Տառապանքի ներքո տոկալով՝ կարող ենք օգուտներ ստանալ
«Մենք երջանիկ ենք անվանում նրանց, ովքեր տոկացին» (ՀԱԿՈԲՈՍ 5։11)։
1, 2. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան մարդու համար տառապանք չէր նախատեսել։
ՈՉ ՄԻ նորմալ մարդ չի ցանկանում տառապել։ Մեր Ստեղծիչը՝ Եհովա Աստված, նույնպես չի ցանկանում, որ մարդիկ տառապեն։ Մենք կարող ենք դրանում համոզվել, եթե նրա ներշնչյալ Խոսքի միջոցով քննենք, թե տղամարդու և կնոջ արարումից հետո ինչ եղավ։ Աստված նախ ստեղծեց տղամարդուն՝ Ադամին. «Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ» (Ծննդոց 2։7)։ Ադամը կատարյալ էր մարմնով և մտքով. նա չէր հիվանդանալու և մահանալու։
2 Իսկ ինչպիսի՞ն էին նրա կենսապայմանները։ «Եհովայ Աստուածը արեւելքի կողմը Եդէմի մէջ մի պարտէզ տնկեց, եւ իր շինած մարդը դրաւ այնտեղ։ Եւ Եհովայ Աստուածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու հաճելի եւ ուտելու քաղցր» (Ծննդոց 2։8, 9)։ Այո՛, Ադամը չքնաղ տուն ուներ։ Եդեմում չկա՛ր տառապանք։
3. Ինչպիսի՞ն էր լինելու առաջին մարդկանց կյանքը։
3 Ծննդոց 2։18–ը մեզ տեղեկացնում է. «Եհովայ Աստուածն ասեց, Լաւ չէ որ մարդը մինակ լինի. նորա նման մի օգնական շինեմ իրան յարմար»։ Եհովան կատարյալ կին ստեղծեց Ադամի համար։ Ուստի նրանց ընտանիքը պետք է երջանիկ լիներ (Ծննդոց 2։21–23)։ Այնուհետև կարդում ենք. «Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան» (Ծննդոց 1։28)։ Առաջին մարդկային զույգը ունենալու էր հրաշալի առանձնաշնորհում՝ ընդարձակել Եդեմի պարտեզը, մինչև որ ամբողջ մոլորակը դրախտ դառնար։ Բացի այդ, նրանք պետք է զավակներ ունենային, որոնք ապրելու էին ուրախ ու երջանիկ՝ առանց տառապանքի։ Այո՛, մարդկային ընտանիքին չքնաղ սկիզբ դրվեց (Ծննդոց 1։31)։
Տառապանքները սկսվում են
4. Ի՞նչ է փաստում մարդկության պատմությունը։
4 Մարդկության պատմությունը, սակայն, բոլորովին այլ բան է փաստում։ Դարերի ընթացքում շատ վատ բաներ են տեղի ունեցել, և մարդիկ սարսափելի տառապանքներ են կրել։ Ադամի ու Եվայի սերունդները հիվանդացել են, ծերացել և ի վերջո մահացել։ Ներկայումս երկրագունդը շատ հեռու է երջանիկ մարդկանցով լի դրախտ լինելուց։ Հռոմեացիներ 8։22–ը դիպուկ կերպով նկարագրում է այս իրողությունը. «Բոլոր ստեղծվածները միասին շարունակ հառաչում են և միասին ցավի մեջ են»։
5. Ինչպե՞ս մեր նախածնողների պատճառով տառապանքը դարձավ կյանքի իրողություն։
5 Եհովան մեղավոր չէ այն սարսափելի տառապանքների համար, որ գոյություն ունեն այսքան երկար ժամանակ (Բ Թագաւորաց 22։31)։ Մասամբ մեղավոր են մարդիկ։ «Նորանք ապականուեցան եւ գարշելի եղան իրանց գործքերովը» (Սաղմոս 14։1)։ Մեր նախածնողները հրաշալի պայմաններում էին ապրում։ Որպեսզի շարունակեին այդ չքնաղ կյանքով ապրել, նրանցից ընդամենը պահանջվում էր հնազանդվել Աստծուն։ Այնինչ Ադամն ու Եվան որոշեցին անկախանալ նրանից։ Քանի որ մեր նախածնողները մերժեցին Եհովային, նրանք այլևս չէին կարող կատարյալ մնալ։ Ադամն ու Եվան աստիճանաբար անկում ապրեցին, մինչև որ մահացան։ Նրանց միջոցով անկատարությունը փոխանցվեց մեզ (Ծննդոց 3։17–19; Հռոմեացիներ 5։12)։
