Ինչո՞վ կարող եմ հատուցել Եհովային
ՊԱՏՄՈՒՄ է ՌՈՒԹ ԴԱՆԵՐԸ
Մայրս միշտ կատակով ասում էր, որ 1933 թվականը աղետների տարի է եղել. իշխանության եկավ Հիտլերը, Հռոմի պապը այդ տարին հռչակեց սուրբ տարի, ծնվեցի ես։
ԾՆՈՂՆԵՐՍ ապրում էին Լոթարինգիայի Յուց քաղաքում։ Լոթարինգիան Ֆրանսիայի պատմական մարզերից է՝ Գերմանիայի սահմանին մոտ։ 1921–ին մայրս, որը ջերմեռանդ կաթոլիկ էր, ամուսնացավ հորս հետ, որը բողոքական էր։ Ավագ քույրս՝ Հելենը, ծնվեց 1922–ին, և ծնողներս նրան մկրտեցին կաթոլիկ եկեղեցում։
1925–ին հայրիկիս տվեցին «Աստծու քնարը» գիրքը՝ գերմաներեն լեզվով։ Այն կարդալուց հետո նա հասկացավ, որ գտել է ճշմարտությունը։ Հայրս նամակ գրեց գրքի հրատարակիչներին, և վերջիններս նրան օգնեցին կապ հաստատելու Բիբելֆորշերների հետ, ինչպես այն ժամանակ անվանում էին Եհովայի վկաներին Գերմանիայում։ Հայրս անմիջապես սկսեց քարոզել իր սովորածը։ Դա դուր չեկավ մայրիկիս։ «Արա ինչ ուզում ես, միայն թե մի շփվիր այդ Բիբելֆորշերների հետ»,— ասում էր նա իր հաճելի գերմաներենով։ Բայց հայրս արդեն որոշում էր կայացրել և 1927–ին մկրտվեց՝ դառնալով Բիբելֆորշեր։
Դրանից հետո մորական տատս սկսեց դրդել մայրիկիս, որ ամուսնալուծվի։ Մի օր պատարագի ժամանակ քահանան եկեղեցու անդամներին կոչ արեց «հեռու մնալ կեղծ մարգարե Դաներից»։ Վերադառնալով պատարագից՝ տատս մեր տան վերևի հարկից ծանր ծաղկամանը գցեց հայրիկիս վրա։ Ծաղկամանը, անցնելով հորս գլխի մոտով, հարվածեց ուսին։ Այս դեպքը մորս ստիպեց մտածել. «Այն կրոնը, որ մարդկանց մարդասպան է դարձնում, չի կարող լավը լինել»։ Մայրս սկսեց ընթերցել Եհովայի վկաների հրատարակությունները։ Շուտով նա էլ համոզվեց, որ գտել է ճշմարտությունը, և 1929–ին մկրտվեց։
Ծնողներս ամեն ինչ անում էին, որ Եհովան ինձ ու քրոջս համար իրական դառնա։ Նրանք կարդում էին մեզ համար աստվածաշնչյան պատմություններ, իսկ հետո հարցնում, թե ինչու այս կամ այն կերպարը այսպես կամ այնպես վարվեց։ Հայրս որոշեց չաշխատել երեկոյան ու գիշերային հերթափոխերին, չնայած որ դա զգալիորեն ազդելու էր ընտանեկան բյուջեի վրա։ Նա ուզում էր ժամանակ ունենալ քրիստոնեական հանդիպումների, ծառայության և երեխաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու համար։
Սև ամպերը կուտակվում են
Ծնողներս միշտ մեր հարկի տակ ընդունում էին Շվեյցարիայում ու Ֆրանսիայում ծառայող շրջագայող վերակացուներին և այդ երկրների Բեթելներում ծառայողներին։ Նրանք մեզ պատմում էին, թե ինչ դժվարություններ են կրում մեր հավատակիցները Գերմանիայում՝ մեր տնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու։ Նացիստական կառավարությունը Եհովայի վկաներին աքսորում էր համակենտրոնացման ճամբարներ՝ նրանցից խլելով երեխաներին։
