Հրեշտակներ. նրանց դերը մեր կյանքում
ԴԱՆԻԵԼ մարգարեն, նկարագրելով Աստծու հրեշտակների վերաբերյալ իր տեսիլքը, ասաց. «Հազար հազարներ [բազմահազար հրեշտակներ] ծառայում էին [Աստծուն] եւ բիւր բիւրեր կանգնած էին նորա առաջին» (Դանիէլ 7։10)։ Այս համարից պարզ երևում է, թե Աստված ինչ նպատակով է ստեղծել հրեշտակներին։ Նրանք պետք է ծառայեն Իրեն՝ պատրաստ լինելով կատարելու իր հրահանգները։
Աստված հրեշտակների միջոցով մարդկությանն առնչվող որոշակի գործեր է իրականացնում։ Այս հոդվածում կքննարկենք, թե ինչպես է նա հրեշտակների օգնությամբ զորացնում և պաշտպանում իր ժողովրդին, իր պատգամները հաղորդում մարդկանց և իր դատավճիռներն իրականացնում չարագործների նկատմամբ։
Հրեշտակները զորացնում և պաշտպանում են
Սկսած այն ժամանակվանից, երբ ոգեղեն արարածները ականատես եղան երկրի և առաջին մարդկանց արարմանը, նրանք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մարդկության հանդեպ։ Օրինակ՝ երբ Հիսուս Քրիստոսը դեռ երկիր չէր եկել իբրև մարդ, նա, որպես Աստծու անձնավորված իմաստություն, «ուրախանում է[ր] նորա երկրի աշխարհքումը, եւ [իր] զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր» (Առակաց 8։31)։ Աստվածաշունչը տեղեկացնում է նաև, որ «հրեշտակները ցանկանում են.... թափանցել» Քրիստոսին ու ապագային վերաբերող այն ճշմարտությունների մեջ, որոնք փոխանցվել են Աստծու մարգարեներին (Ա Պետրոս 1։11, 12)։
Ժամանակի ընթացքում հրեշտակները սկսեցին նկատել, որ մեծամասամբ մարդիկ չեն ծառայում իրենց սիրառատ Արարչին։ Հավանաբար, որքա՜ն էր դա տխրեցնում այդ հավատարիմ էակներին։ Սակայն երբ մի մեղավոր զղջում է և դառնում դեպի Եհովան, «հրեշտակների առաջին ուրախութիւն» է լինում (Ղուկաս 15։10)։ Նրանք մեծապես հոգ են տանում այն մարդկանց բարօրության համար, ովքեր ծառայում են Աստծուն։ Եհովան հրեշտակների միջոցով հաճախ է զորացնում և պաշտպանում իր հավատարիմ երկրային ծառաներին (Եբրայեցիս 1։14)։ Ահա մի քանի օրինակներ։
Երկու հրեշտակներ փրկեցին արդար Ղովտին ու նրա աղջիկներին այլասերված Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանումից՝ այդ տարածքից դուրս հանելով նրանցa (Ծննդոց 19։1, 15–26)։ Դարեր անց, երբ Դանիելին նետեցին առյուծների գուբը, մարգարեին ոչինչ չպատահեց։ Իսկ ինչպե՞ս դա եղավ։ «Իմ Աստուածը ուղարկեց իր հրեշտակը, եւ նա փակեց առիւծների բերանը»,— ասաց Դանիելը (Դանիէլ 6։22)։ Հրեշտակներն օգնեցին Հիսուսին նրա երկրային ծառայության սկզբում (Մարկոս 1։13)։ Իսկ Հիսուսի ձերբակալությունից ու մահից առաջ հրեշտակներից մեկը հայտնվեց և ‘զորացրեց նրան’ (Ղուկաս 22։43)։ Ինչպիսի՜ օրհնություն էր դա Հիսուսի համար նրա կյանքի այդ վճռորոշ պահին։ Նաև մի առիթով հրեշտակը Պետրոսին ազատեց բանտից (Գործք 12։6–11)։
Իսկ այսօր հրեշտակները պաշպանո՞ւմ են մեզ։ Եթե Եհովային երկրպագենք նրա Խոսքի համաձայն, ապա կարող ենք վստահ լինել, որ նրա հզոր, անտեսանելի հրեշտակները կպաշտպանեն մեզ։ Աստվածաշունչը խոստանում է. «Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց» (Սաղմոս 34։7)։
