Մենք անարատությա՛մբ ենք քայլելու
«Իսկ ես պիտի իմ անարատության մեջ քայլեմ» (ՍԱՂ. 26։11)։
1, 2. Ի՞նչ ասաց Հոբն իր անարատության մասին, և ի՞նչ է նրա մասին արձանագրված «Հոբ» գրքի 31-րդ գլխում։
ՀՆՈՒՄ ոսկին, արծաթը կամ մթերքը հաճախ կշռում էին լծակավոր կշեռքով։ Սովորաբար այն ունենում էր հորիզոնական լծակ, կամ՝ ձող, որի հենակետը գտնվում էր մեջտեղում։ Ձողի յուրաքանչյուր ծայրից մեկ նժար էր կախվում։ Օրինակ՝ կշեռքի մի նժարին դրվում էր ոսկին, իսկ մյուսին՝ կշռաքարը։ Հին ժամանակներում Աստծու ժողովրդին պատվեր էր տրվել արդար կշեռք և լիակշիռ կշռաքարեր օգտագործել (Առակ. 11։1)։
2 Երբ աստվածավախ Հոբը ենթարկվեց Սատանայի հարձակմանը, ասաց. «[Եհովան] ինձ ճշգրիտ կշեռքով կկշռի, և Աստված կիմանա իմ անարատությունը» (Հոբ 31։6)։ Հոբը մի քանի իրավիճակ նշեց, որոնք կարող էին անարատություն պահող մարդուն փորձության մեջ գցել։ Նա հաջողությամբ դուրս եկավ իր փորձությունից, ինչպես երևում է այն խոսքերից, որոնք արձանագրված են «Հոբ» գրքի 31-րդ գլխում։ Նրա հրաշալի օրինակը կարող է մղել մեզ նույն ձևով վարվելու և համոզվածությամբ ասելու սաղմոսերգու Դավթի խոսքերը. «Իսկ ես պիտի իմ անարատության մեջ քայլեմ» (Սաղ. 26։11)։
3. Ինչո՞ւ է կարևոր հավատարիմ մնալ Աստծուն թե՛ մեծ, թե՛ փոքր հարցերում։
3 Թեև Հոբը դաժան փորձությունների ենթարկվեց, նա հավատարիմ մնաց Աստծուն։ Ոմանք գուցե նույնիսկ հերոսություն համարեն այն, որ Հոբը անցավ այդ սարսափելի փորձությունների միջով և պահեց իր անարատությունը։ Ինչ խոսք, մեր փորձությունները չենք համեմատի Հոբի փորձությունների հետ։ Սակայն պետք է հավատարիմ մնանք Աստծուն թե՛ մեծ, թե՛ փոքր հարցերում, որպեսզի ցույց տանք, որ քայլում ենք անարատությամբ և թիկունք ենք կանգնում Եհովայի գերիշխանությանը (կարդա՛ Ղուկաս 16։10)։
Բարոյական անարատությունը անչափ կարևոր է
4, 5. Որպես անարատ մարդ՝ ինչպիսի՞ վարք չէր դրսևորում Հոբը։
4 Եհովայի հանդեպ մեր անարատությունը պահելու համար պետք է կառչենք նրա բարոյական չափանիշներից, ինչպես դա արեց Հոբը։ Նա ասաց. «Աչքերիս հետ ուխտ եմ կապել, ուստի ինչպե՞ս կարող էի անպատշաճ ուշադրություն դարձնել կույսին.... Եթե սիրտս հրապուրվել է որևէ կնոջով, և ես դարանամուտ եմ եղել ընկերոջս տան մուտքի մոտ, ապա թող իմ կինը ուրիշ մարդու համար աղա, և թող ուրիշ մարդիկ ծնկի գան նրա վրա» (Հոբ 31։1, 9, 10)։
5 Քանի որ Հոբը վճռել էր անարատություն պահել Աստծու հանդեպ, վավաշոտ հայացքով չէր նայում որևէ կնոջ։ Որպես ամուսնացած տղամարդ՝ նա ֆլիրտ չէր անում ամուրիների հետ և ռոմանտիկ հարաբերություններ չէր սկսում ամուսնացած կանանց հետ։ Լեռան քարոզում Հիսուսն ընդգծեց բարոյական մաքրության կարևորությունը, և անարատություն պահողները դա միշտ պիտի հիշեն (կարդա՛ Մատթեոս 5։27, 28)։
Երբեք մի՛ դիմիր խարդախության
6, 7. ա) Ինչպես որ Հոբի դեպքում էր, ի՞նչ է օգտագործում Աստված, որ ստուգի մեր անարատությունը։ բ) Ինչո՞ւ չպետք է լինենք խարդախ կամ խաբեբա։
