Քննենք «Աստծու խորունկ բաները»
«Ոգին քննում է բոլոր բաները, նույնիսկ Աստծու խորունկ բաները» (1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 2։10)։
1. Որո՞նք են սուրբգրային ճշմարտություններից մի քանիսը, որ ուրախություն են պատճառում Աստվածաշունչ ուսումնասիրողին։
ԵՐԵՎԻ թե բոլորս կհիշենք, թե ինչ ուրախություն զգացինք՝ լսելով ճշմարտությունը։ Մենք հասկացանք Եհովայի անվան կարևորությունը, իմացանք, թե ինչու է նա թույլատրում տառապանքը, ինչու են ոմանք երկնային կյանքի հույս փայփայում, և ինչ ապագա է սպասում հավատարիմ մարդկանց։ Նախքան ճշմարտությունն իմանալը գուցե ուսումնասիրել ենք Աստվածաշունչը, բայց այս բաները փակ են եղել մեզ համար, ինչպես որ փակ են մարդկանց մեծամասնության համար։ Մենք նման էինք մի մարդու, որը դիտում է ստորջրյա կորալային խութերը։ Անզեն աչքով նա տեսնում է ընդամենը մի քանի բաներ այն գեղեցկություններից, որ կան ջրի տակ։ Սակայն եթե նա ունենա ջրասուզակի ակնոց կամ ապակե հատակ ունեցող նավակ, ապա պարզապես կարող է ցնցվել՝ տեսնելով գունագեղ կորալներ, ձկներ, ծովային անեմոններ և այլ գեղեցիկ արարածներ։ Նույն ձևով էլ, երբ մեզ օգնեցին հասկանալու Գրությունները, մենք «Աստծու խորունկ բաների» վերաբերյալ ստացանք առաջին գիտելիքները (1 Կորնթացիներ 2։8–10)։
2. Ինչպե՞ս կարող ենք անվերջ ուրախություն ստանալ Աստծու Խոսքից։
2 Պե՞տք է արդյոք բավարարվենք աստվածաշնչյան ճշմարտությունների մակերեսային իմացությամբ։ «Աստծու խորունկ բաները» առնչություն ունեն Աստծու իմաստությունը հասկանալու հետ. այդ իմաստությունը սուրբ ոգու միջոցով մատչելի է քրիստոնյաներին, բայց մյուսների համար փակ է (1 Կորնթացիներ 2։7)։ Եհովայի իմաստությունն անսահման է, և այն քննելով՝ կարող ենք մեծ ուրախություն ստանալ։ Սակայն երբեք չենք կարողանա ամեն ինչ իմանալ Աստծու իմաստուն ճանապարհների մասին։ Այն ուրախությունը, որ ստացանք Աստվածաշնչի հիմնական ուսմունքները իմանալուց, կարող է մնալ մեզ հետ հավիտյան, եթե, իհարկե, շարունակենք խորամուխ լինել «Աստծու խորունկ բաների» մեջ։
3. Ինչո՞ւ կարիք ունենք խորապես հասկանալու մեր համոզմունքների պատճառները։
3 Իսկ ինչո՞ւ պետք է հասկանանք այդ «խորունկ բաները»։ Եթե հասկանանք ոչ միայն այն, թե ինչին ենք հավատում, այլև թե ինչու ենք հավատում, այսինքն՝ ինչ պատճառներ են ընկած մեր համոզմունքների հիմքում, ապա մեր հավատն ու համոզվածությունը կամրանան։ Գրությունները հորդորում են մեզ գործի դնել մեր «բանականությունը», որ «հավաստիանանք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմեացիներ 12։1, 2)։ Հասկանալով, թե ինչու է Եհովան պատվիրում մեզ ապրել որոշակի ձևով՝ մենք ավելի ենք լցվում նրան հնազանդվելու վճռականությամբ։ Ուստի «խորունկ բաների» մասին գիտելիքները կարող են մեզ ուժ տալ դիմադրելու անօրեն գործեր անելու գայթակղությանը և մղել մեզ, որ «բարի գործերի նախանձախնդիր» լինենք (Տիտոս 2։14)։
