Մոտեցեք Աստծուն
Երբ «կոտրուած ու փշրուած սիրտը» ներում է փնտրում
ԲՈԼՈՐՍ էլ հաճախ ենք մեղք գործում։ Անկախ նրանից՝ որքան ենք զղջում, գուցե մտածենք. «Արդյոք Աստված լսո՞ւմ է իմ անկեղծ, զղջամիտ աղոթքները։ Կների՞ ինձ նա»։ Աստվածաշունչը հետևյալ մխիթարական ճշմարտությունն է սովորեցնում. թեև Եհովան չի արդարացնում մեղքը, նա պատրաստ է ներելու զղջացող մեղավորին։ Բ Թագաւորաց 12–րդ գլխում արձանագրված է Իսրայելի Դավիթ թագավորի մասին պատմությունը, ում հանդեպ Եհովան վարվեց այս ճշմարտության համաձայն։
Տեսնենք, թե ինչ է պատահել։ Դավիթը լուրջ մեղքեր է գործել։ Նա շնացել է Բերսաբեի հետ։ Եվ երբ իր մեղքը ծածկելու փորձերը ձախողվել են, կազմակերպել է այդ կնոջ ամուսնու սպանությունը։ Դավիթը գաղտնի է պահել իր արարքը և անմեղ ձևացել ամիսներ շարունակ։ Սակայն Եհովան ամեն ինչ տեսել է, նա գիտի Դավթի մեղքի մասին, գիտի նաև, որ Դավիթը կզղջա (Առակաց 17։3)։ Ի՞նչ է անելու Եհովան։
Նա Դավթի մոտ է ուղարկում Նաթան մարգարեին (համար 1)։ Առաջնորդվելով սուրբ ոգով՝ Նաթանը նրբանկատություն է դրսևորում՝ հասկանալով, որ պետք է զգուշորեն ընտրի բառերը։ Սակայն ինչպե՞ս է մարգարեն օգնելու թագավորին գիտակցել, որ վերջինս խաբում է ինքն իրեն, և հասկանալ, թե որքան ծանր մեղք է գործել։
Որպեսզի Դավիթն անմիջապես չսկսի արդարանալ, Նաթանը մի պատմություն է պատմում, որը, վստահաբար, կհասնի նախկին հովվի սրտին։ Այն երկու մարդու մասին է, որոնցից մեկը հարուստ է, իսկ մյուսն աղքատ։ Հարուստ մարդը «շատ հօտեր եւ արջառներ ունի», իսկ աղքատ մարդը՝ ընդամենը «մի էգ գառնուկ»։ Օրերից մի օր հարուստ մարդու մոտ հյուր է գալիս, և նա ընթրիքի պատրաստություն է տեսնում։ Սակայն իր ոչխարը մորթելու փոխարեն՝ վերցնում է աղքատ մարդու գառնուկը։ Հավանաբար Դավիթը մտածում է, թե այդ պատմությունը իրական է, ուստի շատ է բարկանում և իր բերանով սեփական դատավճիռն է կայացնում. «Այդ բանն անող մարդը մահի որդի է.... որովհետեւ գութ չ’ունեցաւ»,— բացականչում է նաa (համարներ 2–6)։
Նաթանի առակը հասնում է իր նպատակին։ Դավիթը դատապարտում է ինքն իրեն։ Այդ ժամանակ էլ մարգարեն նրան բացահայտ ասում է. «Այն մարդը դու ես» (համար 7)։ Քանի որ Նաթանը խոսում է Աստծու անունից, իր ասածները արտացոլում են Եհովայի զգացմունքները, և նրա խոսքերից երևում է, որ Դավիթը վիրավորել է Աստծուն։ Խախտելով Աստծու օրենքները՝ Դավիթը անարգել է Օրենսդրին։ Աստված ասում է թագավորին. «Անարգեցիր ինձ» (համար 10)։ Դավթի սիրտը կտոր–կտոր է լինում. «Մեղանչել եմ Տիրոջ դէմ»,— խոստովանում է նա։ Նաթանը վստահեցնում է Դավթին, որ Եհովան ներել է իրեն, բայց թագավորը դեռ պիտի կրի իր արարքների հետևանքները (համարներ 13, 14)։
Երբ Դավթի մեղքը բացահայտվեց, նա գրեց մեզ հայտնի 51–րդ սաղմոսը։ Այդ սաղմոսում նա իր սիրտը բացեց՝ ցույց տալով, որ խորապես զղջում է։ Փաստորեն, մեղք գործելով՝ Դավիթն արհամարհել էր Եհովային։ Բայց երբ զգացել էր, որ Աստված ներել է իրեն, գրել էր հետևյալ խոսքերը. «Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած» (Սաղմոս 51։17)։ Անշուշտ, այս խոսքերը կջերմացնեն զղջացող անհատի սիրտը, որը փնտրում է Եհովայի ողորմությունը։
[ծանոթագրություն]
a Հյուրի համար գառնուկ մորթելը հյուրասիրության նշան էր։ Սակայն գառնուկ գողանալը հանցագործություն էր, որի համար գողացողը որպես պատիժ քառապատիկ պիտի հատուցեր (Ելից 22։1)։ Դավթի կարծիքով՝ հարուստ մարդը անգթորեն է վարվել։ Իրականում վերջինս խլել է աղքատ մարդու անասունը, որի միջոցով նա հոգ էր տանում իր ընտանիքին, քանի որ այդ անասունը կաթ և բուրդ էր տալիս։ Հետագայում գուցե այդ գառնուկի շնորհիվ նա ոչխարի հոտ էլ ունենար։