«Իմաստությունը պաշտպանություն է»
«ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ շահելը ո՜րչափ լաւ է ոսկիից, եւ հանճար շահելը արծաթից ընտիր է»,— նշվում է Առակաց 16։16–ում։ Ինչո՞ւ է իմաստությունն այդքան թանկ։ «Որովհետեւ իմաստութեան հովանիի տակ ու արծաթի հովանիի տակ՝ մէկ է [«իմաստությունը պաշտպանություն է, ինչպես որ փողը պաշտպանություն է», ՆԱ]. բայց գիտութեան շահը սա է, որ իմաստութիւնը կ’ապրեցնէ իր տիրոջը» (Ժողովող 7։12)։ Իսկ ինչպե՞ս կարող է իմաստությունը ապրեցնել իր տիրոջը։
Աստվածային իմաստություն ձեռք բերելը, այսինքն՝ Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի վերաբերյալ ճշգրիտ գիտելիքներ ունենալը և դրանց համաձայն վարվելը, օգնում է մեզ քայլել այն ճանապարհով, որին հավանություն է տալիս Եհովան (Առակաց 2։10–12)։ Հին Իսրայելի Սողոմոն թագավորն ասում է. «Ուղիղների պողոտան չարութիւնից հեռանալն է, իր հոգին պահպանողը իր ճանապարհին զգոյշ կ’լինի» (Առակաց 16։17)։ Իսկապես, իմաստությունը ազատում է իր տիրոջը վատ ճանապարհներից և պահպանում է նրա կյանքը։ Առակաց 16։16–33-ի սեղմ իմաստուն խոսքերը ցույց են տալիս, թե աստվածային իմաստությունը ինչ դրական ազդեցություն կարող է թողնել մեր տրամադրվածության, խոսքի ու վարքի վրա։a
«Խոնարհամիտ լինենք»
Անձնավորված իմաստությունը կարծես ասում է. «Հպարտութիւնն ու ամբարտաւանութիւնը.... ես ատում եմ» (Առակաց 8։13)։ Հպարտությունը և իմաստությունը բոլորովին հակառակ բաներ են։ Մենք պետք է իմաստությամբ վարվենք և զգույշ լինենք, որ մեր մեջ չզարգանա հպարտ և գոռոզ ոգի։ Հատկապես պետք է զգույշ լինենք, եթե կյանքի որևէ բնագավառում որոշ հաջողությունների ենք հասել կամ քրիստոնեական ժողովում պատասխանատվություններ ունենք։
Առակաց 16։18–ը նախազգուշացնում է. «Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից [«անկումից», ԷԹ] առաջ՝ ամբարտաւան հոգին»։ Իսկ ո՞րն է տիեզերքի պատմության մեջ մեծագույն անկումը։ Աստծու ոգեղեն կատարյալ որդիներից մեկը, որը դարձավ Բանսարկու Սատանա, իր բարձր դիրքից ընկավ (Ծննդոց 3։1–5; Հայտնություն 12։9)։ Մի՞թե նա ամբարտավան ոգի չդրսևորեց իր անկումից առաջ։ Աստվածաշունչը այդպիսի ոգին նկատի ունի, երբ ասում է, որ քրիստոնեական ժողովում նորահավատ մարդուն չպետք է նշանակեն վերակացու, «որ հանկարծ չլցվի հպարտությամբ և չընկնի այն դատաստանի տակ, որը Բանսարկուի համար է վճռված» (1 Տիմոթեոս 3։1, 2, 6)։ Որքա՜ն կարևոր է չսնուցանել ուրիշների հպարտությունը, ինչպես նաև թույլ չտալ, որ այն մեր մեջ զարգանա։