4. Ի՞նչ է նշանակում Աստվածաշունչ ուսումնասիրել։
4 Խորունկ բաները հասկանալու համար հարկավոր է դրանք ուսումնասիրել։ Ինչ–որ բան ընթերցելը դեռ ուսումնասիրություն չէ։ Ուսումնասիրել նշանակում է ուշադիր քննել տեղեկությունը՝ տեսնելու համար, թե ինչպես է այն համապատասխանում մեր իմացածին (2 Տիմոթեոս 1։13)։ Նաև նշանակում է հասկանալ, թե ինչ է ընկած տվյալ բանի հիմքում։ Աստվածաշունչը ուսումնասիրել նշանակում է խորհրդածել, թե ինչպես կարող ենք մեր իմացածն օգտագործել իմաստուն որոշումներ կայացնելու և ուրիշներին օգնելու համար։ Քանի որ «ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց և օգտակար է», մենք պետք է ուսումնասիրենք «Եհովայի բերանից դուրս եկած ամեն խոսք» և ոչ թե Աստվածաշնչի միայն առանձին մասեր (2 Տիմոթեոս 3։16, 17; Մատթեոս 4։4)։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը կարող է ջանքեր պահանջել, բայց կարող է նաև ուրախություն պատճառել։ «Աստծու խորունկ բաները» հասկանալը մեր ուժերից վեր չէ։
Եհովան խոնարհներին օգնում է հասկանալ
5. Ովքե՞ր կարող են հասկանալ «Աստծու խորունկ բաները»։
5 Նույնիսկ եթե դպրոցում լավ չես սովորել կամ սովոր չես ուսումնասիրություն կատարելու, դու չպետք է մտածես, թե «Աստծու խորունկ բաները» հասկանալը քո ուժերից վեր է։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, Եհովան իր նպատակի վերաբերյալ հասկացողություն տվեց ոչ թե իմաստուններին և գիտուններին, այլ անուսում և հասարակ մարդկանց, ովքեր բավականաչափ խոնարհ եղան և ընդունեցին Աստծու ծառայի տված ուսուցումը։ Կրթված մարդկանց համեմատությամբ՝ նրանք ընդամենը երեխաներ էին (Մատթեոս 11։25; Գործեր 4։13)։ Պողոսը այն բաների վերաբերյալ, որ «Աստված պատրաստեց իրեն սիրողների համար», իր հավատակիցներին գրեց. «Մեզ Աստված հայտնեց դրանք իր ոգու միջոցով, քանի որ ոգին քննում է բոլոր բաները, նույնիսկ Աստծու խորունկ բաները» (1 Կորնթացիներ 2։9, 10)։
6. Ո՞րն է 1 Կորնթացիներ 2։10–ի իմաստը։
6 Ինչպե՞ս է Աստծու ոգին քննում «բոլոր բաները, նույնիսկ Աստծու խորունկ բաները»։ Եհովան քրիստոնյաներին անհատապես հայտնություններ չի տալիս։ Փոխարենը՝ նա իր սուրբ ոգու միջոցով առաջնորդում է իր կազմակերպությանը, որը Աստծու միասնական ժողովրդին հասկացողություն է տալիս Սուրբ Գրություններից (Գործեր 20։28; Եփեսացիներ 4։3–6)։ Ամբողջ աշխարհում բոլոր ժողովները հետևում են Աստվածաշնչի ուսումնասիրության միևնույն ծրագրին։ Տարիների ընթացքում նրանք ուսումնասիրում են բազմաթիվ սուրբգրային ուսմունքներ։ Սուրբ ոգին ժողովի միջոցով օգնում է մարդկանց զարգացնել իրենց մեջ այն մտածելակերպը, որն անհրաժեշտ է «Աստծու խորունկ բաները» հասկանալու համար (Գործեր 5։32)։
