«Ձեր Հայրը ողորմած է»
«Ողորմա՛ծ եղեք, ինչպես որ ձեր Հայրն էլ ողորմած է» (ՂՈՒԿԱՍ 6։36)։
1, 2. Ինչպե՞ս են դպիրներին, փարիսեցիներին ու նրանց հետևորդներին ուղղված Հիսուսի խոսքերը ցույց տալիս, որ ողորմությունը ցանկալի հատկություն է։
ՄՈՎՍԻՍԱԿԱՆ օրենքը պարունակում էր մոտ 600 կանոն և պատվիրան։ Ու թեև անհրաժեշտ էր հետևել դրանց, մեծ կարևորություն էր տրվում նաև ողորմություն ցուցաբերելուն։ Ուշադրություն դարձրու, թե ինչ ասաց Հիսուսը փարիսեցիներին, ովքեր ուրիշների հանդեպ ողորմություն չէին դրսևորում։ Երկու անգամ նա հանդիմանեց նրանց՝ նշելով, որ Աստված հետևյալն է պահանջում. «Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ» (Մատթեոս 9։10–13; 12։1–7; Ովսէէ 6։6)։ Իր երկրային ծառայության վերջում Հիսուսն ասաց. «Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև տալիս եք անանուխի, սամիթի և չամանի տասանորդը, բայց արհամարհում եք Օրենքի ավելի ծանրակշիռ բաները՝ արդարադատությունը, ողորմությունը և հավատարմությունը» (Մատթեոս 23։23)։
2 Իսկապես, անհերքելի է այն փաստը, որ Հիսուսը ողորմությունը շատ կարևոր հատկություն էր համարում։ Այդ առումով նա իր հետևորդներին ասաց. «Ողորմա՛ծ եղեք, ինչպես որ ձեր Հայրն էլ ողորմած է» (Ղուկաս 6։36)։ Սակայն որպեսզի ընդօրինակենք Աստծուն, մենք պետք է իմանանք, թե որն է իսկական ողորմությունը (Եփեսացիներ 5։1)։ Ավելին, հասկանալով, թե ինչ օգուտներ կստանանք ողորմություն ցուցաբերելուց՝ մենք կմղվենք լիարժեքորեն դրսևորել այս հատկությունը։
Ողորմած լինել դժվար կացության մեջ գտնվողների հանդեպ
3. Ինչո՞ւ մենք պետք է Եհովայից սովորենք, թե որն է իսկական ողորմությունը։
3 Սաղմոսերգուն գրել է. «Ողորմած եւ գթած է Տէրը. երկայնամիտ եւ բազումողորմ։ Բարի է Տէրը ամենի համար. եւ նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է» (Սաղմոս 145։8, 9)։ Եհովան «ջերմ կարեկցանքի Հայրը և ամենայն մխիթարության Աստվածն է» (2 Կորնթացիներ 1։3)։ Ողորմած անհատը կարեկցանքով է վերաբերվում ուրիշներին։ Ողորմությունը Աստծու էության գլխավոր հատկություններից է։ Եհովայի օրինակը և ուսուցումները կարող են սովորեցնել մեզ, թե որն է իսկական ողորմությունը։
4. Եսայիա 49։15 համարից ի՞նչ ենք սովորում ողորմության մասին։
4 Եսայիա 49։15–ում արձանագրված են Եհովայի հետևյալ խոսքերը. «Մի՞թէ կինը կ’մոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չ’գթայ իր որովայնի ծննդեան վերայ»։ Եբրայերեն այն բառերը, որոնք սերտորեն կապված են այստեղ թարգմանված «գթալ» բառի հետ, Սաղմոս 145։8, 9–ում թարգմանվել են «ողորմություն» բառով։ Եհովային մղում է ողորմած լինել այն նույն զգացմունքը, որը կերակրող մայրը տածում է իր փոքրիկի հանդեպ։ Գուցե մանկիկը քաղցած է կամ մեկ ուրիշ բանի կարիք ունի։ Կարեկցանքից մղված՝ մայրը հոգում է նրա կարիքները։ Եհովան նման ջերմ զգացմունքներ ունի նրանց հանդեպ, ում ողորմություն է ցուցաբերում։
5. Իսրայելացիների պարագայում Եհովան ինչպե՞ս ցույց տվեց, որ ինքը «հարուստ է ողորմությամբ»։
