Ընդօրինակիր Մեծ Ուսուցչին
«Ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք լսում» (ՂՈՒԿԱՍ 8։18)։
1, 2. Ինչո՞ւ պետք է քեզ հետաքրքրի, թե ինչպես է Հիսուսը վարվել մարդկանց հետ ծառայության ընթացքում։
ՄԵԾ ՈՒՍՈՒՑԻՉԸ՝ Հիսուս Քրիստոսը, իր հետևորդներին ասաց. «Ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք լսում» (Ղուկաս 8։16–18)։ Այս սկզբունքը կիրառելի է քո քրիստոնեական ծառայության մեջ։ Եթե ուշադրություն դարձնես տրվող հոգևոր առաջնորդությանը, ապա կկարողանաս գործել դրա համաձայն և լինել Թագավորության արդյունավետ քարոզիչ։ Ինչ խոսք, այսօր դու չես կարող լսել Հիսուսի ձայնը, բայց կարող ես Աստվածաշնչում կարդալ նրա խոսքերի ու գործերի մասին։ Ի՞նչ է Աստծու Խոսքը հայտնում այն մասին, թե ինչպես է Հիսուսը վարվել մարդկանց հետ իր ծառայության ընթացքում։
2 Հիսուսը բարի լուրի գերազանց քարոզիչ և Սուրբ Գրությունների հմուտ ուսուցիչ էր (Ղուկաս 8։1; Հովհաննես 8։28)։ Աշակերտներ պատրաստելու գործի մեջ մտնում է թե՛ քարոզելը և թե՛ ուսուցանելը։ Բայցևայնպես, որոշ քրիստոնյաներ, ովքեր արդյունավետորեն քարոզում են, դժվարանում են նույն ձևով էլ ուսուցանել։ Քարոզելիս դու պատգամ ես հաղորդում, բայց ուսուցանելու համար սովորաբար ավելին է անհրաժեշտ. հարկավոր է անհատի հետ փոխհարաբերություններ հաստատել (Մատթեոս 28։19, 20)։ Դու կկարողանաս աշակերտ պատրաստել, եթե ընդօրինակես Հիսուս Քրիստոսին՝ Մեծ Ուսուցչին (Հովհաննես 13։13)։
3. Աշակերտ պատրաստելու գործում Հիսուսին ընդօրինակելու արդյունքը ի՞նչ կլինի։
3 Եթե Հիսուսի մեթոդներով ես սովորեցնում, ուրեմն հետևում ես Պողոս առաքյալի հորդորին. «Շարունակե՛ք իմաստությամբ վարվել դրսինների հետ՝ ձեզ համար գնելով հարմար ժամանակը։ Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպես պետք է պատասխան տաք յուրաքանչյուր մարդու» (Կողոսացիներ 4։5, 6)։ Ճիշտ է, աշակերտ պատրաստելու գործում Հիսուսին ընդօրինակելու համար ջանքեր են պահանջվում, բայց արդյունքը կլինի այն, որ հմուտ ուսուցիչ կդառնաս. դու կկարողանաս «պատասխան տալ յուրաքանչյուր մարդու»՝ ելնելով նրա կարիքներից։
Հիսուսը մարդկանց խրախուսում էր արտահայտվելու
4. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Հիսուսը ուշադիր լսող էր։
4 Դեռ մանուկ հասակից Հիսուսը սովորություն ուներ լսելու ուրիշներին և խրախուսելու նրանց, որ արտահայտեն իրենց տեսակետը։ Օրինակ՝ երբ նա 12 տարեկան էր, ծնողները նրան գտան տաճարում՝ ուսուցիչների մեջ նստած. նա «լսում ու հարցեր էր տալիս նրանց» (Ղուկաս 2։46)։ Հիսուսը չէր գնացել տաճար՝ իր գիտելիքներով ուսուցիչներին տպավորելու և նրանց անհարմար դրության մեջ դնելու։ Նա գնացել էր լսելու համար, թեպետ նաև հարցեր տվեց։ Հիսուսը ուշադիր լսող էր, և հնարավոր է՝ այդ հատկությամբ նա շահեց Աստծու և մարդկանց հաճությունը (Ղուկաս 2։52)։
