Ոգին վկայություն է տալիս մեր ոգու հետ
«Ոգին ինքը վկայություն է տալիս մեր ոգու հետ, որ մենք Աստծու զավակներն ենք» (ՀՌՈՄ. 8։16)։
ԵՐԳ 109, 108
1–3. Ո՞ր իրադարձությունները 33թ. Պենտեկոստեն յուրահատուկ օր դարձրին, և ինչպե՞ս կատարվեց այն, ինչ մարգարեացվել էր (տես 17-րդ էջի նկարը)։
ԿԻՐԱԿԻ է՝ առավոտյան մոտ ժամը 9-ը։ Այս կիրակին յուրահատուկ է Երուսաղեմի բնակիչների համար։ Այսօր տոն է, ուստի նաև Շաբաթ։ Առավոտյան մշտական ողջակեզները անկասկած արդեն մատուցվել են տաճարում։ Այժմ մեծ ոգևորություն է տիրում, քանի որ քահանայապետը պատրաստվում է մատուցել երերացնելու ընծան՝ խմորված երկու հացերը՝ պատրաստված ցորենի առաջին բերքից (Ղևտ. 23։15–20)։ Ընծան սկիզբ է դնելու ցորենի հնձին։ Մ.թ. 33 թվականն է։ Նշվում է Պենտեկոստեի տոնը։
2 Շուտով մի շատ ավելի կարևոր բան է տեղի ունենալու, բայց ոչ թե տաճարում, այլ քաղաքի վերնասենյակներից մեկում. Քրիստոսի մոտ 120 հետևորդներ հավաքվել են և «հարատևում են աղոթքում» (Գործ. 1։13–15)։ Այն, ինչ պատահելու է նրանց, սերտորեն կապված է քահանայապետի գործողությունների հետ, որ ամեն Պենտեկոստեին անում է նա։ Այդ ժամանակ կատարվելու է նաև Հովելի մարգարեությունը, որը գրվել է մոտ 800 տարի առաջ (Հովել 2։28–32; Գործ. 2։16–21)։ Իսկ ի՞նչ պետք է տեղի ունենա, որն այդքան կարևոր է։
3 Կարդա Գործեր 2։2–4։ Վերնասենյակում հավաքված քրիստոնյաների վրա թափվեց Աստծու սուրբ ոգին (Գործ. 1։8)։ Նրանք սկսեցին մարգարեանալ, կամ՝ վկայություն տալ այն հիանալի բաների մասին, որ տեսել ու լսել էին։ Շուտով մի բազմություն հավաքվեց, և Պետրոս առաքյալը բացատրեց տեղի ունեցածի նշանակությունը։ Հետո նա իր ունկնդիրներին ասաց. «Զղջացեք, և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի ներման համար, և դուք սուրբ ոգու ձրի պարգևը կստանաք»։ Այդ օրը մոտ 3000 հոգի ընդունեց այդ հրավերը, մկրտվեց և ստացավ խոստացված սուրբ ոգին (Գործ. 2։37, 38, 41)։
4. ա) Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի Պենտեկոստեին տեղի ունեցածը։ բ) Ուրիշ ի՞նչ կարևոր իրադարձություն է թերևս տեղի ունեցել տարիներ առաջ այդ նույն օրը (տես ծանոթագրությունը)։
4 Ինչո՞ւ է 33թ. Պենտեկոստեն այդքան կարևոր մեզ համար։ Անշուշտ ոչ այն պատճառով, ինչ տեղի ունեցավ Երուսաղեմի տաճարում։ Այլ քանի որ Հիսուս Քրիստոսը՝ մեծ Քահանայապետը, կատարեց այն, ինչի մարգարեական օրինակը տաճարում տեղի ունեցածն էր։[1] Քահանայապետը երկու խորհրդանշական հացեր մատուցեց Եհովային։ Տաճարում մատուցված այդ խմորված հացերը ներկայացնում են օծյալ աշակերտներին, որոնք վերցվել են մեղավոր մարդկանց միջից, որպեսզի դառնան Աստծու որդեգրած որդիներ։ Ուստի մարդկանց միջից ընտրված այդ «առաջին պտուղներից» ոմանց համար ճանապարհ բացվեց գնալու երկինք և դառնալու Աստծու Թագավորության մի մասը, որը անհամար օրհնություններ է բերելու հնազանդ մարդկությանը (Հակ. 1։18; 1 Պետ. 2։9)։ Ուստի անկախ նրանից՝ հույս ունենք Հիսուսի հետ ապրելու երկնքում, թե հավիտենական կյանք վայելելու երկրային դրախտում, մեր կյանքը մեծապես կախված է Պենտեկոստեի օրը տեղի ունեցած իրադարձություններից։
Ի՞ՆՉ Է ԼԻՆՈՒՄ, ԵՐԲ ԱՆՀԱՏԸ ՕԾՎՈՒՄ Է
5. Որտեղի՞ց գիտենք, որ առաջին դարի ոչ բոլոր օծյալներն են նույն ձևով օծվել։
5 Եթե լինեիր այն աշակերտների թվում, ում գլխին ասես կրակե լեզուներ երևացին, անշուշտ չէիր մոռանա այդ օրը։ Դու ոչ մի կասկած չէիր ունենա, որ օծվել ես սուրբ ոգով, հատկապես եթե ստացած լինեիր օտար լեզվով խոսելու զարմանալի պարգևը (Գործ. 2։6–12)։ Բայց մի՞թե սուրբ ոգով օծված բոլոր քրիստոնյաները իրենց օծումը ստացել են այնպիսի տպավորիչ կերպով, ինչպես եղավ 120 աշակերտների պարագայում։ Ո՛չ։ Օրինակ՝ մյուս քրիստոնյաները, ովքեր այդ օրը ներկա էին Երուսաղեմում, սուրբ ոգով օծվեցին իրենց մկրտության ժամանակ, և կրակե լեզուների նմանությամբ ոչ մի բան չիջավ նրանց գլխին (Գործ. 2։38)։ Բացի այդ, ոչ բոլոր օծյալները օծվեցին իրենց մկրտության ժամանակ։ Օրինակ՝ սամարացիները օծվեցին իրենց մկրտությունից որոշ ժամանակ անց (Գործ. 8։14–17)։ Իսկ Կոռնելիոսը և նրա տնեցիները, բացառության կարգով, սուրբ ոգով օծվեցին նախքան մկրտվելը (Գործ. 10։44–48)։
6. Ի՞նչ են ստանում բոլոր օծյալները, և դա ի՞նչ ազդեցություն է թողնում նրանց վրա։
6 Այսօր նույնպես ոչ բոլոր օծյալներն են նույն կերպով օծվում։ Ոմանք գուցե անմիջապես հասկանան, որ կանչվել են, իսկ ոմանց սուրբ ոգին աստիճանաբար է օգնում դա հասկանալու։ Այնուհանդերձ, անկախ նրանից, թե ինչ կերպով է օծումը տեղի ունենում, յուրաքանչյուրի հետ կատարվում է այն, ինչի մասին խոսեց Պողոս առաքյալը. «Երբ դուք հավատացիք, նրա միջոցով նաև խոստացված սուրբ ոգու կնիքը դրվեց ձեզ վրա։ Այդ ոգին մեր ժառանգության համար նախապես տրված գրավն է» (Եփես. 1։13, 14)։ Սուրբ ոգու այս հատուկ գործողությունը դառնում է կանխավճար, երաշխիք (կամ՝ գրավական) այն բանի, ինչը պետք է լինի։ Այս գրավի շնորհիվ օծված քրիստոնյան ներքին համոզվածություն է ձեռք բերում իր ստացածի հանդեպ (կարդա 2 Կորնթացիներ 1։21, 22; 5։5)։
7. Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր օծյալ, որպեսզի ստանա իր պարգևը երկնքում։
