Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Մեքսիկա
ՔԱՋԱԼԵՐԱԿԱՆ է տեսնել, որ մեծ թվով երիտասարդ Վկաներ պարզեցնում են իրենց կյանքը, որպեսզի ընդլայնեն ծառայությունը (Մատթ. 6։22)։ Իսկ ի՞նչ փոփոխություններ են նրանք անում և ի՞նչ դժվարությունների են բախվում։ Եկեք ծանոթանանք նրանցից մի քանիսի հետ և տեսնենք, թե ինչ են ասում նրանք։
«ՊԵՏՔ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵՆՔ»
Դաստինը և Ջեսան (ԱՄՆ) ամուսնացել են 2007թ. հունվարին։ Ամուսնությունից կարճ ժամանակ անց նրանք իրականացրին իրենց երազանքը. երկար ժամանակ նրանք ուզում էին առագաստանավ ունենալ և կլոր տարին ապրել այդ նավում, և ահա նրանց փափագը կատարվեց։ Նրանց նավը հանգրվանել էր Աստորիայի մոտակայքում (ԱՄՆ, Օրեգոն նահանգ)։ Սա Խաղաղ օվկիանոսի ափերից ոչ հեռու գտնվող մի գեղատեսիլ քաղաք է՝ շրջապատված անտառապատ բլուրներով և ձյունածածկ լեռներով։ Դաստինն ասում է. «Շուրջբոլորը շլացուցիչ գեղեցկություն էր»։ Ամուսինները մտածում էին, թե ապրում են պարզ կյանքով՝ ապավինելով Եհովային։ Նրանք իրենք իրենց ասում էին. «Մենք ապրում ենք մոտ 8-մետրանոց նավում, աշխատում ենք կես դրույքով, ծառայում օտարախոս ժողովում և ժամանակ առ ժամանակ ենթառահվիրա ծառայում»։ Բայց որոշ ժամանակ անց նրանք հասկացան, որ իրենք իրենց խաբում են։ Դաստինն ասում է. «Ժողովին աջակցելու փոխարեն՝ մեր ժամանակի մեծ մասը ծախսում էինք նավը վերանորոգելու վրա։ Մենք հասկացանք, որ եթե իսկապես ուզում ենք Եհովային մեր կյանքում առաջին տեղում դնել, պետք է փոփոխություններ անենք»։
Ջեսան ասում է. «Նախքան ամուսնությունը ես ապրում էի Մեքսիկայում և ծառայում էի անգլիախոս ժողովում։ Ինձ դուր էր գալիս այնտեղ ծառայելը, ուստի շատ էի ուզում վերադառնալ»։ Արտասահմանում ծառայելու իրենց ցանկությունը ուժեղացնելու նպատակով Դաստինն ու Ջեսան ընտանեկան երկրպագության ժամանակ սկսեցին կարդալ այն եղբայրների ու քույրերի պատմությունները, որոնք տեղափոխվել էին այնպիսի տարածքներ, որտեղ «արտերը» պատրաստ էին «հնձի համար» (Հովհ. 4։35)։ «Մենք ուզում էինք զգալ այդ ուրախությունը»,— ասում է Դաստինը։ Երբ Մեքսիկայի իրենց ընկերներից լսեցին, որ այնտեղ մի նոր խումբ է կազմավորվել, որը օգնության կարիք ունի, Դաստինն ու Ջեսան որոշեցին տեղափոխվել։ Նրանք դուրս եկան աշխատանքից, վաճառեցին առագաստանավը և մեկնեցին Մեքսիկա։
«ՍԱ ՇԱՏ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ ԷՐ»
Դաստինն ու Ջեսան բնակություն հաստատեցին Տեկոման քաղաքում, որը Աստորիայից հեռու է 4345 կիլոմետր և նույնպես Խաղաղ օվկիանոսի մոտ է գտնվում։ Դաստինն ասում է. «Մեղմ զեփյուռի ու լեռների փոխարեն՝ այստեղ անտանելի շոգ է, և որ կողմ նայես, լիմոնի ծառեր են»։ Սկզբում նրանք չէին կարողանում աշխատանք գտնել, ուստի ստիպված էին բավարարվել միայն օրը երկու անգամ բրինձ ու լոբի ուտելով, և այդպես շաբաթներ շարունակ։ «Հենց այն ժամանակ, երբ այս սննդակարգը սկսեց անտանելի դառնալ, մեր ուսումնասիրողները սկսեցին մեզ տալ մանգո, բանան, պապայա և, դե իհարկե, պարկերով լիմոն»,— պատմում է Ջեսան։ Ժամանակի ընթացքում ամուսինները ինտերնետային աշխատանք գտան Թայվանում գտնվող լեզվի օնլայն դպրոցում։ Վաստակած գումարը լիովին բավականացնում է, որ նրանք հոգան իրենց կարիքները։