«Լաւ է խոնարհամիտ լինել խոնարհների հետ, քան թէ աւար բաժանել հպարտների հետ»,— ասվում է Առակաց 16։19–ում։ Այն, որ այս խորհուրդը իմաստուն է, երևում է հին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի օրինակից։ Նա, հպարտությունից դրդված, մի հսկայական արձան կանգնեցրեց Դուրայի դաշտում, որը, հավանաբար, ներկայացնում էր հենց իրեն։ Արձանը, ըստ ամենայնի, դրված էր շատ բարձր պատվանդանի վրա, և նրա բարձրությունը հասնում էր 27 մետրի (Դանիէլ 3։1)։ Այս երկնասլաց արձանը, որը Նաբուգոդոնոսորի թագավորության խորհրդանիշն էր, կառուցված էր մարդկանց տպավորելու նպատակով։ Թեև բարձրաբերձ կառույցները, ինչպես այդ արձանը, նաև կոթողները, սրածայր գմբեթները և երկնաքերները կարող են տպավորել մարդկանց, բայց դրանք չեն տպավորում Աստծուն։ Սաղմոսերգուն ասաց. «Տէրը բարձր է եւ տեսնում է ցածը. եւ նա հեռուանց ճանաչում է բարձրամտին» (Սաղմոս 138։6)։ Այո՛, «ինչը որ բարձր է մարդկանց մեջ, Աստծու աչքին նողկալի է» (Ղուկաս 16։15)։ Ավելի լավ է «առաջնորդվենք համեստ բաներով», քան «մեծ–մեծ բաների մասին մտածենք» (Հռոմեացիներ 12։16)։
Խոսենք «խորաթափանցությամբ և համոզիչ կերպով»
Ինչպե՞ս է իմաստությունը ազդում մեր խոսքի վրա։ Իմաստուն թագավորն ասում է. «Խօսքի մասին խելօք վարուողը բարիք կ’գտնէ, եւ նա որ Տիրոջն է ապաւինում՝ երանի՜ նորան։ Իմաստուն սիրտ ունեցողը խոհեմ կ’կոչուի. եւ շրթունքի քաղցրութիւնը ուսումը [«համոզելու ուժ», ՆԱ] կ’աւելացնէ։ Կենաց աղբիւր է խոհեմութիւնը՝ իր ունեցողի համար, բայց յիմարների խրատը յիմարութիւն է։ Իմաստունի սիրտն իմաստուն է անում նորա բերանը, եւ նորա շրթունքների վերայ ուսում է աւելացնում [«Իմաստունի սիրտը խորաթափանցություն է տալիս նրան, և նրա շրթունքներին համոզելու ուժ է ավելացնում», ՆԱ]» (Առակաց 16։20–23)։
Իմաստությունն օգնում է մեզ խոսել խորաթափանցությամբ և համոզիչ կերպով։ Ինչպե՞ս։ Իմաստուն սիրտ ունեցողը ամեն բանի մեջ «բարիք է գտնում» և ապավինում է Եհովային։ Երբ մենք ջանում ենք բարին տեսնել ուրիշների մեջ, շատ ավելի հավանական է, որ լավը կխոսենք նրանց մասին։ Մեր խոսքերը չեն լինի կոպիտ և վիճահարույց, այլ կլինեն քաղցր ու համոզիչ։ Խորաթափանցությունն օգնում է մեզ լիովին պատկերացնել ուրիշների հանգամանքները և հասկանալ, թե ինչ աստիճանի դժվարությունների են նրանք բախվում և ինչպես են դրանք հաղթահարում։
Իմաստուն խոսքերը շատ կարևոր են նաև Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործում։ Երբ Աստծու Խոսքն ուսուցանում ենք, մեր նպատակը ոչ թե պարզապես սուրբգրային տեղեկություններ տալն է, այլ անհատի սրտին հասնելը։ Դրա համար անհրաժեշտ է շրթունքներին համոզելու ուժ ավելացնել։ Պողոս առաքյալը հորդորեց իր գործընկեր Տիմոթեոսին հարատևել այն բաներում, «որոնցում հաստատ համոզվեց» (2 Տիմոթեոս 3։14, 15)։
