իշխանություն կունենար որոշելու, թե ինչն է բարի և ինչը՝ չար։ Դա առաջին սուտն էր։ Ասելով այն՝ այդ հրեշտակը դարձավ զրպարտող։ Նա նաև դարձավ Աստծու հակառակորդը։ Դա է պատճառը, որ Աստվածաշունչը Աստծու այդ թշնամուն անվանում է «առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում» (Յայտնութիւն 12։9)։
«Հսկում արէք»
Եվային ասած Սատանայի սուտը ունեցավ այն ազդեցությունը, որը նա ցանկանում էր։ Աստվածաշունչն ասում է. «Եւ կինը տեսաւ, որ ծառը լաւ էր ուտելու համար, եւ թէ հաճելի էր աչքերին, եւ փափաքելի է ծառը նայելու համար, առաւ նորա պտղից եւ կերաւ, եւ իր հետ իր մարդին էլ տուաւ, եւ նա կերաւ» (Ծննդոց 3։6)։ Եվան հավատաց Սատանային և չհնազանդվեց Աստծուն։ Նա կարողացավ այնպես անել, որ Ադամը նույնպես խախտի Աստծու օրենքը։ Այդպիսով Բանսարկուին հաջողվեց դրդել առաջին մարդկային զույգին ապստամբել Աստծու դեմ։ Այդ ժամանակվանից սկսած՝ Սատանան անտեսանելիորեն ազդեցություն է բանեցնում մարդկանց վրա։ Ո՞րն է նրա նպատակը։ Հեռացնել մարդկանց ճշմարիտ Աստծու երկրպագությունից և ստանալ նրանց երկրպագությունը (Մատթէոս 4։8, 9)։ Ուստի տեղին է, որ Գրությունները նախազգուշացնում են. «Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ» (Ա Պետրոս 5։8)։
Որքան հստակորեն է Աստվածաշունչը ցույց տալիս, որ Բանսարկուն իրական ոգեղեն անձնավորություն է։ Այո՛, նա եղել է հրեշտակ, որն ապականվել է և դարձել վտանգավոր։ Զգոն լինելու համար նախևառաջ պետք է ընդունենք, որ նա իրականում գոյություն ունի։ Սակայն արթուն և զգոն լինելը ավելին է նշանակում։ Կարևոր է նաև չանտեսել Սատանայի ‘խորհուրդները’ և մարդկանց մոլորեցնելու նրա մեթոդները (Բ Կորնթացիս 2։11)։ Ի՞նչ դիտավորություններ ունի նա, և ինչպե՞ս կարող ենք ամուր մնալ՝ բախվելով դրանց։
Բանսարկուն օգտվում է մարդու բնածին կարիքներից
Մարդկության արարումից ի վեր Բանսարկուն հետևել է մարդկանց։ Նա գիտի մարդու խառնվածքը. նրա կարիքները, հետաքրքրությունները և ցանկությունները։ Սատանան լավ գիտի, որ մարդը ի ծնե հոգևորի կարիք ունի և խելամտորեն օգտվում է դրանից։ Ինչպե՞ս։ Մարդկանց սնելով կրոնական ստերով (Յովհաննէս 8։44)։ Աստծու մասին կրոնական շատ ուսմունքներ հակասում են միմյանց և շփոթության մեջ են գցում մարդկանց։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակի է դա ծառայում։ Իրար հակասող բոլոր ուսմունքները չեն կարող ճիշտ լինել։ Հետևաբար Սատանան ինքն է ստեղծել ու տարածել շատ կրոնական ուսմունքներ, որպեսզի մոլորեցնի մարդկանց։ Աստվածաշունչը նրա մասին խոսում է որպես ‘այս աշխարհի Աստծու’, որը կուրացրել է մարդկանց մտքերը (Բ Կորնթացիս 4։4)։
Աստծու մասին Ճշմարտությունը պաշտպանում է անհատին կրոնական խաբեություններից։ Աստվածաշունչը Աստծու Խոսքի ճշմարտությունը համեմատում է գոտու հետ, որը հին ժամանակներում զինվորը կապում էր իր մեջքը պաշտպանելու համար (Եփեսացիս 6։14)։ Եթե ուսումնասիրեք Աստվածաշունչը և ձեր սրտին մոտ պահեք նրա պատգամը, ասես ձեզ վրա գոտի եք կապել, ապա Աստծու Խոսքը թույլ չի տա, որ մոլորվեք կրոնական ստերով ու սխալ հասկացություններով։
