Մոտեցեք Աստծուն
Դուք կարող եք «Աստծու մասին գիտելիքներ» գտնել
ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ մեզ հնարավորություն է տալիս գտնելու մի անգին գանձ։ Նա սրտանց ուզում է, որ գտնե՛նք այդ գանձը։ Այն նյութական հարստություն չի բերում, սակայն դրանով կարելի է ձեռք բերել մի բան, որը աշխարհի բոլոր փողերով հնարավոր չէ գնել՝ հոգեկան անդորր, բավականություն և գոհունակ կյանք։ Առակներ 2։1–6 համարներում արձանագրված խոսքերը, որ ասել է իմաստուն Սողոմոն թագավորը, բացատրում են, թե ինչ գանձ է դա։
Սողոմոնն այդ գանձն անվանում է «Աստծու մասին գիտելիքներ», այսինքն՝ Աստծու և նրա նպատակների մասին ճշմարտություն, որը գտնվում է Աստվածաշնչում (համար 5)։ Քննենք այդ գանձի մի քանի երեսակ։
Ճշմարիտ ուսմունքներ։ Աստվածաշունչը պատասխանում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ ի՞նչ է Աստծու անունը (Սաղմոս 83։18), ի՞նչ է տեղի ունենում մահվան ժամանակ (Սաղմոս 146։3, 4), ո՞րն է մեր կյանքի իմաստը (Ծննդոց 1։26–28; Սաղմոս 115։16)։ Այժմ մտածենք. որքա՞ն կվճարեինք այս կարևոր հարցերի պատասխանները ստանալու համար։
Իմաստուն խորհուրդներ։ Ո՞րն է լավագույն ապրելակերպը։ Ինչպե՞ս կարող ես քո ամուսնությունը երջանիկ դարձնել (Եփեսացիներ 5։28, 29, 33)։ Ինչպե՞ս կարող ես մեծացնել պատասխանատվության զգացում ունեցող երեխաներ (2 Օրենք 6։5–7; Եփեսացիներ 6։4)։ Ինչպե՞ս կարող ես երջանիկ լինել (Մատթեոս 5։3; Ղուկաս 11։28)։ Այս բոլոր հարցերին Աստվածաշունչը պատասխանում է։ Եվ դարձյալ՝ որքա՞ն արժեն այս թեմաներով տրվող վստահելի խորհուրդները։
Ինչպիսին է Աստված և ինչ հատկություններ նա ունի։ Աստվածաշունչը Աստծու մասին ճշգրիտ տեղեկության հիմնական աղբյուրն է։ Ինչպիսի՞ն է Աստված (Հովհաննես 1։18; 4։24)։ Նա հոգ տանո՞ւմ է մեր մասին (1 Պետրոս 5։6, 7)։ Որո՞նք են նրա ակնառու հատկություններից մի քանիսը (Ելք 34։6, 7; 1 Հովհաննես 4։8)։ Նորից նույն հարցը տանք. ի՞նչ արժե մեր Արարչի մասին ճշգրիտ տեղեկությունը։
«Աստծու մասին գիտելիքները» իրոք որ գանձ են։ Ինչպե՞ս կարող ես գտնել այդ գանձը։ Ուշադրություն դարձրու Առակներ 2։4 համարին, որտեղ Սողոմոնը այդ գիտելիքները համեմատում է «թաքցված գանձերի» հետ։ Տրամաբանենք։ Եթե գանձը թաքցված է, ապա այն ինքնիրեն դուրս չի ցատկի և ընկնի պարապ մարդու ձեռքը։ Պարզ է, որ ջանքեր պետք է թափենք այն գտնելու համար։ Նույնպես էլ Աստծու մասին գիտելիքների դեպքում։ Այս գանձը, կարելի է ասել, թաքնված է Աստվածաշնչում։ Որպեսզի գտնենք այն, պետք է ջանքեր գործադրենք։
Սողոմոնը բացատրում է, թե ինչ է անհրաժեշտ «Աստծու մասին գիտելիքները» գտնելու համար։ «Ընդունես իմ խոսքերը» և «սիրտդ տրամադրես» արտահայտությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ունենալ ընկալունակ սիրտ (համար 1, 2)։ «Կանչես», «փնտրես», «որոնես» բառերը նշանակում են, որ հարկավոր է լինել ջանասեր, եռանդուն և նախաձեռնող (համար 3, 4)։ Հետևաբար, Աստծու մասին գիտելիքները գտնելու համար պետք է ջանասիրաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը՝ դա անելով անկեղծ սրտով (Ղուկաս 8։15)։
Եթե այսպիսի նախաձեռնություն հանդես բերենք, ապա Եհովան կանի մնացած գործը։ «Եհովան է տալիս իմաստություն»,— կարդում ենք 6-րդ համարում։ Միայն Աստծու օգնությամբ կարող ենք լիարժեք ըմբռնել Աստվածաշնչում թաքնված ճշմարտությունները (Հովհաննես 6։44; Գործեր 16։14)։ Համոզված եղիր, որ եթե անկեղծորեն փնտրտուքներ անես Աստծու Խոսքում, ապա կգտնես «Աստծու մասին գիտելիքները», մի գանձ, որն անսահմանորեն կհարստացնի քո կյանքըa (Առակներ 2։10–21)։
Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր հոկտեմբեր ամսվա համար
[ծանոթագրություն]
a Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն են առաջարկում այն մարդկանց, ովքեր ուզում են հասկանալ Սուրբ Գիրքը։ Եթե ցանկանում ես, կարող ես դիմել ձեր տարածքում ապրող Վկաներին կամ գրել 4-րդ էջում տրված հասցեներից մեկով։