Ծնողներս ինձ ու Հելենին նախապատրաստել էին առաջիկա ծանր փորձություններին։ Նրանք օգնել էին մեզ անգիր անելու այն սուրբգրային համարները, որոնք դժվար պահերին կզորացնեին մեզ։ Օրինակ՝ ասում էին. «Եթե չգիտեք՝ ինչ անել, հիշեք Առակաց 3։5, 6 համարները։ Եթե վախենում եք դպրոցի փորձություններից, մտաբերեք 1 Կորնթացիներ 10։13–ը։ Եթե ձեզ բաժանեն մեզնից, ձեզ կօգնի Առակաց 18։10 համարը»։ Ես անգիր արեցի 23–րդ և 91–րդ սաղմոսները ու լցվեցի վստահությամբ, որ Եհովան միշտ կպաշտպանի մեզ։
1940–ին նացիստական Գերմանիան զավթեց էլզասն ու Լոթարինգիան։ Նոր ռեժիմը բոլոր չափահասներից պահանջեց միանալ նացիստական կուսակցությանը։ Հայրս հրաժարվեց, ու գեստապոն սպառնաց, որ կձերբակալի։ Երբ մայրս հրաժարվեց զինվորական համազգեստ կարելուց, գեստապոն սկսեց նրան էլ սպառնալ։
Ինձ համար դպրոցը մղձավանջ դարձավ։ Ամեն օր դասերը սկսվում էին Հիտլերի համար աղոթելով, «հա՛յլ Հիտլեր» ողջույնով և ազգային հիմնը երգելով, որի ժամանակ աջ ձեռքն առաջ էին պարզում։ Ծնողներս ինձ չէին ասում՝ «չասե՛ս «հա՛յլ Հիտլեր»», փոխարենը՝ ինձ օգնում էին խիղճս կրթելու Աստվածաշնչի չափանիշներով։ Ուստի ես ինքս որոշեցի, որ չեմ ասելու այդ խոսքերը։ Ուսուցիչներն ինձ ապտակում էին ու սպառնում դպրոցից հեռացնել։ Երբ յոթ տարեկան էի, մի անգամ ինձ կանգնեցրին բոլոր 12 ուսուցիչների առաջ։ Նրանք փորձում էին ստիպել ինձ ասել «հա՛յլ Հիտլեր»։ Բայց ես Եհովայի օգնությամբ մնացի անսասան։
Ուսուցիչներից մեկը փորձեց ազդել զգացմունքներիս վրա։ Նա ասաց, որ ես լավ աշակերտ եմ, որ ինձ շատ է սիրում և որ կտխրի, եթե ինձ հեռացնեն դպրոցից։ «Կարիք չկա, որ առաջ պարզես ձեռքդ։ Պարզապես մի փոքր բարձրացրու։ Պետք էլ չէ ասել «հա՛յլ Հիտլեր»։ Միայն շարժիր շրթունքներդ և ձևացրու, թե ասում ես»։
Երբ մայրիկիս պատմեցի, թե ինչ էր ասել ուսուցիչը, նա ինձ հիշեցրեց աստվածաշնչյան այն դրվագը, երբ երեք երիտասարդ եբրայեցիները կանգնած էին Բաբելոնի թագավորի շինած արձանի առաջ։ «Ի՞նչ էր ակնկալվում նրանցից»,— հարցրեց մայրս։ «Խոնարհվել»,— պատասխանեցի ես։ «Եթե այն պահին, երբ բոլորը պետք է խոնարհվեին արձանի առաջ, նրանք կռանային՝ կապելու իրենց կոշիկների թելերը, արդյոք ճի՞շտ վարված կլինեին։ Դո՛ւ որոշիր։ Արա այն, ինչ ճիշտ ես համարում»։ Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի պես՝ որոշեցի, որ պետք է նվիրված լինեմ միայն Եհովային (Դան. 3։1, 13–18)։
