Իրականում հրաշքներ լինո՞ւմ են. հաճախ հանդիպող երեք առարկություն
ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ 1. Հրաշքներ չեն կարող լինել, քանի որ դրանք հակառակ են բնության օրենքներին։ Բնության օրենքների մասին մեր հասկացողությունը հիմնված է գիտնականների կատարած ուսումնասիրությունների վրա։ Այդ օրենքները շատ նման են լեզվի քերականական կանոններին, որտեղ երբեմն լինում են բացառություններ։ Այդ «կանոնների»՝ բնության օրենքների մասին մեր հասկացողությունը կարող է շատ սահմանափակ լինել (Հոբ 38։4)։ Գիտնականը իր ողջ կյանքը նվիրում է բնության որևէ օրենք ուսումնասիրելուն, բայց ընդամենը մի բացառություն, և նա ստիպված է վերանայել իր տեսակետը։ Ինչպես ասում են՝ «մի սև կարապը բավական է հասկանալու համար, որ բոլոր կարապները սպիտակ չեն»։
Մի հետաքրքիր պատմություն ցույց է տալիս, թե որքան հեշտ է սխալ կարծիք կազմել, երբ բավարար տեղեկություններ չունես։ Անգլիացի փիլիսոփա Ջոն Լոկը (1632–1704) պատմում է, որ Հոլանդիայի դեսպանը Սիամի (ներկայումս Թաիլանդ) թագավորին Հոլանդիան նկարագրելիս ասում է, որ իր երկրում փիղը երբեմն կարող է քայլել ջրի վրայով։ Թագավորը չի հավատում և մտածում է, թե դեսպանը խաբում է իրեն։ Իրականում, սակայն, դեսպանը նկարագրում է մի բան, որ թագավորը երբեք չի տեսել։ Թագավորը չէր պատկերացնում, որ երբ ցրտից ջրի երեսին սառույց է կապում, փիղը կարող է քայլել վրայով։ Թագավորի համար դա անհավանական էր, քանի որ նա բավարար տեղեկություններ չուներ։
Նկատի առնենք ժամանակակից մի քանի նվաճումներ, որոնք տասնամյակներ առաջ անհնար կթվային.
● Ինքնաթիռը 900 կիլոմետր ժամ արագությամբ ուղիղ չվերթով կարող է Նյու Յորքից Սինգապուր փոխադրել ավելի քան 800 ուղևոր։
● Տարբեր մայրցամաքներում ապրող մարդիկ վիդեոկապի միջոցով կարող են իրար տեսնելով՝ շփվել։
● Հազարավոր երգեր հնարավոր է պահել լուցկու տուփից փոքր սարքում։
● Վիրաբույժները կարողանում են սրտի կամ մարմնի այլ անդամների տրանսպլանտացիա (փոխպատվաստում) անել։
Ի՞նչ տրամաբանական եզրակացության ենք գալիս այս փաստերին ծանոթանալով։ Եթե մարդը կարողանում է այնպիսի բաներ անել, որ մի քանի տարի առաջ անհնար էր թվում, ապա Աստված, որը ստեղծել է տիեզերքը և մնացած բոլոր բաները, կարող է այնպիսի զարմանալի գործեր անել, որոնք դեռ ամբողջությամբ չենք հասկանում կամ չենք կարողանում կրկնօրինակելa (Ծննդոց 18։14; Մատթեոս 19։26)։
ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ 2. Աստվածաշնչում հրաշքների մասին գրելու նպատակը մարդկանց մեջ կույր հավատ սերմանելն է։ Աստվածաշունչը չի խրախուսում մեզ հավատալ բոլոր հրաշքներին։ Իրականում, այն հորդորում է զգույշ լինել հրաշքներին և զորավոր նշաններին հավատալու հարցում։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ է գրված Աստվածաշնչում. «Անօրենի ներկայությունը Սատանայի գործունեության հետևանքն է ամեն տեսակ զորավոր գործերով, սուտ նշաններով, հրաշքներով, անիրավությամբ և ամեն տեսակ խաբեությամբ» (2 Թեսաղոնիկեցիներ 2։9, 10)։
Հիսուս Քրիստոսը նախազգուշացրեց, որ շատերը կպնդեն, թե իր հետևորդներն են։ Ոմանք նույնիսկ կասեն. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ զորավոր գործեր արեցինք» (Մատթեոս 7։22)։ Բայց նա կասի, որ չի ճանաչում նրանց (Մատթեոս 7։23)։ Փաստորեն, Հիսուսը չէր սովորեցնում, թե բոլոր հրաշքները Աստծուց են։
Աստված իրեն երկրպագողներին չի պատվիրում հավատը հիմնել լոկ հրաշքների վրա։ Ընդհակառակը՝ խրախուսում է հավատը հիմնել փաստերի վրա (Եբրայեցիներ 11։1)։
