Հնազանդվիր Եհովայի հովիվներին
«Հնազանդվեք ու հպատակվեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ, որովհետև նրանք անդադար հոգ են տանում ձեր հոգիների մասին» (ԵԲՐ. 13։17)։
1, 2. Ինչո՞վ է ուշագրավ այն, որ Եհովան իրեն նմանեցնում է հովվի։
ԵՀՈՎԱՆ իրեն համեմատում է հովվի հետ (Եզեկ. 34։11–14)։ Այդ համեմատությունն ուշագրավ է նրանով, որ օգնում է մեզ հասկանալու, թե ինչպիսի Աստված է նա։ Լավ հովիվը իրեն պատասխանատու է զգում իր ոչխարների կյանքի և բարօրության համար։ Նա նրանց տանում է արոտավայրեր և աղբյուրներ (Սաղ. 23։1, 2), օր ու գիշեր հսկում է նրանց (Ղուկ. 2։8), պաշտպանում է գիշատիչներից (1 Սամ. 17։34, 35), նորածիններին գրկած տանում է (Ես. 40։11), որոնում է մոլորվածներին ու խնամում վիրավորներին (Եզեկ. 34։16)։
2 Քանի որ իսրայելացիները հնում առավելապես զբաղվում էին անասնապահությամբ և հողագործությամբ, նրանք հեշտությամբ կարող էին հասկանալ, թե Եհովան ինչու է իրեն համեմատում հոգատար հովվի հետ։ Նրանք գիտեին, որ ոչխարները հոգատարության և ուշադրության կարիք ունեն, որպեսզի իրենց լավ զգան և առողջ լինեն։ Նույնն է նաև հոգևոր իմաստով (Մարկ. 6։34)։ Առանց հոգևոր առաջնորդության և հոգատարության՝ մարդիկ վնաս են կրում։ Նրանք դառնում են անպաշտպան, մոլորվում են՝ չեն կողմնորոշվում, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ, «հովիվ չունեցող ոչխարների» պես՝ ցրվում են (1 Թագ. 22։17)։ Բայց Եհովան՝ սիրառատ հովիվը, հոգ է տանում իր ժողովրդի մասին։
3. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։
3 Եհովայի՝ հովվի հետ համեմատությունը տեղին է նաև մեր օրերի համար։ Նա այսօր էլ է հոգ տանում իր գառնուկների մասին։ Եկեք տեսնենք, թե ինչպես է նա առաջնորդում նրանց և հոգ տանում նրանց մասին։ Նաև կտեսնենք, թե գառնուկներն ինչպես պետք է արձագանքեն Աստծու սիրառատ հետաքրքրությանը։
«ԲԱՐԻ ՀՈՎԻՎԸ» ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀՈՎԻՎՆԵՐ
4. Ի՞նչ դեր ունի Հիսուսը Եհովայի գառնուկների մասին հոգ տանելու մեջ։
4 Եհովան Հիսուսին նշանակել է քրիստոնեական ժողովի գլուխ (Եփես. 1։22, 23)։ Հիսուսը՝ «բարի հովիվը», ունի նույն հետաքրքրությունները, նպատակներն ու հատկությունները, ինչ իր Հայրը։ Նա նույնիսկ «իր հոգին տվեց իր ոչխարների համար» (Հովհ. 10։11, 15)։ Քրիստոսի քավիչ զոհը, իրոք որ, մեծ օրհնություն է մարդկության համար (Մատթ. 20։28)։ Եհովայի նպատակն է, որ «ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3։16)։
5, 6. ա) Ո՞ւմ է Հիսուսը նշանակել հոգ տանելու իր գառների մասին, և ի՞նչ պետք է անեն գառները, որպեսզի հովվի աշխատանքը օգտակար լինի իրենց համար։ բ) Ո՞րն է երեցներին հնազանդվելու գլխավոր պատճառը։