Վայնի «Նոր Կտակարանի բառերի բացատրական բառարանում» ասվում է, որ «համոզվել» թարգմանված հունարեն բառը նշանակում է՝ «փոխել անհատի տեսակետը՝ տրամաբանական փաստարկներ բերելով կամ բարոյական տեսանկյունից դատողություններ անելով» («An Expository Dictionary of New Testament Words»)։ Որպեսզի կարողանանք համոզիչ փաստարկներ բերել և փոխել անհատի տեսակետը, պետք է կարողանանք խորաթափանցորեն հասկանալ նրա մտածելակերպը, հետաքրքրությունները, հանգամանքներն ու անցյալը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք այդպիսի խորաթափանցություն ունենալ։ Հակոբոս աշակերտը պատասխանում է այս հարցին՝ ասելով. «Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1։19)։ Մարդուն հարցեր տալով և նրան ուշադիր լսելով՝ կարող ենք իմանալ, թե ինչ կա նրա սրտում։
Պողոս առաքյալը շատ հմուտ էր համոզելու մեջ (Գործեր 18։4)։ Նույնիսկ նրա հակառակորդներից մեկը՝ արծաթագործ Դեմետրիոսը, ընդունեց, որ «ոչ միայն Եփեսոսում, այլև գրեթե ողջ Ասիայով մեկ այս Պողոսը զգալի թվով մարդկանց համոզեց և մեկ ուրիշ կարծիքի բերեց» (Գործեր 19։26)։ Արդյոք Պողոսն իրե՞ն էր վերագրում իր հաջողությունները քարոզչական գործում։ Ամենևի՛ն։ Նա իր քարոզչական գործունեությունը համարում էր Աստծու «ոգու և զորության դրսևորում» (1 Կորնթացիներ 2։4, 5)։ Մենք նույնպես ունենք Եհովայի սուրբ ոգու աջակցությունը, ապավինում ենք Եհովային և վստահ ենք, որ նա կօգնի մեզ, եթե ձգտենք ծառայության ժամանակ խոսել խորաթափանցությամբ և համոզիչ կերպով։
Զարմանալի չէ, որ «իմաստուն սիրտ ունեցողը խոհեմ կ’կոչուի» (Առակաց 16։21)։ Այո՛, խորաթափանցությունը «կենաց աղբիւր» է իր ունեցողի համար։ Իսկ ի՞նչ կարելի է ասել հիմարների մասին։ Նրանք «անարգում են իմաստությունը և խրատը» (Առակաց 1։7)։ Ի՞նչ պտուղներ են նրանք քաղում՝ մերժելով Եհովայից եկող խրատը։ Ինչպես նշվեց վերևում, Սողոմոնն ասում է. «Յիմարների խրատը յիմարութիւն է» (Առակաց 16։22)։ Նրանք հաճախ խրատ են ստանում խիստ պատժի տեսքով։ Հիմարները նաև փորձանքի մեջ են ընկնում, ամոթ են բերում իրենց, հիվանդություն են ձեռք բերում և նույնիսկ մահանում են վաղաժամ։
Շարունակելով ընդգծել, թե ինչ լավ ազդեցություն է թողնում իմաստությունը խոսքի վրա՝ Իսրայելի թագավորն ասում է. «Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը, քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին» (Առակաց 16։24)։ Ինչպես որ մեղրը քաղցր է և հագեցնում է քաղցը, այնպես էլ վայելուչ, կամ՝ հաճելի խոսքերը քաջալերում և թարմացնում են։ Մեղրը նաև օգտակար է առողջությանը և ունի բուժիչ հատկություններ։ Այդպես են նաև հաճելի խոսքերը. նրանք հոգևորապես կազդուրիչ են (Առակաց 24։13, 14)։
Զգուշանանք «ուղիղ թվացող ճանապարհից»
«Կայ ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին,— ասում է Սողոմոնը,— բայց նորա վախճանը մահուան ճանապարհներ են» (Առակաց 16։25)։ Այս համարը մեզ զգուշացնում է, որ սխալ դատողություններ չանենք և չբռնենք այնպիսի ընթացք, որը հակառակ է Աստծու օրենքներին։ Մարմնավոր մարդու տեսանկյունից՝ որևէ ճանապարհ կարող է ուղիղ լինել, սակայն իրականում այն հակառակ է Աստծու Խոսքի արդար սկզբունքներին։ Դեռ ավելին, Սատանան կարող է այնպես անել, որ անհատը բռնի մի ընթացք, որը նրան թվում է ճիշտ, սակայն իրականում մահվան է տանում։
Ինքնախաբեության դեմ լավագույն պաշտպանությունը այնպիսի սիրտ ունենալն է, որը իմաստուն է և հասկացող, ինչպես նաև այնպիսի խիղճ, որը կրթված է Աստծու Խոսքով։ Երբ կանգնում ենք որոշումներ կայացնելու առաջ՝ լինի դա բարոյականության, երկրպագության կամ որևէ այլ հարցի հետ կապված, ինքնախաբեությունից խուսափելու լավագույն միջոցը բարու և չարի վերաբերյալ Աստծու չափանիշներով առաջնորդվելն է։
«Աշխատող անձն իրան համար է աշխատում»
Իմաստուն թագավորը շարունակում է. «Աշխատող անձն իրան համար է աշխատում. որովհետեւ բերանը պահանջում է նորանից» (Առակաց 16։26)։ Այստեղ Սողոմոնն ուզում է ասել, որ աշխատավոր մարդու ուտելու ցանկությունը կարող է «աշխատել» նրա համար, քանի որ նրա քաղցը «պահանջում է նորանից», այսինքն՝ մղում է նրան գործողությունների։ Սնվելու բնական ցանկությունը կարող է մեզ մղել, որ ջանադրաբար աշխատենք։ Դա լավ ցանկություն է։ Սակայն ի՞նչ է պատահում, երբ նորմալ ցանկությունը այնքան է մեծանում, որ վերածվում է ագահության։ Դա նման է այն բանին, որ բնության գրկում ճաշ պատրաստելու համար վառված փոքրիկ խարույկը դառնում է անկառավարելի անտառային հրդեհ։ Ագահությունն անկառավարելի և կործանարար ցանկություն է։ Գիտակցելով այդ վտանգը՝ իմաստուն մարդը իր նորմալ ցանկություններն անգամ հսկողության տակ է պահում։
Չգնանք «չար ճանապարհով»
Մեր բերանից դուրս եկող խոսքը կարող է բորբոքված կրակի պես կործանարար լինել։ Երբ անհատը փնտրում է ուրիշների սխալները ու դրանք հրապարակում, ապա դա կործանարար ազդեցություն է թողնում։ Խոսելով այդ մասին՝ Սողոմոնն ասում է. «Անպիտան մարդը չարութիւն կ’փորէ. եւ նորա շրթունքների վերայ կարծես այրող կրակ կայ։ Խոտորնակ մարդը կռիւ կ’հնարէ, եւ քսուն մտերիմներին կ’բաժանէ» (Առակաց 16։27, 28)։
Այն անհատը, որ փորձում է «այրել» ուրիշի հեղինակությունը, «անպիտան մարդ» է։ Մենք պետք է ջանանք ուրիշների մեջ լավը տեսնել և ասել այնպիսի խոսքեր, որոնք հարգանք են առաջացնում նրանց նկատմամբ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել բամբասանքին ականջ դնելու մասին։ Բամբասանքը հեշտությամբ անհիմն կասկածներ է առաջացնում՝ ընկերներին իրարից հեռացնելով և ժողովում բաժանություն մտցնելով։ Իմաստությունը կհուշի մեզ, որ ականջ չդնենք բամբասողներին։
Սողոմոնը, նախազգուշացնելով, որ գայթակղությունը մեծ ուժ ունի և կարող է դրդել անհատին սխալի, ասում է. «Անօրէն մարդը կ’խաբէ [«Բռնավոր մարդը կգայթակղեցնի», ՆԱ] իր ընկերին, եւ նորան կ’տանէ չար ճանապարհով։ Կ’խփէ աչքերը, որ ծուռ բաներ մտածէ, կծոտում է իր շրթունքները՝ չարութիւն կատարում» (Առակաց 16։29, 30)։
