Իմաստալից կյանք՝ այժմ և հավիտյան
ՆՈՒՅՆԻՍԿ այսօր դուք կարող եք իրական իմաստով լցնել ձեր կյանքը, եթե հետևեք Աստվածաշնչի իմաստուն սկզբունքներին։ Ահա դրանցից մի քանիսը.
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Մարդու համար բացի ուտելուց, խմելուց և իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց, ավելի լավ բան չկա»,— գրել է Սողոմոն թագավորը (ԺՈՂՈՎՈՂ 2։24)։
Մենք այնպես ենք ստեղծված, որ բավականություն ստանանք լավ աշխատանքից։ Եթե ջանասիրաբար ու ազնվորեն աշխատենք, ապա նույնիսկ այսօր ամենածանր դժվարությունների ներքո կկարողանանք ինչ-որ չափով բավարարված զգալ մեզ։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (ԳՈՐԾԵՐ 20։35)։
Շատերը համոզվել են, որ դժվար պահերին ուրիշներին օգնելու հարցում իրենց ժամանակն ու էներգիան տրամադրելը վարձահատույց գործ է և իրական իմաստով է լցնում կյանքը։ «Բարություն անելը մի՛ խնայիր նրանցից, ովքեր դրա կարիքն ունեն, երբ ձեռքդ ի զորու է դա անելու»,— գրեց Սողոմոնը (Առակներ 3։27)։
Նկատի առնենք Ռալֆի օրինակը։ Թոշակի անցնելուց հետո նա միացավ կնոջը լիաժամ ծառայության մեջ։ Նրանցից յուրաքանչյուրն ամեն ամիս շատ ժամանակ է տրամադրում ծառայությանը՝ ուրիշներին սովորեցնելով աստվածաշնչյան ճշմարտությունները։ «Երբ երեկոյան տուն ենք վերադառնում, ինչ խոսք, հոգնած ենք լինում, սակայն պատճառը ոչ միայն տարիքն է, այլև ծառայության մեջ մեր բոլոր ուժերը տրամադրելը։ Անշուշտ, սա հաճելի հոգնածություն է»,— ասում է Ռալֆը։ Նա ու իր կինը երջանիկ են, քանի որ իրենց կյանքի գլխավոր նպատակը ուրիշների համար բարի գործեր անելն է։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (ԱՌԱԿՆԵՐ 17։17)։
Ավելի հեշտ է դիմանալ դժվարություններին, երբ մենակ չենք։ Անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը գրեց, որ նրանց համար, ովքեր չունեն իսկական ընկերներ, «աշխարհը նման է անապատի»։ Իսկական ընկերներ ունենալը և լավ ընկեր լինելը կարող է թեթևացնել հոգսերը՝ կյանքը դարձնելով հրաշալի ու գոհացուցիչ։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (ՄԱՏԹԵՈՍ 5։3)։
Այսպիսով Հիսուսը ցույց տվեց, թե ինչ կարևոր քայլ պետք է անել Աստծու խոստումների իրականացումը վայելելու համար՝ գիտակցել «հոգևոր կարիքները» և բավարարել դրանք։ Ի տարբերություն կենդանիների՝ մենք ունենք բնածին կարիք հասկանալու, թե որն է կյանքի իմաստը և նպատակը։ Միայն Եհովա Աստված կարող է բավարարել այդ կարիքը, և նա անում է դա իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Ինչպես տեսանք նախորդ հոդվածում, Աստվածաշունչը բացահայտում է, թե որն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ։ Այն հայտնում է մեզ, թե ինչու ենք մենք երկրի վրա, ինչու այսքան շատ տառապանք կա և թե ինչ է Աստված ակնկալում մեզանից։ Այս աստվածաշնչյան ճշմարտությունները հասկանալը կենսական նշանակություն ունի իմաստալից ու բավարարված կյանք ունենալու համար։ Նրանք, ովքեր ժամանակ են տրամադրում Աստվածաշունչ ուսումնասիրելուն և իրենց սովորածը կիրառելուն, երջանիկ են։ Ինչո՞ւ։ Քանի որ այդպես ամուր փոխհարաբերություններ են կառուցում մեր Արարչի՝ «երջանիկ Աստված» Եհովայի հետ (1 Տիմոթեոս 1։11)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ։ «Հիշիր քո Արարչին.... քանի դեռ չեն եկել աղետաբեր օրերը կամ չեն հասել այն տարիները, երբ կասես՝ «ոչ մի իմաստ չեմ տեսնում դրանց մեջ»» (ԺՈՂՈՎՈՂ 12։1, THE NEW ENGLISH BIBLE)։