Սակայն պետք է ընդունենք նաև, որ հրեշտակները կոչված են ծառայելու Աստծուն, ոչ թե մարդկանց (Սաղմոս 103։20, 21)։ Նրանք հնազանդվում են ոչ թե մարդկանց խնդրանքներին կամ պահանջներին, այլ Աստծու հրահանգներին։ Ուստի օգնության համար հարկավոր է դիմել Եհովա Աստծուն և ոչ՝ հրեշտակներին (Մատթէոս 26։53)։ Իհարկե, քանի որ մենք չենք տեսնում հրեշտակներին, չենք կարող մինչև վերջ պատկերացնել, թե Եհովայի հանձնարարությամբ նրանք ինչ չափով են մարդկանց օգնում տարբեր հարցերում։ Բայց հայտնի է, որ Աստված զորացնում է այն անհատներին, ում «սիրտը ուղիղ է նորա հետ» (Բ Մնացորդաց 16։9; Սաղմոս 91։11)։ Մեզ հավաստիացում է տրվում, որ ‘ինչ էլ Աստծու կամքի պես խնդրենք, նա կլսի մեզ’ (Ա Յովհաննէս 5։14)։
Սուրբ Գրությունները հայտնում են նաև, որ մենք պետք է աղոթենք ու երկրպագենք միայն Աստծուն (Ելից 20։3–5; Սաղմոս 5։1, 2; Մատթէոս 6։9)։ Հավատարիմ հրեշտակները խրախուսում են մեզ այդպես վարվել։ Օրինակ՝ երբ Հովհաննես առաքյալը հրեշտակներից մեկին երկրպագություն մատուցելու փորձ կատարեց, այդ ոգեղեն անձնավորությունը հանդիմանեց նրան՝ ասելով. «Զգոյշ կաց, մի անիր.... Տէր Աստուծուն երկրպագիր» (Յայտնութիւն 19։10)։
Հրեշտակները հաղորդում են Աստծու պատգամները
«Հրեշտակ» բառը նշանակում է «պատգամաբեր», և սա այն ծառայություններից մեկն է, որ նրանք կատարում են Աստծու համար. հրեշտակները մարդկանց հաղորդում են Եհովայի պատգամները։ Օրինակ՝ «Գաբրիէլ հրեշտակն Աստուածանից ուղարկուեցաւ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր»։ Ինչո՞ւ։ Որպեսզի տեղեկացներ երիտասարդ Մարիամին, որ նա, լինելով կույս, պիտի հղիանար և լույս աշխարհ բերեր Հիսուս անունով տղա երեխայի (Ղուկաս 1։26–31)։ Հրեշտակ ուղարկվեց նաև դաշտերում գտնվող հովիվների մոտ՝ նրանց հայտնելու, որ ծնվել է «Քրիստոս Տէրը» (Ղուկաս 2։8–11)։ Նմանապես, հրեշտակները Աստծու պատգամները հաղորդել են Աբրահամին, Մովսեսին, Հիսուսին և Աստվածաշնչում հիշատակվող այլ անհատների (Ծննդոց 18։1–5, 10; Ելից 3։1, 2; Ղուկաս 22։39–43)։
Ինչպե՞ս են հրեշտակները այսօր ծառայում որպես Աստծու պատգամաբերներ։ Խորհենք այն գործունեության մասին, որով պետք է զբաղված լինեին Հիսուսի հետևորդները այս աշխարհի վախճանից առաջ։ Նա կանխագուշակել էր. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։3, 14)։ Ամեն տարի Եհովայի վկաները ավելի քան մեկ միլիարդ ժամ են հատկացնում Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելուն։ Իսկ գիտե՞ք, որ հրեշտակները նույնպես մասնակցում են այս գործին։ Իրեն տրված տեսիլքներից մեկը նկարագրելիս Հովհաննես առաքյալը ասաց. «Տեսայ մի ուրիշ հրեշտակ.... որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի» (Յայտնութիւն 14։6, 7)։ Աստվածաշնչյան այս համարը ցույց է տալիս, թե մեր օրերում հրեշտակները գլխավորապես ինչ գործ են կատարում մարդկանց համար։
Եհովայի վկաները տեսնում են ապացույցներն այն բանի, որ հրեշտակներն են առաջնորդում իրենց քարոզչական գործը, որը նրանք կատարում են, օրինակ, տնից տուն քարոզելով։ Հաճախ է պատահել, որ Վկաները հանդիպեն այնպիսի մարդկանց, ովքեր այդ պահին աղոթել են Աստծուն՝ խնդրելով, որ ինչ–որ մեկն օգնի իրենց հասկանալու նրա նպատակները։ Հրեշտակների առաջնորդության, ինչպես նաև Վկաների ջանքերի շնորհիվ ամեն տարի հազարավոր մարդիկ սկսում են ճանաչել Եհովային։ Թող որ դուք էլ օգուտներ քաղեք հրեշտակների աջակցությամբ իրականացվող այս փրկարար գործից։