6. Ի՞նչ դեր խաղաց Սատանան, որ տառապանքը մտնի աշխարհ։
6 Բացի Ադամից ու Եվայից, մարդկանց տառապանքների պատճառը նաև մի ոգեղեն արարած է, որը կոչվեց Բանսարկու Սատանա։ Նա օժտված էր ազատ կամքով, սակայն չարաշահեց այդ պարգևը՝ փորձելով երկրպագության արժանանալ։ Միայն Եհովային է հարկավոր երկրպագել և ոչ թե նրա ստեղծագործությանը։ Սատանան էր, որ դրդեց Ադամին ու Եվային անկախանալ Եհովայից՝ ասելով, թե նրանք կարող են «Աստծու պես լինել՝ բարին ու չարը գիտացող» (Ծննդոց 3։5)։
Միայն Եհովան ունի իշխելու իրավունք
7. Ի՞նչ են փաստում Աստծու դեմ ապստամբության հետևանքները։
7 Աստծու դեմ այդ ապստամբության վատ հետևանքները փաստում են, որ միայն Եհովան՝ Տիեզերքի Գերիշխանը, իրավունք ունի իշխելու, և միայն նրա իշխանությունն է արդար։ Անցած հազարավոր տարիները ցույց են տվել, որ Սատանայի՝ «այս աշխարհի իշխանի» ստեղծած կառավարման համակարգը չար է, անարդար, դաժան և ոչ մի կերպ չի արդարացնում իրեն (Հովհաննես 12։31)։ Սատանայի հսկողության ներքո մարդկանց կողմից իրականացված երկարատև ու ողորմելի կառավարումը նույնպես փաստեց, որ մարդ արարածն ի զորու չէ արդար կերպով իշխելու (Երեմիա 10։23)։ Այո՛, բացի Եհովայի իշխանությունից, ցանկացած մարդակերտ իշխանություն դատապարտված է ձախողման։ Պատմությունը սա է փաստում։
8. Ո՞րն է Եհովայի նպատակը մարդկային բոլոր իշխանությունների առնչությամբ, և ինչպե՞ս է նա հասնելու այդ նպատակին։
8 Արդեն մի քանի հազար տարի է, ինչ Եհովան թույլ է տվել մարդկանց իշխելու առանց իր առաջնորդության։ Նա ծանրակշիռ հիմքեր ունի երկրի երեսից վերացնելու իշխանության բոլոր ձևերը և դրանք փոխարինելու իր կառավարությամբ։ Այդ մասին մի մարգարեության մեջ ասվում է. «Այն թագաւորների [մարդկային իշխանությունների] օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու [նրա երկնային կառավարությունը՝ Քրիստոսի գլխավորությամբ], որ յաւիտեանս չի աւերուիլ.... Նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։ Դիվային և մարդկային ղեկավարումը կվերանա. երկրի վրա կիշխի միայն Աստծու երկնային Թագավորությունը։ Թագավորը կլինի Հիսուս Քրիստոսը, իսկ նրա իշխանակիցները կլինեն երկրի վրա ապրած 144 000 հավատարիմ անձինք (Հայտնություն 14։1)։
Ինչպես է տառապանքը օգուտ բերում
9, 10. Ի՞նչ օգուտ ստացավ Հիսուսը տառապանքներից։
9 Հետաքրքիր է իմանալ, թե ինչ հատկություններ պիտի ունենան երկնային Թագավորության կառավարիչները։ Նախ՝ խոսենք Հիսուս Քրիստոսի մասին։ Նա փաստեց, որ միանգամայն համապատասխանում է Թագավոր լինելու կոչմանը։ Հիսուսն անթիվ–անհամար տարիներ է անցկացրել իր Հոր՝ Եհովայի կողքին՝ կատարելով նրա կամքը որպես «ճարտարապետ» (Առակաց 8։22–31)։ Երբ Եհովան ցանկացավ Հիսուսին երկիր ուղարկել, վերջինս պատրաստակամորեն հնազանդվեց։ Երկրի վրա Հիսուսի հիմնական գործը Եհովայի գերիշխանության և Թագավորություն մասին պատմելն էր։ Նա գերազանց օրինակ է բոլորիս համար Եհովայի գերիշխանությանը լիովին հնազանդվելու հարցում (Մատթեոս 4։17; 6։9)։
10 Քրիստոսը հալածանքներ կրեց և ի վերջո սպանվեց։ Իր երկրային ծառայության ընթացքում նա ականատես եղավ, թե ինչ խղճուկ վիճակում են գտնվում մարդիկ։ Իսկ որևէ օգուտ եղա՞վ դրանից, ինչպես նաև այն բանից, որ նա անձամբ տառապեց։ Այո՛։ Եբրայեցիներ 5։8–ում նշվում է. «Թեև նա [Աստծու] Որդի էր, սակայն իր կրած չարչարանքներից հնազանդություն սովորեց»։ Հիսուսը սովորեց ավելի հասկացող ու կարեկից լինել։ Նա անձամբ զգաց, թե ինչ է մարդկային ցավը։ Ուստի կարող էր կարեկցել տառապյալներին և ավելի լավ տեսնել իր դերը նրանց օգնելու մեջ։ Ուշադրություն դարձնենք, թե Պողոս առաքյալն ինչպես է այդ միտքն ընդգծում եբրայեցիներին ուղղած իր նամակում. «Պետք էր, որ նա բոլոր առումներով իր եղբայրների նման դառնար, որ Աստծուն պատկանող բաներում դառնար ողորմած ու հավատարիմ քահանայապետ, որպեսզի հաշտության զոհ մատուցեր ժողովրդի մեղքերի համար։ Որովհետև ելնելով այն բանից, որ ինքը փորձության ենթարկվելիս չարչարվեց՝ նա կարող է օգնության հասնել փորձության ենթարկվողներին»։ «Ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որը չի կարող ցավակից լինել մեր թուլություններին, այլ ունենք մի այնպիսի մեկին, որը մեզ նման փորձվել է բոլոր առումներով, բայց առանց մեղքի է։ Ուրեմն եկեք խոսելու ազատությամբ մոտենանք անարժան բարության գահին, որպեսզի ողորմություն ստանանք և անարժան բարություն գտնենք ճիշտ ժամանակին օգնություն ստանալու համար» (Եբրայեցիներ 2։17, 18; 4։14–16)։
11. Երկրի վրա ունեցած փորձն ինչպե՞ս կօգնի ապագա թագավորներին ու քահանաներին լինելու լավ կառավարիչներ։
11 Գրեթե նույնը կարելի է ասել այն 144 000 անձանց մասին, որոնք «գնվեցին» երկրից, որպեսզի Հիսուս Քրիստոսի հետ իշխեն երկնային Թագավորությունում (Հայտնություն 14։4)։ Նրանք բոլորը մարդիկ են եղել. ծնվել են երկրի վրա, մեծացել տառապանքով լի աշխարհում և տառապանքներ կրել։ Նրանցից շատերը հալածվել են, ոմանք էլ նույնիսկ սպանվել են Եհովային հավատարիմ մնալու և Հիսուսին պատրաստակամորեն հետևելու համար։ Բայց նրանք «չեն ամաչել իրենց Տիրոջ մասին վկայություն տալուց՝ կրելով բարի լուրի համար իրենց բաժին ընկած չարիքը» (2 Տիմոթեոս 1։8)։ Նրանք ապրել ու դժվարություններ են կրել երկրի վրա, ուստի համապատասխան որակներ ունեն մարդկանց երկնքից դատելու համար։ Նրանք սովորել են լինել կարեկից, բարի և պատրաստ են օգնելու մարդկանց (Հայտնություն 5։10; 14։2–5; 20։6)։
Ինչ օգուտ է բերում տառապանքը երկրային հույս ունեցողներին
12, 13. Ինչպե՞ս են երկրային հույս ունեցողները օգուտ քաղում տառապանքից։