5 Սակայն մի բան է կարեկցանք զգալ, մի այլ բան՝ ձեռք մեկնել դժվար կացության մեջ գտնվող մարդկանց։ Տեսնենք, թե ինչպես Եհովան արձագանքեց, երբ իր երկրպագուները մոտ 3 500 տարի առաջ գերի էին Եգիպտոսում։ Նա ասաց Մովսեսին. «Իրաւ տեսայ իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նորանց աղաղակը լսեցի. որովհետեւ նորանց նեղութիւնները իմացայ. եւ իջայ նորանց Եգիպտացիների ձեռքիցն ազատելու, եւ նորանց այն երկրիցը մէկ լաւ ու լայնարձակ երկիր՝ մի կաթ ու մեղր բղխող երկիր հանելու» (Ելից 3։7, 8)։ Եգիպտոսից իսրայելացիներին ազատագրելուց մոտ 500 տարի անց Եհովան հիշեցրեց նրանց. «Ես Իսրայէլին Եգիպտոսից հանեցի, եւ ձեզ Եգիպտացիների ձեռքիցը՝ եւ ձեզ նեղութիւն տուող բոլոր թագաւորների ձեռքիցն ազատեցի» (Ա Թագաւորաց 10։18)։ Աստծու արդար չափանիշներից շեղվելու պատճառով իսրայելացիները հաճախ էին դժվար կացության մեջ հայտնվում։ Այնուհանդերձ, Եհովան կարեկցում էր նրանց և անընդհատ օգնության էր հասնում (Դատաւորաց 2։11–16; Բ Մնացորդաց 36։15)։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է սիրառատ Աստված արձագանքում կարիքի, վտանգի և դժվարությունների մեջ գտնվող մարդկանց խնդիրներին։ Իսկապես, Եհովան «հարուստ է ողորմությամբ» (Եփեսացիներ 2։4)։
6. Ողորմություն դրսևորելիս Հիսուս Քրիստոսը ինչպե՞ս ընդօրինակեց իր Հորը։
6 Ողորմություն դրսևորելու հարցում Հիսուս Քրիստոսը կատարելապես արտացոլեց իր Հորը։ Ինչպե՞ս արձագանքեց Հիսուսը, երբ երկու կույր մարդիկ աղաչեցին՝ ասելով. «Տե՛ր, ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»։ Նրանք խնդրում էին Հիսուսին, որ հրաշքով վերականգնի իրենց տեսողությունը։ Հիսուսը, ջերմ զգացմունքներից մղված, հրաշք գործեց։ Աստվածաշնչում կարդում ենք. «Խղճահարվելով՝ Հիսուսը դիպավ նրանց աչքերին, և նրանք անմիջապես սկսեցին տեսնել» (Մատթեոս 20։30–34)։ Կարեկցանքը մղեց Հիսուսին շատ հրաշքներ գործել, որոնք թեթևացում բերեցին կույրերին, դիվահարներին, բորոտներին և այն ծնողներին, որոնք հիվանդ երեխաներ ունեին (Մատթեոս 9։27; 15։22; 17։15; Մարկոս 5։18, 19; Ղուկաս 17։12, 13)։
7. Եհովա Աստծու և նրա Որդու օրինակները ի՞նչ են մեզ սովորեցնում ողորմության մասին։
7 Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի օրինակներից սովորում ենք, որ ողորմած լինելու համար անհրաժեշտ է ոչ միայն կարեկցանք, գութ ու խղճահարություն զգալ դժվար կացության մեջ հայտնված մարդկանց հանդեպ, այլև օգնելու նպատակով գործնական քայլերի դիմել։ Գրությունների համաձայն՝ ողորմություն ցուցաբերել հաճախ նշանակում է բարիք անել նրան, ով դրա կարիքն ունի։ Ինչպե՞ս է, սակայն, ողորմությունը դրսևորվում դատական հարցերում։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մեղք գործած անհատը չպետք է պատժվի։
Ողորմություն ցուցաբերել մեղք գործած մարդկանց հանդեպ
8, 9. Ի՞նչ էր ներառում Դավթի ու Բերսաբեի հանդեպ ողորմություն ցուցաբերելը։