Հրեշտակներն իրագործում են Աստծու դատավճիռները
Թեպետ հրեշտակները լիազորված չեն մարդկանց դատելու, նրանք պարզապես դիտողի դերում չեն (Յովհաննէս 5։22; Եբրայեցիս 12։22, 23)։ Ծառայելով որպես Աստծու դատավճիռներն իրականացնողներ՝ նրանք անցյալում ի կատար են ածել Եհովայի դատաստանները։ Օրինակ՝ Աստված հրեշտակների միջոցով պատժեց հին եգիպտացիներին, որոնք գերության մեջ էին պահում Իսրայել ազգին (Սաղմոս 78։49)։ Մեկ ուրիշ դեպքում «Տիրոջ հրեշտակը» մի գիշերվա մեջ կոտորեց 185 000 զինվորների, որոնք դուրս էին եկել Աստծու ժողովրդի դեմ (Դ Թագաւորաց 19։35)։
Մոտ ապագայում հրեշտակները նորից իրագործելու են Աստծու ահեղ դատավճիռը։ Հիսուսը գալու է ‘իր զորության հրեշտակներով՝ կրակի բոցով վրեժ առնելու նրանցից, որ Աստծուն չեն ճանաչում և չեն հնազանդվում ավետարանին’ (Բ Թեսաղոնիկեցիս 1։7, 8)։ Սակայն այդ դատավճիռը իրականացվելու է միայն նրանց նկատմամբ, ովքեր չեն արձագանքում այն լուրին, որն այսօր հրեշտակների աջակցությամբ քարոզվում է աշխարհով մեկ։ Իսկ Աստծուն փնտրող անհատները, որ հնազանդվում են սուրբգրային ուսմունքներին, վնասներ չեն կրի (Սոփոնիա 2։3, ԱԱ)։
Որքա՜ն երախտապարտ կարող ենք լինել հավատարիմ հրեշտակներին, որոնք միշտ կատարում են Աստծու հրահանգները։ Եհովան նրանց միջոցով աջակցում և պաշտպանում է իր անձնվեր երկրային ծառաներին։ Այս միտքն անչափ մխիթարական է մեզ համար, քանզի գոյություն ունեն վտանգավոր ոգեղեն էակներ՝ դևեր, որոնք ցանկանում են վնաս հասցնել մեզ։
Ովքե՞ր են դևերը
Այն բանից հետո, երբ Սատանան Եդեմում մոլորության մեջ գցեց Եվային, հրեշտակները հաջորդ 15 դարերի ընթացքում տեսան, թե ինչպես Բանսարկուին հաջողվեց Աստծուց հեռացնել բոլոր մարդկանց, բացառությամբ մի քանի հավատարիմ անհատների, որոնց թվում էին Աբելը, Ենովքն ու Նոյը (Ծննդոց 3։1–7; Եբրայեցիս 11։4, 5, 7)։ Մի խումբ հրեշտակներ նույնպես անցան Սատանայի կողմը։ Աստվածաշունչը նրանց անվանում է Նոյի օրերում անհնազանդ գտնված ոգիներ (Ա Պետրոս 3։19, 20 ԱՆԹ)։ Ինչպե՞ս նրանք դրսևորեցին իրենց անհնազանդությունը։
Նոյի օրերում անհայտ թվով ըմբոստ հրեշտակներ թողեցին Աստծու երկնային ընտանիքում իրենց զբաղեցրած դիրքը, եկան երկիր ու նյութեղեն մարմիններ առան իրենց վրա։ Ինչո՞ւ։ Նրանք կանանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտնելու ցանկություն էին զարգացրել իրենց սրտում։ Այդ հրեշտակներից առաջացավ վայրագ հսկաների մի սերունդ։ Ավելին, «շատաց[ավ] մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր»։ Բայց Եհովան թույլ չտվեց, որ մարդիկ շարունակեն ապականվել։ Նրա նախաձեռնությամբ տեղի ունեցավ համաշխարհային Ջրհեղեղը, որը բնաջինջ արեց բոլոր չար մարդկանց, ինչպես նաև հսկաներին։ Փրկվեցին միայն Աստծու հավատարիմ ծառաները (Ծննդոց 6։1–7, 17; 7։23)։
Ապստամբ հրեշտակները, սակայն, Ջրհեղեղի ժամանակ չկործանվեցին։ Նրանք թողեցին իրենց նյութական մարմինները և վերադարձան ոգեղեն ոլորտ։ Այդ ժամանակվանից նրանք կոչվեցին դևեր։ Անհնազանդ հրեշտակները անցան «դեւերի իշխան» Բանսարկու Սատանայի կողմը (Մատթէոս 12։24–27)։ Իրենց ղեկավարի պես՝ դևերը փափագում են, որ մարդիկ իրենց երկրպագեն։