Հոգևորի հանդեպ մարդու ունեցած պահանջը մղում է նրան բացահայտել անհայտը։ Սատանան դա նույնպես օգտագործում է մարդկանց մոլորեցնելու համար։ Օգտվելով այն բանից, որ մարդը հետաքրքրություն ունի արտասովոր և խորհրդավոր բաների հանդեպ՝ Սատանան ոգեհարցության միջոցով շատերին իր ազդեցության տակ է գցում։ Ինչպես որսորդն է խայծ օգտագործում իր զոհին գրավելու համար, այնպես էլ Սատանան է օգտագործում բախտագուշակությունը, աստղագուշակությունը, հիպնոսը, կախարդությունը, ձեռնագուշակությունը և հմայությունը, որպեսզի գրավի և թակարդը գցի մարդկանց (Ղեւտացոց 19։31; Սաղմոս 119։110)։
Ինչպե՞ս կարող եք պաշտպանել ձեզ ոգեհարցությունից։ Երկրորդ Օրինաց 18։10–12-ում գրված է. «Ձեր մէջ չ’գտնուի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դիւթութիւն դիւթող, գուշակող եւ հմայող եւ կամ հաւահարց, Նաեւ կախարդ, կամ վհուկ, կամ նշանագէտ, կամ մեռելահարցուկ. Որովհետեւ բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է. եւ այս գարշելի բաների պատճառով քո Եհովայ Աստուածը հալածում է նորանց քո առաջիցը»։
Գրությունները ուղղակիորեն խորհուրդ են տալիս ոչ մի կապ չունենալ ոգեհարցության հետ։ Իսկ ի՞նչ կարող եք անել, եթե զբաղվել եք ոգեհարցության որևէ ձևով և այժմ ցանկանում եք վերջ տալ այդ սովորությանը։ Դուք կարող եք ընդօրինակել Եփեսոսում ապրած առաջին դարի քրիստոնյաներին, որոնք ընդունել էին «Տիրոջ խօսքը»։ Աստվածաշունչն ասում է, որ «կախարդութեան հետեւողներից շատերը գրքերը բերում էին, եւ ամենի առաջին այրում էին»։ Այդ գրքերի գինը շատ բարձր էր։ Դրանք 50 000 կտոր արծաթի արժողություն ունեին (Գործք 19։19, 20)։ Այնուամենայնիվ, Եփեսոսի քրիստոնյաները չտատանվեցին ոչնչացնել դրանք։
Սատանան օգտվում է մարդու թուլություններից
Կատարյալ հրեշտակը դարձավ Բանսարկու Սատանա, որովհետև տեղի տվեց ինքնամեծարման ցանկությանը։ Նա նաև Եվայի մեջ արթնացրեց հպարտություն և Աստծուն հավասար լինելու եսասիրական ցանկություն։ Այսօր Սատանան շատերին է պահում իր իշխանության տակ՝ նրանց մեջ հպարտության զգացում արթնացնելով։ Օրինակ՝ ոմանք կարծում են, թե իրենց ռասան, էթնիկական խումբը կամ ազգությունը ավելի լավն է, քան ուրիշներինը։ Որքա՜ն է սա տարբերվում այն բանից, ինչ Աստվածաշունչն է սովորեցնում (Գործք 10։34, 35)։ Այնտեղ հստակորեն գրված է. «[Աստված] մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ» (Գործք 17։26)։
Ամենաարդյունավետ միջոցներից մեկը, որով կարող ենք հակառակվել Սատանայի ջանքերին և չհպարտանալ, խոնարհություն զարգացնելն է։ Աստվածաշունչը մեզ հորդորում է «չ’մտածել [մեր մասին] աւելի, քան թէ արժան է մտածել» (Հռովմայեցիս 12։3)։ Այնտեղ նաև ասվում է. «Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս» (Յակոբոս 4։6)։ Ուրեմն՝ մենք կարող ենք հակառակվել Սատանայի ջանքերին՝ մեր կյանքում խոնարհություն և Աստծուն հաճելի այլ հատկություններ դրսևորելով։
