Մեր ընթերցողները հարցնում են
Ինչո՞ւ են Եհովայի վկաները քարոզում տնից տուն
▪ Աստվածաշնչում կարդում ենք Հիսուսի հետևյալ պատվերը, որը նա տվեց իր հետևորդներին. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք.... սովորեցնելով նրանց» (Մատթեոս 28։19, 20)։ Կարո՞ղ ենք ասել, որ այս պատվերը վերաբերում է բոլոր քրիստոնյաներին։ Հիսուսի վաղ աշակերտները հասկացել էին, որ դա այդպես է։ Պետրոս առաքյալը գրեց. «[Հիսուսը] պատվիրեց մեզ, որ ժողովրդին քարոզենք ու հիմնովին վկայություն տանք» (Գործեր 10։42)։ Իսկ Պողոս առաքյալն ասաց. «Ինձ վրա պարտավորություն է դրված։ Եվ վա՛յ ինձ, եթե չհռչակեմ բարի լուրը» (1 Կորնթացիներ 9։16)։
Հիսուսի պատվերին հնազանդվում էին ոչ միայն Պողոս և Պետրոս առաքյալները, այլև առաջին դարի բոլոր քրիստոնյաները։ Քարոզչական գործը բնորոշ նրանց դարձավ (Գործեր 5։28–32, 41, 42)։ Եհովայի վկաները այսօր ջանում են նույնն անել։ Հիսուսի նման՝ նրանք քարոզում են «երկնքի թագավորության» մասին (Մատթեոս 10։7)։
Ո՞ւմ էր քարոզվելու Թագավորության լուրը։ Հիսուսի խոսքերից երևում է, որ այն քարոզվելու էր բոլոր մարդկանց ամենուր։ Նա իր աշակերտներին ասաց. «Իմ վկաները կլինեք.... մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1։8)։ Քրիստոսը նույնիսկ մարգարեացավ, որ նախքան այս համակարգի ավարտը «թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթեոս 24։14)։ Ուստի Հիսուսի պատվերը կատարելու համար առաջին դարի քրիստոնյաները ջանում էին քարոզել բոլոր մարդկանց և ոչ թե միայն ծանոթներին կամ նրանց, ովքեր որևէ կրոնի չէին պատկանում (Կողոսացիներ 1։23; 1 Տիմոթեոս 2։3, 4)։ Նմանապես Եհովայի վկաները ձգտում են քարոզել յուրաքանչյուրինa։
Ո՞րն է Թագավորության լուրը տարածելու ամենաարդյունավետ միջոցը։ Հիսուսը, որ գիտեր, թե ինչպես քարոզել հնարավորին չափ շատ մարդկանց, իր աշակերտներին ուղարկեց քաղաքներ ու գյուղեր, որպեսզի նրանք տնից տուն քարոզեին մարդկանց (Մատթեոս 10։7, 11, 12)։ Հիսուսի մահից ու հարությունից հետո նրա աշակերտները շարունակեցին քարոզել «տնից տուն» (Գործեր 5։42)։ Հիսուսի պես՝ նրանք քարոզում էին ամեն հարմար առիթի դեպքում տարբեր վայրերում, մասնավորապես հասարակական վայրերում (Հովհաննես 4։7–26; 18։20; Գործեր 17։17)։ Եհովայի վկաները նույն մեթոդներն են օգտագործում բոլոր մարդկանց քարոզելու համար։
Հիսուսն ասաց, որ ոչ բոլորն են դրականորեն արձագանքելու լուրին (Մատթեոս 10։14; 24։37–39)։ Արդյոք դա հետ կպահե՞ր քրիստոնյաներին քարոզելուց։ Քննենք հետևյալ օրինակը։ Ենթադրենք ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, և դու փրկարար ջոկատի անդամ ես։ Կդադարեցնեի՞ր որոնումները զուտ այն պատճառով, որ երկար ժամանակ անց ընդամենը մի քանի հոգու է հաջողվել փրկել։ Ո՛չ։ Դու կշարունակեիր որոնումներն այնքան ժամանակ, քանի դեռ մեկ հոգու փրկելու հույս կա։ Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց շարունակել քարոզել այնքան ժամանակ, քանի դեռ հույս կա, որ կլինեն մարդիկ, ովքեր դրականորեն կարձագանքեն Աստծու Թագավորության մասին բարի լուրին (Մատթեոս 10։23; 1 Տիմոթեոս 4։16)։ Այն, որ Եհովայի վկաները տնից տուն փնտրում են նման մարդկանց, սիրո դրսևորում է Աստծու և մերձավորի հանդեպ. նրանք հասկանում են, որ մարդկանց կյանքը կախված է Թագավորության լուրը լսելուց և դրան դրականորեն արձագանքելուց (Մատթեոս 22։37–39; 2 Թեսաղոնիկեցիներ 1։8)։
Այս պարբերագիրը, որ գտնվում է քո ձեռքում, խոսում է հենց այդ լուրի մասին։ Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող ես զրուցել Եհովայի վկաների հետ կամ գրել այս պարբերագրի հրատարակիչներին։
[ծանոթագրություն]
a Ներկայումս Եհովայի վկաները քարոզում են 236 երկրում։ Անցած տարի ամբողջ աշխարհում նրանք 1,7 միլիարդ ժամ են տրամադրել քարոզչությանը և Աստվածաշնչի 8,5 միլիոն ուսումնասիրություն են անցկացրել։