Ի՞նչ են ասում Դաստինն ու Ջեսան իրենց նոր կյանքի մասին։ Նրանք պատմում են. «Սա շատ ճիշտ որոշում էր։ Հիմա մենք ավելի մտերիմ ենք ինչպես Եհովայի, այնպես էլ իրար հետ։ Չէինք էլ կարող պատկերացնել այսքան լավ փոխհարաբերություններ։ Օրվա մեջ այնքա՜ն բան ենք միասին անում. ծառայում ենք, քննարկում ենք, թե ինչպես օգնենք մեր ուսումնասիրողներին, պատրաստվում ենք ժողովի հանդիպումներին։ Մենք նաև ազատվել ենք որոշ հոգսերից, որ ունեինք մինչև այստեղ գալը։ Հիմա հասկանում ենք այն, ինչը լիարժեքորեն չէինք հասկանում առաջ՝ Սաղմոս 34։8-ում գրված ճշմարտությունը. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»»։
Ի՞ՆՉՆ Է ՄՂՈՒՄ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ
2900-ից ավելի ամուրի և ամուսնացած եղբայրներ ու քույրեր, որոնցից շատերը 20-ը և 30-ն անց են, տեղափոխվել են Մեքսիկայի այն տարածքներ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Ի՞նչն է մղել այս երիտասարդներին հանձն առնելու այս դժվարին ծառայությունը։ Երբ նրանցից մի քանիսին տվեցին այս հարցը, նրանք երեք հիմնական պատճառ նշեցին։
Առաջին՝ գործով ցույց տալ իրենց սերը Եհովայի ու մարդկանց հանդեպ։ Լետիսիան, որը մկրտվել է 18 տարեկանում, ասում է. «Երբ նվիրվեցի Աստծուն, հասկացա, որ պետք է ծառայեմ նրան ամբողջ հոգով ու սրտով։ Քանի որ ողջ սրտով սիրում էի Եհովային, ուզում էի իմ ողջ ժամանակն ու ուժերը օգտագործել նրան ծառայելու համար» (Մարկ. 12։30)։ Էրմիլոն, որն ամուսնացել է Լետիսիայի հետ, 20-ն անց էր, երբ տեղափոխվեց ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կար։ Նա ապրում էր Մոնտերեյում, որը զարգացած քաղաք է, և աշխատում էր բանկում։ Եղբայրն ասում է. «Ես հասկացա, որ լավագույն ձևը, որով կարող եմ ցույց տալ իմ սերը մարդկանց հանդեպ, նրանց օգնելն է, որ բավարարեն իրենց հոգևոր կարիքները» (Մարկ. 12։31)։ Ուստի թողնելով բարեկեցիկ կյանքը՝ նա տեղափոխվեց մի փոքրիկ քաղաք։
Երկրորդ՝ ունենալ իսկական և տևական ուրախություն։ Մկրտությունից կարճ ժամանակ անց Լետիսիան մի փորձառու ռահվիրա քրոջ հետ մեկ ամսով տեղափոխվեց մի հեռավոր քաղաք քարոզելու։ Նա հիշում է. «Ես ապշել էի։ Տեսնելով, թե որքան լավ են մարդիկ արձագանքում Թագավորության լուրին՝ մեծ ուրախություն էի ապրում։ Ամսվա վերջում ինքս ինձ ասացի. «Հենց այսպիսի կյանքով եմ ուզում ապրել»»։ Էսլիին, որը 20-ն անց ամուրի քույր է, նույնպես գրավել է այս ծառայության բերած ուրախությունը։ Դեռևս միջնակարգ դպրոցում սովորելիս նա հանդիպեց մի քանի եռանդուն Վկաների, որոնք ծառայել էին այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կար։ Էսլին ասում է. «Տեսնելով նրանց ուրախ դեմքերը՝ ես ցանկացա նրանց պես ապրել»։ Էսլիի պես՝ շատ քույրեր են ցանկացել զգալ այդ ծառայության բերած ուրախությունը։ Այսօր 680-ից ավելի ամուրի քույրեր ծառայում են Մեքսիկայի այն տարածքներում, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Նրանք հրաշալի օրինակ են թե՛ փոքրերի և թե՛ մեծերի համար։