8 Տեսնենք, թե ինչ պատահեց այն բանից հետո, երբ Նաթան մարգարեն հանդիմանեց հին Իսրայելի Դավիթ թագավորին՝ Բերսաբեի հետ կատարած մեղքի համար։ Դավիթը զղջաց և աղոթեց. «Ողորմիր ինձ, Աստուած, քո ողորմութեան պէս. եւ քո մեծ ողորմութեան պէս ջնջիր իմ անօրէնութիւնները։ Իսպառ լուա ինձ իմ անօրէնութիւնիցը, եւ սրբիր ինձ իմ մեղքիցը։ Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրէնութիւնները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առաջին է։ Միմիայն քեզ դէմ մեղանչեցի, եւ չարը քո աչքի առաջին գործեցի» (Սաղմոս 51։1–4)։
9 Դավիթը խորապես զղջաց։ Եհովան ներեց և Դավթի ու Բերսաբեի հանդեպ մեղմ պատիժ սահմանեց։ Մովսիսական օրենքի համաձայն՝ երկուսն էլ պետք է մահվան դատապարտվեին (Բ Օրինաց 22։22)։ Թեև նրանք չխուսափեցին իրենց կատարած մեղքի բոլոր հետևանքներից, այնուամենայնիվ, կենդանի մնացին (Բ Թագաւորաց 12։13)։ Աստված ողորմություն ցուցաբերեց՝ ներելով մեղքը, բայցևայնպես, համապատասխան պատիժ սահմանեց։
10. Չնայած Եհովան դատաստան գործադրելիս ողորմություն է դրսևորում, ինչո՞ւ պետք է չչարաշահենք նրա ողորմությունը։
10 Քանի որ «մեկ մարդու [Ադամի] միջոցով մեղքը մտավ աշխարհ» և «մեղքի վճարած վարձը մահն է», բոլոր մարդիկ արժանի են մահվան (Հռոմեացիներ 5։12; 6։23)։ Որքա՜ն շնորհակալ պետք է լինենք, որ Եհովան դատաստան գործադրելիս ողորմություն է դրսևորում։ Սակայն մենք պետք է զգույշ լինենք, որ չչարաշահենք Աստծու ողորմությունը։ «[Եհովայի] ամեն ճանապարհները իրաւունք են»,— գրված է Բ Օրինաց 32։4–ում։ Երբ Աստված ողորմություն է դրսևորում, նա չի անտեսում արդարության իր կատարյալ չափանիշները։
11. Դավթի ու Բերսաբեի գործած մեղքի հետ կապված Եհովան ինչպե՞ս ճիշտ ձևով գործադրեց իր արդարությունը։
11 Նախքան Դավթի ու Բերսաբեի մահապատիժը մեղմացնելը հարկավոր էր ներել նրանց։ Իսրայելի դատավորները Եհովայի կողմից լիազորված չէին նրանց ներելու։ Ուստի եթե դատավորների՛ն թույլ տրվեր դատել Դավթին ու Բերսաբեին, ապա նրանք երկուսին էլ պետք է մահապատժի ենթարկեին. այլընտրանք չկար։ Օրենքով հենց դա էր պահանջվում։ Սակայն քանի որ Եհովան Դավթի հետ ուխտ էր կապել, նա ցանկացավ հիմք գտնել նրան ներելու համար (Բ Թագաւորաց 7։12–16)։ Եհովա Աստված՝ «բոլոր երկրի դատաւորը», որը «փորձում է սիրտը», նախընտրեց անձամբ քննել Դավթի գործը (Ծննդոց 18։25; Ա Մնացորդաց 29։17)։ Աստված կարող էր ամբողջությամբ կարդալ Դավթի սիրտը, տեսնել, թե արդյոք նա անկեղծորեն է զղջում, և ներում շնորհել նրան։
12. Ինչպե՞ս կարող են մեղավոր մարդիկ օգուտ քաղել Աստծու ողորմությունից։
12 Մեր հանդեպ ցուցաբերած Եհովայի ողորմությունը հնարավորություն է տալիս մեզ ազատվելու մեղքի պատճառով ժառանգած մահվան դատապարտությունից, ինչն էլ ներդաշնակ է նրա արդարությանը։ Սակայն առանց արդարության իր չափանիշները ոտնահարելու՝ Եհովան քայլեր ձեռնարկեց, որպեսզի ների մեր մեղքերը իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհագործության միջոցով, որը երբևէ ցուցաբերված ողորմության ամենամեծ դրսևորումն էր (Մատթեոս 20։28; Հռոմեացիներ 6։22, 23)։ Ուրեմն Աստծու ողորմությանը արժանանալու համար, ինչը կարող է ազատել մեզ մեղքի պատճառով ժառանգած մահվան դատապարտությունից, մենք պետք է «հավատ դրսևորենք Որդու հանդեպ» (Հովհաննես 3։16, 36)։
Ողորմած և արդար Աստված
13, 14. Արդյոք Աստծու ողորմությունը մեղմացնո՞ւմ է նրա արդարությունը։ Բացատրի՛ր։
13 Թեև Եհովայի ողորմությունը չի խախտում արդարության իր չափանիշները, ինչպես արդեն քննարկեցինք, արդյոք այն որոշ չափով չի՞ ազդում նրա արդարության վրա կամ չի՞ մեղմացնում այն։ Ո՛չ։
14 Ովսեե մարգարեի միջոցով Եհովան ասաց իսրայելացիներին. «Քեզ պիտի նշանեմ ինձ համար յաւիտեան. եւ քեզ պիտի նշանեմ արդարութիւնով եւ իրաւունքով, եւ ողորմութիւնով եւ գթութիւնով» (Ովսէէ 2։19)։ Այս խոսքերը հստակ ցույց են տալիս, որ Եհովան ողորմությունը միշտ դրսևորում է իր մյուս հատկություններին, այդ թվում նաև արդարությանը ներդաշնակ։ Նա «ողորմած եւ գթած է.... անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք է ներում, բայց յանցաւորին բնաւ անպարտ չի թողում» (Ելից 34։6, 7)։ Եհովան և՛ ողորմած, և՛ արդար Աստված է։ Այդ առումով Աստվածաշունչն ասում է. «Աստուծոյ գործը կատարեալ է. որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են» (Բ Օրինաց 32։4)։ Աստծու արդարությունը կատարյալ է, ինչպեսև ողորմությունը։ Այդ երկու հատկություններից ոչ մեկը մյուսից գերադաս չէ, հետևաբար նրա արդարությունը ողորմածությամբ մեղմացվելու կարիք չունի։ Ընդհակառակը՝ այս երկու հատկությունները կատարյալ ներդաշնակության մեջ են գտնվում։
15, 16. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Աստծու արդարությունը դաժանության չի հասնում։ բ) Երբ Եհովան ի գործ դնի իր դատաստանը իրերի այս չար համակարգի վրա, ինչո՞ւմ կարող են համոզված լինել նրա երկրպագուները։
15 Եհովայի արդարությունը չի հասնում դաժանության։ Այն գրեթե միշտ ունի իրավական նշանակություն, և սովորաբար դատաստան է գործադրվում այն դեպքում, երբ անհրաժեշտ է, որ մեղք գործողները ստանան իրենց արժանի պատիժը։ Բայց Եհովայի արդարությունը հնարավորություն է տալիս արժանիներին փրկություն ստանալու։ Օրինակ՝ երբ Սոդոմ և Գոմոր քաղաքներում ապրող ամբարիշտ մարդիկ կործանվեցին, Ղովտ նահապետը և իր երկու աղջիկները փրկվեցին (Ծննդոց 19։12–26)։
16 Մենք կարող ենք համոզված լինել, որ երբ Եհովան իրերի ներկա չար համակարգի վրա իր դատաստանն ի գործ դնի, ճշմարիտ երկրպագուների «մեծ բազմությունը», որն «իր պատմուճանները լվացել ու սպիտակեցրել է Գառան արյունով», կփրկվի։ Նրանք դուրս կգան «մեծ նեղությունից» (Հայտնություն 7։9–14)։
Ինչո՞ւ պետք է ողորմած լինել
17. Ողորմած լինելու համար ի՞նչ հիմնավոր պատճառ ունենք։
17 Եհովայի և Հիսուս Քրիստոսի օրինակներից սովորում ենք, թե որն է իսկական ողորմությունը։ Մենք հիմնավոր պատճառ ունենք ողորմած լինելու համար։ Ինչո՞ւ։ Առակաց 19։17–ում ասվում է. «Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, եւ նա կ’հատուցանէ նորա վարձը»։ Եհովայի համար հաճելի է, երբ մենք, ընդօրինակելով իրեն և իր Որդուն, ողորմություն ենք դրսևորում ուրիշների հանդեպ (1 Կորնթացիներ 11։1)։ Եվ եթե այդպես վարվենք, շատ հնարավոր է, որ մարդիկ էլ ողորմած լինեն մեր նկատմամբ (Ղուկաս 6։38)։
18. Ինչո՞ւ մենք պետք է ձգտենք ողորմած լինել։
18 Ողորմությունը բազմաթիվ լավ հատկություններ է ներառում իր մեջ, ինչպիսիք են՝ կարեկցանքը, սերը, բարությունը և բարեգործությունը։ Կարեկցանքի ջերմ զգացմունքը մղում է ողորմություն ցուցաբերելու։ Թեև Եհովայի ողորմությունը չի մեղմացնում նրա արդարությունը, նա չի շտապում բարկանալ և համբերատարությամբ մեղք գործողներին զղջալու բավարար ժամանակ է տալիս (2 Պետրոս 3։9, 10)։ Հետևաբար, ողորմությունը կապված է նաև համբերության ու երկայնամտության հետ։ Ուստի ողորմություն դրսևորելու շնորհիվ մենք կարող ենք զարգացնել բազմաթիվ ցանկալի հատկություններ, ինչպես նաև ոգու պտուղը (Գաղատացիներ 5։22, 23)։ Որքա՜ն կարևոր է, որ ձգտենք ուրիշների հանդեպ ողորմած լինել։
«Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են»
19, 20. Ի՞նչ իմաստով է ողորմությունը ցնծում դատաստանի վրա։
19 Հակոբոս աշակերտը նշում է, թե ինչու մենք պետք է միշտ ողորմած լինենք ուրիշների հանդեպ։ Նա գրում է. «Ողորմությունը հաղթանակած ցնծում է դատաստանի վրա» (Հակոբոս 2։13բ)։ Այստեղ խոսքը այն ողորմության մասին է, որը Եհովայի երկրպագուն է ցուցաբերում ուրիշների հանդեպ։ Ողորմությունը հաղթանակած ցնծում է դատաստանի վրա այն իմաստով, որ երբ յուրաքանչյուրն «իր անձի համար հաշիվ տա Աստծուն», Եհովան հաշվի կառնի ողորմածաբար կատարած նրա գործերը և կների նրան՝ իր Որդու զոհաբերության հիման վրա (Հռոմեացիներ 14։12)։ Անկասկած, պատճառներից մեկը, թե ինչու Եհովան Դավթի հանդեպ ողորմություն ցուցաբերեց Բերսաբեի հետ գործած նրա մեղքի համար, այն էր, որ Դավիթն ինքը ողորմած մարդ էր (Ա Թագաւորաց 24։4–7)։ Իսկ «նա, ով ողորմություն չի անում, առանց ողորմության էլ դատաստան կստանա» (Հակոբոս 2։13ա)։ Զարմանալի չէ, որ «անողորմ» անհատները նրանց թվին են պատկանում, որոնց Աստված համարում է «մահվան արժանի» մարդիկ (Հռոմեացիներ 1։31, 32)։
20 Իր Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են, որովհետև նրանց հանդեպ ողորմածություն ցույց կտրվի» (Մատթեոս 5։7)։ Այս խոսքերը զորեղ կերպով ցույց են տալիս, որ Աստծու ողորմությունը փնտրողները իրենք էլ պետք է ողորմած լինեն։ Հաջորդ հոդվածում կքննարկվի, թե ինչպես կարող ենք ողորմություն ցուցաբերել մեր առօրյա կյանքում։
Ի՞նչ սովորեցիր
• Ի՞նչ է ողորմությունը։
• Ի՞նչ կերպերով է ողորմությունը դրսևորվում։
• Ինչո՞ւ կարելի է ասել, որ Եհովան և՛ ողորմած, և՛ արդար Աստված է։
• Ինչո՞ւ մենք պետք է ողորմած լինենք։
[նկար 21–րդ էջի վրա]
Եհովայի ջերմ զգացմունքները կարելի է համեմատել այն զգացմունքների հետ, որն ունի մայրը իր մանկիկի հանդեպ
[նկար 23–րդ էջի վրա]
Հիսուսի հրաշքներից ի՞նչ ենք սովորում ողորմության մասին
[նկար 24–րդ էջի վրա]
Արդյոք Եհովան խախտե՞ց արդարության իր չափանիշները՝ Դավթի հանդեպ ողորմություն ցուցաբերելով
[նկար 25–րդ էջի վրա]
Մեղավոր մարդկանց հանդեպ ցուցաբերված Աստծու ողորմությունը ներդաշնակ է իր արդարությանը