6 Մենք չենք դիմի խարդախության, եթե ցանկանում ենք պահել մեր անարատությունը (կարդա՛ Առակներ 3։31–33)։ Հոբն ասաց. «Եթե քայլել եմ ստախոս մարդկանց հետ, և եթե ոտքս շտապում է խաբեության, ապա նա [Եհովան] ինձ ճշգրիտ կշեռքով կկշռի, և Աստված կիմանա իմ անարատությունը» (Հոբ 31։5, 6)։ Եհովան բոլոր մարդկանց կշռում է «ճշգրիտ կշեռքով»։ Ինչպես Հոբի դեպքում էր, Աստված օգտագործում է արդարության իր կատարյալ չափանիշը, որ կշռի մեր՝ նվիրված ծառաներիս անարատությունը։
7 Եթե դառնանք խարդախ կամ խաբեբա, չենք պահի Աստծու հանդեպ մեր անարատությունը։ Անարատություն պահողները «մերժել են ամոթալի ծածուկ բաները» և «խորամանկությամբ չեն քայլում» (2 Կորնթ. 4։1, 2)։ Իսկ եթե խոսքի մեջ ենք խարդախում կամ խարդախ քայլերի ենք դիմում և մեր պատճառով հավատակիցը օգնության համար աղաղակում է Աստծուն, ուրեմն դա շա՛տ վատ է։ «Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի, և նա պատասխան տվեց ինձ,— երգեց սաղմոսերգուն։— Ո՜վ Եհովա, ազատի՛ր իմ հոգին ստախոս շրթունքներից, նենգավոր լեզվից» (Սաղ. 120։1, 2)։ Լավ կլինի հիշել, որ Աստված տեսնում է, թե ինչ կա մեր սրտի խորքում, «քննում է սիրտն ու երիկամները», որպեսզի որոշի, թե արդյոք իսկապես անարատ ենք (Սաղ. 7։8, 9)։
Օրինակելի եղիր ուրիշների հետ փոխհարաբերություններում
8. Ինչպե՞ս էր Հոբը վերաբերվում ուրիշներին։
8 Անարատություն պահելու համար Հոբի նման պետք է լինենք արդար, խոնարհ և ուրիշների նկատմամբ ուշադիր։ Նա ասաց. «Եթե ես մերժել եմ արդարադատությունը իմ ծառայից կամ իմ աղախնից, երբ նրանք դատ են ունեցել իմ դեմ, ապա ի՞նչ կարող եմ անել, երբ Աստված վեր կենա, և ի՞նչ պատասխան կարող եմ տալ, երբ նա հաշիվ պահանջի։ Մի՞թե որովայնում ինձ Ստեղծողը նրան էլ չի ստեղծել, և մի՞թե Մեկը չէ, որ մեզ պատրաստել է արգանդում» (Հոբ 31։13–15)։
9. Ի՞նչ հատկություններ էր դրսևորում Հոբը իր ծառաների հանդեպ, և ինչպե՞ս մենք պետք է վարվենք։
9 Ակներևաբար, Հոբի օրերում դատական գործեր վարելը բարդ ընթացակարգ չէր։ Դրանք կարգուկանոնով էին քննվում, և նույնիսկ ծառաները կարող էին դիմել դատարան։ Հոբը արդար ու ողորմած էր իր ծառաների հանդեպ։ Եթե ուզում ենք քայլել անարատությամբ, ուրեմն պետք է այդպիսի հատկություններ դրսևորենք, հատկապես եթե քրիստոնեական ժողովում ծառայում ենք որպես երեց։
Եղիր առատաձեռն և ոչ թե ագահ
10, 11. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Հոբը առատաձեռն էր և օգնության ձեռք էր մեկնում ուրիշներին։ բ) Հոբ 31։16–25-ի խոսքերը աստվածաշնչյան ո՞ր խորհուրդներն են մեզ հիշեցնում։
10 Հոբը առատաձեռն էր և պատրաստ էր ուրիշներին օգնության ձեռք մեկնելու. նա եսասեր ու ագահ չէր։ Հոբն ասաց. «Եթե.... պատճառ եմ եղել, որ այրու աչքերը տկարանան, եթե իմ պատառը մենակ եմ կերել, մինչդեռ որբը չի կերել դրանից.... եթե տեսել եմ մեկին, որ մեռնում էր հագուստ չունենալու պատճառով.... եթե ձեռքիս շարժումով սպառնացել եմ որբին, երբ տեսնում էի, որ դարպասների մոտ իմ օգնության կարիքը կա, թող իմ թիակն ընկնի իմ ուսից, և թող իմ թևը կոտրվի բազկի ոսկորից»։ Հոբը նաև չէր պահի իր անարատությունը, եթե ոսկուն ասեր. «Դու ես իմ ապավինությունը» (Հոբ 31։16–25)։
