Մեր ընթերցողները հարցնում Են
Որտեղի՞ց Կայենը կին գտավ իր համար
▪ «Եթե Ադամն ու Եվան ունեին ընդամենը երկու որդի՝ Կայենն ու Աբելը, ուրեմն որտեղի՞ց հայտնվեց Կայենի կինը»։ Այս հարցը հաճախ առաջ են քաշում սկեպտիկները, մինչդեռ Աստվածաշունչը ունի հստակ պատասխան։
Նախ քննենք «Ծննդոց» գրքի 3-րդ և 4-րդ գլուխներում արձանագրված տեղեկությունները։ 1) Եվան «բոլոր ապրողների մայրն» էր։ 2) Կայենի ծնվելուց հետո որոշ ժամանակ էր անցել, երբ նա զոհ մատուցեց Աստծուն և ապա մերժվեց նրա կողմից։ 3) Այնուհետև նա դարձավ «թափառական և վտարանդի»՝ վախենալով, որ «իրեն հանդիպողը» կսպանի իրեն։ 4) Եհովան Կայենին պաշտպանելու համար նշան դրեց նրա վրա, որպեսզի իր հարազատներից որևէ մեկը չսպանի նրան։ 5) «Դրանից հետո» «Նայիդ երկրում» Կայենը հարաբերություն ունեցավ իր կնոջ հետ (Ծննդոց 3։20; 4։3, 12, 14–17)։
Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Կայենի կինը սերել է Եվայից, սակայն մեզ հայտնի չէ, թե երբ է նա ծնվել։ Ծննդոց 5։4 համարում նշվում է, որ Ադամը իր կյանքի 930 տարիների ընթացքում «որդիներ ու աղջիկներ» ունեցավ։ Աստվածաշունչը կոնկրետ չի ասում, որ Կայենի կինը Եվայի դուստրն էր։ Քանի որ Կայենի վտարումից հետո բավական ժամանակ էր անցել, այդ կինը կարող էր լինել նույնիսկ Ադամի ու Եվայի թոռնուհիներից մեկը։ Ամեն դեպքում, ինչպես ցույց է տալիս Հին Կտակարանի արձանագրությունը, Կայենի կինը Ադամի ժառանգներից էր։
19-րդ դարի աստվածաշնչագետ Ադամ Քլարկը ենթադրում է, որ Աստված նշան դրեց Կայենի վրա նրա վախի պատճառով, քանի որ երկրի վրա Ադամի ժառանգներից մի քանի սերունդներ էին ապրում։ Նրանք այնքան շատ էին, որ կարող էին «մի քանի գյուղ զբաղեցնել»։
Սակայն որոշ հասարակություններում պարզապես անընդունելի է, որ Կայենը ամուսնացավ իր քրոջ կամ Ադամի թոռնուհիներից մեկի հետ։ Գուցե պատճառն այն է, որ նման ամուսնությունները արգելված են իրենց մշակույթում կամ էլ մարդիկ վախենում են, որ արդյունքում արատով երեխաներ կծնվեն։ Այս առնչությամբ Լագարտ Սմիթը գրում է. «Շատ հավանական է, որ սկզբում ընդունելի էր, երբ քույր ու եղբայր իրար հետ էին ամուսնանում, ինչը, սակայն, նրանց հետագա սերունդների համար անընդունելի դարձավ» (The Narrated Bible in Chronological Order)։ Նման ամուսնությունները արգելվեցին մ.թ.ա. 1513-ին, երբ Աստված Մովսեսի միջոցով իսրայելացիներին տվեց իր Օրենքը (Ղևտական 18։9, 17, 24)։
Այսօր մենք հազարամյակներով հեռացել ենք կատարելությունից, որ մի ժամանակ ունեին մեր նախածնողները։ Այն ազդեցությունը, որ գեները և ժառանգականությունը ունեն մեզ վրա, գուցե չունեին նրանց վրա։ Հետաքրքիր է, որ մի ամսագրում նշվում է վերջերս կատարված ուսումնասիրությունների մասին, որոնց համաձայն՝ այնքան էլ մեծ չէ հավանականությունը, որ զարմիկների ամուսնությունից ծնված երեխաները արատով կլինեն, ինչպես շատերն են կարծում (Journal of Genetic Counseling)։ Այդ դեպքում անտրամաբանական է մտածել, որ այս հարցը լուրջ անհանգստության պատճառ էր Ադամի և առավել ևս Նոյի օրերում։