Ի՞նչ է մտնում «Աստծու խորունկ բաների» մեջ
7. Ինչո՞ւ շատերը չեն հասկանում «Աստծու խորունկ բաները»։
7 Մենք չպիտի կարծենք, թե «խորունկ բաները» անպայման պետք է դժվարհասկանալի լինեն։ «Աստծու խորունկ բաների» մասին գիտելիքները փակ են մարդկանց մեծամասնության համար։ Սակայն պատճառն այն չէ, որ Աստծու իմաստությունը չափազանց դժվար է ըմբռնել, այլ որ խարդախ Սատանան մարդկանց մղում է մերժելու այն օգնությունը, որ Եհովան առաջարկում է իր կազմակերպության միջոցով (2 Կորնթացիներ 4։3, 4)։
8. Ո՞ր խորունկ բաների մասին է խոսում Պողոսը եփեսացիներին ուղղված նամակի երրորդ գլխում։
8 Եփեսացիներին ուղղված նամակի երրորդ գլուխը ցույց է տալիս, որ «Աստծու խորունկ բաների» մեջ շատ ճշմարտություններ են մտնում։ Եհովայի ժողովրդի մեծամասնությունը բավական լավ է հասկանում դրանք։ Օրինակ՝ նրանք գիտեն, թե ով է խոստացված Սերունդը, գիտեն, որ Աստծու ընտրությամբ որոշ անհատներ կգնան երկինք, և թե ինչ է Մեսիական Թագավորությունը։ Պողոսը գրեց. «Անցած սերունդներում այս գաղտնիքը չտեղեկացվեց մարդկանց որդիներին, ինչպես որ հիմա ոգու միջոցով այն բացահայտվեց նրա սուրբ առաքյալներին ու մարգարեներին, այսինքն՝ այն, որ ուրիշ ազգերի մարդիկ բարի լուրի միջոցով պետք է լինեն ժառանգակիցներ և նույն մարմնի անդամներ ու մեզ հետ միասին՝ խոստմանը բաժնեկիցներ Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ»։ Պողոսն ասաց, որ ինքը նշանակվել է «օգնելու մարդկանց տեսնելու, թե ինչպես է իրագործվում սրբազան գաղտնիքը, որ վաղուց ի վեր պահված էր Աստծու մեջ» (Եփեսացիներ 3։5–9)։
9. Ինչո՞ւ է մեզ համար առանձնաշնորհում հասկանալ «Աստծու խորունկ բաները»։
9 Պողոսը շարունակում է խոսել Աստծու կամքի մասին՝ ասելով, որ «Աստծու բազմապիսի իմաստությունը ժողովի միջոցով հայտնի է դառնում երկնային ոլորտում» (Եփեսացիներ 3։10)։ Հրեշտակները օգուտ են քաղում՝ տեսնելով ու հասկանալով այն իմաստությունը, որ Եհովան դրսևորում է քրիստոնեական ժողովի հետ վարվելիս։ Ի՜նչ առանձնաշնորհում է մեզ համար հասկանալ այն բաները, որոնք հետաքրքրում են անգամ հրեշտակներին (1 Պետրոս 1։10–12)։ Այնուհետև Պողոսն ասում է, որ մենք պետք է ձգտենք «բոլոր սրբերի հետ միասին լիովին ըմբռնել, թե որն է [քրիստոնեական հավատի] լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը» (Եփեսացիներ 3։11, 18)։ Այժմ քննենք խորունկ բաների մի քանի օրինակներ, որոնք կարող են ընդլայնել մեր հասկացողությունը։
Խորունկ բաների օրինակներ
10, 11. Ըստ Գրությունների՝ ե՞րբ Հիսուսը դարձավ «կնոջ» «սերնդի» գլխավոր մասը։
10 Մենք գիտենք, որ Հիսուսը Ծննդոց 3։15–ում հիշատակված «կնոջ»՝ Աստծու կազմակերպության երկնային մասի «սերնդի» գլխավոր մասն է։ Որպեսզի ընդլայնենք մեր հասկացողությունը, կարող ենք հարցնել. «Հիսուսը ե՞րբ դարձավ խոստացված Սերունդը։ Իր մինչմարդկային գոյության ընթացքո՞ւմ։ Այն ժամանակ, երբ ծնվեց որպես մա՞րդ։ Երբ մկրտվե՞ց։ Թե՞ երբ հարություն առավ»։
11 Աստված խոստացել էր, որ իր կազմակերպության երկնային մասը, որը մարգարեության մեջ հանդես է գալիս որպես «կին», առաջ էր բերելու մի սերունդ, որը ջախջախելու էր օձի գլուխը։ Անցան հազարավոր տարիներ, բայց Աստծու «կինը» ոչ մի սերունդ առաջ չբերեց, որը պիտի վերացներ Սատանային և նրա գործերը։ Դա է պատճառը, որ Եսայիան իր մարգարեության մեջ նրան անվանում է «ամուլ» և «հոգով վշտացած» (Եսայիա 54։1, 5, 6)։ Ի վերջո, Բեթլեհեմում ծնվեց Հիսուսը։ Բայց միայն նրա մկրտությունից հետո, երբ նա ծնվեց սուրբ ոգուց և դարձավ Աստծու ոգեղեն որդի, Եհովան հայտարարեց. «Սա՛ է իմ սիրելի Որդին» (Մատթեոս 3։17; Հովհաննես 3։3)։ Կնոջ «սերնդի» գլխավոր մասը վերջապես ներկայացրեց իրեն։ Հետագայում Հիսուսի հետևորդները նույնպես օծվեցին սուրբ ոգով և ծնվեցին սուրբ ոգուց։ Եհովայի «կինը», որն այդքան երկար ժամանակ «չէր ծնում», վերջապես «ցնծալու» առիթ ունեցավ (Եսայիա 54։1; Գաղատացիներ 3։29)։
12, 13. Ո՞ր համարներն են ցույց տալիս, որ երկրի վրա ապրող բոլոր օծյալ քրիստոնյաները հանդիսանում են «հավատարիմ և իմաստուն ծառա»։
12 Քննենք խորունկ բաների երկրորդ օրինակը. Աստված մարդկանց միջից ընտրում է 144 000 հոգու (Հայտնություն 14։1, 4)։ Մենք ընդունում ենք այն ուսմունքը, որ երկրի վրա ապրող բոլոր օծյալները ժամանակի տվյալ պահին հանդիսանում են «հավատարիմ և իմաստուն ծառա» դասակարգ, որը, ինչպես ասաց Հիսուսը, ճիշտ ժամանակին «կերակուր» էր տալու իր տնեցիներին (Մատթեոս 24։45)։ Աստվածաշնչային ո՞ր համարներն են ապացուցում, որ այդ հասկացողությունը ճիշտ է։ Արդյո՞ք Հիսուսի խոսքերը վերաբերում են ցանկացած քրիստոնյայի, ով կերտում է իր եղբայրներին հոգևոր կերակրով։
13 Աստված Իսրայել ազգին ասաց. «Դուք էք իմ վկաները.... եւ իմ ծառան, որին ես ընտրել եմ» (Եսայիա 43։10)։ Սակայն մ.թ. 33–ի նիսանի 11–ին Հիսուսը Իսրայելի առաջնորդներին հայտնեց, որ Աստված մերժել է նրանց, և Իսրայելն այլևս նրա ծառան չի լինելու։ Հիսուսն ասաց. «Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որը նրա պտուղները կբերի»։ Իսկ բազմություններին նա ասաց. «Ահա ձեր տունը լքված է թողնվում ձեզ» (Մատթեոս 21։43; 23։38)։ Իսրայելի տունը, թեև Աստծու ծառան էր, ո՛չ հավատարիմ եղավ, ո՛չ էլ իմաստուն (Եսայիա 29։13, 14)։ Նույն օրը ավելի ուշ Հիսուսը հարցրեց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն ծառան»։ Նա, փաստորեն, հարցնում էր. «Ո՞ր իմաստուն ազգն է փոխարինելու Իսրայելին՝ դառնալով Աստծու հավատարիմ ծառան»։ Պետրոս առաքյալը պատասխանեց այս հարցին, երբ ոգով օծված քրիստոնյաների ժողովին գրեց. «Դուք սուրբ ազգ եք, մի ժողովուրդ՝ հատուկ սեփականություն լինելու» (1 Պետրոս 1։4; 2։9)։ Այդ հոգևոր ազգը՝ «Աստծու Իսրայելը», դարձավ Եհովայի նոր ծառան (Գաղատացիներ 6։16)։ Ճիշտ ինչպես որ հին Իսրայելի բոլոր անդամները միասին մեկ «ծառա» էին, այնպես էլ երկրի վրա ապրող բոլոր օծյալ քրիստոնյաները միասին հանդիսանում են մեկ «հավատարիմ և իմաստուն ծառա»։ Ի՜նչ առանձնաշնորհում է մեզ համար «կերակուր» ստանալ Աստծու ծառայի միջոցով։
