Աշխարհի վերջի մասին չորս կարևոր հարցեր
ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ կանխագուշակեց «վերջի» մասին։ Այդ «վերջին» նախորդող օրերը նկարագրելով՝ նա ասաց. «Այն ժամանակ մեծ նեղություն կլինի, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի» (Մատթեոս 24։14, 21)։
«Վերջի» մասին Հիսուսի խոսքերը և Աստվածաշնչից այլ հատվածներ մի շարք կարևոր հարցեր են առաջ բերում։ Բացիր քո Աստվածաշունչը և տես, թե ինչպես է այն պատասխանում այդ հարցերին։
1 Ինչի՞ վերջն է լինելու
Աստվածաշունչը չի սովորեցնում, թե Երկիր մոլորակը կործանվելու է։ «[Աստված] հաստատեց երկիրն իր հիմունքի վերայ,— գրել է սաղմոսերգուն,— որ տեղիցը չ’շարժուի բնաւ եւ յաւիտեան» (Սաղմոս 104։5)։ Աստվածաշունչը նաև չի սովորեցնում, թե ամեն ինչ այրվելու է և կյանքը վերանալու է երկրի երեսից (Եսայիա 45։18)։ Հիսուսը նշեց, որ մարդկանցից ոմանք փրկվելու են (Մատթեոս 24։21, 22)։ Այդ դեպքում ի՞նչ է ասում Աստվածաշունչը, ինչի՞ վերջն է լինելու։
Վերանալու են մարդկային կառավարությունները։ Աստծու կողմից ներշնչված՝ Դանիել մարգարեն գրեց. «Երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։
Դադարելու են պատերազմները, և երկիրն այլևս չի ապականվելու։ Այն մասին, թե Աստված ինչ է անելու, Սաղմոս 46։9-ում կարդում ենք. «[Աստված] դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը. փշրում է աղեղները, կոտրատում է նիզակները, եւ կառքերը այրում է կրակով»։ Աստվածաշունչը նաև հայտնում է, որ Աստված «կործանելու է նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։
Վերանալու է հանցագործությունն ու անարդարությունը։ Աստված խոստանում է. «Ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կ’մնան նորանում։ Իսկ անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից»a (Առակաց 2։21, 22)։
2 Ե՞րբ է լինելու վերջը
Եհովա Աստված նշանակել է այն ժամանակը, երբ վերացնելու է անօրենությունը և հաստատելու է իր Թագավորությունը (Մարկոս 13։33)։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ չենք կարող հաշվել և կոնկրետ իմանալ, թե որ օրն է լինելու «վերջը»։ Հիսուսն ասաց. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը գիտի» (Մատթեոս 24։36)։ Բայց Հիսուսն ու իր աշակերտները կանխագուշակեցին, թե ինչ իրավիճակներ են տիրելու և ինչ դեպքեր են տեղի ունենալու երկրի վրա, նախքան Աստված կբերի այդ «վերջը»։ Երբ այդ բոլորը կատարվեն միևնույն ժամանակաշրջանում և ամբողջ աշխարհի մասշտաբով, դա կնշանակի, որ «վերջը» շատ մոտ է։ Տեսնենք, թե ինչ են նրանք կանխագուշակել։
Քաղաքականության, շրջակա միջավայրի և հասարակության մեջ աննախադեպ չափերի հասնող բացասական փոփոխություններ են լինում։ Աշխարհի վերջի մասին աշակերտների տված հարցին Հիսուսը պատասխանեց. «Ազգը ազգի դեմ դուրս կգա, և թագավորությունը՝ թագավորության դեմ, տեղ-տեղ երկրաշարժեր և սովեր կլինեն։ Սրանք ցավերի սկիզբն են» (Մարկոս 13։8)։ Իսկ Պողոս առաքյալը գրեց. «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու։ Որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անհավատարիմ, բնական կապվածություն չունեցող, համաձայնության չեկող, զրպարտող, ինքնատիրապետում չունեցող, դաժան, բարեգործություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր» (2 Տիմոթեոս 3։1–5)։
Ամբողջ աշխարհում Աստծու Թագավորության բարի լուրն է քարոզվում։ Հիսուսն ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։
3 Ի՞նչ է լինելու դրանից հետո
Աստվածաշնչում չի խոսվում այն մասին, թե բոլոր բարի մարդիկ պետք է վերցվեն երկրից և հավիտյան ապրեն երկնքում, այլ սովորեցնում է, որ իրագործվելու է մարդկության առնչությամբ Աստծու սկզբնական նպատակը։ Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր հեզ են, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթեոս 5։5; 6։9, 10)։ Իսկ նրանք, ովքեր մահացել են կամ գուցե մահանան նախքան Հիսուսի կանխագուշակած «վերջը», Աստծու խոստման համաձայն՝ հարություն կառնեն (Յոբ 14։14, 15; Հովհաննես 5։28, 29)։
