Գնահատի՛ր խուլ եղբայրներին ու քույրերին
ԱՍՏԾՈՒ ժողովուրդն այսօր մի մեծ ընտանիք է՝ բաղկացած հոգևոր եղբայրներից ու քույրերից։ Այդ ընտանիքը դարավոր պատմություն ունի։ Սամուելը, Դավիթը, Սամսոնը, Ռախաբը, Մովսեսը, Աբրահամը, Սառան, Նոյը և Աբելը նույնպես Աստծու ժողովրդի մաս են կազմել։ Այս մեծ ընտանիքի անդամ են նաև Աստծու այն հավատարիմ ծառաները, ովքեր զուրկ են լսելու կարողությունից։ Օրինակ՝ Մոնղոլիայում առաջին Վկաները խուլ ամուսիններ են եղել։ Իսկ Ռուսաստանի մեր խուլ հավատակիցների անարատության շնորհիվ մենք հաղթանակ տարանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Այսօր «հավատարիմ և իմաստուն ծառան» հոգևոր կերակուր է պատրաստում նաև ժեստերի լեզվով (Մատթ. 24։45)։ Բացի դրանից, հոգ է տանում, որ այդ լեզվով անցկացվեն ժողովներ ու համաժողովներ։ Այս ամենը մեծ օգուտներ է բերել խուլ մարդկանցa։ Իսկ կցանկանա՞ս իմանալ, թե առանց այդ հոգևոր միջոցների՝ որքան դժվար էր լսողությունից զուրկ անհատներին ընդունել ճշմարտությունը և հոգևորապես աճել։ Երբևէ մտածե՞լ ես, թե ինչպես կարող ես օգնել ձեր հարևանությամբ ապրող խուլ մարդկանց։
Երբ ժեստերի լեզվով ոչինչ չէր թողարկվում
Պատկերացրու, թե հնարավորություն ունես զրուցելու որևէ խուլ եղբոր կամ քրոջ հետ, որը ճշմարտությունն ընդունել է երկար տարիներ առաջ։ Նա ամենայն հավանականությամբ կնկարագրի, թե ինչ զգացումներ է ունեցել, երբ իմացել է Աստծու անունը։ Կպատմի, թե այդ ճշմարտությունն ինչպես է փոխել իր կյանքը և տարիներ շարունակ զորացրել իրեն, մինչև որ ժեստերի լեզվով թողարկվել են տեսաերիզներն ու DVD–ները։ Դրանց շնորհիվ նա հնարավորություն է ստացել խորացնելու իր սուրբգրային գիտելիքները։ Այդ քրիստոնյան գուցե նաև պատմի, թե որքան դժվար էր իր համար, երբ ժեստերի լեզվով թարգմանություններ չէին արվում և ժողովներ չկային։ Այդ ժամանակ ինչ–որ մեկը սովորաբար նստում էր նրա կողքին և թղթի վրա գրում քննարկվող մտքերը։ Լսողությունից զուրկ մի եղբայր յոթ տարի այս ձևով է հոգևորապես սնվել, մինչև որ իրենց ժողովում սկսել են թարգմանություններ անել։
Մի խուլ տարեց Վկա հիշում է, թե ինչ դժվար էր լսողությունից զուրկ քրիստոնյաների համար ծառայել «լսողների» դաշտում։ Մի ձեռքում նրանք քարտի վրա գրված պարզ մատուցում էին պահում, իսկ մյուսում՝ «Դիտարանի» և «Արթնացե՛ք»–ի վերջին թողարկումները։ Խուլ մարդու հետ տպագիր հրատարակություններով Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելը մի իսկական տանջանք էր, քանի որ խուլերը լավ չեն հասկանում գրավոր լեզուն։ Լսողությունից զուրկ քարոզիչներից ոմանք հավանաբար կհիշեն, թե որքան էին վհատվում, երբ ծառայության ժամանակ մարդիկ չէին հասկանում իրենց։ Այդպիսի քրիստոնյաները լավ գիտեն, թե ինչ է նշանակում մեծ սեր ունենալ Եհովայի հանդեպ, սակայն չկարողանալ համոզվածությամբ գործել։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք վստահ չէին, որ ճիշտ են հասկանում այս կամ այն հարցը։