5 Ինչպե՞ս են գառնուկները ցույց տալիս, որ Հիսուս Քրիստոսն իրենց Հովիվն է։ Հիսուսն ասաց. «Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, և ես ճանաչում եմ նրանց, ու նրանք իմ հետևից են գալիս» (Հովհ. 10։27)։ Բարի Հովվի ձայնին լսել նշանակում է հետևել նրա առաջնորդությանը բոլոր հարցերում։ Սրա մեջ մտնում է համագործակցելը նրանց հետ, ում նա ժողովում հովիվներ է նշանակել։ Հիսուսը նշեց, որ իր առաքյալներն ու աշակերտները շարունակելու են իր սկսած աշխատանքը։ Նրանք «սովորեցնելու» և «կերակրելու» էին Հիսուսի գառնուկներին (Մատթ. 28։20; կարդա՛ Հովհաննես 21։15–17)։ Բարի լուրը տարածվում էր, և աշակերտների թիվն ավելանում էր, ուստի Հիսուսը հոգ տարավ, որ ժողովում հասուն եղբայրներից հովիվներ նշանակվեն (Եփես. 4։11, 12)։
6 Եփեսոսի ժողովի երեցների հետ խոսելիս Պողոսն ասաց, որ սուրբ ոգին նրանց վերակացուներ է նշանակել «Աստծու ժողովը հովվելու համար» (Գործ. 20։28)։ Այսօր վերակացուները նույնպես նշանակվում են սուրբ ոգու առաջնորդությամբ. նրանք այդ նշանակումը ստանում են, երբ համապատասխանում են վերակացու ծառայելու սուրբգրային պահանջներին, որոնք գրվել են սուրբ ոգու ներշնչմամբ։ Ուստի երբ հնազանդվում ենք վերակացուներին, դրանով ցույց ենք տալիս, որ հարգում ենք Եհովային և Հիսուսին՝ երկու մեծագույն Հովիվներին (Ղուկ. 10։16)։ Սա է գլխավոր պատճառը, թե ինչու պետք է ցանկանանք հնազանդվել երեցներին։ Բայց կան նաև այլ պատճառներ, թե ինչու է իմաստուն այդպես վարվելը։
7. Ինչպե՞ս են երեցներն օգնում քեզ Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ ունենալու։
7 Երեցները առաջնորդում են հավատակիցներին՝ տալով Աստվածաշնչի վրա հիմնված հորդորներ ու խորհուրդներ։ Նրանք պետք է զգույշ լինեն, որ եղբայրներին ու քույրերին չթելադրեն, թե ինչպես ապրեն (2 Կորնթ. 1։24)։ Երեցների նպատակը պետք է լինի սուրբգրային խորհուրդների միջոցով օգնել նրանց կայացնելու ճիշտ որոշումներ և նպաստել ժողովի կարգուկանոնին ու խաղաղությանը (1 Կորնթ. 14։33, 40)։ Աստվածաշունչն ասում է, որ վերակացուները «հոգ են տանում [հավատակիցների] հոգիների մասին»։ Սա նշանակում է, որ նրանք ցանկանում են օգնել ժողովի յուրաքանչյուր անդամի Եհովայի հետ ունենալու լավ փոխհարաբերություններ։ Ուստի երբ երեցները տեսնում են, որ եղբայրը կամ քույրը կանգնած է «սխալ քայլ» անելու ճանապարհին կամ այն արդեն արել է, արագորեն օգնություն են ցույց տալիս (Գաղ. 6։1, 2; Հուդա 22)։ Համաձայն չե՞ս, որ սրանք հիմնավոր պատճառներ են «հնազանդվելու ու հպատակվելու նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում» (կարդա՛ Եբրայեցիներ 13։17)։
8. Ինչպե՞ս են երեցները պաշտպանում Աստծու հոտը։