11 Այս բանաստեղծական տողերը մեզ հիշեցնում են Հակոբոս աշակերտի խոսքերը. «Մեր Աստծու և Հոր տեսանկյունից՝ մաքուր ու անպիղծ երկրպագությունը սա է. հոգ տանել որբերին և այրիներին, երբ նեղության մեջ են, և անարատ մնալ աշխարհում» (Հակ. 1։27)։ Մենք կարող ենք նաև հիշել Հիսուսի նախազգուշացումը. «Աչալո՛ւրջ եղեք և զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից»։ Տեղին է հիշել նաև Հիսուսի պատմած առակը ագահ հարուստ մարդու մասին, որը «Աստծու աչքին հարուստ չէր» ու այդպես էլ մահացավ (Ղուկ. 12։15–21)։ Որպեսզի անարատ լինենք, չպետք է տրվենք ագահությանն ու ընչաքաղցությանը։ Ագահությունը կռապաշտություն է, քանի որ ագահ մարդը իր ուշադրությունը Եհովայի վրա կենտրոնացնելու փոխարեն՝ կենտրոնացնում է իր ցանկությունների վրա, և այդպիսով դրանք կուռք են դառնում իր համար (Կող. 3։5)։ Չենք կարող միաժամանակ լինել և՛ անարատ, և՛ ագահ։
Ամուր կառչիր ճշմարիտ երկրպագությանը
12, 13. Ի՞նչ օրինակ թողեց Հոբը՝ հեռու մնալով կռապաշտությունից։
12 Անարատություն պահողները չեն շեղվում ճշմարիտ երկրպագությունից։ Հոբը նույնպես չշեղվեց։ Ահա, թե ինչ ասաց նա. «Եթե տեսել եմ լույսը փայլելիս, կամ շքեղ լուսինը գնալիս, և եթե սիրտս գաղտնաբար հրապուրվել է, ու բերանս համբուրել է ձեռքս, դա նույնպես հանցանք կլիներ, որը դատավորների կողմից պետք է քննվեր, քանի որ ես ուրացած կլինեի ճշմարիտ Աստծուն, որ վերևում է» (Հոբ 31։26–28)։
13 Հոբը չէր երկրպագում անկենդան առարկաների։ Եթե նրա սիրտը գաղտնաբար հրապուրվեր՝ նայելով երկնային մարմիններին, օրինակ՝ լուսնին, և եթե նրա «բերանը համբուրեր ձեռքը»՝ հավանաբար որպես կռապաշտական արարք օդային համբույր ուղարկելով, նա կլիներ Աստծուն մերժող կռապաշտ (2 Օրենք 4։15, 19)։ Աստծու հանդեպ անարատություն պահելու համար մենք էլ պետք է հեռու մնանք ամեն տեսակ կռապաշտությունից (կարդա՛ 1 Հովհաննես 5։21)։
Մի՛ եղիր վրեժխնդիր և կեղծավոր
14. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հոբը չարակամ չէր։
14 Հոբը չարակամ ու դաժան չէր։ Նա գիտեր, որ այսպիսի հատկությունները ցույց չեն տա, որ նա անարատ մարդ է։ Հոբն ասաց. «Եթե ես ուրախացել եմ ինձ ուժգին ատողի ոչնչանալու վրա կամ էլ հրճվել եմ, երբ չարիքը նրա վրա է հասել... Ես թույլ չեմ տվել, որ քիմքս մեղք գործի, և անեծք չեմ խնդրել նրա հոգու դեմ» (Հոբ 31։29, 30)։
15. Ինչո՞ւ է սխալ ուրախանալ, երբ մեզ ատողին չարիք է պատահում։
15 Արդար Հոբը երբեք չէր ուրախանում, երբ իրեն ատողին չարիք էր պատահում։ Մի առակ, որը գրվեց ավելի ուշ, նախազգուշացնում է. «Երբ քո թշնամին ընկնի, մի՛ ուրախացիր, և երբ նա սայթաքի, թող քո սիրտը չցնծա, որ Եհովան չտեսնի դա, քանի որ նրա աչքին դա չարիք կլինի, ու նա իր բարկությունը հետ կդարձնի նրանից» (Առակ. 24։17, 18)։ Քանի որ Եհովան կարդում է սրտերը, նա տեսնում է, թե արդյոք թաքուն ուրախանում ենք ուրիշի դժբախտության վրա։ Եթե այո, վստահաբար, դա նրան դուր չի գալիս (Առակ. 17։5)։ Աստված համապատասխանաբար կվարվի մեզ հետ, քանի որ ասում է. «Վրեժխնդրությունն ու հատուցումը իմն են» (2 Օրենք 32։35)։
