Ընթերցողների հարցերը
Քանի որ հունձը պաշտոնապես սկսվում էր այն ժամանակ, երբ իսրայելացի բոլոր տղամարդիկ գնում էին Բաղարջակերաց տոնին, ապա ովքե՞ր էին հավաքում գարու «երախայրին», որը բերվում էր սրբարան։
Մովսիսական օրենքում իսրայելացիներին հետևյալ պատվերն էր տրվել. «Տարին երեք անգամ՝ այսինքն բաղարջակերաց տօնին, շաբաթների տօնին եւ տաղաւարահարաց տօնին՝ քո ամեն արուները քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւան այն տեղումը որ ինքը կ’ընտրէ» (Բ Օրինաց 16։16)։ Սողոմոն թագավորի օրերից՝ Աստծու ընտրած «տեղը» Երուսաղեմի տաճարն էր։
Երեք տոներից առաջինը նշվում էր վաղ գարնանը։ Այն կոչվում էր Բաղարջակերաց տոն և, սկսվելով Պասեքի (որը նշվում էր նիսանի 14–ին) հաջորդ օրը, շարունակվում էր յոթ օր՝ մինչև նիսանի 21–ը։ Տոնի երկրորդ օրը՝ նիսանի 16–ին, ըստ սուրբ օրացույցի, սկսվում էր տարվա առաջին բերքահավաքը։ Այդ օրը քահանայապետը վերցնում էր գարու առաջին հասկերից մի խուրձ՝ «մի երախայրի որայ», և սրբարանում «Եհովայի առաջին երերացնում» (Ղեւտացոց 23։5–12)։ Քանի որ բոլոր տղամարդիկ պետք է ներկա լինեին Բաղարջակերաց տոնին, ապա ովքե՞ր էին հնձում գարու առաջին հասկերը, որ քահանայապետը պետք է մատուցեր։
Բաղարջակերաց տոնին գարու բերքի առաջին պտուղը Եհովային նվիրաբերելու պատվերը տրվել էր ամբողջ ազգին։ Չէր պահանջվում, որ յուրաքանչյուր անհատ անձամբ սկսեր հունձը և առաջին պտուղները բերեր սրբարան։ Այդ պատվերը կատարում էին մի քանի անհատներ, որոնք ներկայացնում էին ողջ ազգին։ Ուստի Բաղարջակերաց տոնին մատուցվելիք հասկերը կարող էին հնձել մի քանի հոգի, որոնց ուղարկում էին գարու մոտակա արտը։ Սրա վերաբերյալ «Հրեական հանրագիտարանում» ասվում է. «Եթե գարին արդեն հասունացել էր, այն քաղում էին Երուսաղեմի մոտակայքից։ Եթե ոչ, կարող էին բերել Իսրայելի այլ մասերից։ Գարին քաղում էին երեք հոգի, և յուրաքանչյուրն ուներ իր գերանդին ու զամբյուղը» («Encyclopaedia Judaica»)։ Այնուհետև գարու խուրձը բերում տալիս էին քահանայապետին, որն էլ այն մատուցում էր Եհովային։
Բերքի առաջին պտուղը նվիրաբերելու պատվերը իսրայելացիներին գերազանց հնարավորություն էր տալիս արտահայտելու իրենց երախտագիտությունը Աստծուն իրենց հողը և բերքը օրհնելու համար (Բ Օրինաց 8։6–10)։ Սակայն այստեղ ավելի կարևոր է այն, որ այդ ծիսական նվիրաբերությունը «գալիք բարիքների ստվերն» էր (Եբրայեցիներ 10։1)։ Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ մ.թ. 33–ի նիսանի 16–ին՝ բերքի առաջին պտուղները նվիրաբերելու օրը։ Հիսուսի վերաբերյալ Պողոս առաքյալը գրեց. «Քրիստոսը հարություն է առել մահացածների միջից, առաջին պտուղը նրանցից, ովքեր ննջել են մահվան քնով.... Քրիստոսով բոլորը կկենդանանան։ Բայց ամեն մեկը իր կարգով. նախ՝ Քրիստոսը՝ առաջին պտուղը, իսկ հետո՝ նրա ներկայության ժամանակ նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում» (1 Կորնթացիներ 15։20–23)։ Գարու առաջին պտուղը, որ քահանայապետը երերացնում էր Եհովայի առաջ, խորհրդանշում էր Հիսուս Քրիստոսի հարությունը. նա առաջինն էր, որ մահացածների միջից հարություն առավ հավիտենական կյանքի։ Այդպիսով Հիսուսը մարդկությանը հնարավորություն տվեց ազատվելու մեղքից ու մահից։
[նկար 26–րդ էջի վրա. թույլտվությամբ]
© 2003 BiblePlaces.com