Անձնական ուսումնասիրությունը կարող է հաճելի լինել
14. Ինչո՞ւ Աստվածաշնչի ուսումնասիրությունը կարող է ավելի շա՛տ ուրախություն պատճառել, քան զուտ ընթերցանությունը։
14 Մի՞թե չենք ուրախանում, երբ մեր հավատը զորանում է Աստվածաշնչից ստացած նոր հասկացողության շնորհիվ։ Այո, Աստվածաշնչի ուսումնասիրությունը կարող է ավելի շա՛տ ուրախություն պատճառել, քան զուտ ընթերցանությունը։ Հետևաբար, երբ կարդում ես քրիստոնեական հրատարակությունները, հարցրու ինքդ քեզ. «Ինչպե՞ս է տվյալ բացատրությունը կապվում այս հարցի վերաբերյալ իմ արդեն ունեցած հասկացողության հետ։ Ի՞նչ ուրիշ սուրբգրային համարներ կամ փաստարկներ կարող եմ հիշել, որոնք թիկունք են կանգնում այս հոդվածում բերված եզրակացություններին»։ Եթե կարիք կա լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու, գրի առ քեզ հուզող հարցը և հաջորդ անգամ դա հետազոտիր։
15. Ո՞ր թեմաների ուսումնասիրությունը կարող է ուրախություն պարգևել, և դրանք ինչպե՞ս կարող են երկար ժամանակ օգտակար լինել։
15 Ի՞նչ թեմաներ կարող ես ուսումնասիրել, որոնք քեզ նոր հասկացողություն կտան և մեծ ուրախություն կպարգևեն։ Մանրամասնորեն քննելով այն ուխտերը, որ Աստված կապել է մարդկության օգտի համար՝ դու բազմաթիվ նոր բաներ կսովորես։ Քո հավատը կզորանա, եթե ուսումնասիրես Հիսուս Քրիստոսի վերաբերյալ մարգարեությունները կամ համար առ համար քննես Աստվածաշնչի մարգարեական գրքերից որևէ մեկը։ Եթե քեզ հասկանալի լեզվով մատչելի է «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գիրքը, որտեղ ներկայացված է Եհովայի վկաների ժամանակակից պատմությունը, ապա այդ գրքի շնորհիվ ևս քո հավատը կարող է կերտվել։a Իսկ «Դիտարանի» հին համարներում տպագրված «Ընթերցողների հարցերը», անշուշտ, կօգնեն քեզ ավելի հստակ հասկանալ սուրբգրային որոշ համարներ։ Հատուկ ուշադրություն դարձրու, թե Սուրբ Գրությունների հիման վրա ինչպես են համապատասխան եզրակացություններ արվում։ Սա կօգնի քեզ մարզել քո «ըմբռնողականությունը» և զարգացնել խորաթափանցություն (Եբրայեցիներ 5։14)։ Ուսումնասիրելու ընթացքում գրառումներ կատարիր քո անձնական Աստվածաշնչում կամ թղթի վրա։ Դա կնպաստի, որ քո ուսումնասիրած նյութը երկար ժամանակ օգտակար լինի ինչպես քեզ, այնպես էլ նրանց, ում օգնում ես։
Օգնիր երեխաներին, որ հաճույք ստանան Աստվածաշնչի ուսումնասիրությունից
16. Ինչպե՞ս կարող ես օգնել երեխաներին, որ հաճույք ստանան Աստվածաշնչի ուսումնասիրությունից։