7 Արդյո՞ք գրավը ստացած քրիստոնյայի համար երկնային կյանքը երաշխավորված է։ Ո՛չ։ Նա համոզված է, որ երկնքում ապրելու հրավեր ունի, բայց ի վերջո կստանա իր երկնային պարգևը, թե ոչ, կախված է իր կոչմանը հավատարիմ մնալուց։ Պետրոսն այս միտքը հետևյալ կերպով բացատրեց. «Դրա համար, եղբայրնե՛ր, ձեր լավագույնն արեք, որ որպես կանչվածներ ու ընտրվածներ հավատարիմ մնաք, որովհետև եթե շարունակեք այս բաներն անել, երբեք չեք ընկնի։ Այդպիսով ձեր առջև լայն դուռ կբացվի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական թագավորությունը» (2 Պետ. 1։10, 11)։ Հետևաբար յուրաքանչյուր օծյալ պետք է ձգտի հավատարիմ մնալ։ Եթե հավատարիմ չմնա, նրա երկնային կոչումը, կամ՝ հրավերը, ոչ մի արժեք չի ունենա նրա համար (Եբր. 3։1; Հայտն. 2։10)։
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԻՄԱՆՈՒՄ
8, 9. ա) Ինչո՞ւ է մարդկանց մեծամասնության համար դժվար հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, երբ ինչ-որ մեկը օծվում է սուրբ ոգով։ բ) Անհատն ինչպե՞ս է իմանում, որ երկինք գնալու հրավեր է ստացել։
8 Աստծու ծառաների ճնշող մեծամասնությունն այսօր թերևս դժվարանա հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում օծվելու պրոցեսը, և դա բնական է, քանի որ իրենց հետ նման բան չի եղել։ Մարդկության հետ կապված Աստծու սկզբնական նպատակն էր, որ մարդիկ հավիտյան ապրեին այստեղ՝ երկրի վրա (Ծննդ. 1։28; Սաղ. 37։29)։ Ուստի արտասովոր բան է այն, որ Աստված ընտրել է ոմանց երկնքում թագավորներ և քահանաներ լինելու համար։ Դա բացառիկ երևույթ է։ Երկնային կոչումը մեծապես փոխում է մարդու մտածելակերպը, աշխարհընկալումը և հույսը (կարդա Եփեսացիներ 1։18)։
9 Բայց ինչպե՞ս է անհատն իմանում, որ ինքը երկնային կոչում ունի և հատուկ գրավ է ստացել։ Պատասխանը հստակ երևում է Պողոսի խոսքերից՝ ուղղված հռոմեացի օծյալ քրիստոնյաներին, ովքեր «կանչված էին սուրբ լինելու համար»։ Նա ասաց. «Դուք չստացաք ծառա լինելու ոգի, որ կրկին ձեզ վախ պատճառի, այլ ստացաք որդեգրության ոգի, որով էլ մենք բացականչում ենք. «Ա՛բբա, Հա՛յր»։ Ոգին ինքը վկայություն է տալիս մեր ոգու հետ, որ մենք Աստծու զավակներն ենք» (Հռոմ. 1։7; 8։15, 16)։ Պարզ ասած՝ իր սուրբ ոգու միջոցով Աստված մարդու համար հստակ է դարձնում, որ նա հրավիրված է լինելու Թագավորության ապագա ժառանգ (1 Թեսաղ. 2։12)։
10. 1 Հովհաննես 2։27-ում ինչո՞ւ է ասվում, որ օծյալ քրիստոնյան կարիք չունի, որ իրեն սովորեցնեն։
10 Աստծուց այս հատուկ հրավերը ստացողները մեկ այլ աղբյուրից ուրիշ վկայության կարիք չունեն։ Նրանք կարիք չունեն, որ մեկ ուրիշը հաստատի իրենց հետ տեղի ունեցածը։ Եհովան նրանց մտքում և սրտում ոչ մի կասկած չի թողնում։ Հովհաննես առաքյալն ասաց օծյալ քրիստոնյաներին. «Դուք օծվել եք սուրբ Աստծու կողմից, և բոլորդ գիտելիք ունեք»։ Հետո ավելացրեց. «Իսկ ձեզ Աստված իր ոգով օծեց, և այն մնում է ձեր մեջ, ու կարիք չկա, որ մեկը ձեզ սովորեցնի։ Ոգով օծվելը ճշմարիտ է և սուտ չէ. այն սովորեցնում է ձեզ ամեն ինչի մասին։ Ուրեմն ինչպես այն սովորեցրեց ձեզ, մնացեք նրա հետ միության մեջ» (1 Հովհ. 2։20, 27)։ Այս մարդիկ, ինչպես բոլորը, հոգևոր կրթության կարիք ունեն, բայց կարիք չունեն, որ ինչ-որ մեկը հաստատի իրենց օծյալ լինելը։ Տիեզերքի ամենազորեղ ուժն է տվել նրանց այդ համոզվածությունը։
ԴԱՐՁՅԱԼ ԾՆՎՈՒՄ ԵՆ
11, 12. Ի՞նչ գուցե մտածի օծյալ քրիստոնյան, բայց ի՞նչը նա երբեք կասկածի չի ենթարկում։
11 Երբ սուրբ ոգին տալիս է այդ համոզվածությունը, օծյալ քրիստոնյայի ներսում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում։ Հիսուսն այս ներքին պրոցեսը նկարագրելու համար ասաց, որ նրանք «դարձյալ ծնվում են» (հունարեն արտահայտությունը, որը թարգմանվել է «դարձյալ ծնվել», ունի նաև «ծնվել վերևից» իմաստը)[2] (Հովհ. 3։3, 5)։ Հետո նա բացատրեց. «Մի՛ զարմացիր, որ քեզ ասացի, թե դուք դարձյալ պետք է ծնվեք։ Քամին փչում է այնտեղ, որտեղ ուզում է, և դու լսում ես նրա ձայնը, բայց չգիտես, թե նա որտեղից է գալիս և ուր է գնում։ Այդպես է յուրաքանչյուր մարդ, որ ոգուց է ծնվել» (Հովհ. 3։7, 8)։ Պարզ է, որ հնարավոր չէ այս անհատական հրավերը լիովին բացատրել նրանց, ում հետ նման բան չի եղել։
12 Ովքեր նման հրավեր են ստացել, գուցե մտածեն. «Ինչո՞ւ եմ ես ընտրվել։ Ինչո՞ւ հենց ես և ոչ թե մեկ ուրիշը»։ Գուցե նրանք նույնիսկ մտածեն, թե արդյոք արժանի են։ Բայց երբեք հարցականի տակ չեն դնում այն փաստը, որ հրավեր ստացել են։ Նրանց սիրտը ցնծում է ուրախությունից և լցված է երախտագիտության զգացումով։ Օծյալները նույն զգացումներն ունեն, ինչ Պետրոսը, երբ Աստծուց ներշնչված գրեց. «Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը, որովհետև նրա մեծ ողորմությամբ մենք վերստին ծնվեցինք, որպեսզի Հիսուս Քրիստոսի հարության միջոցով ունենանք այն կենդանի հույսը, որ ստանալու ենք անապականելի, անպիղծ և անթառամ ժառանգությունը։ Այն պահված է երկնքում ձեզ համար» (1 Պետ. 1։3, 4)։ Երբ օծյալները կարդում են այս խոսքերը, նրանք բոլորովին չեն կասկածում, որ իրենց երկնային Հայրը անհատապես խոսում է իրենց հետ։
13. Ի՞նչ փոփոխություն է տեղի ունենում մարդու մտածելակերպի մեջ, երբ նա օծվում է սուրբ ոգով, և ի՞նչն է այդ փոփոխության պատճառը։