5, 6. Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսը լսում էր նրանց կարծիքը, ում սովորեցնում էր։
5 Իր մկրտությունից և որպես Մեսիա օծվելուց հետո էլ Հիսուսը ուշադրությամբ լսում էր մարդկանց։ Նա այնքան չէր կլանվում իր ասելիքով, որ մոռանար իրեն լսելու եկած մարդկանց մասին։ Հաճախ դադար էր տալիս, հարցնում էր ունկնդիրների կարծիքը և ուշադիր լսում պատասխանը (Մատթեոս 16։13–15)։ Օրինակ՝ Ղազարոսի մահից հետո Հիսուսը նրա քրոջը՝ Մարթային, ասաց. «Ամեն ոք, ով կենդանի է և հավատ է դրսևորում իմ հանդեպ, երբեք չի մահանա»։ Հետո հարցրեց. «Հավատո՞ւմ ես դրան»։ Անշուշտ, Հիսուսը լսեց Մարթայի պատասխանը. «Այո՛, Տե՛ր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին» (Հովհաննես 11։26, 27)։ Ըստ ամենայնի, որքա՜ն հաճելի էր լսել, որ Մարթան այդպես արտահայտեց իր հավատը։
6 Երբ Հիսուսի աշակերտներից շատերը լքեցին նրան, նա ցանկացավ իմանալ առաքյալների կարծիքը այդ մասին։ Ուստի հարցրեց. «Մի՞թե դուք էլ եք ուզում գնալ»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ Դո՛ւ ունես հավիտենական կյանքի խոսքերը, և մենք հավատացինք ու իմացանք, որ դո՛ւ ես Աստծու Սուրբը» (Հովհաննես 6։66–69)։ Որքա՜ն հաճելի էին այս խոսքերը Հիսուսին։ Անշուշտ, քեզ ևս հաճելի կլինի լսել, թե ինչպես է Աստվածաշունչ ուսումնասիրողն իր հավատն արտահայտում նման խոսքերով։
Հիսուսը լսում էր հարգալից ձևով
7. Ինչո՞ւ շատ սամարացիներ հավատ ընծայեցին Հիսուսին։
7 Մեկ այլ պատճառ, թե ինչու էր Հիսուսը արդյունավետ ուսուցիչ, այն էր, որ նա հոգատար էր մարդկանց նկատմամբ և հարգալից կերպով էր լսում նրանց։ Օրինակ՝ մի անգամ Հիսուսը Սյուքարում՝ Հակոբի աղբյուրի մոտ, վկայություն տվեց մի սամարացի կնոջ։ Հիսուսն անընդմեջ չէր խոսում. նա նաև լսում էր։ Լսելով սամարուհուն՝ Հիսուսը նկատեց, որ նա հետաքրքրված է Աստծու երկրպագությամբ։ Հիսուսը կնոջն ասաց, որ Աստված փնտրում է նրանց, ովքեր կերկրպագեն իրեն ոգով և ճշմարտությամբ։ Աստծու Որդին հարգանք և ուշադրություն ցույց տվեց այդ կնոջ հանդեպ։ Վերջինս էլ գնաց և ուրիշներին պատմեց նրա մասին, և «այդ քաղաքի սամարացիներից շատերը հավատ ցուցաբերեցին նրա հանդեպ այն կնոջ խոսքերի պատճառով» (Հովհաննես 4։5–29, 39–42)։
8. Քանի որ մարդիկ սիրում են արտահայտել իրենց տեսակետը, ինչպե՞ս կարող ես օգտվել դրանից՝ զրույց սկսելու համար։