12 Կարո՞ղ են ներկա տառապանքները որևէ օգուտ բերել նրանց, ովքեր հույս ունեն հավիտյան ապրելու դրախտային երկրի վրա, որտեղ չեն լինի հիվանդություն, տխրություն և մահ։ Ցավն ու վիշտը ինքնին ցանկալի բաներ չեն։ Բայց երբ տոկում ենք տառապանքների ներքո, կարողանում ենք լավ հատկություններ մշակել և մեր ուրախությունը պահպանել։
13 Ահա, թե ինչ է ասում Աստծու Խոսքը. «Եթե հանուն արդարության չարչարվեք էլ, երջանի՛կ եք»։ «Եթե Քրիստոսի անվան համար նախատվում եք, երջանիկ եք» (1 Պետրոս 3։14; 4։14)։ «Երջանիկ եք դուք, երբ մարդիկ ձեզ նախատում և հալածում են և ստությամբ ամեն տեսակ չար բաներ են ձեր դեմ խոսում իմ պատճառով։ Ուրախացե՛ք և ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձատրությունը մեծ է երկնքում» (Մատթեոս 5։11, 12)։ «Երջանիկ է այն մարդը, որը շարունակում է տոկալ փորձությանը, որովհետև հավանության արժանանալով՝ նա կստանա կյանքի պսակը» (Հակոբոս 1։12)։
14. Ի՞նչ իմաստով է տառապանքը Եհովայի երկրպագուներին երջանիկ դարձնում։
14 Անշուշտ, տառապանքը չէ, որ մեզ երջանիկ է դարձնում։ Երջանկությունն ու բավարարվածության զգացումը գալիս են այն բանի գիտակցումից, որ մենք Եհովայի կամքը կատարելու և Հիսուսի օրինակին հետևելու պատճառով ենք տառապում։ Օրինակ՝ առաջին դարում առաքյալներից ոմանք բանտարկվեցին և հետո բերվեցին հրեական բարձրագույն դատարան։ Նրանք մեղադրվում էին այն բանում, որ քարոզում էին Հիսուս Քրիստոսի մասին։ Առաքյալներին ծեծեցին և ազատ արձակեցին։ Ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը։ Աստվածաշունչն ասում է. «Սինեդրիոնի առաջից գնացին ուրախանալով, որովհետև արժանի եղան նրա անվան համար անարգանքի ենթարկվելու» (Գործեր 5։17–41)։ Իհարկե, նրանք ուրախ էին ոչ թե նրա համար, որ ծեծվեցին և ֆիզիկական ցավ զգացին, այլ քանի որ անարատ մնացին Եհովայի հանդեպ ու հետևեցին Հիսուսի օրինակին (Գործեր 16։25; 2 Կորնթացիներ 12։10; 1 Պետրոս 4։13)։
15. Ներկա տառապանքներին դիմանալով՝ ինչպե՞ս ենք պատրաստվում ապագա փորձություններին։
15 Եթե դիմանանք հակառակությանն ու հալածանքին՝ պահպանելով ճիշտ տրամադրվածություն, ապա մեր մեջ տոկունություն կմշակվի։ Դա կօգնի դիմանալ ապագա տառապանքներին։ Հակոբոս 1։2, 3–ում կարդում ենք. «Եղբայրնե՛րս, երբ հանդիպում եք զանազան փորձությունների, ամենայն ուրախություն համարեք դա՝ իմանալով, որ ձեր հավատի փորձված որակը տոկունություն է առաջ բերում»։ Իսկ Հռոմեացիներ 5։3–5-ում ասվում է. «Եկեք ցնծանք նաև, երբ նեղությունների մեջ ենք, քանզի գիտենք, որ նեղությունը տոկունություն է առաջ բերում, տոկունությունն, իր հերթին՝ հավանություն, հավանությունն էլ՝ հույս, իսկ հույսը չի հիասթափեցնում»։ Այսպիսով, եթե շարունակենք դիմանալ հավատի փորձություններին, ապա ավելի պատրաստված կլինենք ապագա դժվարություններին իրերի այս չար համակարգում։
Եհովան կփոխհատուցի
16. Ի՞նչ է Եհովան անելու երկնային հույս ունեցող քրիստոնյաների համար որպես նրանց կրած տառապանքների փոխհատուցում։