Ինձ մի քանի անգամ հեռացրին դպրոցից ու սպառնացին բաժանել ծնողներիցս։ Շատ էի անհանգստանում, բայց ծնողներս միշտ քաջալերում էին ինձ։ Մայրս, նախքան դպրոց գնալս, ինձ հետ աղոթում էր՝ խնդրելով Եհովային պաշտպանել ինձ։ Ես գիտեի՝ Նա կզորացնի և կօգնի, որ պաշտպանեմ հավատս (2 Կորնթ. 4։7)։ Հայրս ասաց, որ չվախենամ ճնշումներից, նույնիսկ եթե դրանք մեծանան։ Նա հավաստիացրեց, որ իրենք միշտ իմ կողքին են։ «Մենք սիրում ենք քեզ։ Դու միշտ մեր աղջիկը կլինես,— ասաց նա։— Հիշիր, որ դու Եհովայի առաջ ես կանգնած»։ Այդ խոսքերը ինձ լցրին անարատ մնալու էլ ավելի մեծ վճռականությամբ (Յոբ 27։5, ՆԱ)։
Գեստապոն հաճախ էր խուզարկում մեր տունը՝ փորձելով Վկաների գրականություն գտնել։ Նրանք նաև հարցաքննում էին ծնողներիս։ Շատ էր լինում, որ մայրիկին մի քանի ժամով տանում էին տնից, իսկ հայրիկին ու քրոջս՝ աշխատավայրից։ Երբեք չգիտեի՝ երբ դպրոցից տուն գնամ, մայրիկը տանը կլինի՞, թե՞ ոչ։ Երբեմն հարևանուհին ասում էր. «Նրանք տարել են մորդ»։ Ես թաքնվում էի տան մի անկյունում ու մտածում. «Տեսնես հիմա ի՞նչ են անում. հո չե՞ն չարչարում մամային։ էլի կտեսնե՞մ նրան»։
Տեղահանություն
1943–ի հունվարի 28–ին գեստապոն գիշերվա երեք անց կեսին մեզ արթնացրեց։ Ասացին, որ եթե ծնողներս, ես ու քույրս միանանք նացիստական կուսակցությանը, մեզ չեն տեղահանի։ Մեզ տվեցին երեք ժամ, որ պատրաստվենք։ Բայց մայրիկը արդեն պատրաստվել էր դեպքերի նման զարգացմանը. նա մեր պայուսակներում դրել էր մի քանի ձեռք հագուստ ու Աստվածաշունչ, ուստի այդ ժամանակն օգտագործեցինք աղոթելու և միմյանց քաջալերելու համար։ Հայրիկը հիշեցրեց, որ «ոչինչ չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց» (Հռոմ. 8։35–39)։
Գեստապոն վերադարձավ։ Երբեք չեմ մոռանա մեր տարեց հավատակից՝ քույր Անգլադին, որը, արցունքն աչքերին, ձեռքը թափահարելով, հրաժեշտ տվեց։ Մեզ տարան Մեց քաղաքի երկաթուղային կայարան։ Երեք օրից հասանք Կոխլովիցե, որը Օսվենցիմի ճամբարներից մեկն էր (Լեհաստան)։ Երկու ամիս անց մեզ տեղափոխեցին Գլիվիցե քաղաքի մի վանք, որը դարձրել էին աշխատանքային ճամբար։ Նացիստներն ասացին, որ եթե ստորագրենք հավատից հրաժարվելու մասին փաստաթուղթը, մեզ ազատ կարձակեն ու կվերադարձնեն մեր ունեցվածքը։ Հայրս ու մայրս հրաժարվեցին։ Նացիստները պատասխանեցին. «Դուք երբեք չեք վերադառնա տուն»։