Երրորդ՝ ապրել իմաստալից և բավականություն պատճառող կյանքով։ Երբ Էսլին ավարտեց դպրոցը, նրան, քանի որ լավ էր սովորում, կրթաթոշակ առաջարկեցին ուսումը համալսարանում շարունակելու համար։ Հասակակիցները հորդորեցին ընդունել առաջարկը և ձգտել ապրել «նորմալ» կյանքով՝ ունենալ գիտական աստիճան, խոստումնալից կարիերա, ավտոմեքենա և ժամանակ՝ ճանապարհորդելու համար։ Բայց Էսլին չհետևեց նրանց խորհրդին։ Նա ասում է. «Իմ քրիստոնյա ընկերներից մի քանիսը նման բաների հետևից ընկան, և ես նկատեցի, որ հոգևոր նպատակները նրանց համար այլևս առաջնային չէին։ Նաև տեսա, որ նրանք, ի վերջո, հիասթափվում էին՝ բախվելով այն խնդիրներին, որոնք առաջ էին գալիս աշխարհի մեջ ավելի ու ավելի միջամուխ լինելու պատճառով։ Ես ուզում էի երիտասարդ տարիներս լիովին անցկացնել ծառայության մեջ»։
Էսլին չգնաց բուհ, բայց դպրոցից հետո ստացավ լրացուցիչ կրթություն, որը նրան հնարավորություն տվեց աշխատանք գտնելու և իր ֆինանսական կարիքները հոգալու։ Աշխատանքին զուգահեռ քույրը ծառայում էր ընդհանուր ռահվիրա։ Հետո նա տեղափոխվեց այնպիսի տարածք, որտեղ քարոզիչների խիստ կարիք կար։ Էսլին նույնիսկ հանձն առավ սովորելու այդ տարածքում ապրող բնիկների՝ օտոմի և տլապանեկ ցեղերի լեզուները։ Հետադարձ հայացք նետելով այնտեղ անցկացրած իր երեք տարիներին՝ քույրն ասում է. «Ինձ մեծ բավականություն է պատճառում այն, որ ծառայում եմ այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Կյանքս շատ իմաստալից է դարձել։ Իսկ որ ամենակարևորն է, ես հիմա շատ ավելի մտերիմ եմ Եհովայի հետ»։ Ֆիլիպն ու Ռաքելը (ԱՄՆ), որոնք 30-ն անց ամուսիններ են, համաձայն են Էսլիի հետ. «Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ կյանքդ կարող է անկայուն դառնալ։ Բայց կյանքդ իմաստալից է դառնում, երբ ծառայում ես այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Դա գոհունակության զգացումով է լցնում քեզ»։
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իհարկե, այս ծառայությունը իր դժվարություններն ունի։ Դրանցից մեկը ֆինանսական կարիքները հոգալու հետ կապված դժվարությունն է։ Դրա համար պետք է պատրաստ լինես հարմարվելու տեղի հանգամանքներին։ Փորձառու ռահվիրա Վերոնիկան ասում է. «Մի տեղ էժան, բայց սննդարար ուտելիք էի պատրաստում ու վաճառում։ Մեկ այլ վայրում հագուստ էի վաճառում և վարսահարդարություն էի անում։ Հիմա տներ եմ մաքրում և այն զույգերին, ովքեր նոր են ծնող դարձել, սովորեցնում եմ հաղորդակցվել երեխաների հետ»։
