Գիտեի՞ք արդյոք
Ինչո՞ւ է Աստվածաշունչը կեղծ աստված Բահաղի երկրպագությունը կապում սեռական սանձարձակ վարքի հետ։
Բահաղը, որին պաշտում էին քանանացիները, պտղաբերության աստված էր։ Նա համարվում էր առատ բերքի և ընտանի կենդանիների բազմացման հովանավորը։ «Սովորություններն ու բարքերը Աստվածաշնչում» վերնագրով մի աշխատության մեջ այս առնչությամբ նշվում է. «Տաճարներում տեղի ունեցող սեռական հարաբերությունների նպատակն էր բարձրացնել պտղաբերությունը՝ մղելով անձրևների աստված Բահաղին կենակցել իր կնոջ՝ Աշերայի հետ։ Դրա շնորհիվ բերքը առատ կլիներ, իսկ ընտանի կենդանիները կբազմանային» (Manners and Customs in the Bible)։
Քանանացիները հավատում էին, որ չոր սեզոնի ժամանակ Մոտը՝ երաշտի ու մահվան աստվածը, հաղթում է Բահաղին ու տանում է նրան երկրի խորքը։ Սակայն երբ սկսում էին անձրևները, մարդիկ մտածում էին, որ Բահաղը վերագտել է իր զորությունը, ուստի առատ բերք ու բարիք կլինի։ Քանանացիները տոնախմբություններ էին կազմակերպում անձրևային սեզոնի ժամանակ, որոնց ընթացքում սեռական սանձարձակ վարք էին դրսևորում։ Պարզ է ուրեմն, թե ինչու իսրայելացիները սկսեցին «Մովաբի աղջկերանց հետ պոռնկութիւն անել», որոնք պաշտում էին Բելփեգովրին, կամ՝ Փեգորի Բահաղին (Թուոց 25։1–3)։
Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը՝ ասելով, որ դպիրներն ու փարիսեցիները նման են «սպիտակեցրած գերեզմանների»։
Հիսուսը դպիրներին ու փարիսեցիներին ասաց, որ կեղծավորներ են և «նման են սպիտակեցրած գերեզմանների, որոնք թեև դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լիքն են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ անմաքրությամբ» (Մատթեոս 23։27)։ Հրեաները սովորություն ունեին կրային լուծույթով սպիտակեցնել գերեզմանները, որպեսզի դրանք տեսանելի լինեին։ Նրանք դա անում էին Պասեքից մի ամիս առաջ՝ ադարի 15–ին, երբ վերջացած էր լինում անձրևային սեզոնը, քանի որ անձրևների ժամանակ կիրը լվացվում էր քարերի վրայից։
«Հրեական հանրագիտարանում» նշվում է, որ գերեզմանները սպիտակեցնում էին, որպեսզի «Պասեքի տոնին եկող բազմաթիվ ուխտագնացներ, որոնք անցնում էին գերեզմանների կողքով», չդիպչեին դրանց ու չպղծվեին (The Jewish Encyclopedia)։ Ինչպես գրված է Թուոց 19։16–ում, ըստ օրենքի՝ այն մարդը, ով դիպչեր դիակի, մեռած մարդու ոսկորի կամ գերեզմանի, յոթ օր անմաքուր կլիներ։ Իսկ եթե անմաքուր դարձած մարդը մասնակցեր սուրբ երկրպագությանը, պետք է մեռներ (Ղեւտացոց 15։31)։ Հիսուսը այս համեմատությունը արեց Պասեքից ընդամենը մի քանի օր առաջ, երբ իր ունկնդիրների մտքում դեռ թարմ էր գերեզմանները սպիտակեցնելու տարեկան արարողությունը։ Նա ուզում էր ասել, որ իրեն հակառակվող այդ կրոնավորները իրականում այնպիսին չեն, ինչպիսին երևում են, և նրանց հետ շփումը կարող է հոգևորապես պղծել մարդկանց։
[նկար 15–րդ էջի վրա]
ԿՐԱՔԱՐԻ ԿՈԹՈՂ՝ ԲԱՀԱՂ–ԿԱՅԾԱԿԻ ՊԱՏԿԵՐՈՎ, մ.թ. 14–13
[թույլտվությամբ]
Musée du Louvre, Paris