Հունիսին մեզ տեղափոխեցին Սվենտոխլովիցե։ Այնտեղ սկսեցի գլխացավեր ունենալ, որն ինձ անհանգստացնում է մինչև օրս։ Մատներս ախտահարվեցին, ու բժիշկը, առանց անզգայացնելու, հեռացրեց եղունգներիցս մի քանիսը։ Մի դրական բան կար. պահակները, ինձ հանձնարարություններ տալով, տարբեր տեղեր էին ուղարկում, և հաճախ այդ տեղերից մեկը փուռն էր։ Այնտեղ աշխատող մի կին ինձ միշտ ուտելու բան էր տալիս։
Այդ ամբողջ ժամանակ մեր ընտանիքը առանձին էր մյուս բանտարկյալներից։ 1943–ի հոկտեմբերին մեզ ուղարկեցին ուրիշ ճամբար, որը Զոմբկովիցե քաղաքում էր։ Քնում էինք ձեղնահարկում՝ երկհարկանի չոր մահճակալների վրա, որտեղ 60 ուրիշ տղամարդիկ, կանայք ու երեխաներ կային։ էսէսականները հետևում էին, որ մեզ զզվելի կերակուր տան, որը գրեթե հնարավոր չէր ուտել։
Չնայած դժվարություններին՝ մենք երբեք հույսներս չէինք կորցնում։ «Դիտարանում» կարդացել էինք, որ պատերազմից հետո մեծ քարոզչություն է ծավալվելու։ Ուստի գիտեինք, թե ինչու ենք տառապում, և գիտեինք, որ շուտով մեր չարչարանքները վերջ են գտնելու։
Մենք սկսեցինք լուրեր ստանալ, որ դաշնակիցների զորքերը մոտենում են, և հասկացանք, որ նացիստները տանուլ են տալիս պատերազմը։ 1945–ի սկզբում էսէսականները որոշեցին թողնել ճամբարը։ Փետրվարի 19–ին մեզ դուրս հանեցին. մենք պետք է ոտքով անցնեինք մոտ 240 կիլոմետր։ Չորս շաբաթ անց հասանք Շտայնֆելս քաղաք (Գերմանիա), որտեղ պահակները մեզ հավաքեցին մի հանքախորշի մեջ։ Շատերը կարծում էին, թե մեզ սպանելու են։ Բայց այդ նույն օրը դաշնակիցները եկան, իսկ էսէսականները փախան, և մեր տանջանքները վերջ գտան։
Հասնում եմ նպատակներիս
1945–ի մայիսի 5–ին՝ համարյա երկուսուկես տարի անց, մենք՝ կեղտոտ շորերով և ամբողջությամբ ոջլոտած, դարձյալ Յուց քաղաքում էինք, մեր տանը։ Փետրվարից չէինք փոխել մեր շորերը. որոշեցինք այրել դրանք։ Հիշում եմ՝ մայրս ասում էր մեզ. «Թող սա լինի ձեր կյանքի ամենագեղեցիկ օրը։ Մենք ոչինչ չունենք, նույնիսկ մեր հագի շորերը մերը չեն։ Բայց մենք չորսս էլ վերադարձանք հավատարիմ։ Մենք զիջումների չգնացինք»։
Երեք ամիս Շվեյցարիայում ապաքինվելուց հետո նորից սկսեցի դպրոց գնալ՝ առանց վախենալու, որ ինձ կհեռացնեն։ Այժմ կարող էինք ազատորեն հավաքվել մեր հավատակիցների հետ և քարոզել։ 1947–ի օգոստոսի 28–ին, երբ 13 տարեկան էի, հայրս ինձ մկրտեց Մոզել գետում։ Տարիներ առաջ իմ անձը նվիրել էի Եհովային, և վերջապես կարողացա նվիրումս խորհրդանշել մկրտությամբ։ Ուզում էի անմիջապես ռահվիրա ծառայել, բայց հայրս ասաց, որ նախ հարկավոր է արհեստ սովորել։ Դերձակուհի դարձա։ 1951–ին, երբ 17 տարեկան էի, նշանակվեցի ռահվիրա ու պետք է ծառայեի մոտակա Թիոնվիլ քաղաքում։