Սողոմոն թագավորի խորհուրդը՝ ուղղված երիտասարդներին, ովքեր թերևս չեն գիտակցում, թե ինչ դժբախտությունների կարող են հանդիպել կյանքում, վերաբերում է բոլորիս։ Թող ձեր կյանքում գլխավոր տեղը զբաղեցնի Արարիչը։ Միայն այդ դեպքում իսկական իմաստով կլցնեք ձեր կյանքը։ Մերժեք այս սխալ մտածելակերպը. «Եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» (1 Կորնթացիներ 15։32)։ Եթե Աստծուն առաջին տեղում դնեք, ամեն ինչ «լավ կլինի» ձեզ համար, ինչպես ասվում է Ժողովող 8։12-ում։
Ուենդին համոզվել է վերը նշված խոսքերի ճշմարտացիության մեջ։ Երիտասարդ տարիքում իր քրոջ հետ նա իսպաներեն էր սովորում, որպեսզի միասին տեղափոխվեն Դոմինիկյան Հանրապետություն, ուր Աստվածաշնչի պատգամը քարոզողների մեծ կարիք կար։ «Թեև շատ զոհողություններ ենք արել, որպեսզի ծառայենք այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա, բայց անմոռանալի օրեր ենք անցկացրել։ Ես այդ վեց ամիսները ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Ինչ խոսք, օրհնությունները անհամեմատ շատ էին մեր կատարած զոհողություններից»,— պատմում է նա։
Աստծու հանդեպ հավատարմությունը կյանքը իմաստալից է դարձնում
Եհովայի հետ ամուր փոխհարաբերություններ կառուցելը կարող է առանձնահատուկ կերպով իմաստավորել ձեր կյանքը։ Ինչպե՞ս։ Ադամին ու Եվային Աստծու իշխանության դեմ հանելուց բացի, Սատանան ակնարկեց, որ ոչ ոք հավատարիմ չի մնա Աստծուն փորձության ներքո (Հոբ 1։9–11; 2։4)։ Դուք կարո՛ղ եք փաստել, որ Սատանան ստախոս է, եթե հավատարմություն դրսևորեք Աստծու հանդեպ, կառչած մնաք նրա սկզբունքներին և ցույց տաք, որ գիտակցում եք, որ միմիայն Եհովան իրավունք ունի որոշելու, թե ինչն է բարի, ինչը՝ չար (Հայտնություն 4։11)։
Եթե ցանկանում ենք ճիշտ ճանապարհով ընթանալ, թերևս դժվարությունների միջով անցնենք։ Մի՞թե այս դժվարությունները կիմաստազրկեն մեր կյանքը։ Պատկերացնենք, որ մի ոխերիմ թշնամի զրպարտում է մեր մտերիմ ընկերոջը կամ մեր ընտանիքի անդամին։ Եթե մտերիմ անձնավորության պատիվը պաշտպանելու համար այդ թշնամու կողմից հալածանքներ կրենք, մի՞թե մեր կյանքը կկորցնի իր իմաստը։ Իհա՛րկե ոչ։ Մենք պատրաստակամորեն կդիմագրավենք ցանկացած դժվարություն մեր մտերիմ անձնավորության բարի համբավը վերականգնելու նպատակով։ Այսպիսի հավատարմություն պետք է դրսևորենք նաև Աստծու հանդեպ։ Եթե չարությամբ լի այս աշխարհում հավատարիմ մնանք նրան, կուրախացնենք մեր երկնային Հոր սիրտը (Առակներ 27։11)։
Անվերջ կյանք՝ լցված իմաստով
Ձգտեք ամեն ինչ սովորել Աստծու և իր նպատակների մասին։ Հիսուսն ինքն ասաց. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Երբ Աստված իրականացնի իր սկզբնական նպատակը երկրի առնչությամբ, հավատարիմ անհատները կվայելեն այն, ինչ նախապես խոստացել էր Եհովան՝ «հավիտենական կյանք» դրախտ-երկրի վրա։ Այդ ժամանակ կյանքը իսկապես իմաստալից կդառնա ու բավականություն կպատճառի մեզ (Սաղմոս 145։16)։
Իսկ որտե՞ղ կարող եք գտնել այն գիտելիքները, որոնց մասին խոսեց Հիսուսը։ Աստվածաշնչի էջերում։ Եթե ցանկանում եք, որ ձեզ օգնեն այս հարցում, անկաշկանդ գրեք այս պարբերագրի հրատարակիչներին։ Նրանք հաճույքով կուղարկեն որևէ մեկին, ով կօգնի ձեզ իմանալու, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում։