Տասը հարց ու պատասխան սեքսի վերաբերյալ
1 Սեռական հարաբերությո՞ւնն էր առաջին մեղքը, որ Ադամն ու Եվան գործեցին Եդեմի պարտեզում։
▪ Պատասխան։ Շատերն այն կարծիքին են, թե Եդեմի պարտեզի արգելված պտուղը սեռական հարաբերությունն է եղել։ Բայց Աստվածաշունչը այդպիսի բան չի սովորեցնում։
Եկեք տրամաբանենք։ Եվան դեռ չէր ստեղծվել, երբ Աստված Ադամին պատվիրել էր չուտել «բարին ու չարը գիտենալու ծառից» (Ծննդոց 2։15–18)։ Քանի որ Ադամը մենակ էր, այս արգելքը չէր կարող վերաբերել սեռական հարաբերություններին։ Բացի այդ, Աստված Ադամին ու Եվային բավական հստակ մի պատվիրան տվեց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը» (Ծննդոց 1։28)։ Մի՞թե սիրառատ Աստված առաջին մարդկային զույգին կասեր՝ «լցրեք երկիրը» (ինչը, իհարկե, չէր կարող լինել առանց սեռական հարաբերություններ ունենալու) և հետո նրանց մահվան դատապարտեր իր պատվիրանին հնազանդվելու համար (1 Հովհաննես 4։8)։
Եվս մեկ փաստարկ։ Ադամը Եվայի կողքին չէր, երբ վերջինս «վերցրեց [արգելված] պտղից և սկսեց ուտել։ Իսկ հետո, երբ ամուսինն իր հետ էր, նրան էլ տվեց պտղից, և նա կերավ» (Ծննդոց 3։6)։
Եվ վերջապես, Աստված չնախատեց Ադամին ու Եվային, երբ նրանք իրար հետ սեռական կապի մեջ մտան ու երեխաներ ունեցան (Ծննդոց 4։1, 2)։ Միանգամայն պարզ է, որ Ադամի ու Եվայի կերած պտուղը չէր խորհրդանշում սեռական հարաբերություն ունենալը. դա սովորական պտուղ էր, որն աճում էր ծառի վրա։
2 Աստվածաշունչը արգելո՞ւմ է սեռական հաճույքը։
▪ Պատասխան։ Աստվածաշնչի առաջին գիրքը հայտնում է, որ Աստված «տղամարդ և կին» ստեղծեց։ Նա իր ստեղծագործությունը գնահատեց «շատ լավ» (Ծննդոց 1։27, 31)։ Դարեր անց Աստված Սուրբ Գիրքը գրողներից մեկին ներշնչեց հետևյալ պատվերը տալ ամուսնացած տղամարդկանց. «Ուրախացիր քո երիտասարդության կնոջ հետ.... Թող նրա ստինքները հարբեցնեն քեզ ամեն ժամանակ» (Առակներ 5։18, 19)։ Այս խոսքերից կարելի՞ է եզրակացնել, որ Աստվածաշունչն արգելում է սեռական հաճույքը։
Իրողությունն այն է, որ Աստված մարդու սեռական օրգանները չի ստեղծել միայն վերարտադրողական ֆունկցիայի համար։ Դրանք ստեղծված են նաև այն նպատակով, որ ամուսինները կարողանան սեր ու կապվածություն արտահայտել և փոխադարձ հաճույք պատճառել։ Այդպիսի հարաբերությունը կարող է բավարարել տղամարդու և կնոջ ֆիզիկական ու էմոցիոնալ կարիքները։
3 Աստվածաշունչը հավանություն տալի՞ս է այն բանին, որ տղամարդն ու կինն ապրում են իրար հետ, բայց օրենքով ամուսնացած չեն։
▪ Պատասխան։ Աստվածաշունչը հստակ ասում է, որ «Աստված դատելու է պոռնիկներին» (Եբրայեցիներ 13։4)։ Պոռնիա հունարեն բառը լայն իմաստ ունի և վերաբերում է ամուսնությունից դուրս բոլոր սեռական հարաբերություններինa։ Ուստի Աստծու տեսանկյունից սխալ կլինի, եթե տղամարդն ու կինը ապրեն միասին, անգամ եթե իրար հետ ամուսնանալու մտադրություն ունեն։
Նույնիսկ եթե տղամարդն ու կինը իրար շատ են սիրում, Աստված, այնուամենայնիվ, պահանջում է, որ նրանք սեռական կապի մեջ մտնեն միայն ամուսնանալուց հետո։ Աստված է, որ մեզ՝ մարդկանցս, ստեղծել է սիրելու ունակությամբ։ Նրա գլխավոր հատկությունը սերն է։ Ուստի նա հիմնավոր պատճառ ունի սահմանելու, որ սեքսով կարող են զբաղվել միայն ամուսինները։
4 Ընդունելի՞ է բազմակնությունը։
▪ Պատասխան։ Աստված մի որոշ ժամանակ տղամարդուն թույլ տվեց մեկից ավելի կին ունենալ (Ծննդոց 4։19; 16։1–4; 29։ 18–30։24)։ Բայց բազմակնությունը Նրանից չի ծագում։ Նա Ադամին միայն մեկ կին տվեց։
Աստված Հիսուս Քրիստոսին լիազորեց վերահաստատելու մենամուսնության իր սկզբնական չափանիշը (Հովհաննես 8։28)։ Երբ Հիսուսին հարցրին ամուսնության մասին, նա ասաց. «Նա, ով սկզբից ստեղծեց, տղամարդ և կին ստեղծեց նրանց ու ասաց. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»» (Մատթեոս 19։4, 5)։
Հետագայում Աստված Քրիստոսի աշակերտներից մեկին ներշնչեց գրելու. «Թող ամեն տղամարդ իր կինն ունենա, և ամեն կին իր ամուսինն ունենա» (1 Կորնթացիներ 7։2)։ Աստվածաշունչը նաև ասում է, որ քրիստոնեական ժողովում ցանկացած տղամարդ, ով հատուկ պատասխանատվություններ է ստանձնում, պետք է «մեկ կնոջ ամուսին» լինի (1 Տիմոթեոս 3։2, 12)։
5 Սխա՞լ է, որ ամուսնական զույգերը հակաբեղմնավորիչ օգտագործեն։
▪ Պատասխան։ Հիսուսը իր հետևորդներին չի պատվիրել երեխաներ ունենալ։ Նման պատվիրան չեն տվել նաև նրա աշակերտները։ Եվ ընդհանրապես Աստվածաշունչը չի քննադատում ընտանիքի պլանավորումը։
Այդ իսկ պատճառով ամուսնական զույգերը ազատ են որոշելու՝ ունենալ երեխաներ, թե ոչ։ Նրանք նաև գուցե որոշեն, թե քանի երեխա են ուզում ունենալ և երբ։ Եթե ամուսինն ու կինը հղիությունից խուսափելու նպատակով որոշում են օգտագործել այնպիսի հակաբեղմնավորիչ, որի գործողությունը չի նշանակում արհեստական վիժման առաջացում, ապա դա նրանց անձնական որոշումն է, և հետևանքների համար նրանք են պատասխանատուb։ Ոչ ոք իրավունք չունի քննադատելու նրանց (Հռոմեացիներ 14։4, 10–13)։
6 Սխա՞լ է արհեստական վիժում անելը։
▪ Պատասխան։ Աստված կյանքը սուրբ է համարում, և նրա տեսանկյունից՝ նույնիսկ մոր արգանդում գտնվող սաղմը յուրօրինակ կենդանի էակ է (Սաղմոս 139։16)։ Սուրբ Գրքում ասվում է, որ Աստված պատասխանատվության է կանչելու այն մարդուն, ով վնաս է հասցնում չծնված երեխային։ Նրա աչքում չծնված երեխային սպանելը հավասար է մարդասպանության (Ելք 20։13; 21։22, 23)։
Իսկ ինչպե՞ս կարող են վարվել ամուսինները, եթե ծննդաբերության ժամանակ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ կա՛մ մայրը պետք է մահանա, կա՛մ երեխան։ Այդ դեպքում ամուսինները իրենք պետք է որոշեն, թե ում կյանքը փրկելc։
7 Աստվածաշունչը թույլ տալի՞ս է ամուսնալուծվել։
▪ Պատասխան։ Այո՛, Աստվածաշունչը թույլ է տալիս ամուսնալուծվել։ Բայց դրա համար կա միայն մեկ հիմնավոր պատճառ։ Հիսուսն ասաց. «Ով իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության պատճառի [սեռական հարաբերություն ամուսնությունից դուրս] և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում» (Մատթեոս 19։9)։
Աստված ատում է խաբեության վրա հիմնված, ուխտադրուժ ամուսնալուծությունը։ Նա պատասխանատվության է կանչելու յուրաքանչյուր մարդու, ով, չունենալով հիմնավոր պատճառ, թողնում է իր կողակցին, առավել ևս երբ թողնում է նրան հանուն ուրիշի (Մաղաքիա 2։13–16; Մարկոս 10։9)։
8 Աստված հավանություն տա՞լիս է համասեռամոլությանը։
▪ Պատասխան։ Աստվածաշունչը հստակ կերպով ցույց է տալիս, որ համասեռամոլությունը նույնպես պոռնկություն է և որ Աստված հավանություն չի տալիս այս կենսակերպին (Հռոմեացիներ 1։26, 27; Գաղատացիներ 5։19–21)։ Բայց մենք նաև գիտենք, որ «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։
Թեև ճշմարիտ քրիստոնյաների համար անընդունելի է միասեռականությունը, նրանք բոլոր մարդկանց հետ բարությամբ են վարվում (Մատթեոս 7։12)։ Աստված ուզում է, որ մենք «պատվենք ամեն տեսակ մարդկանց»։ Այդ պատճառով էլ անկեղծ քրիստոնյաները ատելությամբ չեն լցված համասեռամոլների հանդեպ (1 Պետրոս 2։17)։
9 Ի՞նչ սխալ բան կա հեռախոսային սեքսով, «սեքստինգով» կամ վիրտուալ սեքսով զբաղվելու մեջ։
▪ Պատասխան։ Հեռախոսային սեքսը ներառում է անպատշաճ զրույցներ սեքսի մասին կամ բացահայտ էրոտիկ արտահայտությունների ունկնդրում հեռախոսով։ «Սեքստինգը» բջջային հեռախոսով էրոտիկ պատկերներ կամ սեռական բնույթի բացահայտ հաղորդագրություններ ուղարկելն է։ Վիրտուալ սեքսը էրոտիկ շփումն է ինտերնետի միջոցով։
Սրանք ժամանակակից բաներ են և Աստվածաշնչում կոնկրետ չի խոսվում այս մասին։ Բայց այնտեղ ասվում է. «Թող պոռնկություն և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ, ինչպես որ վայել է սուրբ մարդկանց։ Ձեր մեջ թող չլինի ամոթալի վարք, հիմար խոսակցություններ կամ անպարկեշտ կատակներ՝ բաներ, որոնք վայելուչ չեն» (Եփեսացիներ 5։3, 4)։ Հեռախոսային սեքսը, սեքստինգը և վիրտուալ սեքսը ձևավորում են աղավաղված տեսակետ սեքսի վերաբերյալ և խրախուսում են մարդկանց եսասիրաբար սեռական հաճույքներ փնտրել ամուսնական շրջանակից դուրս։
10 Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը ձեռնաշարժության վերաբերյալ։
▪ Պատասխան։ Աստվածաշնչում կոնկրետ չի հիշատակվում ձեռնաշարժության մասին, որը սեփական սեռական օրգանների գրգռումն է սեռական կիրք արթնացնելու և հեշտանքի հասնելու նպատակով։ Այնուամենայնիվ, Աստծու Խոսքը քրիստոնյաներին պատվիրում է. «Սպանեք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, [անվայել] սեռական կրքերի.... հետ» (Կողոսացիներ 3։5)։
Ձեռնաշարժությունը ձևավորում է աղավաղված ու եսակենտրոն տեսակետ սեքսի վերաբերյալ։ Սուրբ Գիրքը վստահեցնում է, որ Աստված կարող է «սովորականին գերազանցող ուժը» տալ նրանց, ովքեր անկեղծորեն ջանքեր են գործադրում այս սովորությունից ազատվելու համար (2 Կորնթացիներ 4։7; Փիլիպպեցիներ 4։13)։
[ծանոթագրություններ]
a Պոռնիայի օրինակներ են շնությունը (ամուսնական դավաճանությունը), համասեռամոլությունը և անասնապղծությունը։
b Ամլացման մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Դիտարան», 1999, հունիսի 15, էջ 27, 28 («Ընթերցողների հարցերը», անգլ., ռուս.)։
c Այն մասին, թե ինչպես կարող է վարվել բռնաբարության հետևանքով հղիացած կինը, տե՛ս «Արթնացե՛ք»-ի 1993թ. մայիսի 22-ի համարը (էջ 10, 11, անգլ.)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։