13 Նախքան Աստծու ոգուց անհատական վկայություն ստանալը այս քրիստոնյաները երկրային կյանքի հույս են փայփայել։ Նրանք փափագով սպասել են այն ժամանակին, երբ Եհովան մաքրելու է երկիրը չարությունից, և ցանկացել են ապրել երկրի վրա այդ օրհնված ժամանակներում։ Թերևս պատկերացրել են, թե ինչպես են դիմավորում իրենց մահացած հարազատներին, ապրում իրենց կառուցած տներում և ուտում իրենց տնկած ծառերի պտուղը (Ես. 65։21–23)։ Իսկ ինչո՞ւ նրանք սկսեցին այլ կերպ մտածել։ Պատճառն այն չէ, որ նրանց այլևս չէր գրավում իրենց հույսը։ Դա ոչ էլ սթրեսի կամ շփոթվածության արդյունք է եղել։ Նրանք հանկարծակի չեն փոխել իրենց միտքը այն պատճառով, որ սկսել են մտածել, թե երկրի վրա հավիտյան ապրելը հոգնեցուցիչ ու ձանձրալի կլինի, կամ էլ ցանկացել են տեսնել, թե ինչպիսին է կյանքը երկնքում։ Նրանք փոխվել են, քանի որ Աստծու ոգին է ներգործել իրենց վրա՝ ոչ միայն կանչելով, կամ՝ հրավիրելով, այլև փոխելով նրանց միտքն ու հույսը։
14. Ի՞նչ վերաբերմունք ունեն օծյալները իրենց երկրային կյանքի նկատմամբ։
14 Ուրեմն պե՞տք է եզրակացնենք, որ օծյալները ցանկանում են մահանալ։ Պողոսը Աստծու ներշնչմամբ գրեց. «Մենք՝ այս վրանում լինողներս, հառաչում ենք՝ ծանրության տակ լինելով, որովհետև ոչ թե ուզում ենք հանել այն, այլ ուզում ենք մյուսը հագնել, որպեսզի ինչը որ մահկանացու է, կլանվի կյանքի կողմից» (2 Կորնթ. 5։4)։ Նրանք չեն կորցրել երկրային կյանքի հանդեպ հետաքրքրությունը և չեն ուզում, որ այն շուտ ավարտվի։ Ընդհակառակը՝ օծյալները սիրում են կյանքը և ցանկանում են իրենց կյանքի ամեն մի օրը անցկացնել ընկերների և հարազատների հետ Եհովային ծառայելով։ Բայց անկախ ամեն ինչից՝ նրանք միշտ հիշում են ապագայի իրենց փառահեղ հույսի մասին (1 Կորնթ. 15։53; 2 Պետ. 1։4; 1 Հովհ. 3։2, 3; Հայտն. 20։6)։
ԴՈՒ ԿԱՆՉՎԵ՞Լ ԵՍ
15. Ի՞նչն է ցույց տալիս, որ անհատը չի օծվել սուրբ ոգով։
15 Թերևս ուզում ես իմանալ՝ արդյոք ստացել ես այս հիանալի հրավերը։ Եթե կարծում ես, որ ստացել ես, մտածիր հետևյալ կարևոր հարցերի շուրջ։ Ծառայության հանդեպ առանձնահատուկ եռա՞նդ ունես։ Աստծու Խոսքի ջանասեր ուսումնասիրո՞ղ ես, ով սիրում է խորությամբ քննել «Աստծու խորունկ գաղտնիքները» (1 Կորնթ. 2։10)։ Զգացե՞լ ես, որ Եհովան յուրահատուկ կերպով օրհնում է ծառայությունդ։ Անհագ ցանկություն ունե՞ս կատարելու Եհովայի կամքը։ Ուրիշներին հոգևորապես օգնելու պատասխանատվության մեծ զգացո՞ւմ ունես։ Տեսե՞լ ես Եհովայի ձեռքը քո կյանքում։ Եթե այս բոլոր հարցերին միանշանակ այո ես պատասխանում, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ երկնային հույս ունես։ Ո՛չ։ Ինչո՞ւ։ Քանի որ միայն երկնային կոչում ունեցողները չէ, որ ունեն նման զգացումներ։ Եհովայի ոգին հավասարապես գործում է բոլոր քրիստոնյաների վրա՝ անկախ նրանց հույսից։ Իրականում, այն, որ երկմտում ես՝ արդյոք ստացել ես երկնային կոչում, թե ոչ, արդեն իսկ ցույց է տալիս, որ չես ստացել։ Եհովայի կողմից կանչվածները երբեք չեն կասկածում՝ ստացել են հրավեր, թե ոչ։ Նրանք գիտեն, որ ստացել են։
16. Որտեղի՞ց գիտենք, որ Աստծու սուրբ ոգին ստացած մարդկանցից ոչ բոլորն են հրավիրվել գնալու երկինք։
16 Աստվածաշնչում կան հավատարիմ մարդկանց բազմաթիվ օրինակներ, որոնց վրա սուրբ ոգին մեծապես ազդել է, բայց նրանք չեն ունեցել երկնքում ապրելու հույս։ Հովհաննես Մկրտիչը նրանցից մեկն էր։ Հիսուսը շատ էր գնահատում նրան, բայց ասաց, որ Հովհաննեսը չի մտնելու երկնային Թագավորություն (Մատթ. 11։10, 11)։ Դավթի վրա նույնպես «գործել է» սուրբ ոգին (1 Սամ. 16։13)։ Նա հոգևոր անձնավորություն էր և նույնիսկ ներշնչվեց գրելու Աստվածաշնչի որոշ հատվածներ (Մարկ. 12։36)։ Բայց Պենտեկոստեին Պետրոսն ասաց, որ «Դավիթը չէր, որ վեր ելավ երկինք» (Գործ. 2։34)։ Սուրբ ոգին զորավոր կերպով գործել է այս մարդկանց վրա, բայց չի տվել նրանց հատուկ վկայություն, որ նրանք ընտրված են երկնային կյանքի համար։ Եվ դա բոլորովին չի նշանակում, որ նրանք ինչ-որ առումով արժանի չեն եղել դրան կամ չեն համապատասխանել այդ դերին։ Պարզապես նշանակում է, որ Եհովան հարություն է տալու նրանց երկրային դրախտում (Հովհ. 5։28, 29; Գործ. 24։15)։
17, 18. ա) Ի՞նչ վարձատրության է սպասում Աստծու ծառաների զգալի մասն այսօր։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու հաջորդ հոդվածում։
17 Աստծու ծառաների զգալի մասն այսօր չունի երկնային կոչում։ Նրանք նույն հույսն են փայփայում, ինչ Դավիթը, Հովհաննես Մկրտիչը և ուրիշ հավատարիմ տղամարդիկ ու կանայք։ Աբրահամի նման՝ նրանք անհամբեր սպասում են այն ժամանակին, երբ կլինեն Աստծու Թագավորության հպատակները (Եբր. 11։10)։ Այս վերջին օրերում երկնային կյանքի հույս ունեցողների միայն մնացորդն է երկրի վրա (Հայտն. 12։17)։ Սա նշանակում է, որ 144000-ի մեծ մասը արդեն մահացել է՝ պահելով իր հավատարմությունը։
18 Իսկ ինչպե՞ս պետք է երկրային հույս ունեցողները վերաբերվեն այն անհատին, որը պնդում է, թե երկնային հույս ունի։ Եթե քո ժողովում ինչ-որ մեկը սկսի օգտվել Տիրոջ ընթրիքի խորհրդանիշներից, ինչպե՞ս պետք է արձագանքես։ Արդյոք քեզ պե՞տք է անհանգստացնի այն, որ երկնային հույս ունեցողների թիվն աճում է։ Այս հարցերը կքննենք հաջորդ հոդվածում։
^ [1] (պարբերություն 4) Հավանաբար, Պենտեկոստեն նշվել է տարվա այն նույն օրը, երբ Սինա լեռան մոտ տրվել էր Օրենքը (Ելք 19։1)։ Եթե դա այդպես է, ուրեմն Հիսուս Քրիստոսը նոր ազգի՝ հոգևոր Իսրայելի հետ կապած նոր ուխտը ուժի մեջ մտցրեց տարվա այն օրը, երբ Մովսեսի միջոցով Իսրայել ազգը մտավ Օրենքի ուխտի մեջ։
^ [2] (պարբերություն 11) Դարձյալ ծնվելու վերաբերյալ ավելի մանրամասն բացատրվում է «Դիտարանի» 2009թ. ապրիլի 1-ի համարում (էջ 3–11)։