16. Եթե անգամ հարուստ չենք, ինչպե՞ս կարող ենք հյուրասեր լինել։
16 Հոբը հյուրասեր էր (Հոբ 31։31, 32)։ Թեև գուցե հարուստ չենք, կարող ենք «ձգտել հյուրասեր լինել» (Հռոմ. 12։13)։ Հիշենք, որ անպայման չէ՝ ճոխ սեղան գցենք, քանի որ «ավելի լավ է բանջարեղենով կերակուր՝ սիրո հետ մեկտեղ, քան պարարտ ցուլ՝ ատելության հետ միասին» (Առակ. 15։17)։ Մեզ նման անարատություն պահողների հետ սիրո մթնոլորտում մի կտոր հաց ուտելն էլ վայելքի և հոգևորապես թարմանալու առիթ է։
17. Ինչո՞ւ չպետք է թաքցնենք լուրջ մեղքը։
17 Քանի որ Հոբը կեղծավոր չէր, նրա հյուրասիրությունից օգտվելը, հավանաբար, հոգևորապես թարմացնող էր։ Նա առաջին դարի անաստված մարդկանց նման չէր, որոնք սողոսկում էին ժողով և «քծնում էին սեփական շահի համար» (Հուդա 3, 4, 16)։ Ոչ էլ ծածկում էր իր սխալները, կամ՝ «անօրենությունը իր ծոցում թաքցնում»՝ վախենալով այն արհամարհանքից, որին կարժանանար, եթե ուրիշներն իմանային դրանց մասին։ Հոբը ցանկանում էր, որ Աստված քննի իրեն, նա, ում կխոստովաներ իր արարքները (Հոբ 31։33–37)։ Եթե լուրջ մեղք ենք գործել, թող որ չթաքցնենք այն՝ փորձելով փրկել մեր հեղինակությունը։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ձգտում ենք պահել մեր անարատությունը. ընդունելով մեր սխալը, զղջալով, հոգևոր օգնության դիմելով և ուղղվելու համար ամեն բան անելով (Առակ. 28։13; Հակ. 5։13–15)։
Անարատ մարդը պատրաստ է դատաքննվելու
18, 19. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հոբը երբեք ոչ ոքի չէր շահագործել։ բ) Ի՞նչ էր Հոբը պատրաստ անելու, եթե ապացուցվեր, որ մեղավոր է։
18 Հոբը ազնիվ ու արդար էր, ուստի կարող էր ասել. «Եթե իմ հողը ընդդիմացել է ինձ և օգնության կանչել և իր ակոսների հետ լաց է եղել, եթե նրա պտուղը կերել եմ առանց փողի և այնպես արել, որ նրա տերերի հոգին ծանր հոգոց հանի, ապա ցորենի փոխարեն թող փշոտ մոլախոտ աճի, և գարու փոխարեն՝ հոտած որոմներ» (Հոբ 31։38–40)։ Հոբը չէր հափշտակում ուրիշների հողերը և չէր շահագործում աշխատողներին։ Նրա նման՝ մենք պետք է պահենք Եհովայի հանդեպ անարատությունը թե՛ մեծ, թե՛ փոքր բաներում։
19 Իր երեք ընկերների, այդ թվում նաև երիտասարդ Եղիուսի առջև Հոբը խոսեց իր ապրած կյանքի մասին։ Նա մարդկանց հրավիրել էր վկայություն տալու իր արարքների դեմ, որոնց տակ նա ասես «նշան» էր դրել (հավանաբար, դրանով հնում հաստատում էին որևէ իրավաբանական փաստաթուղթ)։ Եթե ապացուցվեր, որ Հոբը մեղավոր է, նա պատրաստ էր կրելու իր պատիժը։ Ուստի վերջինս ներկայացրեց իր գործը և սպասեց Աստծու դատավճռին։ Այսպես «Հոբի խոսքերը ավարտվեցին» (Հոբ 31։35, ծնթ., 40)։
Դու կարող ես պահել անարատությունդ
20, 21. ա) Ինչո՞ւ Հոբը կարողացավ անարատություն պահել։ բ) Ինչպե՞ս կարող ենք սեր զարգացնել Աստծու հանդեպ։
