Ընդօրինակեք նրանց հավատը
Նա իր Ուսուցչից ներողամտություն սովորեց
«ՏԵՐԸ շրջվեց ու նայեց Պետրոսին» (Ղուկաս 22։61)։ Պետրոսը երբեք չէր կարող մոռանալ այդ պահը, երբ իր հայացքը հանդիպեց ուսուցչի աչքերին։ Այդ հայացքի մեջ նա հիասթափությո՞ւն, թե՞ հանդիմանություն տեսավ՝ չգիտենք։ Աստվածաշունչն էլ ոչինչ չի ասում այդ մասին։ Բայց մի բան պարզ է։ Ուսուցչի այդ հայացքը սթափեցրեց նրան, ու նա գիտակցեց, թե ինչ լուրջ սխալ է գործել։ Նա հիշեց, որ Հիսուսը զգուշացրել էր իրեն, որ կանի այն, ինչ քիչ առաջ արեց, մինչդեռ ինքը պնդում էր, թե երբեք չի գնա այդ քայլին՝ չի ուրանա իր Ուսուցչին։ Պետրոսը իրեն ստորացած էր զգում, թերևս այդ օրը իր կյանքի ամենածանր օրն էր։
Թեև Պետրոսը լուրջ սխալ էր գործել, սակայն անհույս վիճակում չէր։ Նա մեծ հավատի տեր մարդ էր և կարող էր ուղղել իր սխալը ու մի շատ կարևոր դաս սովորել Հիսուսից։ Իրականում մեզնից յուրաքանչյուրն էլ պետք է ներողամիտ լինի։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Պետրոսի հետ տեղի ունեցած այս դեպքից։
Նա դեռ շատ բան պետք է սովորեր
Մոտ վեց ամիս առաջ իր հայրենի Կափառնայում քաղաքում Պետրոսը մոտեցավ Հիսուսին և հարցրեց. «Տե՛ր, եթե իմ եղբայրը մեղք գործի իմ դեմ, քանի՞ անգամ պետք է ներեմ նրան։ Մինչև յո՞թ անգամ»։ Ասելով «մինչև յոթ անգամ»՝ Պետրոսը հավանաբար մտածում էր, որ ինքը մեծահոգի է, քանի որ իր օրերի կրոնական առաջնորդները սովորեցնում էին, որ մարդը պետք է միայն երեք անգամ ների իր մերձավորին։ Սակայն Հիսուսը պատասխանեց. «Ոչ թե մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասունյոթ անգամ» (Մատթեոս 18։21, 22)։
Արդյո՞ք Հիսուսը նկատի ուներ, որ Պետրոսը պետք է ամեն անգամ, երբ որևէ մեկը սխալ է գործում իր դեմ, հաշվի ու գրանցի դրանք։ Իհա՛րկե ոչ։ Ընդհակառակը՝ յոթի փոխարեն յոթանասունյոթ ասելով՝ Հիսուսը ուզում էր ասել, որ հատուկ սահմանված թիվ չկա, թե քանի անգամ անհատը պետք է ների սխալ գործողին։ Նա գիտեր, որ Պետրոսը ծնվել ու մեծացել է կարծրասիրտ և անողորմ մարդկանց միջավայրում, ովքեր հաշվում էին, թե քանի անգամ են ներել անհատին, ինչպես որ հաշվապահն է իր հաշիվները գրանցում հաշվեմատյանում։ Մինչդեռ Աստծու տեսանկյունից՝ անհատը պետք է մեծահոգաբար ների։
Ինչևէ, Պետրոսը չվիճեց Հիսուսի հետ։ Իսկ հասկացա՞վ արդյոք Հիսուսի խոսքերի իմաստը։ Ինչ խոսք, երբ ինչ–որ մեկի ներողամտության կարիքն ունենք, այդ ժամանակ ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է նշանակում ներել։ Ուստի եկեք անդրադառնանք Հիսուսի կյանքի վերջին օրերում տեղի ունեցած դեպքերին և տեսնենք, թե ներողամտության վերաբերյալ ինչ կարող ենք սովորել նրանից։
Հիսուսը շարունակ ներում էր նրան