Չնայած այս դժվարություններին՝ մեր խուլ հավատակիցները պահել են իրենց անարատությունը (Յոբ 2։3)։ Նրանք սրտանց «սպասել» են Աստծուն (Սաղ. 37։7)։ Եվ Աստված օրհնել է այդ եղբայրներին ու քույրերին, ընդ որում ավելի, քան նրանք ակնկալում էին։
Մի խուլ եղբայր, որը երեխաներ ուներ, շատ մեծ ջանքեր էր թափում իր հայրական պարտականությունները կատարելու համար։ Թեև այդ ժամանակ ժեստերի լեզվով տեսաերիզներ չկային, նա հավատարմորեն ընտանեկան ուսումնասիրություն էր անցկացնում։ Ահա թե ինչ է հիշում նրա որդին։ «Հորս համար միշտ էլ շատ դժվար էր ընտանեկան ուսումնասիրություն անցկացնել, քանի որ նա ստիպված էր օգտվել միայն տպագիր հրատարակություններից։ Հաճախ նա լավ չէր հասկանում տեքստը։ Իսկ մենք երեխաներով ավելի էինք դժվարացնում մեր հոր գործը։ Երբ նա ինչ–որ բան ճիշտ չէր բացատրում, մենք առիթը բաց չէինք թողնում մատնացույց անելու նրա սխալը։ Չնայած դրան՝ հայրս երբեք չէր դադարեցնում ընտանեկան ուսումնասիրությունը։ Թեև անգլերենի չիմացության պատճառով նա կաշկանդվում էր, սակայն շարունակում էր իր կարողության չափով սովորեցնել մեզ Եհովայի մասին։ Հայրս համոզված էր, որ դա ավելի կարևոր է, քան իր զգացմունքները»։
Ուշագրավ է նաև Ռիչարդի օրինակը։ Յոթանասունամյա այդ եղբայրը, որը ոչ միայն խուլ է, այլ նաև կույր, ապրում է Բրուքլինում (Նյու Յորք)։ Ռիչարդը երբեք չի բացակայում ժողովի հանդիպումներից։ Թագավորության սրահ նա ինքնուրույն է հասնում՝ մետրոյով։ Ճիշտ տեղում իջնելու համար հաշվում է կանգառները։ Մի ձմեռ ուժեղ բուք ու բորանի պատճառով եղբայրները որոշեցին չանցկացնել հանդիպումը և ամբողջ ժողովին զգուշացրին այդ մասին։ Սակայն այնպես էր պատահել, որ Ռիչարդին այդ մասին չէին տեղեկացրել։ Երբ եղբայրները պարզեցին դա, գնացին Թագավորության սրահ։ Եվ ի՞նչ։ Եղբայր Ռիչարդը, Սրահի մոտ կանգնած, համբերությամբ սպասում էր, թե երբ են բացելու դռները։ Երբ նրան հարցրին, թե ինչո՞ւ է նա այդ եղանակին տնից դուրս եկել, վերջինս պատասխանեց. «Ես սիրում են Եհովային»։
Ինչպե՞ս կարող ես օգնել
Ձեր հարևանությամբ խուլեր ապրո՞ւմ են։ Կարո՞ղ ես ժեստերի լեզվով մի քանի արտահայտություն սովորել նրանց հետ հաղորդակցվելու համար։ Որպես կանոն, խուլ մարդիկ համբերատարությամբ են սովորեցնում իրենց լեզուն։ Ի՞նչ կարող ես անել, եթե հանդիպես լսողությունից զուրկ անհատի։ Փորձիր հաղորդակցվել։ Օգտագործիր ժեստեր, գրառումներ, նկարներ և այլն։ Նույնիսկ եթե խուլը ցույց տա, որ չի հետաքրքրվում ճշմարտությամբ, նրա մասին հայտնիր այն Վկաներին, ովքեր խոսում են ժեստերի լեզվով։ Հնարավոր է՝ Թագավորության լուրը հասնի խուլ անհատի սրտին, եթե ի՛ր լեզվով մատուցվի։
Ինչպե՞ս կարող ես կատարելագործել ժեստերի լեզվի քո իմացությունը, եթե փորձում ես սովորել այն և հաճախում ես այդ լեզվով անցկացվող հանդիպումների։ Թեպետ ժողովում գուցե լինեն նաև լսող քարոզիչներ, նրանց հետ խոսելիս «անջատիր» ձայնդ։ Դա կօգնի, որ սկսես մտածել ժեստերի լեզվով։ Երբեմն քո մեջ գուցե գայթակղություն առաջանա բարձրաձայն խոսելու, քանի որ այդպես ավելի հեշտ է հաղորդակցվել։ Սակայն եթե ուզում ես սահուն խոսել ժեստերի լեզվով, պետք է հաստատակամ լինես, ինչպես որ ցանկացած լեզու սովորելու դեպքում։
Ջանք թափելով խոսել ժեստերի լեզվով՝ ցույց կտաս քո սերն ու հարգանքը խուլ եղբայրների ու քույրերի հանդեպ։ Չէ՞ որ նրանք առանց այն էլ անբավարարության զգացում ունեն, քանի որ ի վիճակի չեն հասկանալու շրջապատի մարդկանց։ Ահա թե ինչ է ասում մի խուլ եղբայր. «Ես ամեն օր դիտում եմ, թե ինչպես են մարդիկ խոսում իրար հետ, և հաճախ ինձ միայնակ ու լքված եմ զգում, նեղվում եմ ու նույնիսկ զայրանում։ Դժվարանում եմ խոսքերով արտահայտել իմ ապրումները»։ Հետևաբար, Թագավորության սրահը խուլ եղբայրների ու քույրերի համար պետք է լինի մի վայր, որտեղ նրանք հոգևորապես սնվում են և ջերմ շփում են վայելում իրենց հավատակիցների հետ (Հովհ. 13։34, 35)։
Աշխարհով մեկ ժեստերի լեզվով բազմաթիվ խմբեր կան, որոնք կցված են ժողովներին։ Համատեղ հանդիպումների ժամանակ ծրագիրը թարգմանվում է խուլերի համար։ Վերջիններս սովորաբար նստում են առաջին շարքերում։ Դրա շնորհիվ նրանք կարողանում են միաժամանակ տեսնել թե՛ թարգմանչին, թե՛ հռետորին։ Փորձը ցույց է տալիս, որ ժողովի մյուս անդամները արագ են ընտելանում դրան և չեն շեղվում հանդիպման ժամանակ։ Ժեստերի լեզվով թարգմանությունը նույն ձևով է տեղի ունենում նաև համաժողովների ժամանակ։ Այն քրիստոնյաները, ովքեր ջանադրաբար թարգմանում են հոգևոր ծրագիրը, գովասանքի են արժանի։ Նրանք ձգտում են այնպես թարգմանել նյութը, որ այն հասկանալի և բնական լինի խուլերի համար։
Ենթադրենք՝ դու այնպիսի ժողովից ես, որին ժեստերի լեզվով փոքր խումբ է կցված, և հանդիպումները թարգմանվում են նրանց համար։ Ինչպե՞ս կարող ես ցույց տալ ուշադրությունդ թվով քիչ այդ եղբայրների ու քույրերի հանդեպ։ Հրավիրիր ձեր տուն։ Հնարավորության դեպքում ժեստերի լեզվով մի քանի բառ սովորիր։ Հեշտ չէ հաղորդակցվել խուլ մարդու հետ։ Սակայն թույլ մի տուր, որ դա պատնեշ ստեղծի հաղորդակցության մեջ։ Դու անպայման նրանց հետ շփվելու որևէ ձև կգտնես։ Եվ եթե նման ձևով արտահայտես քո սերը, հետագայում հաճելի հուշեր կունենաս (1 Հովհ. 4։8)։ Լսողությունից զուրկ քույրերն ու եղբայրները շատ բան կարող են տալ մեզ։ Նրանք հաճելի զրուցակիցներ են, հումորի հիանալի զգացում ունեն, շատ խորաթափանց են։ Մի եղբայր, որի ծնողները խուլ են, պատմում է. «Ես ծնվել ու մեծացել են խուլ մարդկանց մեջ, և նրանք ինձ համար այնքան բան են արել, որ երբեք չեմ կարողանա փոխհատուցել։ Մենք շատ բան կարող ենք սովորել մեր խուլ եղբայրներից ու քույրերից»։
Եհովան սիրում է իր հավատարիմ ծառաներին՝ լինեն խուլ, թե ոչ։ Իրենց հավատով և տոկունությամբ լսողությունից զուրկ մեր հավատակիցները գեղեցկացնում են Եհովայի կազմակերպությունը։ Եկեք, ուրեմն, գնահատենք մեր խուլ եղբայրներին ու քույրերին։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Եհովան պայծառացրել է իր երեսը նրանց վրա» հոդվածը «Դիտարանի» 2009 թ. օգոստոսի 15–ի համարում։
[նկար 31–րդ էջի վրա]
Խուլ մարդիկ ավելի տրամադրված կլինեն լսելու բարի լուրը, եթե նրանց քարոզենք ժեստերի լեզվով
[նկարներ 32–րդ էջի վրա]
Ժողովի հանդիպումները պետք է թարմություն պատճառեն մեր խուլ հավատակիցներին