Կարո՞ղ է արդյոք բռնությունը գայթակղել ճշմարիտ երկրպագուներին։ Այսօր աշխարհում շատերը «ծուռ բաներ են մտածում» և հորինում։ Նրանք կա՛մ նպաստում են բռնությանը, կա՛մ էլ հենց իրենք են անում դա։ Գուցե մեզ համար դժվար չլինի հեռու մնալ ակնհայտ բռնությունից։ Սակայն կարողանո՞ւմ ենք հեռու մնալ բռնության աննկատ ձևերից։ Մի՞թե միլիոնավոր մարդիկ այսօր չեն գայթակղվում ժամանցի և սպորտի այնպիսի ձևերով, որոնք փառաբանում են բռնությունը։ Սուրբ Գրությունները պարզ ասում են. «Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ» (Առակաց 13։20)։ Ի՜նչ հրաշալի պաշտպանություն է տալիս աստվածային իմաստությունը։
Ի՞նչ կարելի է ասել այն անհատի մասին, որը ողջ կյանքում իմաստություն և հասկացողություն է հանդես բերել և «չար ճանապարհով» չի գնացել։ Արդարությամբ անցկացված կյանքը հաճելի է Աստծուն և արժանի է հարգանքի։ «Մազի ճերմկութիւնը փառաց պսակ է, եթէ անիկա արդարութեան ճամբուն մէջ գտնուի»,— ասվում է Առակաց 16։31–ում (ԱԱ)։
Ոչ մի հաճելի բան չկա, երբ մարդու բարկությունը անկառավարելի է դառնում։ Ադամի ու Եվայի առաջնեկը՝ Կայենը, «շատ բարկացաւ» իր եղբայր Աբելի վրա և «վեր կացաւ.... եւ սպանեց նորան» (Ծննդոց 4։1, 2, 5, 8)։ Հնարավոր է լինեն պահեր, երբ մենք արդարացիորեն բարկանանք, սակայն պետք է զգուշանանք, որ մեր զայրույթը սահմաններից դուրս չգա։ Առակաց 16։32–ում հստակ նշվում է. «Երկայնամիտը [«Նա, ով չի շտապում բարկանալ», ՆԱ] զօրաւորիցը լաւ է, եւ իր ոգին զսպողը՝ քաղաք առնողիցը»։ Անկառավարելի զայրույթը ո՛չ ուժի և ո՛չ էլ առաքինության նշան է։ Այն թուլություն է, որը կարող է անհատին տանել «չար ճանապարհով»։
Երբ «բոլոր վճիռը Եհովայից է»
«Ծոցն է գցվում վիճակը, բայց Տէրիցն է գալիս նորա բոլոր վճիռը»,— ասում է Իսրայելի թագավորը (Առակաց 16։33)։ Հին Իսրայելում Եհովան երբեմն իր կամքը հայտնել է վիճակ գցվելու միջոցով։ Վիճակը գցվում էր փոքր կլոր քարերով կամ փայտի կտորներով։ Նախ աղոթում էին Եհովային, որ լուծի հարցը։ Հետո քարերը գցում էին շորի ծալքերի մեջ, այնուհետև հանում։ Արդյունքը համարվում էր Աստծու պատասխանը։
Եհովան այլևս վիճակ գցվելու միջոցով չի առաջնորդում իր ժողովրդին։ Նա իր կամքը հայտնում է իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Որպեսզի անհատը Աստծու իմաստությունը ձեռք բերի, նա պետք է սուրբգրային ճշգրիտ գիտելիքներ ունենա։ Ուստի մենք չպետք է թույլ տանք, որ մեկ օր անգամ անցնի առանց ներշնչյալ Գրությունների ընթերցանության (Սաղմոս 1։1, 2; Մատթեոս 4։4)։
[ծանոթագրություն]
a Առակաց 16։1–15 համարների քննարկումը տե՛ս «Դիտարանի» 2007 թ. մայիսի 15–ի համարում (էջ 17–20)։
[նկար 8–րդ էջի վրա]
Ինչո՞ւ է իմաստությունը ոսկուց ավելի լավ
[նկար 9–րդ էջի վրա]
Ի՞նչն է քո շրթունքներին համոզելու ուժ ավելացնում ծառայության ժամանակ
[նկար 10–րդ էջի վրա]
«Անպիտան մարդը չարութիւն կ’փորէ»
[նկար 11–րդ էջի վրա]
Անկառավարելի բարկությունը կարող է անհատին տանել «չար ճանապարհով»
[նկար 12–րդ էջի վրա]
Բռնությունը գայթակղելու ուժ ունի