8 Մարդիկ սովորաբար սիրում են արտահայտել իրենց տեսակետը։ Օրինակ՝ հին Աթենքի բնակիչները հաճույքով էին կարծիք հայտնում և լսում նոր մտքեր։ Այս հանգամանքի շնորհիվ Պողոսի ելույթը Արեոպագոսում արդյունավետ եղավ (Գործեր 17։18–34)։ Որպեսզի ծառայության ժամանակ զրույց սկսես բնակչի հետ, կարող ես ասել. «Ես այցելել եմ ձեզ, որովհետև ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը [այսինչ հարցի] վերաբերյալ»։ Լսիր նրան, այնուհետև արձագանքիր նրա ասածին։ Կարող ես հարց տալ նրա տեսակետի վերաբերյալ։ Հետո բարյացակամորեն ցույց տուր, թե ինչ է ասում Աստվածաշունչը։
Հիսուսը գիտեր՝ ինչ ասել
9. Ի՞նչ արեց Հիսուսը, նախքան մանրամասնորեն կբացատրեր Գրությունները Կղեոպասին և նրա ընկերոջը։
9 Երբեք չէր եղել, որ Հիսուսը չկարողանար բառեր գտնել իր մտքերն արտահայտելու համար։ Ի լրումն այն բանի, որ ուշադիր լսող էր՝ նա հաճախ տեղյակ էր, թե ինչ են մարդիկ մտածում, ուստի հստակ գիտեր, թե ինչից խոսել (Մատթեոս 9։4; 12։22–30; Ղուկաս 9։46, 47)։ Ցույց տանք օրինակով։ Հիսուսի հարությունից շատ չանցած նրա աշակերտներից երկուսը Երուսաղեմից Էմմաուս էին գնում։ Ավետարանում կարդում ենք. «Մինչ նրանք զրուցում ու քննարկում էին, ինքը Հիսուսը մոտեցավ և սկսեց քայլել նրանց հետ, բայց նրանց աչքերը բռնված էին, որ չճանաչեն նրան։ Նա ասաց. «Այդ ի՞նչ բաների մասին եք քայլելիս իրար մեջ քննարկում»։ Նրանք էլ տխուր դեմքերով կանգ առան։ Նրանցից մեկը, որի անունը Կղեոպաս էր, ասաց նրան. «Մի՞թե դու, պանդուխտի նման, մեկուսացած ապրում ես Երուսաղեմում, որ չգիտես այն բաները, որ այս օրերին կատարվեցին նրանում»։ Նա ասաց նրանց. «Ի՞նչ բաներ»»։ Մեծ Ուսուցիչը լսում էր, երբ նրանք բացատրում էին, որ Հիսուս նազովրեցին ուսուցանել է ժողովրդին, հրաշքներ է արել և մահապատժի ենթարկվել։ Իսկ հիմա ոմանք ասում էին, որ նա հարություն է առել մահացածների միջից։ Հիսուսը հնարավորություն տվեց Կղեոպասին և նրա ընկերոջը արտահայտվելու։ Այնուհետև նա Գրություններից մանրամասնորեն բացատրեց այն ամենը, ինչի կարիքը որ նրանք ունեին (Ղուկաս 24։13–27, 32)։
10. Ինչպե՞ս կարող ես իմանալ անհատի տեսակետը որևէ կրոնական հարցի վերաբերյալ։
10 Հնարավոր է՝ դու գաղափար անգամ չունես, թե ինչ տեսակետ ունի տվյալ բնակիչը ինչ–որ կրոնական հարցի վերաբերյալ։ Ուստի նրա կարծիքն իմանալու համար կարող ես ասել. «Ինձ շատ հետաքրքիր է, թե մարդիկ ինչ են մտածում աղոթքի մասին»։ Հետո կարող ես հարցնել. «Կա՞ մեկը, որ լսում է մեր աղոթքները»։ Պատասխանը կարող է շատ բան բացահայտել անհատի տեսակետի ու նրա դավանած կրոնի մասին։ Եթե նա հակված է խոսելու կրոնի վերաբերյալ, ապա