Ճաշակե՞լ ես կյանքի հացը
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ քաղցած էին։ Հին Բեթլեհեմ քաղաքի պատմական վայրերն այցելելիս նրանք որոշեցին ինչ-որ տեղական ուտեստ համտեսել։ Նրանցից մեկը տեսավ մի ռեստորան, որն այցելուներին առաջարկում էր ֆալաֆել։ Այն պատրաստում են համեղ մանրացրած սիսեռից, լոլիկից, սոխից և այլ բանջարեղեններից ու մատուցում լոշի հետ։ Այս խորտիկը վայելելուց հետո զբոսաշրջիկները նոր ուժ ստացան՝ շարունակելու իրենց ճանապարհորդությունը։
Նրանք անգամ չէին էլ գիտակցում, որ այդ օրվա ամենապատմական իրադարձությունը այս հասարակ լոշն ուտելն էր։ Բեթլեհեմ բառը նշանակում է «հացի տուն»։ Այս տարածքում հաց թխել են հազարավոր տարիներ շարունակ (Հռութ 1։22; 2։14)։ Այսօր լոշը Բեթլեհեմի տեղական հացն է։
Մոտ չորս հազար տարի առաջ Բեթլեհեմից ոչ շատ հեռու՝ հարավում, Աբրահամի կինը՝ Սառան, թարմ հաց թխեց երեք անսպասելի այցելուներին հյուրասիրելու համար (Ծննդոց 18։5, 6)։ «Բարձրորակ ալյուրը», որն օգտագործեց Սառան, թերևս ստացված էր երկհատիկ ցորենից (հաճարից) կամ գարուց։ Նա պետք է շատ արագ պատրաստեր այս հացը և հավանաբար խմորը թխեց շիկացած քարերի վրա (1 Թագավորներ 19։6)։
Ինչպես երևում է այս արձանագրությունից, Աբրահամի ընտանիքը պատրաստում և թխում էր իր հացը։ Իրենց թափառական կենսակերպի պատճառով Սառան և նրա ծառաները ակներևաբար չէին կարողանում հաց թխել այնպիսի փռերում, որոնք օգտագործում էին Ուր քաղաքում՝ Սառայի բնօրրանում։ Նա բարձրորակ ալյուր պատրաստում էր տեղի հացահատիկից։ Դա դժվար գործ էր, որն անելու համար հարկավոր էր օգտագործել երկանք ու թերևս սանդ և սանդակոթ։
Չորս դար հետո Մովսիսական օրենքը սահմանեց, որ երկանքը չէր կարելի գրավ վերցնել, քանի որ դա մարդու «ապրուստի միջոցն» էր (2 Օրենք 24։6, ծնթ.)։ Աստված երկանքը կարևոր բան էր համարում, քանի որ առանց դրա ընտանիքը չէր կարողանա թխել իր հանապազօրյա հացը (տե՛ս «Աղալը և թխելը աստվածաշնչյան ժամանակներում» շրջանակը)։
ՀԱՑ, ՈՐ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՍԻՐՏԸ
Սուրբ Գրքում հացի մասին խոսվում է մոտ 350 անգամ, և Աստվածաշունչը գրի առնողները հաճախ օգտագործել են այն որպես կերակուրի հոմանիշ։ Հիսուսը ցույց տվեց, որ Աստծու ծառաները կարող են համոզվածությամբ աղոթել. «Տուր մեզ այսօր մեր օրվա հացը» (Մատթեոս 6։11)։ Այստեղ «հաց» բառը վերաբերում է կերակուրին ընդհանուր առմամբ։ Այդպիսով Հիսուսը ցույց տվեց, որ մենք կարող ենք ապավինել Աստծուն, որը կհոգա մեր ամենօրյա կարիքները (Սաղմոս 37։25)։
Սակայն կա մի բան, որն ավելի կարևոր է, քան հացը, կամ՝ կերակուրը։ «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով»,— ասաց Հիսուսը (Մատթեոս 4։4)։ Այս խոսքերը հիշեցնում են այն ժամանակը, երբ իսրայելացիների կյանքը լիովին կախված էր նրանից, թե Աստված ինչ կտար իրենց։ Դա սկսվեց շատ չանցած այն բանից, երբ նրանք դուրս եկան Եգիպտոսից։ Սինա անապատ մտնելուց մոտ մեկ ամիս հետո նրանց կերակուրի պաշարը սկսեց սպառվել։ Անհանգստանալով, որ այդ չոր անապատում իրենք սովամահ կլինեն՝ իսրայելացիները տրտնջացին՝ ասելով, որ Եգիպտոսում «կուշտ հաց էին ուտում» (Ելք 16։1–3)։
Անկասկած, Եգիպտոսում հացը համեղ էր։ Մովսեսի ժամանակ վարպետ հացթուխները եգիպտացիներին առաջարկում էին հացերի ու բլիթների լայն ընտրանի։ Բայց Եհովան բոլորովին էլ մտադիր չէր իր ժողովրդին առանց հացի թողնել։ «Ես ձեզ համար հաց կտեղամ երկնքից»,— խոստացավ նա։ Եվ իսկապես, երկնքից այս հացը հայտնվեց վաղ առավոտյան։ Այն «մանր թեփանման ինչ-որ բան էր», որն ասես ցող կամ եղյամ լիներ։ «Սա ի՞նչ է»,— հարցրին իսրայելացիները, երբ առաջին անգամ տեսան այն։ «Սա այն հացն է, որ Եհովան տալիս է ձեզ որպես կերակուր»,— պատասխանեց Մովսեսը։ Նրանք դա կոչեցին «մանանա»a, և այդ հացով կերակրվեցին հաջորդ 40 տարիների ընթացքում (Ելք 16։4, 13–15, 31)։
Հրաշքով տրված մանանան սկզբում մեծապես տպավորեց իսրայելացիներին։ Դրա համը «մեղրաբլիթի համի էր նման», և ամեն ոք կարող էր իր համար բավականաչափ պաշար հավաքել (Ելք 16։18)։ Բայց ժամանակի ընթացքում նրանք սկսեցին կարոտել այն բազմազան կերակուրները, որ ուտում էին Եգիպտոսում։ «Մեր աչքերը մանանայից բացի, ուրիշ ոչինչ չեն տեսնում»,— տրտնջում էր ժողովուրդը (Թվեր 11։6)։ Ավելի ուշ նրանք վրդովվեցին. «Մեր հոգին զզվել է այդ նողկալի հացից» (Թվեր 21։5)։ «Երկնային հացը» անհամ ու տհաճ դարձավ նրանց համար (Սաղմոս 105։40)։
ԿՅԱՆՔԻ ՀԱՑԸ
Ճիշտ է, հացը, շատ ուրիշ բաների նման, գուցե սովորական բան համարենք, սակայն Աստվածաշունչը խոսում է հատուկ տեսակի հացի մասին, որը չպետք է սովորական բան համարենք։ Հիսուսը այս հացը համեմատեց մանանայի հետ, որը իսրայելացիները չգնահատեցին ու մերժեցին։ Այն կարող է հավիտենական օգուտներ բերել։
Հիսուսն ասաց իր ունկնդիրներին. «Ես եմ կյանքի հացը։ Ձեր նախահայրերը անապատում կերան մանանան, բայց մահացան։ Ով ուտի երկնքից իջած հացը, չի մահանա։ Ես եմ այն կենդանի հացը, որ երկնքից է իջել. եթե մեկը ուտի այս հացից, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես տալու եմ, իմ մարմինն է. ես այն տալու եմ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհաննես 6։48–51)։
Հիսուսի ունկնդիրներից շատերը չհասկացան փոխաբերական իմաստով օգտագործված «հաց» և «մարմին» բառերը։ Մինչդեռ օրինակը շատ համապատասխան էր։ Բառացի հացը հրեաների ամենօրյա կերակուրն էր, ինչպես որ մանանան, որով իսրայելացիները անապատում կերակրվեցին 40 տարի շարունակ։ Թեև մանանան պարգև էր Աստծուց, այն չէր կարող հավիտենական կյանք տալ։ Հիսուսի զոհը, սակայն, հենց այդպիսի պարգև է նրանց համար, ովքեր հավատ են դրսևորում նրա հանդեպ։ Նա իսկապես «կյանքի հացն» է։
Հավանաբար, երբ քաղցած ես լինում, ձեռքդ մի կտոր հաց ես առնում։ Եվ գուցե շնորհակալություն ես հայտնում Աստծուն քո «օրվա հացի» համար (Մատթեոս 6։11)։ Մենք գնահատում ենք համեղ այդ բարիքը, բայց միևնույն ժամանակ թող որ երբեք չմոռանանք, թե որքան արժեքավոր է «կյանքի հացը», որը Հիսուս Քրիստոսն է։
Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ի տարբերություն Մովսեսի ժամանակներում ապրած երախտամոռ իսրայելացիների՝ անգին հացը սովորական բան չենք համարում։ «Եթե դուք սիրում եք ինձ, կպահեք իմ պատվիրանները»,— ասաց Հիսուսը (Հովհաննես 14։15)։ Հիսուսի պատվիրանները պահելով՝ մենք կունենանք ողջ հավիտենության մեջ հացը վայելելու հեռանկարը (2 Օրենք 12։7)։
a «Մանանա» բառը հավանաբար ծագել է եբրայերեն արտահայտությունից՝ «ման հո՞ւ», որը նշանակում է «սա ի՞նչ է»։