16 Ծնողները կարող են շատ բան անել, որ երեխաները հոգևոր ախորժակ զարգացնեն իրենց մեջ։ Մի թերագնահատիր երեխաների՝ խորունկ բաներ ըմբռնելու կարողությունը։ Եթե երեխային հանձնարարես հետազոտել այն հարցը, որ պիտի քննարկվի ընտանեկան ուսումնասիրության ժամանակ, ապա այնուհետև կկարողանաս հարցնել նրան, թե ինչ է սովորել։ Ընտանեկան ուսումնասիրության ժամանակ կարելի է երեխաներին գործնականորեն ցույց տալ, թե նրանք ինչպես կարող են պաշտպանել իրենց հավատը և ապացուցել, որ իրենց սովորած բաները ճիշտ են։ Իսկ Աստվածաշնչի աշխարհագրություն սովորեցնելու համար կարող ես օգտվել «Տեսեք «բարի երկիրը»»b գրքույկից։ Այս գրքույկը օգտակար կարող է լինել նաև Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության ժամանակ։
17. Ինչո՞ւ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության հարցում պետք է հավասարակշռված լինենք։
17 Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը կարող է լինել հետաքրքիր և հավատ կերտող, բայց զգույշ եղիր, որ դրա պատճառով այնպես չստացվի, որ անպատրաստ գնաս ժողովի հանդիպումներին։ Հանդիպումները ևս մեկ միջոց են, որոնցով Եհովան կրթում է մեզ՝ օգտագործելով «հավատարիմ և իմաստուն ծառային»։ Եթե լրացուցիչ հետազոտություն կատարես, ապա դրա շնորհիվ իմաստալից մեկնաբանություններ կկարողանաս տալ, օրինակ, ժողովի Գրքի ուսումնասիրության կամ Աստվածապետական ծառայության դպրոցի Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության ուշագրավ մտքերի քննարկման ժամանակ։
18. Ինչո՞ւ արժե ջանքեր գործադրել «Աստծու խորունկ բաներն» ուսումնասիրելու համար։
18 Աստվածաշնչի խոր անձնական ուսումնասիրությունը կարող է օգնել քեզ մոտենալ Եհովային։ Նման ուսումնասիրության դերն ընդգծելով՝ Աստծու Խոսքն ասում է. «Իմաստութեան հովանաւորութիւնը արծաթին հովանաւորութեան պէս է։ Բայց գիտութեան օգուտն այս է, որ իմաստութիւնը զինք ստացողները կ’ապրեցնէ» (Ժողովող 7։12, ԱԱ)։ Ուստի արժե, որ ջանքեր գործադրես հոգևոր բաների վերաբերյալ քո հասկացողությունը խորացնելու համար։ Աստվածաշունչը նման մարդկանց ասում է. «Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես» (Առակաց 2։4, 5)։
[ծանոթագրություններ]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
Կարո՞ղ եք բացատրել
• Որո՞նք են «Աստծու խորունկ բաները»։
• Ինչո՞ւ պետք է միշտ ուսումնասիրենք խորունկ բաները։
• Ինչո՞ւ բոլո՛ր քրիստոնյաները կարող են ուրախություն ստանալ «Աստծու խորունկ բաները» հասկանալուց։
• Ինչպե՞ս կարող ես առավելագույն օգուտները ստանալ «Աստծու խորունկ բաներն» ուսումնասիրելուց։
[նկար 28–րդ էջի վրա]
Ե՞րբ Հիսուսը դարձավ խոստացված Սերունդը
[նկար 31–րդ էջի վրա]
Ծնողները կարող են երեխային հանձնարարել հետազոտել այն հարցը, որը պիտի քննարկվի ընտանեկան ուսումնասիրության ժամանակ