թերևս կարողանաս ավելին իմանալ՝ հարցնելով. «Ըստ ձեզ՝ Աստված բոլո՞ր աղոթքներն է լսում, թե՞ կան աղոթքներ, որոնք չի լսում»։ Նման հարցերի շնորհիվ ձեր զրույցը գուցե ընթանա հանգիստ պայմաններում։ Երբ հարմար լինի Աստվածաշնչից որևէ համար կարդալու, ապա, անշուշտ, կցանկանաս դա անել նրբանկատորեն և ոչ թե այնպես, կարծես գրոհում ես անհատի համոզմունքների վրա։ Եթե նա հաճույքով է լսում, գուցե քեզ խնդրի կրկին այցելել իրեն։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե այնպիսի հարց է տալիս, որին չես կարողանում պատասխանել։ Փնտրտուքներ կատարիր, այնուհետև վերադարձիր՝ «բացատրություն տալու քո մեջ եղած հույսի համար՝ դա անելով մեղմությամբ և խորը հարգանքով» (1 Պետրոս 3։15)։
Հիսուսը սովորեցրեց արժանիներին
11. Ինչպե՞ս կարող ես գտնել նրանց, ովքեր արժանի են ուսուցանվելու։
11 Կատարյալ մարդ Հիսուսը իր խորաթափանցությամբ կարողանում էր որոշել, թե ովքեր են արժանի իր կողմից ուսուցանվելու։ Բայց մեզ համար դժվար է գտնել «հավիտենական կյանքի հանդեպ ճիշտ տրամադրված» մարդկանց (Գործեր 13։48)։ Դժվար էր նաև առաքյալների համար, ում Հիսուսն ասաց. «Որ քաղաքը կամ գյուղը որ մտնեք, փնտրեք, թե ով է այնտեղ արժանի» (Մատթեոս 10։11)։ Հիսուսի առաքյալների պես՝ դու պետք է փնտրես այն մարդկանց, ովքեր ուզում են լսել և սովորել Աստվածաշնչի ճշմարտությունը։ Որպեսզի գտնես արժանիներին, պետք է ուշադրությամբ լսես յուրաքանչյուր անհատի՝ փորձելով նկատել նրա տրամադրվածությունը։
12. Ինչպե՞ս կարող ես շարունակել օգնություն ցույց տալ հետաքրքրված անհատին։
12 Հեռանալով անհատից, ով որոշ չափով հետաքրքրվել է Թագավորության պատգամով՝ շարունակիր մտածել նրա հոգևոր կարիքների մասին։ Եթե ձեր զրույցից հետո գրի առնես, թե ինչ ես իմացել նրա մասին, ապա կկարողանաս շարունակել հոգևոր օգնություն ցույց տալ նրան։ Վերայցելությունների ժամանակ պետք է ուշադիր լսես, եթե ուզում ես ավելի շատ բան իմանալ նրա համոզմունքների, դիրքորոշման և հանգամանքների մասին։
13. Ինչպե՞ս կարող ես իմանալ մարդկանց կարծիքը Աստվածաշնչի մասին։
13 Իսկ ինչպե՞ս կարող ես խրախուսել մարդկանց, որ արտահայտվեն Աստծու Խոսքի մասին։ Որոշ վայրերում արդյունավետ է հետևյալ հարցը. «Ըստ ձեզ՝ Աստվածաշունչը դժվա՞ր է հասկանալ»։ Այս հարցի պատասխանը հաճախ երևան է հանում անհատի վերաբերմունքը հոգևորի նկատմամբ։ Մյուս ձևը սուրբգրային համար կարդալն է և այնուհետև հարցնելը. «Ո՞րն է ձեր կարծիքը այս խոսքերի վերաբերյալ»։ Ծառայության մեջ շատ հաջողությունների կհասնես, եթե Հիսուսի պես տեղին հարցեր տաս։ Սակայն ավելորդ չի լինի զգուշություն ցուցաբերել։
Հիսուսը արդյունավետ հարցեր էր տալիս
14. Առանց հարցաքննելու՝ ինչպե՞ս կարող ես հետաքրքրվել մարդկանց տեսակետով։
14 Հետաքրքրվիր մարդկանց տեսակետով, բայց նրանց անհարմար դրության մեջ մի դիր։ Վարվիր Հիսուսի պես։ Նա չէր հարցաքննում մարդկանց. նրա հարցերը մղում էին մտածելու։ Հիսուսը բարեսրտորեն լսում էր դիմացինին։ Մարդիկ թարմություն էին ստանում նրանից և անկաշկանդ էին նրա կողքին (Մատթեոս 11։28)։ Ամեն տեսակի մարդ ազատորեն պատմում էր նրան իր մտահոգությունները (Մարկոս 1։40; 5։35, 36; 10։13, 17, 46, 47)։ Եթե ուզում ես, որ մարդիկ իրենց ազատ զգան և ասեն, թե ինչ են մտածում Աստվածաշնչի և նրա ուսմունքների մասին, չպետք է հարցաքննես նրանց։
15, 16. Ինչպե՞ս կարող ես մարդկանց մղել զրուցելու կրոնական հարցերի շուրջ։
15 Բացի արդյունավետ հարցերից, կարող ես զրույց բացել նաև մի հետաքրքիր բան ասելով։ Հետո լսիր պատասխանը։ Օրինակ՝ Հիսուսը Նիկոդեմոսին ասաց. «Մինչև որ մարդ դարձյալ չծնվի, չի կարող տեսնել Աստծու թագավորությունը» (Հովհաննես 3։3)։ Այս խոսքերը Նիկոդեմոսի հետաքրքրությունն այնպես շարժեցին, որ նա հարց տվեց Հիսուսին այդ մասին և հետո մեծ հետաքրքրությամբ լսեց նրան (Հովհաննես 3։4–20)։ Հնարավոր է՝ այս կերպ դու կարողանաս մարդու հետ զրույց սկսել։
16 Այսօր աշխարհի ամենատարբեր վայրերում, օրինակ՝ Աֆրիկայում, Արևելյան Եվրոպայում և Լատինական Ամերիկայում, շատ են խոսում նորահայտ կրոնների մասին։ Նման տարածքներում հաճախ զրույցը կարելի է սկսել այսպես. «Ես անհանգստանում եմ, որ մեր օրերում այսքան շատ կրոններ կան։ Բայց հույս ունեմ, որ շուտով բոլոր ազգերը միավորված կլինեն ճշմարիտ երկրպագության ներքո։ Կուզենայի՞ք, որ այդպես լիներ»։ Քո հույսի մասին մի զարմանալի միտք հայտնելով՝ գուցե կարողանաս մղել անհատին արտահայտելու իր տեսակետը։ Նկատի ունեցիր, որ հարցին ավելի հեշտ է պատասխանել, եթե կան երկու հնարավոր պատասխաններ (Մատթեոս 17։25)։ Այն բանից հետո, երբ բնակիչը պատասխանում է քո հարցին, դու ինքդ պատասխանիր քո հարցին սուրբգրային մեկ կամ երկու համարով (Եսայիա 11։9; Սոփոնիա 3։9)։ Ուշադիր լսելով նրան և գրի առնելով նրա արձագանքը՝ կկարողանաս կողմնորոշվել, թե հաջորդ անգամ ինչի մասին խոսես։
Հիսուսը լսում էր երեխաներին
17. Ինչի՞ց է երևում, որ Հիսուսին հետաքրքրում էին երեխաները։