Բանսարկուն նաև օգտվում է մարմնական անվայել ցանկություններին տեղի տալու մարդու թուլությունից։ Եհովա Աստված նախատեսել էր, որ մարդիկ վայելեին կյանքը։ Երբ մարդը իր ցանկությունները բավարարում է Աստծու կամքին ներդաշնակ, արդյունքում շատ երջանիկ է լինում։ Բայց Սատանան ձգտում է այնպես անել, որ մարդիկ իրենց ցանկությունները բավարարեն անբարոյության միջոցով (Ա Կորնթացիս 6։9, 10)։ Լավ կլինի, որ միշտ մտածենք մաքուր և առաքինի բաների մասին (Փիլիպպեցիս 4։8)։ Դա կօգնի մեզ հսկել մեր մտքերը և զգացմունքները։
Շարունակեք հակառակվել Բանսարկուին
Կարո՞ղ եք հաջողության հասնել Բանսարկուին հակառակվելու հարցում։ Իհարկե՛։ Աստվածաշունչը մեզ վստահեցնում է. «Հակառակ կացէք սատանային, եւ նա կ’փախչի ձեզանից» (Յակոբոս 4։7)։ Սակայն նույնիսկ եթե դուք հակառակվում եք Սատանային, նա անմիջապես չի հանձնվի և դադարի ձեզ անհանգստություններ պատճառելուց, մինչ շարունակում եք Աստծու մասին գիտելիքներ ձեռք բերել։ Բանսարկուն կրկին կփորձի ձեզ մեկ ուրիշ հարմար առիթով (Ղուկաս 4։13)։ Սակայն կարիք չկա, որ վախենաք նրանից։ Եթե շարունակում եք հակառակվել Բանսարկուին, նա չի կարողանա ձեզ հեռացնել ճշմարիտ Աստծուց։
Բանսարկուին հակառակվելու համար պետք է իմանալ, թե ով է նա, ինչպես է մոլորեցնում մարդկանց, նաև թե ինչպես կարող եք պաշտպանվել նրա ծուղակներից։ Այդ մասին գիտելիքներ կարող ենք ստանալ միայն մեկ ճշգրիտ աղբյուրից՝ Աստվածաշնչից։ Ուստի վճռական եղեք ներշնչված Գրություններն ուսումնասիրելու հարցում և կյանքում կիրառեք ձեր սովորածը։ Ձեր բնակավայրում ապրող Եհովայի վկաները ուրախ կլինեն անվճար օգնել ձեզ ուսումնասիրելու Աստվածաշունչը ձեզ հարմար ժամանակ։ Մի՛ երկմտեք կապ հաստատել նրանց հետ կամ գրել այս պարբերագրի հրատարակիչներին։
Երբ սկսեք Աստվածաշունչ ուսումնասիրել, դուք կհասկանաք, որ Սատանան հակառակության կամ հալածանքի միջոցով կփորձի այնպես անել, որ դադարեք սովորել Աստծու Խոսքի ճշմարտությունները։ Ձեզ մտերիմ մարդկանցից ոմանց գուցե բարկացնի այն, որ դուք Աստվածաշունչ եք ուսումնասիրում։ Հնարավոր է՝ նրանք չգիտեն, թե ինչ հրաշալի ճշմարտություններ են պարունակված այնտեղ։ Մյուսները թերևս ծաղրեն ձեզ։ Սակայն այդ ճնշումներին տեղի տալը կհաճեցնի՞ Աստծուն։ Բանսարկուն ուզում է վհատեցնել ձեզ, որպեսզի դադարեք գիտելիքներ ստանալ ճշմարիտ Աստծու մասին։ Թույլ մի տվեք Սատանային հաղթել (Մատթէոս 10։34–39)։ Դուք նրան ոչ մի բանով պարտական չեք։ Սակայն Եհովային պարտական եք ձեր կյանքով։ Ուստի վճռեք հակառակվել Բանսարկուին և ‘ուրախացնել Եհովայի սիրտը’ (Առակաց 27։11)։
[նկար 6–րդ էջի վրա]
Նրանք, ովքեր դարձան քրիստոնյաներ, այրեցին ոգեհարցության հետ կապ ունեցող իրենց գրքերը
[նկար 7–րդ էջի վրա]
Հաստատ վճռեք ուսումնասիրել Աստվածաշունչը