20 Հոբը կարողացավ պահել իր անարատությունը, քանի որ սիրում էր Աստծուն, և Եհովան էլ սիրում ու օգնում էր նրան։ Հոբն ասաց. «Կյանք ու սիրառատ բարություն [կամ՝ նվիրված սեր] շնորհեցիր ինձ [Եհո՛վա]. քո հոգատարությունը պահպանել է ոգիս» (Հոբ 10։12)։ Ավելին, նա սեր դրսևորեց ուրիշների հանդեպ՝ գիտակցելով, որ եթե որևէ մեկը չի ցուցաբերում նվիրված սեր, ուրեմն նա կթողնի Ամենակարողի հանդեպ վախը (Հոբ 6։14)։ Անարատություն պահողները սիրում են Աստծուն և մերձավորին (Մատթ. 22։37–40)։
21 Մենք կարող ենք սեր զարգացնել Աստծու հանդեպ, եթե ամեն օր կարդանք նրա Խոսքը և խորհրդածենք, թե ինչ է այն հայտնում նրա մասին։ Սրտաբուխ աղոթքով կարող ենք փառաբանել Եհովային և շնորհակալություն հայտնել մեր հանդեպ դրսևորած բարության համար (Փիլիպ. 4։6, 7)։ Կարող ենք գովերգել Եհովային և օգուտներ քաղել իր ժողովրդի հետ կանոնավորաբար շփվելուց (Եբր. 10։23–25)։ Աստծու հանդեպ մեր սերը նաև կավելանա, եթե մասնակցենք ծառայությանը և հռչակենք «նրա տված փրկության բարի լուրը» (Սաղ. 96։1–3)։ Այսպիսով կպահենք մեր անարատությունը, ինչպես պահեց սաղմոսերգուն, որը երգեց. «Ինձ համար բարի է Աստծուն մոտենալը։ Գերիշխան Տեր Եհովային իմ ապավենն եմ դարձրել» (Սաղ. 73։28)։
22, 23. Ի՞նչ նմանություն կա մեր՝ Եհովայի գերիշխանությանը թիկունք կանգնողներիս և վաղ շրջանի անարատություն պահողների գործունեության միջև։
22 Դարերի ընթացքում Եհովան անարատ մարդկանց տարբեր հանձնարարություններ է տվել։ Օրինակ՝ Նոյը տապան կառուցեց։ Նա նաև «արդարության քարոզիչ» էր (2 Պետ. 2։5)։ Հեսուն առաջնորդեց իսրայելացիներին Ավետյաց երկիր, սակայն դա հաջողվեց նրան միմիայն այն բանի շնորհիվ, որ կարդում էր «օրենքի այս գիրքը.... օր ու գիշեր» և վարվում դրա համաձայն (Հեսու 1։7, 8)։ Առաջին դարի քրիստոնյաները աշակերտներ էին պատրաստում և կանոնավորաբար հավաքվում էին՝ ուսումնասիրելու Սուրբ Գիրքը (Մատթ. 28։19, 20)։
23 Մենք թիկունք ենք կանգնում Եհովայի գերիշխանությանը և պահում ենք մեր անարատությունը՝ քարոզելով արդարություն, աշակերտներ պատրաստելով, կիրառելով աստվածաշնչյան խորհուրդները և հավատակիցների հետ հավաքվելով ժողովների և համաժողովների ժամանակ։ Այս ամենը օգնում է մեզ լինելու համարձակ, հոգևորապես ուժեղ և հաջողակ Աստծու կամքը կատարելու հարցում։ Այդպես վարվելը չափազանց դժվար չէ մեզ համար, քանի որ մենք ունենք մեր երկնային Հոր և իր Որդու աջակցությունը (2 Օրենք 30։11–14; 1 Թագ. 8։57)։ Ավելին, մեզ հետ է «ողջ եղբայրությունը», որը նույնպես քայլում է անարատությամբ և պատվում Եհովային՝ մեր Գերիշխան Տիրոջը (1 Պետ. 2։17)։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք Եհովայի բարոյական չափանիշների վերաբերյալ։
• Հոբի ո՞ր հատկություններն են հատկապես դուր գալիս քեզ։
• Համաձայն Հոբ 31։29–37-ի՝ ինչպե՞ս վարվեց Հոբը։
• Ինչո՞ւ է հնարավոր անարատություն պահել Աստծու հանդեպ։
[նկար 29-րդ էջի վրա]
Հոբը պահեց իր անարատությունը Եհովայի հանդեպ։
Մենք նույնպես կարող ենք
[նկար 32-րդ էջի վրա]
Մենք կարող ենք պահել մեր անարատությունը