17 Հիսուսին հետաքրքրում էին ոչ միայն մեծերը, այլև երեխաները։ Նա գիտեր, թե ինչ խաղեր են խաղում նրանք և թե ինչի մասին են խոսում։ Երբեմն նա փոքրիկներին կանչում էր իր մոտ (Ղուկաս 7։31, 32; 18։15–17)։ Հիսուսին լսող բազմությունների մեջ շատ երեխաներ կային։ Երբ փոքր տղաները բարձրաձայն փառաբանեցին Մեսիային, Հիսուսը դա նկատեց և ասաց, որ Գրություններում այդ մասին կանխագուշակված է եղել (Մատթեոս 14։21; 15։38; 21։15, 16)։ Այսօր բազմաթիվ երեխաներ դառնում են Հիսուսի աշակերտներ։ Ուստի ինչպե՞ս կարող ես օգնել փոքրերին, որ ճշմարտության ուղին բռնեն։
18, 19. Ինչպե՞ս կարող ես հոգևոր առումով օգնել երեխայիդ։
18 Եթե ուզում ես երեխայիդ հոգևոր առումով օգնել, պետք է ուշադրությամբ լսես նրան։ Դու պետք է հասկանաս, թե նրա ո՛ր գաղափարը ներդաշնակ չի Եհովայի մտածելակերպին։ Ինչ էլ ասի երեխան, ճիշտ կլինի սկզբում դրականորեն արձագանքել։ Այնուհետև կարող ես համապատասխան սուրբգրային համարների միջոցով օգնել երեխայիդ հասկանալու Եհովայի տեսակետը։
19 Ինչ խոսք, հարցեր տալը կարևոր է երեխայի տեսակետն իմանալու համար։ Բայց երեխաներին, ինչպես որ չափահաս մարդկանց, դուր չի գալիս, երբ իրենց հարցաքննում են։ Երեխայիդ դժվար հարցերով ծանրաբեռնելու փոխարեն՝ լավ կլինի՝ հակիրճ ինչ–որ բան ասես քո մասին։ Կախված այն բանից, թե ինչ թեմայով եք խոսում՝ կարող ես ասել, թե դու ինչպես ես քեզ զգացել և ինչու։ Հետո կարելի է հարցնել. «Դու է՞լ ես այդպես զգում»։ Հնարավոր է՝ երեխադ այնպես արձագանքի, որ դուք Գրությունների հիման վրա օգտակար և քաջալերական զրույց ունենաք։
Շարունակիր ընդօրինակել Մեծ Ուսուցչին
20, 21. Աշակերտ պատրաստելու գործում ուշադիր լսելն ինչո՞ւ է կարևոր։
20 Անկախ այն բանից՝ թե ում հետ ես խոսում՝ երեխայիդ, թե մեկ ուրիշ անձնավորության՝ կարևորը նրան ուշադրությամբ լսելն է։ Դա սիրո արտահայտում է։ Խոսողին լսելը խոնարհության, հարգանքի և սիրառատ հոգատարության դրսևորում է։ Ինչ խոսք, որպեսզի լսես անհատին, պետք է ուշադրություն դարձնես նրա խոսքերին։
21 Քրիստոնեական ծառայության ժամանակ մարդկանց միշտ ուշադիր լսիր։ Եթե այդպես անես, կկարողանաս որոշել, թե աստվածաշնչյան ճշմարտություններից հատկապես որը կարող է օգտակար լինել նրանց համար։ Հետո ձգտիր օգնել՝ կիրառելով Հիսուսի ուսուցողական մեթոդները։ Եթե այդպես վարվես, ապա մեծ ուրախություն և բավարարվածություն կստանաս, որովհետև ընդօրինակում ես Մեծ Ուսուցչին։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս էր Հիսուսը խրախուսում մարդկանց արտահայտելու իրենց կարծիքը։
• Ինչո՞ւ էր Հիսուսը լսում նրանց, ում քարոզում էր։
• Ինչպե՞ս կարող ես հարցեր տալ ծառայության ժամանակ։
• Ի՞նչ կարող ես անել երեխաներին հոգևորապես օգնելու համար։
[նկար 28–րդ էջի վրա]
Քարոզելիս նաև լսիր
[նկար 30–րդ էջի վրա]
Մենք ընդօրինակում ենք Հիսուսին, երբ օգնում ենք երեխաներին, որ հոգևոր նպատակներ դնեն