Հիսուսի երկրային կյանքի վերջին օրն է։ Նա դեռ շատ բան ունի իր առաքյալներին սովորեցնելու, օրինակ, խոնարհություն։ Ուստի որոշում է անձամբ օրինակ ծառայել իր աշակերտներին և խոնարհաբար լվանալ նրանց ոտքերը (դա սովորաբար կատարում էր տան ամենացածր ծառան)։ Դե, ինչպես միշտ, Պետրոսը չէր կարող լուռ մնալ։ Նախ նա ասում է, որ չի հասկանում, թե ինչու է Հիսուսը նման բան անում։ Այնուհետև հրաժարվում է իր Ուսուցչի մատուցած ծառայությունից։ Հետո խնդրում է, որ Հիսուսը լվա ոչ միայն իր ոտքերը, այլև ձեռքերն ու գլուխը։ Այդուհանդերձ, Հիսուսը չի կորցնում իր համբերությունը և մեղմորեն բացատրում է նրան, թե ինչու է այդպես վարվում (Հովհաննես 13։1–17)։
Շատ չանցած՝ առաքյալները սկսում են վիճել, թե ով է իրենցից մեծը։ Պետրոսը նույնպես ընդգրկված էր այդ վեճի մեջ։ Հիսուսը կրկին մեղմորեն ուղղում է նրանց և նույնիսկ գովեստի խոսքեր ասում, որ հավատարիմ ու նվիրված են իրենց Տիրոջը։ Սակայն այդ խոսքերից հետո նա կանխագուշակում է, որ բոլոր առաքյալները շուտով լքելու են իրեն։ Նորից «բեմ է բարձրանում» Պետրոսը։ Նա պնդում է, որ հավատարիմ կմնա Հիսուսին և անգամ կմեռնի նրա հետ։ Հիսուսը, սակայն, ասում է, որ հենց այդ օրը, աքաղաղը դեռ չկանչած, Պետրոսը երեք անգամ կուրանա իրեն։ Իսկ Պետրոսը ոչ միայն հակաճառում է, այլև մեծամտաբար շարունակում է պնդել, որ եթե անգամ մյուս առաքյալներն էլ ուրանան, նա այդպիսի բան չի անի (Մատթեոս 26։31–35; Մարկոս 14։27–31; Ղուկաս 22։24–28)։
Հիսուսի համբերությո՞ւնն էր փորձվում։ Իրականում այդ ամբողջ ընթացքում Հիսուսը կենտրոնանում էր իր անկատար առաքյալների լավ կողմերի վրա։ Թեև նա գիտեր, որ Պետրոսը սխալ է գործելու, սակայն ասաց. «Ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատը չթուլանա. երբ վերադառնաս, զորացրու քո եղբայրներին» (Ղուկաս 22։32)։ Այս խոսքերով Հիսուսը ցույց տվեց իր վստահությունը Պետրոսի նկատմամբ. նա համոզված էր, որ իր աշակերտը կուղղվի և նորից հավատարմորեն կշարունակի ծառայել։ Ներողամտության ինչպիսի՜ օրինակ։
Ավելի ուշ, երբ Հիսուսը աշակերտների հետ Գեթսեմանի պարտեզում էր, նորից հարկ եղավ ուղղելու Պետրոսին։ Հիսուսը Հովհաննեսին, Հակոբոսին և Պետրոսին խնդրեց արթուն մնալ, մինչ ինքը կառանձնանար աղոթելու։ Կարող ենք պատկերացնել, թե ինչ հոգեվիճակում էր Հիսուսը. նա օգնության ու աջակցության կարիք ուներ, սակայն իր առաքյալները չկարողացան այդ ծանր պահին նրա կողքին լինել, նրանք անընդհատ քնով էին ընկնում։ Այդուհանդերձ, Հիսուսը կարեկցանք և ներողամտություն դրսևորելով՝ ասաց. «Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մարկոս 14։32–38)։
Շուտով մի խումբ մարդիկ՝ ջահերը ձեռքին, սրերով ու մահակներով զինված, մտան այգի։ Հարկավոր էր զգուշավոր և խորագետ լինել։ Սակայն Պետրոսը առանց մտածելու գործի անցավ. ձեռքը մեկնեց, հանեց իր սուրը և կտրեց քահանայապետի ծառայի՝ Մաղքոսի ականջը։ Այս անգամ էլ Հիսուսը մեղմորեն ուղղեց Պետրոսին, բացատրեց սկզբունքը, որ չպետք է բռնության միջոցով հարցեր լուծել, այնուհետև դիպավ ծառայի ականջին և բուժեց նրան (Մատթեոս 26։47–55; Ղուկաս 22։47–51; Հովհաննես 18։10, 11)։ Այո՛, Պետրոսը շատ սխալներ էր թույլ տալիս, սակայն Տերը միշտ ներում էր նրան։ Գուցե սա հիշեցնի քեզ աստվածաշնչյան հետևյալ խոսքերը. «Բոլորս էլ շատ ենք սայթաքում» (Հակոբոս 3։2)։ Իսկապես, մեզնից ո՞վ կարիք չունի, որ Աստված ամեն օր ների իր մեղքերը։ Այո՛, Հիսուսը նորից ներեց Պետրոսին, սակայն ամենասարսափելին դեռ առջևում էր։
Ամենալուրջ սխալը
Ամբոխի առաջ Հիսուսն ասաց, որ եթե իրեն են փնտրում, ապա իր առաքյալներին թող ազատ արձակեն։ Պետրոսն անզոր էր ինչ–որ բանով օգնելու Հիսուսին. նրան ձերբակալեցին ու տարան, իսկ առաքյալները փախան։
Ճանապարհին Պետրոսն ու Հովհաննեսը կանգ առան նախկին քահանայապետ Աննայի տան մոտ, քանի որ սկզբում Հիսուսը այնտեղ պետք է հարցաքննվեր։ Նրանք «հեռվից» հետևում էին Հիսուսին (Մատթեոս 26։58; Հովհաննես 18։12, 13)։ Պետրոսը վախկոտ չէր։ Ինչ խոսք, քաջություն էր պետք Հիսուսին հետևելու համար։ Չէ՞ որ ամբոխը զինված էր, Պետրոսն էլ քիչ առաջ վնաս էր հասցրել քահանայապետի ծառային։ Սակայն չկար այն ուժգին սերը, որը կմղեր նրան մահանալու իր Տիրոջ հետ (Մարկոս 14։31)։
Պետրոսի նման՝ շատերն են այսօր հետևում Քրիստոսին, սակայն «հեռվից», այնպես, որ ոչ ոք չնկատի իրենց։ Բայց ինչպես Պետրոսը գրեց հետագայում, Քրիստոսի հետևից գնալու միակ ճանապարհը այն է, որ սերտորեն հետևենք և կյանքի բոլոր բնագավառներում ընդօրինակենք նրան՝ չմտահոգվելով, թե ինչ կպատահի մեզ (1 Պետրոս 2։21)։
Ի վերջո Պետրոսը հասնում է Երուսաղեմի ամենագեղեցիկ ապարանքներից մեկի մոտ։ Դա հարուստ և ազդեցիկ քահանայապետի՝ Կայիափայի տունն է։ Սովորաբար այսպիսի տները ունենում էին ներքին բակ, իսկ առջևի մասում՝ դարպաս։ Երբ Պետրոսը մոտենում է դարպասին, նրան թույլ չեն տալիս ներս մտնել։ Սակայն Հովհաննեսը, որն արդեն ներսում է, մոտենում է դռնապանին, խոսում նրա հետ ու Պետրոսին ներս է բերում։ Փաստորեն, Պետրոսը Հովհաննեսի կողքին չէր մնացել, նա անգամ չէր էլ փորձում ներս մտնել և կանգնել իր Տիրոջ կողքը։ Այդ պատճառով մնաց բակում, որտեղ սպասավորները կրակի շուրջ կանգնած տաքանում էին, քանի որ ցուրտ էր, և դիտում էին, թե ինչպես են կեղծ վկաները մեղադրանքներ ներկայացնում Հիսուսի դեմ (Մարկոս 14։54–57; Հովհաննես 18։15, 16, 18)։
Սպասուհիներից մեկը, որը ներս էր ընդունել Պետրոսին, կրակի լույսի տակ ավելի լավ է տեսնում նրա դեմքը ու ճանաչում է նրան։ Հանդիմանական տոնով նա ասում է. «Դո՛ւ էլ էիր գալիլեացի Հիսուսի հետ»։ Պետրոսը անակնկալի է գալիս ու հերքում է, որ ինքը ճանաչում է Հիսուսին և անգամ ձևացնում է, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսում սպասուհին։ Այնուհետև դուրս է գալիս ու գնում դարպասների մոտ՝ փորձելով մարդկանց աչքից հեռու մնալ, սակայն մեկ ուրիշ աղախին էլ է նկատում նրան ու ասում. «Այս մարդը նազովրեցի Հիսուսի հետ էր»։ Այս անգամ Պետրոսը երդվելով կրկին հերքում է. «Ես չե՛մ ճանաչում այդ մարդուն» (Մատթեոս 26։69–72)։ Թերևս երկրորդ անգամ Հիսուսին ուրանալուց հետո Պետրոսը լսել էր աքաղաղի ձայնը, սակայն մտազբաղ լինելու պատճառով չէր հիշել Հիսուսի խոսքերը, որոնք նա ընդամենը մի քանի ժամ առաջ էր ասել։
Պետրոսը փորձում է աննկատ մնալ։ Սակայն քահանայապետի բակում կանգնած մի խումբ մարդիկ նորից մոտենում են նրան։ Նրանցից մեկը, որ Մաղքոսի ազգականն էր, բացականչում է. «Չէ՞ որ պարտեզում քեզ նրա հետ տեսա»։ Պետրոսը սկսում է համոզել, որ նրանք սխալվում են։ Նա երդվում է և ասում, որ թող անիծվի ինքը, եթե սուտ է խոսում։ Այդ նույն պահին աքաղաղը երկրորդ անգամ է կանչում. այս անգամ Պետրոսը լսում է նրա ձայնը (Հովհաննես 18։26, 27; Մարկոս 14։71, 72)։
Հիսուսը, որ նոր էր դուրս եկել պատշգամբ, այդ պահին շրջվում է ու նայում նրան։ Պետրոսը հասկանում է, թե ինչ է արել, թե ինչ ստորացուցիչ կերպով է ուրացել իր Տիրոջը։ Դուրս է գալիս բակից ու սկսում է թափառել քաղաքի փողոցներում. նրան տանջում է մեղավորության ծանր զգացումը։ Լիալուսնի՝ հետզհետե մարող շողերը լուսավորում են նրա ճանապարհը։ Թեև արդեն լուսանում է, սակայն Պետրոսին ամեն բան աղոտ է երևում. նրա աչքերը արցունքով են լցված։ Չկարողանալով զսպել իրեն՝ նա պոռթկում է ու դառնապես լաց լինում (Մարկոս 14։72; Ղուկաս 22։61, 62)։
Այսպիսի սխալ գործելուց հետո հավանաբար կսկսես մտածել, որ քո մեղքը երբեք չի ներվի։ Գուցե Պետրոսը նույնպես մտածում էր. «Մի՞թե ես ներում կստանամ»։
Կներե՞ր Հիսուսը
Օրը լուսացել է։ Դժվար է պատկերացնել, թե որքան խորն է Պետրոսի սրտի ցավը։ Հավանաբար նա անընդհատ կշտամբում է իրեն՝ մտածելով, թե ինչ ցավ է պատճառել իր Տիրոջը նրա կյանքի վերջին օրը, իսկ հիմա տանջանքների ենթարկվելուց հետո նա արդեն մահացել է։ Այդուհանդերձ, Պետրոսը չի հուսալքվում։ Շատ չանցած՝ նա կրկին միանում է իր եղբայրներին (Ղուկաս 24։33)։ Ինչ խոսք, բոլոր առաքյալներն էլ զղջացին, որ թողել էին Հիսուսին, և մխիթարեցին իրար։
Երբ Աստծու ծառան ընկնում է, կարևորն այն է, որ նա ուժ գտնի իր մեջ, նորից ոտքի կանգնի ու ճիշտ ճանապարհով ընթանա (Առակաց 24։16)։ Պետրոսը նույն ձևով վարվեց։ Թեև ընկճված էր, սակայն հավատ դրսևորեց և շարունակեց իր եղբայրների հետ շփվել։ Նա հասկանում էր, որ մեկուսանալը վտանգավոր կարող է լինել (Առակաց 18։1, ՆԱ)։ Խելամիտ կլինի մնալ ժողովի ներսում և հոգևոր զորություն ստանալ (Եբրայեցիներ 10։24, 25)։
Շատ չանցած՝ Պետրոսը ցնցող մի լուր է լսում. Հիսուսի մարմինը գերեզմանում չէ։ Պետրոսն ու Հովհաննեսը անմիջապես շտապում են գերեզման։ Առաջինը Հովհաննեսն է տեղ հասնում։ Տեսնելով, որ գերեզմանի քարը մի կողմ է գլորված՝ նա կասկածանքով է լցվում։ Սակայն Պետրոսը չի տարակուսում։ Թեև շնչակտուր վազել էր ամբողջ ճանապարհը, բայց տեղ հասնելուն պես առանց կանգնելու մտնում է գերեզման։ Եվ ի՞նչ. այն իրոք դատարկ է (Հովհաննես 20։3–9)։
Հավատա՞ց Պետրոսը, որ Հիսուսը հարություն է առել։ Սկզբում ոչ։ Անգամ երբ հավատարիմ կանայք հայտնեցին առաքյալներին, որ հրեշտակները երևացել են իրենց ու ասել՝ Հիսուսը մահացածների միջից հարություն է առել, այդ խոսքերը նրանց անհեթեթություն թվացին (Ղուկաս 23։55–24։11)։ Այդ օրը բոլոր կասկածներն ու մտավախությունները Պետրոսի միջից վերացան։ Հիսուսը կենդանի էր որպես ոգեղեն էակ։ Նա երևաց իր բոլոր առաքյալներին։ Բայց նախքան այդ նա առանձին երևաց իր վհատված աշակերտին։ Ղուկասի Ավետարանում կարդում ենք. «Իսկապես որ Տերը հարություն է առել և երևացել է Սիմոնին» (Ղուկաս 24։34)։ Հետագայում Պողոս առաքյալը նույնպես խոսեց այդ հիշարժան օրվա մասին՝ նշելով, որ Հիսուսը սկզբում «երևաց Կեփասին, ապա՝ տասներկուսին» (1 Կորնթացիներ 15։5) (Սիմոնը և Կեփասը Պետրոսի մյուս անուններն են)։ Այո՛, այդ օրը Հիսուսը երևացել էր Պետրոսին, հավանաբար այն ժամանակ, երբ նա մենակ է եղել։
Այն, թե ինչ տեղի ունեցավ հանդիպման ժամանակ, հայտնի չէ։ Միայն կարող ենք պատկերացնել, թե որքան հուզիչ էր այդ հանդիպումը առաքյալի համար. կրկին տեսնել իր սիրելի Ուսուցչին և իր ցավն ու զղջումը արտահայտել։ Ամենից շատ նա ուզում էր ներում ստանալ։ Անկասկած, Հիսուսը ներեց իր առաքյալին, ներեց մեծահոգաբար։ Այսօր այն քրիստոնյաները, ովքեր մեղք են գործում, լավ կլինի հիշեն Պետրոսի օրինակը։ Նման դեպքում պետք չէ մտածել, որ մենք չենք կարող արժանանալ Աստծու ներողամտությանը։ Հիսուսը կատարելապես արտացոլեց իր Հոր այդ հատկությունը, քանի որ Եհովան «շատ ներող է» (Եսայիա 55։7)։
Ներողամտության մեկ ուրիշ ապացույց
Հիսուսը պատվիրեց առաքյալներին գնալ Գալիլեա, որտեղ նրանք պիտի հանդիպեին։ Երբ առաքյալները հասան Գալիլեա, Պետրոսը որոշեց ձուկ որսալ ծովում։ Մի քանիսը նույնպես միացան նրան։ Պետրոսի մտքով անցան այն օրերը, երբ նա ժամեր շարունակ ձուկ էր որսում ծովում։ Նավակի ճռռոցը, ալիքների ճողփյունը, կոշտ ցանցը հոգեհարազատ էին նրան։ Հավանաբար այժմ մտածում էր, թե ինչպիսին է լինելու իր կյանքը, չէ՞ որ Հիսուսի երկրային ծառայությունն արդեն ավարտված էր։ Գուցե ձկնորսի պարզ կյանքը դեռ ձգում էր Պետրոսին։ Ինչևէ, այդ գիշեր նրանք ոչինչ չբռնեցին (Մատթեոս 26։32; Հովհաննես 21։1–3)։
Լուսաբացին ինչ–որ մեկը ափից ձայն տվեց նրանց ու ասաց, որ ցանցը նավի աջ կողմը գցեն։ Առաքյալներն էլ գցեցին և 153 ձուկ բռնեցին։ Պետրոսը գլխի ընկավ, թե ով էր այդ մարդը։ Անմիջապես ծովը նետվեց ու լողաց դեպի ափ։ Երբ աշակերտները ցամաք դուրս եկան, տեսան, որ Հիսուսը ածխի կրակի վրա ձուկ է խորովում իրենց համար։
Հիսուսը հայացքն ուղղեց Պետրոսին։ Նա հարցրեց, թե արդյոք սիրում է իր Տիրոջը «սրանցից առավել»՝ ակներևաբար մատնացույց անելով ձկներով լի ցանցը։ Արդյոք ձկնորսության հանդեպ Պետրոսի սերը կգերազանցե՞ր Հիսուսի նկատմամբ ունեցած սիրուն։ Այժմ Հիսուսը հնարավորություն էր տալիս Պետրոսին երեք անգամ հավաստիացնելու իր սերը աշակերտների ներկայությամբ։ Պետրոսի խոսքերից հետո Հիսուսը ցույց տվեց նրան, թե ինչպես պետք է դրսևորել այդ սերը. սուրբ ծառայությունն ամեն բանից առավել դասելով և Աստծու հոտը կերակրելով ու հովվելով (Հովհաննես 21։4–17)։
Այսպիսով Հիսուսը վստահեցրեց Պետրոսին, որ նա շարունակում է արժեքավոր լինել իր և իր Հոր համար։ Պետրոսը մեծ դեր էր ունենալու քրիստոնեական ժողովում։ Ուրիշ ի՞նչ ապացույց էր պետք Պետրոսին համոզվելու համար, որ Ուսուցիչն իսկապես ներել է իրեն։ Անկասկած, Տիրոջ ողորմածությունը տպավորել էր Պետրոսին և խոր ազդեցություն էր թողել նրա զգացմունքների վրա։
Երկար տարիներ Պետրոսը հավատարմորեն կատարեց իր ծառայությունը։ Նա զորացրեց իր եղբայրներին, ինչպես որ Հիսուսն էր պատվիրել իր մահվանը նախորդող օրը։ Պետրոսը ջերմորեն ու համբերատարությամբ հովվեց ու կերակրեց Քրիստոսի գառնուկներին։ Սիմոն անունով այս տղամարդը ապրեց Հիսուսի տված նոր անվան համաձայն, այդ անունն էր Պետրոս, կամ՝ ժայռ. նա ժողովում դարձավ ամուր, կայուն և վստահելի անձնավորություն։ Դրա վառ ապացույցն են անձամբ Պետրոսի կողմից գրի առնված երկու նամակները, որոնք ընդգրկվեցին Աստծու ներշնչված Խոսքի մեջ։ Այդ նամակները ցույց են տալիս նաև, որ Պետրոսը երբեք չմոռացավ ներողամտության այն դասը, որ սովորեց Հիսուսից (1 Պետրոս 3։8, 9; 4։8)։
Այս դեպքից մենք էլ ենք շատ բաներ սովորում։ Կարող ենք ամեն օր աղոթել Աստծուն, որ ների մեր բազմաթիվ սխալները։ Նաև միշտ հավատալ, որ արժանացել ենք Աստծու ներողամտությանը և որ արդեն մաքրված ենք համարվում նրա աչքում։ Թող որ երբեք չմոռանանք, որ մենք էլ պետք է ներողամիտ լինեք ուրիշների հանդեպ։ Եթե այդպես վարվենք, ապա կընդօրինակենք Պետրոսի հավատը և նրա Տիրոջ ողորմությունը։
[Մեջբերում 22–րդ էջի վրա]
Պետրոսը շատ սխալներ էր թույլ տալիս, սակայն Տերը միշտ ներում էր նրան։ Մեզնից ո՞վ կարիք չունի, որ Աստված ամեն օր ների իր մեղքերը։
[Նկար 23–րդ էջի վրա]
«Տերը շրջվեց ու նայեց Պետրոսին»
[Նկար 24–րդ էջի վրա]
«Տերը.... երևացել է Սիմոնին»