«Հերովդես թագավորի օրոք»
ՄԱՆՈՒԿ Հիսուսին սպանելու համար Հերովդես Մեծը հրամայեց կոտորել Բեթլեհեմի՝ մինչև երկու տարեկան բոլոր երեխաներին։ Պատմությունը խոսում է նաև մի շարք իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել «Հերովդես թագավորի օրոք»։ Այդ արձանագրությունները օգնում են մեզ հասկանալու, թե ինչպիսին էր քաղաքական իրավիճակը Հիսուսի օրերում (Մատթեոս 2։1–16)։
Ինչո՞ւ Հերովդես թագավորը ցանկացավ սպանել մանուկ Հիսուսին։ Ինչպե՞ս հետագայում հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսը սկսեց իշխել հրեաների վրա։ Ի՞նչ դեր ունեցավ Հերովդեսը հրեաների պատմության մեջ և ինչո՞ւ է կարևոր, որ Աստվածաշունչ ընթերցողներն իմանան նրա մասին։ Այս հարցերի պատասխաններն իմանալու համար եկեք տեսնենք, թե ինչ էր տեղի ունենում Հրեաստանում Հիսուսի ծնունդից մի քանի տասնամյակ առաջ։
Հրեաստանի քաղաքական դրությունը
Մ.թ.ա. 2–րդ դարի առաջին կեսին Հրեաստանը գտնվում էր Սելևկյանների իշխանության տակ՝ այն չորս դինաստիաներից մեկի, որը ձևավորվեց Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության փլուզումից հետո։ Մ.թ.ա. 168–ին սելևկյան թագավոր Անտիոքոսը փորձեց Երուսաղեմի տաճարում հաստատել Զևսի պաշտամունքը։ Մակաբե ընտանիքի առաջնորդությամբ հրեաները ապստամբություն բարձրացրին։ Արդյունքում մ.թ.ա. 142–63 թթ. Հրեաստանում իշխանության գլուխ անցան Մակաբայեցիները՝ Հասմոնյանները։
Այդ ընթացքում հռոմեացիները իրենց իշխանության տիրույթներն ընդլայնում էին Արևելքում։ Նրանք արդեն տիրում էին Փոքր Ասիայի մեծ մասի վրա։ Սակայն Ասորիքի (Սիրիայի) վրա նշանակված թուլակամ կառավարիչների պատճառով այդ տարածաշրջանում գլուխ էր բարձրացրել անարխիան։ Այսպիսով խաթարվեց այն խաղաղությունը, որ հռոմեացիները ուզում էին պահպանել Արևելքում։ Ուստի հռոմեացի զորավար Պոմպեոսը եկավ Ասորիք, որպեսզի ամրապնդի Հռոմի իշխանությունը։
Մ.թ.ա. 66–ին Հրեաստանում քաղաքացիական պատերազմ սկսվեց. Հասմոնյան դինաստիայի երկու արքայորդիներ Հիրկանոսն ու Արիստոբուլոսը պայքարում էին գահի համար։ Երկուսն էլ օգնության համար դիմեցին հռոմեացի զորավար Պոմպեոսին, որն այդ ժամանակ Ասորիքում էր։ Վերջինս բաց չթողեց Հրեաստանի քաղաքականության մեջ ներգրավվելու լավ առիթը։
Պոմպեոսը որոշեց թիկունք կանգնել Հիրկանոսին։ Մ.թ.ա. 63–ին հռոմեացիները ներխուժեցին Երուսաղեմ, ճնշեցին քաղաքացիական պայքարը և Հիրկանոսին նշանակեցին թագավոր։ Հռոմը ոտք էր դրել Հրեաստան և չէր պատրաստվում հեռանալ։ Հիրկանոսը դարձավ Հռոմի կամակատարը, քանի որ իշխանությունը նրա օգնությամբ էր ստացել։ Թեև նա իրավունք ուներ ղեկավարելու երկրի ներքին գործերը, սակայն արտաքին գործերով զբաղվելու էր Հռոմը։
Հերովդեսի իշխանության սկիզբը
Հիրկանոսի իշխանությունը հզոր չէր, այդ պատճառով նրան աջակցում էր Անթիպատեր Իդումեացին, որը Հերովդես Մեծի հայրն էր։ Անթիպատերը մեծ հեղինակություն ուներ։ Նա թույլ չէր տալիս, որ հրեական ապստամբ խմբավորումները գլուխ բարձրացնեն։ Շատ չանցած՝ նա իր ձեռքը վերցրեց իշխանությունը։ Անթիպատերը օգնեց Հուլիոս Կեսարին Եգիպտոսում ճնշել թշնամիներին։ Իսկ հռոմեացիները, ի նշան երախտագիտության, նրան նշանակեցին կուսակալ, որը հաշվետու էր լինելու միայն իրենց։ Իր հերթին Անթիպատերը իր որդիներից մեկին՝ Ֆասաելին, նշանակեց Երուսաղեմի կառավարիչ, իսկ մյուսին՝ Հերովդեսին՝ Գալիլեայի կառավարիչ։