Հիսուսը երկնքից կիշխի որպես Աստծու Թագավորության Թագավոր։ «Ես տեսնում էի գիշերուայ տեսիլքներում,— գրեց Դանիել մարգարեն,— եւ ահա երկնքի ամպերով գալիս էր մարդի որդիի նման [հարություն առած Հիսուսը], եւ մինչեւ Հինաւուրցը [Եհովան] եկաւ, եւ նորա առաջին մոտեցրին նորան։ Եւ նորան [Հիսուսին] տրուեցաւ իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն. նորա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնիլ եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ» (Դանիէլ 7։13, 14; Ղուկաս 1։31, 32; Հովհաննես 3։13–16)։
Աստծու Թագավորության հպատակները կատարյալ առողջություն կունենան և հավիտյան ու ապահով կապրեն։ Եսայիա մարգարեն գրեց. «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն եւ նորանց պտուղն ուտեն։ Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ» (Եսայիա 65։21–23)։ Այդ ժամանակների մասին Հովհաննես առաքյալը գրեց. «Ահա Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ, և նրանք կլինեն նրա ժողովուրդը։ Եվ ինքը Աստված նրանց հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։3, 4)։
4 Ի՞նչ պետք է անես, որպեսզի փրկվես
Պետրոս առաքյալը նշեց, որ վերջին օրերում ծաղրողներ են լինելու, ովքեր անհեթեթ են համարելու այն միտքը, որ Աստված միջամտելու է մարդկանց գործերին ու վերացնելու է անօրենությունը երկրի երեսից (2 Պետրոս 3։3, 4)։ Ուստի Պետրոսը մեր օրերի մարդկանց հորդորում է հետևյալ քայլերը ձեռք առնել։
Դասեր քաղել անցյալից։ Պետրոսը գրեց, որ Աստված «ետ չկանգնեց վաղեմի աշխարհը պատժելուց, այլ Նոյին՝ արդարության քարոզչին, ուրիշ յոթի հետ պահպանեց, երբ անաստված մարդկանց աշխարհի վրա ջրհեղեղ բերեց» (2 Պետրոս 2։5)։ Իսկ ծաղրողների մասին նա ասաց. «Իրենց ցանկության համաձայն՝ նրանք անուշադրության են մատնում այն փաստը, որ վաղուց ի վեր կային երկինքներ և երկիր, որը խիտ զանգվածով կանգնած էր ջրերից դուրս և ջրերի մեջտեղը՝ Աստծու խոսքով, և որոնց միջոցով այն ժամանակվա աշխարհը կործանվեց, երբ ջրերով հեղեղվեց։ Իսկ այժմյան երկինքներն ու երկիրըb նույն խոսքով պահվում են կրակի համար և պահպանվում են մինչև դատաստանի ու ամբարիշտ մարդկանց կործանման օրը» (2 Պետրոս 3։5–7)։
Ապրել Աստծու սահմանած բարոյական չափանիշների համաձայն։ Պետրոսը նաև նշեց, որ ովքեր ցանկանում են փրկվել, պետք է «սուրբ վարքին բնորոշ արարքներ և աստվածանվեր գործեր» կատարեն (2 Պետրոս 3։11)։ Նա իր խոսքերում ընդգծում է «սուրբ վարքին բնորոշ արարքների» և «աստվածանվեր գործերի» կարևորությունը։ Փաստորեն, ավելին է հարկավոր անել, քան պարզապես ասել՝ «հավատում եմ Աստծուն», կամ վերջին րոպեին փորձել Աստծու հետ փոխհարաբերությունները լավացնել։
Ո՞ր գործերն ու արարքներն են Աստծուն հաճելի։ Կարող ես քո իմացածը համեմատել այն բանի հետ, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում այս հարցի վերաբերյալ։ Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն քեզ։ Խնդրիր նրանց, որ Աստվածաշնչով հիմնավորեն իրենց պատասխանները։ Այդ ժամանակ ապագան այլևս քեզ չի վախեցնի, և դու ավելի մեծ համարձակությամբ ու վստահությամբ կդիմավորես այն։
[Ծանոթագրություններ]
a Տե՛ս նաև «Արդյոք բոլորը հնարավորություն ունե՞ն ճանաչելու և սիրելու Աստծուն» հոդվածը, էջ 22։
b Այստեղ «երկիր» բառը փոխաբերական իմաստ ունի։ Մովսեսը նույնպես օգտագործեց «երկիր» բառն այդ իմաստով, երբ գրեց. «Բոլոր երկիրը մէկ լեզու եւ մէկ խօսուածք էր» (Ծննդոց 11։1)։ Ինչպես որ բառացի երկիրը չէր կարող մեկ լեզվով խոսել, այնպես էլ բառացի երկիրը չէ, որ պետք է կործանվի։ Պետրոսը նկատի ուներ, որ անօրեն մարդիկ են կործանվելու։
[Մեջբերում 7–րդ էջի վրա]
Երկիրը երբեք չի կործանվի։ Կկործանվեն նրանք, ովքեր ապականում են այն