Մեկ այլ դժվարություն է տեղի մշակույթին և սովորություններին հարմարվելը, հատկապես երբ ծառայում ես բնիկների մեջ հեռավոր տարածքում։ Հենց այսպիսի դժվարության բախվեցին Ֆիլիպն ու Ռաքելը, երբ ծառայում էին մի տարածքում, որտեղ խոսում էին նահուատլ լեզվով։ Ֆիլիպն ասում է. «Մշակութային տարբերությունները հսկայական էին»։ Ի՞նչն օգնեց նրանց հարմարվելու։ «Մենք կենտրոնանում էինք այն դրական բաների վրա, որ նկատում էինք նահուատլ լեզվով խոսող մարդկանց մեջ՝ նրանց անկեղծության, առատաձեռնության և ընտանիքների միջև եղած մտերմության վրա»։ Ռաքելն ավելացնում է. «Մենք շատ բան ենք սովորել՝ ապրելով այնտեղ և ծառայելով տեղի եղբայրների ու քույրերի հետ»։
ԻՆՉՊԵՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ
Դո՞ւ էլ ես ուզում ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա։ Եթե այո, ապա ինչպե՞ս կարող ես նախապատրաստվել այդ ծառայությանը։ Այս դաշտում ծառայած եղբայրներն ու քույրերը ասում են. «Նախքան տեղափոխվելը պարզեցրու կյանքդ և սովորիր բավարարվել եղածով» (Փիլիպ. 4։11, 12)։ Ուրիշ ի՞նչ կարող ես անել։ Լետիսիան պատմում է. «Ես փնտրում էի այնպիսի աշխատանք, որ երբ ցանկանամ, կարողանամ դուրս գալ այդ աշխատանքից։ Ուզում էի ազատ լինել, որպեսզի կարողանամ ցանկացած պահի տեղափոխվել ցանկացած վայր»։ Էրմիլոն ասում է. «Ես սովորեցի կերակուր պատրաստել, լվացք անել և արդուկել»։ Վերոնիկան պատմում է. «Երբ ապրում էի մեր ընտանիքի հետ, մաքրություն էի անում տանը, սովորեցի պատրաստել էժան, բայց սննդարար կերակուր։ Նաև սովորեցի խնայողություն անել»։
Լիվայն ու Ամելիան (ԱՄՆ), որոնք արդեն ութ տարվա ամուսիններ են, պատմում են, թե կոնկրետ արված աղոթքներն ինչպես են օգնել իրենց նախապատրաստվելու ծառայել Մեքսիկայում։ Լիվայն ասում է. «Մենք հաշվեցինք, թե որքան փող մեզ պետք կգա արտասահմանում մեկ տարի ծառայելու համար, և խնդրեցինք Եհովային, որ օգնի վաստակելու հենց այնքան դրամ, որքան մեզ պետք էր»։ Մի քանի ամսում նրանք կարողացան խնայել այնքան փող, որքան նշել էին իրենց աղոթքում, և առանց հապաղելու տեղափոխվեցին։ Լիվայն ասում է. «Եհովան պատասխանել էր մեր աղոթքին, և այժմ մեր հերթն էր գործելու»։ Ամելիան ավելացնում է. «Մտածում էինք, որ կկարողանանք ծառայել միայն մեկ տարի։ Բայց արդեն յոթ տարի է, ինչ այստեղ ենք, և չենք էլ մտածում հետ գնալու մասին։ Այստեղ անմիջականորեն զգում ենք Եհովայի ձեռքը, ամեն օր տեսնում ենք, թե որքան լավ Աստված է նա»։
Ադամին ու Ջենիֆերին (ԱՄՆ), որոնք ծառայում են Մեքսիկայի անգլիախոս դաշտում, նույնպես շատ է օգնել աղոթքը։ Նրանք ասում են. «Մի՛ սպասիր իդեալական հանգամանքների։ Արտասահմանում ծառայելու քո ցանկության մասին շատ աղոթիր Եհովային և գործիր աղոթքներիդ համապատասխան։ Պարզեցրու կյանքդ, նամակ գրիր այն երկրի մասնաճյուղ, որտեղ կուզեիր ծառայել, հաշվիր ծախսը և տեղափոխվիր»a։ Եթե այսպես վարվես, վստահ եղիր, որ մի շատ հետաքրքիր և հոգևոր առումով հարուստ կյանք կունենաս։
a Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս «Կարո՞ղ ես անցնել Մակեդոնիա» հոդվածը 2011թ. օգոստոս ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում։