Հնարավո՞ր է հասկանալ Աստվածաշունչը
«Մեր ընտանիքը ամեն կիրակի Աստվածաշունչ էր կարդում։ Ճիշտն ասած՝ ես այդքան էլ մեծ բավականություն չէի ստանում ընթերցանությունից։ Թեև հավատում էի, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է, բայց այն, ինչ կարդում էինք, մեծ մասամբ դժվարությամբ էի հասկանում» (Ստիվեն, Մեծ Բրիտանիա)։
«Երբ 17 տարեկան էի, սկսեցի Աստվածաշունչ կարդալ։ Այն ինձ համար դժվարհասկանալի էր, ուստի մի կողմ դրեցի գիրքը» (Բալբաներա, Իսպանիա)։
«Աստվածաշունչը կարդացել եմ մի անգամ, քանի որ մտածում էի, թե որպես կաթոլիկ՝ պետք է անպայման կարդամ այն։ Երեք տարում կարդացի, սակայն գրեթե ոչ մի բան չհասկացա» (Ջոան, Ավստրալիա)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ առ այսօր ամենատարածված գիրքն է աշխարհում։ Այն համարվում է ամենաշատ վաճառվող գիրքը, մատչելի է մարդկության մեծամասնությանը, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և թողարկվել է տարբեր ձևերով՝ ոչ միայն տպագիր հրատարակության, այլև ձայներիզների, սկավառակների տեսքով։ Այդուհանդերձ, շատերն այն կարծիքին են, թե դժվար է հասկանալ Աստծու Խոսքը։ Դուք է՞լ եք այդպես մտածում։
Աստված ուզո՞ւմ է, որ հասկանանք իր Խոսքը
«Ամբողջ Գրությունը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3։16)։ Այո՛, Աստվածաշնչի Հեղինակը Եհովան է։ Իսկ ուզո՞ւմ է արդյոք Աստված, որ մենք հասկանանք իր Խոսքը, թե՞ այնպես է գրել տվել, որ ոչ ոք, բացի հոգևորականներից ու աստվածաշնչագետներից, չկարողանա հասկանալ այն։
Քննենք աստվածաշնչային հետևյալ համարները։
«Այս պատուիրանքը, որ ես այսօր քեզ պատուիրում եմ, քեզ համար անիմանալի չէ, եւ հեռու չէ» (Բ Օրինաց 30։11)։
«Խօսքերիդ յայտնութիւնը լոյս է տալիս, եւ իմաստուն է անում պարզամիտներին» (Սաղմոս 119։130)։
«Այդ նույն ժամին [Հիսուսը] սուրբ ոգով ցնծաց ու ասաց. «Հանրապես գովաբանում եմ քեզ, Հա՛յր, երկնքի և երկրի Տե՛ր, որովհետև այս բաները իմաստուններից ու գիտուններից խնամքով թաքցրիր և մանուկներին հայտնեցիր»» (Ղուկաս 10։21)։
Փաստորեն, Աստվածաշնչի Հեղինակը ուզո՛ւմ է, որ մենք կարդանք ու հասկանանք իր Խոսքը։ Այդուհանդերձ, շատ ազնվասիրտ մարդիկ դժվարանում են հասկանալ այն։ Ի՞նչը կօգնի նրանց։ Հաջորդ հոդվածներում կխոսվի այն մասին, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել Աստվածաշունչը հասկանալու համար։