8 Պողոս առաքյալը, լինելով հոգատար հովիվ, կողոսացի եղբայրներին գրեց. «Զգույշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև զոհ հափշտակի ձեզ փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ։ Սրանք մարդկանց ավանդույթների և աշխարհի սկզբունքների վրա են հիմնված, ոչ թե Քրիստոսի ուսմունքների վրա» (Կող. 2։8)։ Այս զգուշացումը մեր ուշադրությունը հրավիրում է մեկ այլ կարևոր պատճառի վրա, թե ինչու պետք է հետևենք երեցների տված աստվածաշնչյան խորհուրդներին։ Նրանք հոտի անդամներին պաշտպանում են՝ նրանց զգուշացնելով այն մարդկանցից, ովքեր կփորձեն քայքայել նրանց հավատը։ Իսկ Պետրոս առաքյալը զգուշացրեց «սուտ մարգարեներից» և «սուտ ուսուցիչներից», ովքեր փորձելու էին «անհաստատ հոգիներին» դրդել սխալ արարքի (2 Պետ. 2։1, 14)։ Այսօր երեցները անհրաժեշտության դեպքում պետք է նման նախազգուշացումներ տան հոտի անդամներին։ Նրանք հասուն քրիստոնյաներ են և ունեն կյանքի փորձ։ Բացի այդ, նախքան երեց նշանակվելը նրանք արդեն փաստել են, որ լավ են հասկանում Աստվածաշունչը և որակյալ են սովորեցնելու «առողջ ուսմունքը» (1 Տիմոթ. 3։2; Տիտոս 1։9)։ Լինելով հասուն, հավասարակշռված և առաջնորդվելով աստվածաշնչյան իմաստությամբ՝ նրանք կարողանում են հմտորեն հովվել հոտը։
«ԲԱՐԻ ՀՈՎԻՎԸ» ԿԵՐԱԿՐՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՀՈՏԻՆ
9. Ինչպե՞ս է այսօր Հիսուսն առաջնորդում և կերակրում քրիստոնեական ժողովին։
9 Իր կազմակերպության միջոցով Եհովան առատ հոգևոր կերակուր է տալիս համաշխարհային եղբայրությանը։ Մենք բազմաթիվ սուրբգրային խորհուրդներ ենք ստանում մեր հրատարակությունների միջոցով։ Որոշ դեպքերում կազմակերպությունը անմիջապես երեցներին է առաջնորդություն տալիս, և դա անում է նամակների կամ շրջանային վերակացուների միջոցով։ Այսպես գառնուկները ստանում են հստակ առաջնորդություն։
10. Ի՞նչ պատասխանատվություններ ունեն հովիվները նրանց առնչությամբ, ովքեր հետ են ընկել հոտից ու մոլորվել են։
10 Վերակացուները պատասխանատվություն ունեն հոգևորապես պաշտպանելու և սնելու ժողովի անդամներին ու հոգ տանելու նրանց հոգևոր առողջության մասին, հատկապես նրանց, ովքեր հոգևորապես վնասվել են կամ հիվանդացել (կարդա՛ Հակոբոս 5։14, 15)։ Ոմանք նույնիսկ հետ են ընկնում հոտից, մոլորվում են և դադարում քրիստոնեական գործունեությանը մասնակցելուց։ Նման դեպքերում հոգատար երեցը, անշուշտ, իր լիազորությունների սահմաններում ամեն ինչ կանի գտնելու կորած գառնուկին և հորդորելու նրան վերադառնալ փարախ, այսինքն՝ ժողով։ «Իմ Հայրը, որ երկնքում է, չի ցանկանում, որ այս փոքրերից մեկը կործանվի»,— ասաց Հիսուսը (Մատթ. 18։12–14)։
ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ՎԵՐԱԲԵՐՎԵՆՔ ԵՐԵՑՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
11. Ինչո՞ւ ոմանք գուցե դժվարանան հետևել երեցների առաջնորդությանը։
11 Եհովան և Հիսուսը կատարյալ Հովիվներ են, բայց այն եղբայրները, որոնց նրանք վստահում են հոտը, անկատար են։ Այս իրողության պատճառով ոմանք գուցե դժվարանան հետևել երեցների առաջնորդությանը։ Նրանք գուցե ասեն. «Երեցները մեզ պես անկատար են։ Ինչո՞ւ պետք է լսենք նրանց խորհուրդները»։ Այո՛, երեցները անկատար են, բայց կարևոր է ճիշտ վերաբերվել նրանց թերություններին։
12, 13. ա) Անցյալում ի՞նչ սխալներ են արել Աստծու այն ծառաներից ոմանք, ովքեր պատասխանատվություններ են ունեցել։ բ) Ինչո՞ւ է Աստվածաշնչում գրվել պատասխանատու մարդկանց թերությունների մասին։
12 Աստվածաշունչը չի թաքցնում Աստծու այն ծառաների թերությունները, որոնց միջոցով Եհովան առաջնորդել է իր ժողովրդին անցյալում։ Օրինակ՝ Դավիթը։ Եհովան նրան նշանակեց Իսրայելի թագավոր և առաջնորդ։ Սակայն Դավիթը տրվեց գայթակղությանը, պոռնկություն գործեց և մարդ սպանեց (2 Սամ. 12։7–9)։ Հիշենք նաև Պետրոսին։ Թեև նրան մեծ պատասխանատվություն էր վստահվել առաջին դարի քրիստոնեական ժողովում, այնուամենայնիվ առաքյալը լուրջ սխալներ արեց (Մատթ. 16։18, 19; Հովհ. 13։38; 18։27; Գաղ. 2։11–14)։ Ադամից ու Եվայից հետո, բացի Հիսուսից, ուրիշ ոչ մի մարդ կատարյալ չի եղել։
13 Ինչո՞ւ է Եհովան Աստվածաշնչում գրել տվել այն մարդկանց թերությունների մասին, ում պատասխանատվություններ է տվել։ Նա մասնավորապես այդպես է վարվել, որպեսզի ցույց տա, որ կարող է անկատար մարդկանց միջոցով առաջնորդել իր ժողովրդին։ Իրողությունն այն է, որ Եհովան միշտ է այդպես վարվել։ Հետևաբար մենք չպետք է տրտնջանք մեզանում առաջնորդություն վերցնողների դեմ կամ անտեսենք նրանց իշխանությունը՝ պատճառ բերելով նրանց թերությունները։ Եհովան մեզնից ակնկալում է հարգել այդ եղբայրներին և հնազանդվել նրանց (կարդա՛ Ելք 16։2, 8)։
14, 15. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե Եհովան ինչպես էր անցյալում հրահանգներ տալիս իր ժողովրդին։
14 Այսօր շատ կարևոր է հնազանդվել նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում մեզանում։ Ինչպե՞ս էր Եհովան անցյալում հրահանգներ տալիս իր ժողովրդին ծանր իրավիճակներում։ Օրինակ՝ երբ եկել էր ժամանակը, որ իսրայելացիները հեռանային Եգիպտոսից, Աստված նրանց առաջնորդեց Մովսեսի և Ահարոնի միջոցով։ Տասներորդ պատուհասից առաջ Եհովան իսրայելացիներին կոնկրետ հրահանգներ տվեց, որ հատուկ ընթրիք անեն, մորթված գառան արյունից քսեն իրենց տան դռան կողափայտերին և շեմքի վերին հատվածին։ Հնազանդվելով այդ հրահանգներին՝ նրանք փրկվելու էին այդ պատուհասից։ Երկնքից ինչ-որ ձայն չէր, որ առաջնորդեց նրանց. նրանք կոնկրետ հրահանգներ ստացան Իսրայելի երեցներից, որոնք այդ հրահանգները ստացել էին Մովսեսից (Ելք 12։1–7, 21–23, 29)։ Այս իրավիճակում Մովսեսն ու երեցները եղան այն մարդիկ, ովքեր Եհովայի հրահանգները փոխանցեցին իսրայելացիներին և առաջնորդեցին նրանց։ Մեր օրերում երեցները նման կարևոր գործ են անում։
15 Անկասկած, կհիշես աստվածաշնչյան բազմաթիվ այլ պատմություններ, երբ Եհովան կենսական նշանակություն ունեցող հրահանգներ տվել է մարդկանց կամ հրեշտակների միջոցով։ Այդ բոլոր դեպքերում Աստված հարմար գտավ, որ նրանք խոսեն իր անունից և մարդկանց հայտնեն, թե ինչպես վարվեն ծանր իրավիճակներում։ Կարող ենք ակնկալել, որ Եհովան նման մի բան էլ Արմագեդոնի ժամանակ կանի։ Ինչ խոսք, այսօր յուրաքանչյուր երեց, ով պատասխանատվություն է ստացել ներկայացնելու Եհովային և նրա կազմակերպությանը, չափազանց զգույշ պետք է լինի, որ չչարաշահի իրեն վստահված իշխանությունը։
ՄԵԿ ՀՈՏ, ՄԵԿ ՀՈՎԻՎ
16. Ի՞նչ է այն «խոսքը», որին պետք է ականջ դնենք։
16 Եհովայի ծառաները կազմում են «մեկ հոտ» «մեկ հովվի»՝ Հիսուս Քրիստոսի առաջնորդության ներքո (Հովհ. 10։16)։ Հիսուսն ասաց, որ ինքը իր աշակերտների հետ կլինի «բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։20)։ Մինչ Սատանայի աշխարհի վրա դատաստան բերելը նա, լինելով երկնային թագավոր, լիովին վերահսկում է դեպքերի ընթացքը։ Աստծու հոտում միասնական և ապահով լինելու համար յուրաքանչյուրս պետք է ականջ դնի «իր հետևից լսվող խոսքին», որն ասում է, թե որ ճանապարհով գնանք։ Այդ «խոսքը» այն է, ինչ ասում է Աստծու սուրբ ոգին Աստվածաշնչի միջոցով, և այն է, ինչ Եհովան ու Հիսուսը ասում են այն եղբայրների միջոցով, որոնց նշանակել են հովվելու հոտը (կարդա՛ Եսայիա 30։21; Հայտնություն 3։22)։
17, 18. ա) Ի՞նչ վտանգ է սպառնում հոտին, բայց ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։
17 Աստվածաշունչն ասում է, որ Սատանան «մռնչող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա» (1 Պետ. 5։8)։ Ինչպես մի սոված գազան, նա, թաքուն հետևելով հոտին, հարմար պահ է փնտրում հարձակվելու անփորձների կամ հետ ընկածների վրա։ Ուստի անչափ կարևոր է շատ մոտ լինել հոտին և «հովվին ու մեր հոգիների պահապանին»՝ Եհովային (1 Պետ. 2։25)։ Հայտնություն 7։17-ում կարդում ենք մեծ նեղությունից վերապրածների մասին. «Գառը [Հիսուսը].... կհովվի նրանց ու կառաջնորդի դեպի կյանքի ջրի աղբյուրները։ Եվ Աստված նրանց աչքերից կսրբի ամեն արտասուք»։ Մի՞թե սրանից ավելի լավ խոստում կարող է լինել։
18 Մենք տեսանք, թե որքան կարևոր է երեցների դերը հոտը հովվելու գործում։ Լավ կլինի, որ յուրաքանչյուր երեց ինքն իրեն հարցնի. «Ինչպե՞ս կարող եմ հավաստիանալ, որ Հիսուսի գառնուկների հետ վարվում եմ պատշաճ կերպով»։ Այս հարցը կքննենք հաջորդ հոդվածում։