Երեխանե՛ր, սրտանց կատարեք Եհովայի կամքը
«Յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը» (ԺՈՂ. 12։1)։
1. Ի՞նչ հրավեր էին ստացել իսրայելացի երեխաները։
ՄՈՏ 3 500 տարի առաջ Մովսես մարգարեն Իսրայելի քահանաներին ու երեցներին պատվիրեց. «Ժողովիր ժողովուրդը՝ մարդիկը եւ կանայքը, եւ տղերքը [երեխաներին, ՆԱ].... որ լսեն, եւ որ սովորեն եւ ձեր Եհովայ Աստուածանից վախենան, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահեն եւ կատարեն» (Բ Օրին. 31։12)։ Նկատեցի՞ր, թե ովքեր էին հրավիրվել Աստծուն երկրպագելու. տղամարդիկ, կանայք ու երեխաները։ Այո՛, նույնիսկ երեխաները պետք է լսեին Եհովային, սովորեին նրանից և հետևեին նրա հրահանգներին։
2. Ինչի՞ց է երևում, որ Եհովան մտածում էր նաև վաղ քրիստոնյաների երեխաների մասին։
2 Առաջին դարում Եհովան շարունակում էր դրսևորել իր հոգատարությունը երեխաների հանդեպ։ Նա նույնիսկ ներշնչեց Պողոսին իր նամակներում որոշ խորհուրդներ ընդգրկել հենց նրանց համար (կարդա՛ Եփեսացիներ 6։1; Կողոսացիներ 3։20)։ Այն երեխաները, ովքեր հետևեցին այդ խորհուրդներին, ավելացրին իրենց գնահատանքը սիրառատ երկնային Հոր հանդեպ։ Արդյունքում հոգևորապես առաջադիմեցին և օրհնվեցին։
3. Ինչպե՞ս են այսօր բազմաթիվ երեխաներ ցույց տալիս, որ ցանկանում են ծառայել Եհովային։
3 Եհովան այսօր էլ է հրավիրում երեխաներին երկրպագելու իրեն։ Անչափ ուրախալի է տեսնել, որ ամբողջ աշխարհում ապրող բազմաթիվ աստվածավախ երեխաներ հետևում են Պողոս առաքյալի հորդորին. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որպեսզի սիրո և բարի գործերի խրախուսենք, և իրար հետ միասին հավաքվելը չթողնենք, ինչպես ոմանք սովորություն ունեն, այլ քաջալերենք միմյանց, և այնքան ավելի, որքան տեսնում ենք, որ օրը մոտենում է» (Եբր. 10։24, 25)։ Բացի ժողովներ հաճախելուց, շատ երեխաներ ծնողների հետ միասին մասնակցում են Թագավորության բարի լուրի քարոզչությանը (Մատթ. 24։14)։ Ամեն տարի հազարավոր երեխաներ են մկրտվում։ Այդպիսով նրանք ցույց են տալիս իրենց սերը Եհովայի հանդեպ։ Դառնալով Քրիստոսի հետևորդներ՝ նրանք բազում օրհնություններ են վայելում (Մատթ. 16։24; Մարկ. 10։29,30)։
«Յիշիր քո ստեղծողին». ո՞ր տարիքում
4. Ո՞ր տարիքից երեխան կարող է ծառայել Եհովային։
4 Ժողովող 12։1–ը հորդորում է. «Յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը»։ Երեխանե՛ր, իսկ ո՞ր տարիքում կարող եք ընդունել այս ջերմ հրավերն ու սկսել ծառայել Եհովային։ Աստվածաշունչը որևէ տարիք չի սահմանում։ Ուստի մի՛ հապաղեք՝ կարծելով, թե դեռ փոքր եք Եհովային ծառայելու համար։ Անկախ այն բանից, թե քանի տարեկան եք, ընդունե՛ք նրա հրավերը։
5. Ինչպե՞ս են ծնողներն օգնում երեխաներին հոգևորապես առաջադիմելու։
5 Շատերդ հոգևորապես առաջադիմել եք ձեր ծնողների շնորհիվ։ Այս առումով դուք նման եք Տիմոթեոսին։ Նրա մայրը՝ Եվնիկեն, և տատը՝ Լոիդան, սովորեցնում էին Սուրբ Գրությունները, երբ նա դեռ մանուկ էր (2 Տիմոթ. 3։14, 15)։ Հավանաբար ծնողներդ էլ են քեզ այդպես կրթում։ Նրանք քեզ հետ աղոթում են և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնում, տանում են ժողովի հանդիպումների, համաժողովների, ինչպես նաև ծառայության։ Ծնողներդ սովորեցնում են քեզ Աստծու մասին, քանի որ Եհովան է նրանց տվել այդ կարևոր հանձնարարությունը։ Գնահատո՞ւմ ես նրանց սերն ու հոգատարությունը (Առակ. 23։22)։
6. ա) Ըստ Սաղմոս 110։3–ի՝ ինչպե՞ս պետք է երկրպագենք Եհովային։ բ) Ի՞նչ ենք քննելու։
6 Եհովան ցանկանում է, որ դուք, Տիմոթեոսի նման, «հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմ. 12։2)։ Այդպես անելով՝ հոժարակամորեն կկատարեք Աստծու կամքը և ոչ թե միայն ծնողների ցանկությամբ, իսկ դա, ինչ խոսք, կհաճեցնի Եհովային (Սաղ. 110։3)։ Սակայն ի՞նչ կարող ես անել, որ Աստծուն ծառայելու և նրա առաջնորդությանը հետևելու ցանկությունդ չմարի։ Հարկավոր է ուսումնասիրել Աստվածաշունչը, աղոթել և պատշաճ վարք դրսևորել։ Քննենք այս երեք կարևոր միջոցները առանձին–առանձին։
Ճանաչիր Եհովային
7. Ո՞ր հարցում է Հիսուսը լավ օրինակ թողել, և ովքե՞ր էին օգնել նրան։
7 Եհովային սրտանց ծառայելու համար նախ հարկավոր է ամեն օր կարդալ Աստվածաշունչը։ Դրա շնորհիվ անգին գիտելիքներ կստանաս և կբավարարես հոգևոր կարիքներդ (Մատթ. 5։3)։ Այս հարցում լավ օրինակ է թողել Հիսուսը։ Մի անգամ, երբ 12 տարեկան էր, ծնողները գտան նրան տաճարում։ Ի՞նչ էր նա այնտեղ անում։ «Ուսուցիչների մեջ նստած՝ լսում ու հարցեր էր տալիս» (Ղուկ. 2։44–46)։ Փաստորեն, Հիսուսը դեռ մանկուց սեր էր զարգացրել Աստծու խոսքի հանդեպ և սուրբգրային լավ գիտելիքներ ուներ։ Այս հարցում, անկասկած, կարևոր դեր էին խաղացել նրա ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը։ Լինելով Եհովայի ծառաներ՝ նրանք Հիսուսին ծնված օրվանից սովորեցրել էին Աստծու մասին (Մատթ. 1։18–20; Ղուկ. 2։41, 51)։
8. ա) Ե՞րբ պետք է ծնողները իրենց երեխաների սրտում սեր զարգացնեն Աստծու Խոսքի հանդեպ։ բ) Պատմիր մի օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչ օգուտներ են քաղում երեխաները մանկուց կրթվելու շնորհիվ։
8 Աստվածավախ ծնողները հասկանում են, թե որքան կարևոր է ջանք թափել, որ երեխաները դեռ մանկուց սիրեն Աստծու Խոսքը (Բ Օրին. 6։6–9)։ Մեր քույրերից մեկը՝ Ռուբին, հասկացել էր դրա կարևորությունը։ Երբ ծնվեց նրա առաջին որդին՝ Ջոզեֆը, նա իր մանկիկի համար ամեն օր սկսեց ընթերցել «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։ Իսկ երբ փոքրիկը մի քիչ մեծացավ, Ռուբին նրան աստվածաշնչյան տարբեր համարներ սովորեցրեց։ Ի՞նչ արդյունքներ բերեց մոր տված կրթությունը։ Շուտով Ջոզեֆն արդեն կարողանում էր պատմել բազմաթիվ աստվածաշնչյան պատմություններ։ Իսկ հինգ տարեկանում նա ներկայացրեց իր առաջին ելույթը Աստվածապետական ծառայության դպրոցում։
9. Ինչո՞ւ է կարևոր ընթերցել Աստվածաշունչն ու խորհրդածել կարդացածի շուրջ։
9 Որպեսզի քո հոգևոր աճը չկանգնի, պետք է ձգտես ամեն օր կարդալ Աստվածաշունչը և այդ սովորությունը պահես ամբողջ կյանքում (Սաղ. 71։17)։ Իսկ ինչպե՞ս դա կարող է նպաստել քո հոգևոր առաջադիմությանը։ Ահա թե մի անգամ ինչ ասաց Հիսուսը իր Հորն աղոթելիս. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն» (Հովհ. 17։3)։ Որքան ավելացնես քո գիտելիքները Եհովայի մասին, այնքան ավելի իրական կլինի նա քեզ համար, և քո սերը նրա հանդեպ կաճի (Եբր. 11։27)։ Աստվածաշունչն ընթերցելիս հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ եմ սովորում այս դրվագից Եհովայի մասին։ Ինչպե՞ս է այն ցույց տալիս, որ Աստված սիրում ու հոգ է տանում իմ մասին»։ Այս հարցերի շուրջ խորհրդածելը կօգնի քեզ հասկանալու Եհովայի մտածելակերպը, զգացմունքները, ինչպես նաև պահանջները (կարդա՛ Առակաց 2։1–5)։ Տիմոթեոսի նման՝ դու «կհամոզվես», որ քո սովորածը ճշմարտություն է, և կմղվես ծառայելու Եհովային հոժարակամորեն (2 Տիմոթ. 3։14)։
Աղոթքի դերը
10, 11. Ի՞նչը կօգնի քեզ սրտանց կատարելու Եհովայի կամքը։
10 Երկրորդ միջոցը, որը կօգնի քեզ սրտանց կատարելու Եհովայի կամքը, աղոթքն է։ Սաղմոս 65։2–ում կարդում ենք. «Դու լսում ես աղօթք. ամեն մարմին քեզ մօտ է գալիս»։ Մենք գիտենք, որ Եհովան իսրայելացիների հետ էր ուխտ կապել, սակայն նրան կարող էին աղոթել նաև օտարականները (Գ Թագ. 8։41,42)։ Սա ցույց է տալիս, որ Աստված անաչառ է։ Նա լսում է բոլոր այն մարդկանց աղոթքները, ովքեր կատարում են իր կամքը (Առակ. 15։8)։ Այո՛, Եհովային կարող է աղոթել «ամեն մարմին», այդ թվում նաև դուք, երեխանե՛ր։
11 Հայտնի է, որ լավ ընկերության հիմքում ընկած է բաց հաղորդակցությունը։ Հավանաբար դու էլ մտերիմ ընկերոջդ հաճույքով ես պատմում քո սրտում ու մտքում եղածը, խոսում քեզ անհանգստացնող բաների մասին։ Նույնը կարելի է ասել մեր Արարչի հետ մտերմանալու վերաբերյալ։ Զրուցի՛ր նրա հետ աղոթքի միջոցով (Փիլիպ. 4։6, 7)։ Բացի՛ր քո սիրտը Եհովայի առաջ, ինչպես հոգատար ծնողի կամ մտերիմ ընկերոջ առաջ կբացեիր։ Անհատի աղոթքներից երևում է, թե ինչ փոխհարաբերություններ նա ունի Աստծու հետ։ Ուստի որքան շատ մտերմանաս Եհովայի հետ, այդքան ավելի իմաստալից կդառնան աղոթքներդ։
12. ա) Ինչպիսի՞ն է իմաստալից աղոթքը։ բ) Ի՞նչը կօգնի հասկանալու, որ Եհովան քեզ հետ է։
12 Հիշիր՝ իմաստալից աղոթքը պարզապես բառերի շարան չէ։ Ուստի աղոթքներիդ մեջ արտահայտիր քո զգացմունքները, ջերմ սերը, խոր հարգանքն ու վստահությունը մեր սիրելի Հոր հանդեպ։ Երբ ստանաս աղոթքիդ պատասխանը, ավելի լավ կհասկանաս, որ «Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին» (Սաղ. 145։18)։ Եհովան կմտերմանա քեզ հետ, կզորացնի, որպեսզի կարողանաս հակառակվել Սատանային, և կօգնի ճիշտ որոշումներ կայացնելու (կարդա՛ Հակոբոս 4։7, 8)։
13. ա) Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններն ինչպե՞ս օգնեցին մի քրոջ։ բ) Աստծու հետ ընկերությունն ինչպե՞ս է օգնում քեզ դիմադրելու հասակակիցների ճնշմանը։
13 Տեսնենք, թե Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերությունները ինչպես օգնեցին Շերիին։ Բարձր դասարաններում նրան պարգևատրեցին լավ սովորելու և սպորտի ոլորտում հիանալի ցուցանիշներ ունենալու համար։ Դպրոցն ավարտելուց հետո այդ քույրը հրավիրվեց անվճար սովորելու բարձրագույն ուսումնական հաստատությունում։ «Այդ առաջարկը շատ գայթակղիչ էր,— պատմում է Շերին,— մարզիչներս ու դասընկերներս համոզում էին, որ համաձայնվեմ»։ Սակայն քույրը հասկանում էր, որ շարունակելով ուսումը՝ ստիպված կլինի իր ժամանակը ծախսել դասերի ու մարզումների վրա և չի կարողանա շատ ծառայել։ Նա շարունակում է. «Ես աղոթեցի Եհովային ու որոշեցի հրաժարվել առաջարկից։ Հետո ռահվիրայություն սկսեցի»։ Շերին այդ ծառայության մեջ է արդեն հինգ տարի։ «Ես չեմ փոշմանել, ընդհակառակը՝ շատ երջանիկ եմ, որ իմ որոշմամբ հաճեցրի Եհովային։ Իսկապես, եթե Թագավորությունը առաջին տեղում ես դնում, մյուս բոլոր բաները տրվում են քեզ» (Մատթ. 6։33)։
Լավ վարք ունեցիր
14. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան նկատում է քո լավ վարքը։
14 Երրորդ միջոցը, որը կօգնի քեզ սրտանց կատարելու Եհովայի կամքը, քո վարքն է։ Աստված օրհնում է այն երեխաներին, ովքեր պահպանում են իրենց բարոյական մաքրությունը (կարդա՛ Սաղմոս 24։3–5)։ Հիշենք փոքրիկ Սամուելին։ Նա չընդօրինակեց Հեղի քահանայապետի որդիներին, ովքեր անբարոյություն էին գործում։ Սամուելի լավ վարքն աննկատ չմնաց։ Աստվածաշնչում կարդում ենք. «Եւ Սամուէլ մանուկը օրէցօր մեծանում էր, եւ հաճելի էր թէ Տիրոջը եւ թէ մարդկանցը» (Ա Թագ. 2։26)։
15. Ինչո՞ւ պետք է լավ վարք դրսևորեք։
15 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ անձնասեր են, գոռոզ, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, դաժան, հպարտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր (2 Տիմոթ. 3։1–5)։ Եվ սրանք Պողոս առաքյալի թվարկած հատկություններից ընդամենը մի քանիսն են, որ դրսևորում են մարդիկ մեր օրերում։ Հստակ է, ուրեմն, որ ձեզ համար, սիրելի՛ երեխաներ, օրինակելի վարք դրսևորելը իսկական պայքար է։ Սակայն մի՛ հանձնվեք։ Դիմադրե՛ք սխալ գործելու ցանկությանը։ Այդպես վարվելով՝ կփաստեք, որ վիճաբանական հարցում Եհովայի կողմն եք դիրք բռնում (Յոբ 2։3, 4)։ Դուք մեծ բավարարվածություն կստանաք այն բանի գիտակցումից, որ արձագանքում եք Եհովայի ջերմ հորդորին. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին» (Առակ. 27։11)։ Ավելին, իմանալով, որ արժանացել եք Աստծու հավանությանը՝ կմղվեք ամբողջ սրտով ծառայելու նրան։
16. Ինչպե՞ս մի քույր ուրախացրեց Եհովայի սիրտը։
16 Դպրոցական տարիքում Քերըլը հաճախ ծաղրանքների էր ենթարկվում դասընկերների կողմից, քանի որ նրա խիղճը թույլ չէր տալիս մասնակցել որոշ տոնակատարությունների և ազգը փառաբանող արարողությունների։ Այդուհանդերձ, նա այդ առիթները օգտագործում էր, որ պատմի իր համոզմունքների մասին։ Քերըլը շարունակում էր պահել աստվածաշնչյան սկզբունքները և լավ վարք դրսևորել։ Դա ապարդյուն չանցավ։ Տարիներ անց դասընկերուհիներից մեկը Քերըլին մի բացիկ գրեց, որում ասվում էր. «Միշտ ցանկացել եմ գտնել քեզ ու շնորհակալություն հայտնել։ Դու առաջին Եհովայի վկան ես, որին հանդիպել եմ։ Դպրոցական տարիների ընթացքում դրսևորած լավ վարքդ ու քաջությունդ աննկատ չեն մնացել»։ Քերըլի օրինակն այնքան էր տպավորել դասընկերուհուն, որ վերջինս հետագայում սկսել էր ուսումնասիրել Աստվածաշունչը ու մկտրվել էր։ Այդ բացիկում նա գրել էր, որ արդեն քառասուն տարի է, ինչ Եհովայի վկա է։ Երեխանե՛ր, դուք էլ Քերըլի պես կարող եք համարձակորեն կիրառել Աստվածաշնչի սկզբունքները։ Գուցե ձեզ էլ հաջողվի օգնել որևէ ազնվասիրտ անհատի ճանաչելու Եհովային։
Երեխանե՛ր, փառաբանեք Եհովային
17, 18. ա) Ի՞նչ զգացումներով ես պարուրվում, երբ խորհում ես ձեր ժողովի երեխաների մասին։ բ) Ի՞նչ ապագա է սպասում աստվածավախ երեխաներին։
17 Որքա՜ն ուրախալի է տեսնել, որ ամբողջ աշխարհում Եհովայի կազմակերպության մեջ կան հազարավոր երեխաներ, ովքեր նախանձախնդրորեն երկրպագում են Աստծուն։ Եհովային ծառայելու իրենց ցանկությունը երբեք չի մարում, քանի որ ամեն օր կարդում են Գրությունները, աղոթում են և իրենց վարքը ներդաշնակեցնում են Եհովայի կամքին։ Այսպիսի երեխաները ուրախության աղբյուր են իրենց ծնողների և Աստծու բոլոր ծառաների համար (Առակ. 23։24, 25)։
18 Շարունակելով խորացնել իրենց գնահատանքը Արարչի հանդեպ՝ այդ երեխաները անպատմելի օրհնություններ կստանան։ Նրանք կլինեն այն մարդկանց մեջ, ովքեր կժառանգեն Աստծու խոստացած նոր աշխարհը, և հնարավորություն կունենան գովաբանելու Եհովային հավիտյան (Հայտն. 7։9, 14; Սաղ. 148։12, 13)։
Ինչպե՞ս կբացատրես
• Ինչպե՞ս կարող են երեխաները թիկունք կանգնել ճշմարիտ երկրպագությանը։
• Ինչո՞ւ է անհրաժեշտ խորհրդածել Աստվածաշունչն ընթերցելիս։
• Ինչպե՞ս է աղոթքն օգնում մտերմանալու Եհովայի հետ։
• Ի՞նչ արդյունքներ կարող է բերել աստվածավախ վարքը։
[Նկար 5–րդ էջի վրա]
Ամեն օր ընթերցո՞ւմ ես Աստվածաշունչը