Անթիպատերը լավ դաս էր տվել իր որդիներին. ոչինչ հնարավոր չէ ձեռք բերել՝ առանց Հռոմի հավանությունն ունենալու։ Հերովդեսը իր ողջ կյանքում հիշեց հոր դասը։ Այդ պատճառով իր իշխանության ընթացքում նա փորձում էր գոհացնել և՛ հռոմեացիներին, որոնց շնորհիվ պահպանում էր իր դիրքը, և՛ հրեա հպատակներին։ Նա հմուտ կառավարիչ և զորավար էր։ Երբ 25 տարեկանում նշանակվեց կառավարիչ, նա անմիջապես մաքրեց իր իշխանության տակ գտնվող տարածքները ավազակախմբերից ու այդպիսով շահեց հրեաների և հռոմեացիների համակրանքը։
Երբ մ.թ.ա. 43–ին հակառակորդները թունավորեցին Անթիպատերին, Հերովդեսը Հրեաստանում դարձավ ամենաբարձր իշխանություն ունեցողը։ Սակայն նա թշնամիներ ուներ։ Երուսաղեմի ազնվականները նրան համարում էին բռնապետ և ուզում էին, որ Հռոմը զրկի նրան իշխանությունից։ Բայց այդպես էլ ոչ մի բանի չկարողացան հասնել։ Հարգելով Անթիպատերի հիշատակը՝ Հռոմը շարունակեց թիկունք կանգնել Հերովդեսին։
Դառնում է Հրեաստանի թագավորը
Ինչպես արդեն նշվեց, մոտ 20 տարի առաջ Պոմպեոսը լուծեց Հասմոնյան արքայորդիների մեջ ծագած խնդիրը, սակայն շատերը համաձայն չէին նրա որոշմանը։ Նրանք շարունակ փորձում էին Հիրկանոսի ձեռքից խլել իշխանությունը։ Ի վերջո մ.թ.ա. 40–ին Հռոմի թշնամիների՝ պարթևների օգնությամբ նրանք հաջողության հասան։ Այդ ժամանակ Հռոմում քաղաքացիական պատերազմ էր, օգտվելով առիթից՝ նրանք ներխուժեցին Ասորիք և Հրեաստան ու գահընկեց արեցին Հիրկանոսին։ Իսկ Հասմոնյան ընտանիքից թագավոր ընտրեցին մեկին, որը դեմ էր Հռոմի իշխանությանը։
Հերովդեսը փախավ Հռոմ, որտեղ նա ջերմ ընդունելություն գտավ։ Հռոմեացիները նպատակ ունեին պարթևներին դուրս վռնդել Հրեաստանից, վերականգնել իրենց իշխանությունը և կառավարիչ նշանակել մեկին, ով իրենց կամակատարը կլիներ։ Իսկ Հերովդեսը հենց այն անձնավորությունն էր, որին Հռոմը փնտրում էր։ Ուստի Սենատը նրան նշանակեց Հրեաստանի թագավոր։ Եվ քանի որ նա պետք է շատ փոխզիջումների գնար, ի նշան հպատակության՝ թագադրվելուց անմիջապես հետո բոլոր ներկաների հետ ուղևորվեց Յուպիտերի տաճար և զոհեր մատուցեց հեթանոսական աստվածներին։
Այնուհետև նա հռոմեական լեգեոնների հետ վերադարձավ Հրեաստան, պարտության մատնեց իր թշնամիներին, նստեց գահին և վրեժխնդիր եղավ նրանցից, ովքեր դեմ էին եղել իր իշխանությանը։ Նաև բնաջինջ արեց բոլոր Հասմոնյաններին և նրանց աջակցող ազնվականներին։ Հերովդեսը սպանեց բոլոր նրանց, ովքեր չէին ցանկանում, որ իրենց թագավորը լինի Հռոմի դաշնակից։
Հերովդեսը ամրապնդում է իր իշխանությունը
Մ.թ.ա. 31–ին Օկտավիանոսը Ակցիում հրվանդանի մոտ (Հունաստան) պարտության մատնեց Մարկոս Անտոնիոսին։ Հերովդեսը հասկացավ, որ Մարկոս Անտոնիոսի հետ իր երկարատև ընկերությունը կարող է կասկածների տեղիք տալ, ուստի Օկտավիանոսին շահելու համար հավաստիացրեց վերջինիս, որ հավատարիմ է նրան։ Իր հերթին Հռոմի նոր տիրակալն էլ վստահեցրեց Հերովդեսին, որ կշարունակի թագավորել Հրեաստանում։ Նա նաև ընդարձակեց Հերովդեսի տերության սահմանները։
Հաջորդ տարիների ընթացքում Հերովդեսն ամրապնդեց իր իշխանության տիրույթները։ Նա Երուսաղեմը դարձրեց հելլենական մշակույթի կենտրոն, նաև շինարարական մեծ ծրագրեր իրականացրեց. կառուցեց Կեսարիա քաղաք–նավահանգիստը, Երուսաղեմի շքեղ տաճարը և մի շարք պալատներ։ Նա այնպիսի քաղաքականություն էր վարում, որ չկորցնի Հռոմի հավանությունը, որովհետև հզոր իշխանություն ուներ այն բանի շնորհիվ, որ Հռոմի դաշնակիցն էր։
Հրեաստանում Հերովդեսը բացարձակ իշխանություն ուներ։ Նրան էր վերապահված քահանայապետ նշանակելու իրավունքը, և այդ պաշտոնը նա տալիս նրան, ում կամենար։
Խանդոտ մարդասպան
Հերովդեսի անձնական կյանքը լի էր խնդիրներով։ Նրա տասը կանանցից յուրաքանչյուրը ցանկանում էր, որ իր որդիներից մեկը ժառանգի հոր գահը։ Պալատում տարածված խարդավանքները Հերովդեսի մեջ կասկածներ արթնացրին, և նա դիմեց դաժանության։ Խանդից դրդված՝ նա սպանեց իր սիրելի կնոջը՝ Մարիամնեին, իսկ ավելի ուշ՝ նրա երկու տղաներին, որոնք իր դեմ դավադրություն էին կազմակերպել։ Այո՛, Հերովդեսը դաժան թագավոր էր։ Նա սպանում էր ցանկացած մարդու, ում իր ախոյանն էր համարում։ Դրա մասին է վկայում Բեթլեհեմում տեղի ունեցած մանուկների կոտորածը, որի մասին նշվում է Մատթեոսի Ավետարանում։
Հերովդեսը գիտեր, որ մարդիկ չեն սիրում իրեն և չէր ուզում, որ նրանք ուրախանան իր մահվան օրը։ Այդ պատճառով էլ նա ձերբակալեց հրեա նշանավոր մարդկանց և պատվիրեց, որ նրանց սպանեն այն օրը, երբ ինքը մահանա։ Բարեբախտաբար, նրա հրամանը չկատարվեց։
Հերովդեսի թողած ժառանգությունը
Հերովդեսի մահից հետո Հռոմը Հրեաստանի կառավարիչ նշանակեց նրա որդուն՝ Արքեղայոսին։ Մյուս երկու որդիներից Անտիպասը դարձավ Գալիլեայի և Պիրեայի չորրորդապետը, իսկ Փիլիպպոսը՝ Իտուրիայի և Տրաքոնիայի չորրորդապետը։ Արքեղայոսը չուներ ո՛չ իր հպատակների, ո՛չ էլ Հռոմի հավանությունը։ Այդ պատճառով ընդամենը 10 տարի անց Հռոմը նրա փոխարեն նշանակեց մեկ ուրիշ կառավարչի, որին հետագայում հաջորդեց Պոնտացի Պիղատոսը։ Այդ ընթացքում Անտիպասը, որին Ղուկաս ավետարանիչը կոչում է Հերովդես, և Փիլիպպոսը շարունակեցին իշխել որպես չորրորդապետներ։ Այսպիսին էր քաղաքական դրությունը, երբ Հիսուսը սկսեց իր ծառայությունը (Ղուկաս 3։1)։
Փաստորեն, Հերովդես Մեծը խորամանկ քաղաքագետ էր և դաժան մարդասպան։ Մանուկ Հիսուսին սպանելու փորձը հավանաբար նրա ամենադաժան արարքն էր։ Հերովդեսը նաև մեծ ազդեցություն է ունեցել հրեաների պատմության վրա։ Պատմական այս տեղեկություններն օգնում են Աստվածաշունչ ընթերցողներին պատկերացնելու, թե ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել նախքան Հունարեն Գրությունների գրվելը, հասկանալու, թե ինչպես հռոմեացիները իշխանություն ձեռք բերեցին Հրեաստանում, և ինչպիսին էր քաղաքական իրավիճակը Հիսուսի երկրային կյանքի ընթացքում։
[Քարտեզ 15–րդ էջի վրա]
(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակութունը)
Պաղեստինը և մերձակա տարածքները Հերովդեսի ժամանակներում
ԱՍՈՐԻՔ
ԻՏՈՒՐԻԱ
ԳԱԼԻԼԵԱ
ՏՐԱՔՈՆԻԱ
Գալիլեայի ծով
Հորդանան գետ
Կեսարիա
ՍԱՄԱՐԻԱ
ՊԻՐԵԱ
Երուսաղեմ
Բեթլեհեմ
ՀՐԵԱՍՏԱՆ
Մեռյալ ծով
ԻԴՈՒՄԵԱ
[նկարներ 13–րդ էջի վրա]
Հրեաստանի կառավարիչները, որոնք իշխել են Հիսուսի ծառայությանը նախորդած երկու դարերի ընթացքում