16 Նույնիսկ եթե նյութական կորուստներ ենք ունենում հակառակության կամ հալածանքի պատճառով, մենք կարող ենք մխիթարվել՝ իմանալով, որ Եհովան լիովին կփոխհատուցի այդ ամենը։ Պողոս առաքյալը երկնային հույս ունեցող քրիստոնյաներին գրեց. «Դուք.... ձեր ունեցվածքի կողոպտվելը ուրախությամբ ընդունեցիք՝ իմանալով, որ ավելի լավ և մնայուն սեփականություն ունեք [լինելով Աստծու Թագավորությունում որպես թագավորներ]» (Եբրայեցիներ 10։34)։ Պատկերացրու, թե ինչ մեծ ուրախություն կզգան նրանք, երբ Եհովայի և Քրիստոսի առաջնորդության ներքո աննկարագրելի օրհնություններ բերեն երկրի բնակիչներին նոր աշխարհում։ Որքա՜ն ճշմարիտ են Պողոս առաքյալի խոսքերը՝ ուղղված հավատարիմ քրիստոնյաներին. «Ես հետևություն եմ անում, որ ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են՝ համեմատած այն փառքի հետ, որը հայտնվելու է մեր մեջ» (Հռոմեացիներ 8։18)։
17. Ի՞նչ է Եհովան անելու երկրային հույս ունեցող իր հավատարիմ ծառաների համար։
17 Նմանապես, անկախ նրանից, թե երկրային հույս ունեցողները Եհովային ծառայելու համար ինչ կորուստներ կունենան կամ ինչից կամավորապես կհրաժարվեն՝ Աստված ապագայում առատորեն կվարձատրի նրանց։ Նա դրախտային երկրի բնակիչներին կտա կատարյալ անվերջ կյանք։ Նոր աշխարհում Եհովան «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4)։ Ի՜նչ հրաշալի խոստում։ Ցանկացած բան, որ հոժարակամորեն կամ ստիպված կկորցնենք այս աշխարհում հանուն Եհովայի, չի կարող համեմատվել այն չքնաղ կյանքի հետ, որը Եհովան կտա տառապանքների ներքո տոկացող իր հավատարիմ ծառաներին։
18. Ի՞նչ մխիթարական խոստում է տալիս Եհովան իր Խոսքի միջոցով։
18 Ոչ մի տառապանք չի խանգարի մեզ վայելելու հավիտենական կյանքը Աստծու նոր աշխարհում։ Մեր կրած զրկանքները լիովին կփոխհատուցվեն նոր աշխարհում տիրող չքնաղ պայմաններով։ Եսայիա 65։17, 18 համարներում ասվում է. «Առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան։ Այլ դուք պիտի ուրախանաք եւ բերկրուիք յաւիտեանս յաւիտենից նորանով, որ ես ստեղծելու եմ»։ Ուստի տեղին է, որ Հիսուսի եղբայր Հակոբոսը գրեց. «Մենք երջանիկ ենք անվանում նրանց, ովքեր տոկացին» (Հակոբոս 5։11)։ Այո՛, եթե հավատարմորեն տոկում ենք ներկա տառապանքներին, ապա կարող ենք օգուտներ ստանալ այժմ և ապագայում։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս տառապանքը մտավ աշխարհ։
• Ի՞նչ օգուտներ կարող են բերել ներկա տառապանքները երկրագնդի ապագա կառավարիչներին և բնակիչներին։
• Չնայած տառապանքներին՝ ինչո՞ւ կարող ենք երջանիկ լինել այժմ։
[նկար 27–րդ էջի վրա]
Մեր նախածնողներին չքնաղ ապագա էր սպասում
[նկար 29–րդ էջի վրա]
Հիսուսը ականատես եղավ տառապանքների, և դա նախապատրաստեց նրան լինելու լավ Թագավոր և Քահանայապետ
[նկար 31–րդ էջի վրա]
Առաքյալներն «ուրախացան, որ արժանի եղան անարգանքի ենթարկվելու» իրենց հավատի համար