Դևերը վտանգավոր են, սակայն կարիք չկա նրանցից սարսափելու։ Այդ արարածների զորությունը անսահմանափակ չէ։ Երբ նրանք վերադարձան երկինք, Աստված նրանց չընդունեց հավատարիմ հրեշտակներից բաղկացած իր ընտանիքը։ Դևերը կտրվեցին այն հոգևոր լույսից, որ գալիս է Աստծուց։ Առջևում նրանց միայն խավար էր սպասում։ Այդ անհնազանդ էակները բանտարկվեցին հոգևոր խավարում՝ «տարտարոսում» (Բ Պետրոս 2։4)։ Եհովան դևերին պահում է «յաւիտենական կապանքներ[ում]», այնպես որ նրանք մնում են հոգևոր խավարի մեջ։ Ավելին, դևերն այլևս չեն կարող մարդկային մարմիններ առնել իրենց վրա (Յուդա 6)։
Ի՞նչ պետք է անեք դուք
Արդյո՞ք դևերը մինչև օրս էլ ազդեցություն են բանեցնում մարդկանց վրա։ Այո՛, և դրան կարողանում են հասնել՝ դիմելով այնպիսի ‘հնարքների’, որոնք օգտագործում է իրենց իշխանը՝ Բանսարկու Սատանան (Եփեսացիս 6։11, 12)։ Սակայն կիրառելով Աստծու Խոսքում տեղ գտած խորհուրդները՝ մենք կկարողանանք դիմադրել դևերին։ Ավելին, Աստծու հզոր հրեշտակները իրենց պաշտպանության տակ են առնում այն մարդկանց, ովքեր սիրում են Եհովային։
Որքա՜ն կարևոր է սերտել Աստծու չափանիշները, որ արձանագրված են Սուրբ Գրություններում, և գործել դրանց համապատասխան։ Եթե ցանկանում եք ավելացնել ձեր գիտելիքները աստվածաշնչյան ուսմունքների վերաբերյալ, դիմեք ձեր մոտակայքում ապրող Եհովայի վկաներին։ Կարող եք նաև գրել այս պարբերագրի հրատարակիչներին։ Եհովայի վկաները ուրախությամբ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն կանցկացնեն ձեզ հետ, երբ ձեզ հարմար կլինի։
[ծանոթագրություն]
a Աստվածաշնչում հրեշտակները հաճախ ներկայանում են հասուն տղամարդկանց տեսքով։ Նրանք մարդկանց առջև միշտ հայտնվել են տղամարդու կերպարանքով։
[շրջանակ 6-րդ էջի վրա]
ԱՍՏԾՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՌՈՒՅՑԸ
Եհովան երկնային ընտանիք ունի, որը բաղկացած է բազմաբյուր հրեշտակներից։
Ամենահզոր և ամենաազդեցիկ հրեշտակը Միքայել հրեշտակապետն է՝ Հիսուս Քրիստոսը (Ա Թեսաղոնիկեցիս 4։15; Յուդա 9)։ Նրա ենթակայության տակ են գտնվում սերովբեները, քերովբեները և մյուս հրեշտակները։
Սերովբեները շատ բարձր դիրք են զբաղեցնում Աստծու այս կառույցում։ Նրանք Աստծու գահի մոտ ծառայում են իբրև սպասավորներ։ Սերովբեների պարտականությունների մեջ է մտնում նաև Եհովայի սրբության հռչակումը ու նրա ժողովրդի հոգևոր մաքրության պահպանումը (Եսայիա 6։1–3, 6, 7)։
Քերովբեները նույնպես ծառայում են Աստծու գահի շուրջ և ջատագովում են Եհովայի վեհությունը (Սաղմոս 80։1; 99։1; Եզեկիէլ 10։1, 2)։
Մյուս հրեշտակները Եհովայի ներկայացուցիչներն են և կատարում են նրա կամքը։
[նկար 4-րդ էջի վրա]
Հրեշտակները ուղեկցեցին Ղովտին ու նրա աղջիկներին դեպի ապահով մի վայր
[նկար 5-րդ էջի վրա]
Երբ Հովհաննես առաքյալը հրեշտակին երկրպագելու փորձ կատարեց, վերջինս ասաց՝ «մի անիր»
[նկար 6-րդ էջի վրա]
Հրեշտակներն իրագործում են Աստծու դատավճիռները
[նկար 7-րդ էջի վրա]
Օգուտներ քաղո՞ւմ եք այն քարոզչական գործունեությունից, որ այսօր իրականացվում է հրեշտակների առաջնորդությամբ