Այդ տարի ներկա եղա մի համաժողովի Փարիզում և միսիոներական ծառայության դիմում լրացրի։ Տարիքով փոքր էի, և եղբայր Նորն ասաց, որ դիմումս կպահի «հետագայի համար»։ 1952–ի հունիսին հրավեր ստացա սովորելու «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 21–րդ դասարանում Սաութ Լանսինգում (ԱՄՆ, Նյու Յորք)։
«Գաղաադում» և «Գաղաադից» հետո
Քիչ չէր, որ մայրենի լեզվով էի դժվարանում խոսել շատ մարդկանց առջև, հիմա էլ պետք է խոսեի անգլերեն։ Բայց «Գաղաադի» ուսուցիչները սիրով օգնում էին ինձ։ Մի եղբայր ինձ անվանեց «Թագավորության ժպիտ», որովհետև ամաչելիս ժպտում էի։
1953–ի հուլիսի 19–ին Նյու Յորքի «Յանկի» մարզադաշտում տեղի ունեցավ մեր ավարտականը։ Ինձ ու Իդա Կանդուսոյին նշանակեցին ծառայելու Փարիզում։ Թեև վախենում էի քարոզել հարուստ փարիզեցիներին, այնուամենայնիվ կարողացա Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել բազմաթիվ խոնարհ մարդկանց հետ։ Իդան ամուսնացավ ու 1956–ին մեկնեց Աֆրիկա, իսկ ես մնացի Փարիզում։
1960–ին ամուսնացա մի բեթելցու հետ։ Մենք՝ որպես հատուկ ռահվիրաներ, նշանակվեցինք ծառայելու Շոմոն և Վիշի քաղաքներում։ Հինգ տարի անց վարակվեցի տուբերկուլյոզով և ստիպված էի դադարեցնել ռահվիրայությունս։ Ինձ ահավոր վատ էի զգում, քանի որ մանկուց նպատակ էի դրել լիաժամ ծառայող դառնալ և մնալ այդ ծառայության մեջ։ Որոշ ժամանակ անց ամուսինս մեկ ուրիշ կնոջ համար լքեց ինձ։ Այդ ծանր տարիներին հոգևոր եղբայրներիս և քույրերիս աջակցությունը անփոխարինելի էր, Եհովան էլ շարունակում էր կրել իմ բեռը (Սաղ. 68։19, ՆԱ)։
Այժմ ապրում եմ Լուվիե քաղաքում (Նորմանդիա)՝ Ֆրանսիայի մասնաճյուղի մոտ։ Զանազան առողջական խնդիրներ եմ ունեցել, բայց անչափ երջանիկ եմ, որ Եհովան միշտ ինձ օգնության ձեռք է մեկնել։ Իմ ստացած դաստիարակությունը այսօր էլ օգնում է ճիշտ տրամադրվածություն ունենալու։ Ծնողներս սովորեցրել են ինձ, որ Եհովան իրական Անձնավորություն է, ում կարող եմ սիրել, ում հետ կարող եմ խոսել, և ով պատասխանում է իմ աղոթքներին։ Իսկապես, «ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ» (Սաղ. 116։12)։
[Մեջբերում 6–րդ էջի վրա]
«Անչափ երջանիկ եմ, որ Եհովան միշտ ինձ օգնության ձեռք է մեկնել»
[նկար 5–րդ էջի վրա]
Ես՝ հակագազով (6 տարեկան եմ)
[նկար 5–րդ էջի վրա]
Միսիոներների ու ռահվիրաների հետ Լյուքսեմբուրգում։ Պատրաստվում ենք հատուկ քարոզարշավի (16 տարեկան եմ)
[նկար 5–րդ էջի վրա]
Հայրիկի ու մայրիկի հետ համաժողովում, 1953