Քննենք Աստվածաշնչում արձանագրված մեզ շատ հայտնի հրաշքի՝ Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Նրա հարությունից տարիներ անց Կորնթոսում ապրող որոշ քրիստոնյաներ սկսել էին կասկածել, որ Հիսուսը հարություն է առել։ Ինչպե՞ս Պողոս առաքյալը օգնեց նրանց։ Արդյո՞ք նա պարզապես ասաց. «Մեծ հավատ ունեցեք»։ Ո՛չ։ Նա հիշեցրեց նրանց բոլոր փաստերի մասին՝ նշելով. «Նա [Հիսուսը] թաղվեց ու երրորդ օրը հարություն առավ՝ դարձյալ Սուրբ Գրքերի համաձայն, և որ երևաց Կեփասին, ապա՝ տասներկու առաքյալներին։ Դրանից հետո նա միանգամից երևաց ավելի քան հինգ հարյուր եղբայրների, որոնց մեծ մասը մինչև հիմա դեռ կա» (1 Կորնթացիներ 15։4–8)։
Կարևո՞ր էր, որ Կորնթոսի քրիստոնյաները հավատային այդ հրաշքին։ Պողոս առաքյալը գրում է. «Եթե Քրիստոսը հարություն չի առել, անշուշտ, մեր քարոզչությունը իզուր է, և մեր հավատն էլ է իզուր» (1 Կորնթացիներ 15։14)։ Նա լրջորեն էր վերաբերվում այս հարցին։ Նրա համար կարևոր էր, որ իր հավատը հիմքեր ունենա։ Պողոսը համոզված էր, որ Հիսուսը հարություն է առել, քանի որ հարյուրավոր ականատեսներ դեռ կենդանի էին։ Այդ մարդիկ պատրաստ էին մեռնելու, քան ժխտելու իրենց տեսածը (1 Կորնթացիներ 15։17– 19)։
ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ 3. Հրաշքները պարզապես բնության երևույթներ են, որոնք անուսում մարդիկ չեն հասկանում։ Որոշ գիտնականներ ասում են, որ աստվածաշնչյան հրաշքները ընդամենը բնական երևույթներ են և կատարվել են առանց Աստծու միջամտության։ Նրանք մտածում են, որ այդպիսով այդ դեպքերը ավելի հավանական են դառնում։ Ինչ խոսք, որոշ հրաշքներ թերևս կապ ունեն բնության երևույթների հետ, ինչպիսիք են երկրաշարժերը, սողանքները և համաճարակները։ Սակայն կա մի բան, որ գիտնականները անտեսում են. նրանք հաշվի չեն առնում կոնկրետ ժամանակը, երբ կատարվել են Աստվածաշնչում արձանագրված հրաշքները։
Օրինակ՝ ոմանք պնդում են, թե Եգիպտոսի վրա բերված առաջին պատուհասը՝ Նեղոս գետի արյան վերածվելը, բոլորովին էլ հրաշք չէր։ Ըստ նրանց՝ գետը արյան գույն էր ստացել հատակին եղող կարմիր ավազի և կարմրավուն միաբջիջ օրգանիզմների (մտրակավորներ) ջրի երես բարձրանալու պատճառով։ Սակայն Աստվածաշունչը նշում է, որ գետը արյան էր վերածվել և ոչ թե կարմիր ցեխաջրի։ Ելք 7։14–21 համարները ցույց են տալիս, որ հրաշքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ահարոնը Մովսեսի կարգադրությամբ գավազանով հարվածեց Նեղոս գետի ջրին։ Նույնիսկ եթե ոմանք ասեն, թե գետի արյան վերածվելը բնության երևույթ էր, այդ դեպքում ի՞նչ կարելի է ասել այս հրաշքի կատարման ժամանակի մասին։
Նկատի առնենք մեկ ուրիշ օրինակ։ Տեսնենք, թե ինչ պատահեց, երբ Իսրայել ժողովուրդը պատրաստվում էր մտնելու Ավետյաց երկիր։ Նրանց խոչընդոտում էին Հորդանան գետի վարար ջրերը։ Աստվածաշունչը ասում է, որ «այն պահին, երբ տապանակը կրող քահանաները մոտեցան Հորդանանին և նրանց ոտքերն ընկղմվեցին ջրի եզերքի մեջ.... այդ ժամանակ վերևից հոսող ջրերը կանգնեցին։ Շատ հեռվում՝ Սարթանի մոտակայքում գտնվող Ադամ քաղաքի մոտ, ջրերը պատնեշի պես բարձրացան» (Հեսու 3։15, 16)։ Արդյո՞ք սա երկրաշարժի կամ սողանքի արդյունք էր։ Աստվածաշունչը ոչինչ չի նշում այդ մասին։ Բայց տեսնում ենք, որ այդ հրաշքը կատարվեց հենց այն ժամանակ, երբ Եհովան ասել էր (Հեսու 3։7, 8, 13)։
Ուստի կարո՞ղ ենք ասել, որ հրաշքներ լինում են։ Աստվածաշնչյան փաստերը դա են վկայում։ Ըստ Աստծու Խոսքի՝ հրաշքները միայն բնության երևույթներ չեն։ Այդ դեպքում տրամաբանակա՞ն է եզրակացնել, որ եթե մեր կյանքում ամեն օր հրաշքներ չեն լինում, ուրեմն դրանք անհավանական են։
[ծանոթագրություն]
a Աստծու գոյությունը փաստող լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին» և «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» գրքույկները կամ զրուցիր Եհովայի վկաների հետ։
[նկար 5-րդ էջի վրա]
Մի քանի տասնամյակ առաջ շատերը կզարմանային՝ իմանալով, որ մարդիկ կկարողանան մեկ ժամում հարյուրավոր կիլոմետրեր թռչել