Ապաստան գտնո՞ւմ ես Եհովայի մոտ
«Եհովան փրկագնով ազատում է իր ծառաների հոգիները. նրա մոտ ապաստան գտնողներից և ոչ մեկը հանցավոր չի ճանաչվի» (ՍԱՂ. 34։22)։
1. Մեղքի պատճառով Աստծու հավատարիմ ծառաներից շատերը ի՞նչ են զգում։
«Ի՜ՆՉ թշվառ մարդ եմ ես» (Հռոմ. 7։24)։ Աստծու հավատարիմ ծառաներից շատերն են ունեցել նույն զգացումը, որ ուներ Պողոս առաքյալը։ Բոլորս էլ մեղք ենք ժառանգել ու կրում ենք դրա հետևանքները։ Ուստի թեև շատ ենք ուզում հաճեցնել Եհովային, հնարավոր է՝ այնպիսի բան անենք, որ տխրեցնենք նրան։ Այդ պահերին գուցե զգանք, որ մենք թշվառ մարդիկ ենք։ Լուրջ մեղք գործած որոշ քրիստոնյաներ նույնիսկ մտածում են, որ անհնար է՝ Աստված երբևէ իրենց ների։
2. ա) Սաղմոս 34։22-ը ինչպե՞ս է ցույց տալիս, որ Աստծու ծառաները չպետք է թևաթափ լինեն մեղավորության զգացումի պատճառով։ բ) Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում (տես «Դասե՞ր, թե՞ նախապատկերներ» շրջանակը)։
2 Սակայն Աստվածաշունչը մեզ վստահեցնում է, որ Եհովայի մոտ ապաստան գտնողները չպետք է թևաթափ լինեն մեղավորության զգացման պատճառով (կարդա Սաղմոս 34։22)։ Ի՞նչ է նշանակում ապաստան գտնել Եհովայի մոտ։ Ի՞նչ քայլեր պետք է անենք, որպեսզի Եհովան ողորմած լինի մեր հանդեպ ու ների մեզ։ Այս հարցերի պատասխանները կստանանք՝ քննելով այն դերը, որ հին Իսրայելում ունեին ապաստանի քաղաքները։ Ճիշտ է, այդ կարգը սահմանվել էր Օրենքի ուխտի շրջանակներում, որը 33 թ. Պենտեկոստեին փոխարինվեց նոր ուխտով։ Սակայն այդ Օրենքը Եհովան էր տվել։ Ուստի կարդալով ապաստանի քաղաքների մասին՝ սովորում ենք, թե ինչպես է Եհովան վերաբերվում մեղքին, մեղսագործներին և զղջմանը։ Նախ եկեք տեսնենք, թե ինչի համար էին նախատեսված այդ քաղաքները, և ինչպես էին մարդիկ ապաստան գտնում դրանցում։
«ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՊԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐ ՈՐՈՇԵՔ»
3. Իսրայելացիներն ի՞նչ էին անում դիտավորյալ սպանությունների դեպքում։
3 Եհովան լրջորեն էր վերաբերվում սպանության բոլոր դեպքերին, որ տեղի էին ունենում հին Իսրայելում։ Դիտավորությամբ սպանություն գործած մարդուն մահապատժի էր ենթարկում զոհի ամենամոտ արու ազգականը, որին կոչում էին «արյան վրիժառու» (Թվեր 35։19)։ Այդպես քավություն էր արվում անմեղ մարդու արյան համար։ Քանի որ հանցագործը արագ մահապատժի էր ենթարկվում, Ավետյաց երկիրը չէր պղծվում։ Եհովան պատվիրել էր. «Չապականեք այն երկիրը, որտեղ ապրում եք, որովհետև [մարդու թափված] արյունն է ապականում երկիրը» (Թվեր 35։33, 34)։
4. Ի՞նչ էին անում հին Իսրայելում, երբ մարդը պատահմամբ էր սպանում մեկին։
4 Իսկ ի՞նչ էին անում հին Իսրայելում, երբ մարդը պատահմամբ էր սպանում մեկին։ Թեև նրա արարքը կանխամտածված չէր, նա մեղավոր էր անմեղ արյուն թափելու համար (Ծննդ. 9։5)։ Այդուհանդերձ, նրա հանդեպ ողորմություն էր դրսևորվում. նրան թույլ էր տրվում արյան վրիժառուից փախչել ապաստանի վեց քաղաքներից մեկը։ Այնտեղ նա կարող էր պաշտպանություն գտնել։ Ապաստանի քաղաքում նա պետք է մնար մինչև քահանայապետի մահը (Թվեր 35։15, 28)։
5. Ապաստանի քաղաքների մասին խորհելը ինչպե՞ս է օգնում ավելի լավ հասկանալ Եհովային։
5 Ապաստանի քաղաքներ առանձնացնելու գաղափարը մարդուց չէր։ Եհովան էր այդպիսի պատվեր տվել Հեսուին. «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Ձեզ համար ապաստանի քաղաքներ որոշեք»»։ Այս խոսքերի համաձայն՝ իսրայելացիները «սրբացրին» այդ քաղաքները (Հեսու 20։1, 2, 7, 8)։ Քանի որ Եհովան էր ուղղակիորեն պատվիրել հատուկ նպատակով առանձնացնել դրանք, եկեք մտածենք հետևյալ հարցերի շուրջ։ Այդ կարգն ինչպե՞ս է օգնում ավելի լավ ըմբռնել Եհովայի ողորմությունը։ Ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչպես կարող ենք նրա մոտ ապաստան գտնել այսօր։
«ՆԱ ՊԵՏՔ Է.... ԱՅԴ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՑՆԵՐԻՆ ՊԱՏՄԻ ԻՐ ՀԵՏ ՊԱՏԱՀԱԾԸ»
6, 7. ա) Առանց դիտավորության մարդ սպանած անհատին դատելու գործում ի՞նչ դեր ունեին երեցները (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Ինչո՞ւ այդ անհատը իմաստուն կվարվեր, եթե մոտենար երեցներին։
6 Առանց դիտավորության մարդ սպանած անհատը, փախչելով ապաստանի քաղաք, նախ պետք է դարպասի մոտ «երեցներին պատմեր իր հետ պատահածը»։ Նրան պետք է ընդունեին այդ քաղաքում և հոգատարություն դրսևորեին (Հեսու 20։4)։ Որոշ ժամանակ հետո նրան հետ էին ուղարկում այն քաղաքի երեցների մոտ, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը։ Վերջիններս քննում էին այդ գործը (կարդա Թվեր 35։24, 25)։ Եվ միայն այն բանից հետո, երբ հայտարարվում էր, որ սպանությունը պատահմամբ է կատարվել, այդ մարդուն վերադարձնում էին ապաստանի քաղաք։
7 Ինչո՞ւ էին գործը քննում երեցները։ Նրանք դա անում էին այն նպատակով, որ Իսրայելի ժողովը մաքուր պահեին և առանց դիտավորության մարդ սպանած անհատին օգնեին օգտվելու Եհովայի ողորմությունից։ Ինչպես նշում է մի աստվածաշնչագետ, եթե այդ անհատը չմոտենար երեցներին, «ինքն իրեն վտանգի կենթարկեր»։ Նա ավելացնում է. «Այդ մարդու արյունը իր գլխին կլիներ, որովհետև չէր օգտվել Աստծու տված պաշտպանությունից»։ Այո՛, պատահմամբ սպանություն գործած անհատը կարո՛ղ էր օգնություն ստանալ, սակայն դրա համար պետք է ջանքեր թափեր և ընդուներ այդ օգնությունը։ Եթե նա ապաստան չփնտրեր Եհովայի կողմից առանձնացված քաղաքներից մեկում, սպանված մարդու ամենամոտ ազգականը իրավունք ուներ նրան մահապատժի ենթարկելու։
8, 9. Լուրջ մեղք գործած քրիստոնյան ինչո՞ւ պետք է օգնության համար դիմի երեցներին։
8 Լուրջ մեղք գործած քրիստոնյան պետք է օգնության համար դիմի ժողովի երեցներին, որպեսզի ապաքինվի։ Ինչո՞ւ է այդ քայլը անչափ կարևոր։ Առաջին՝ Եհովան է սահմանել այն կարգը, որի համաձայն՝ երեցները քննում են լուրջ մեղքերին առնչվող գործերը։ Դրա մասին ասվում է Աստծու Խոսքում (Հակ. 5։14–16)։ Երկրորդ՝ երեցները զորացնում են զղջացող մեղսագործին, որպեսզի նա մնա Աստծու հոգածության տակ և մեղքի ուղին չբռնի (Գաղ. 6։1; Եբր. 12։11)։ Երրորդ՝ երեցները նշանակվել և կրթվել են այն նպատակով, որ մխիթարեն զղջացող մեղսագործին, մեղմացնեն նրա ցավն ու մեղավորության զգացումը։ Եհովան այս մարդկանց կոչում է «փոթորկի դեմ եղող թաքստոց» (Ես. 32։1, 2)։ Համաձայն չե՞ս, որ այս կարգը Եհովայի ողորմածության դրսևորումն է։
9 Աստծու ծառաներից շատերը մեծ թեթևացում են զգացել, երբ դիմել են երեցներին ու նրանցից օգնություն են ստացել։ Օրինակ՝ մի եղբայր, որի անունը Դենիել է, լուրջ մեղք գործեց։ Մի քանի ամիս անցավ, բայց նա չմոտեցավ երեցներին։ Եղբայրը պատմում է. «Այդքան ժամանակ անցնելուց հետո ինձ թվում էր, թե երեցները այլևս ոչինչ չեն կարող անել ինձ համար։ Սակայն, ինչպես ասում են, գող՝ սիրտը դող. ես այդպիսի տագնապ էի զգում՝ վախենալով, որ իմ արարքները կբացահայտվեն ու վատ հետևանքներ կբերեն։ Իսկ երբ աղոթում էի Եհովային, կարծում էի, որ ամեն անգամ նախ պետք է արածիս համար ներողություն խնդրեմ նրանից»։ Ի վերջո Դենիելը դիմեց երեցներին և օգնություն ստացավ։ Հիշելով անցյալը՝ նա ասում է. «Ինչ խոսք, ես վախենում էի մոտենալ երեցներին։ Բայց երբ դիմեցի նրանց, այնպիսի զգացողություն ունեի, որ իմ ուսերից ծանր բեռ ընկավ։ Այժմ զգում եմ, որ կարող եմ առանց որևէ խոչընդոտի մոտենալ Եհովային»։ Հիմա Դենիելը մաքուր խիղճ ունի և վերջերս նշանակվել է ծառայող օգնական։
«ՆԱ ՊԵՏՔ Է ՓԱԽՉԻ ԱՅԴ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ»
10. Առանց դիտավորության մարդ սպանած անհատը ի՞նչ վճռական քայլ պետք է ձեռնարկեր, որ իր հանդեպ ողորմություն դրսևորվեր։
10 Առանց դիտավորության մարդ սպանած անհատը պետք է վճռական քայլ ձեռնարկեր, որ իր հանդեպ ողորմություն դրսևորվեր։ Նա պետք է փախչեր ապաստանի ամենամոտ քաղաքը (կարդա Հեսու 20։4)։ Դժվար է պատկերացնել, որ այդ մարդը անտարբեր լիներ. չէ՞ որ կենդանի մնալու համար նա պետք է հնարավորինս շուտ հասներ այդ քաղաք ու այնտեղ մնար։ Սա զոհողություններ էր պահանջում։ Նա պետք է թողներ իր աշխատանքը, տան հարմարությունները, պետք է հրաժարվեր ազատորեն ճանապարհորդելու հնարավորությունից։ Եվ այս ամենը տևելու էր մինչև քահանայապետի մահը (Թվեր 35։25)։a Սակայն անշուշտ արժե՛ր այսպիսի ջանքեր թափել ու նման անհարմարություններ կրել։ Եթե այդ մարդը հեռանար ապաստանի քաղաքից, դրանով ցույց կտար, թե իր համար մեկ է, որ ինքը արյուն է թափել, բացի դրանից՝ կվտանգեր իր կյանքը։
11. Զղջացող քրիստոնյայի ո՞ր գործողությունները ցույց կտան, որ ինքը թանկ է գնահատում Աստծու ողորմությունը։
11 Եթե այսօր էլ մեկը մեղք գործի, բայց զղջա, նա պետք է վճռական քայլեր ձեռնարկի, որպեսզի Աստված ողորմություն դրսևորի իր հանդեպ։ Մենք պետք է լիովին թողնենք մեղքի ուղին՝ հեռու մնալով ոչ միայն լուրջ, այլև թեթև մեղքերից, որոնք հաճախ տանում են ծանր մեղքի։ Աստծուց ներշնչված՝ Պողոս առաքյալը գրեց, թե ինչ էին արել Կորնթոսի այն քրիստոնյաները, որոնք զղջացել էին իրենց մեղքերի համար։ Նա ասաց. «Ձեր աստվածահաճո տրտմությունը որչա՜փ ջանասիրություն արթնացրեց ձեր մեջ, ինչպե՜ս ձեզ մաքրեց ձեր հանցանքներից, ինչպիսի՜ վրդովմունք առաջ բերեց, ինչպիսի՜ վախ, ինչպիսի՜ փափագ, ինչպիսի՜ նախանձախնդրություն, այո՛, նաև սխալի ուղղում» (2 Կորնթ. 7։10, 11)։ Եթե մեղքի ուղին թողնելու համար ամեն ջանք թափենք ու վճռական քայլեր ձեռնարկենք, դրանով Եհովային ցույց կտանք, որ մեր արածին թեթևամտորեն չենք վերաբերվում և նրա ողորմածությունը չենք չարաշահում։
12. Ինչի՞ց պետք է հրաժարվի քրիստոնյան, որպեսզի Աստված շարունակի ողորմած լինել իր հանդեպ։
12 Քրիստոնյան ինչի՞ց պետք է հրաժարվի, որպեսզի Աստված շարունակի ողորմած լինել իր հանդեպ։ Նա պետք է պատրաստ լինի թողնելու նույնիսկ այն բաները, որոնք թանկ են իր համար, բայց որոնք կարող են իրեն մեղքի տանել (Մատթ. 18։8, 9)։ Եթե որոշ ընկերներ քեզ մղում են այնպիսի բաներ անելու, որոնք հաճելի չեն Եհովային, կդադարե՞ս նրանց հետ շփվելուց։ Եթե ձգտում ես խմիչքի հարցում չափավոր լինել, կխուսափե՞ս այնպիսի իրավիճակներից, որոնցում գուցե գայթակղություն առաջանա չափից շատ խմելու։ Եթե պայքարում ես անբարո սեռական ցանկությունների դեմ, կմերժե՞ս այն ֆիլմերը, կայքերը կամ զբաղմունքները, որոնք կարող են քո մեջ անմաքուր մտքեր ծնել։ Հիշիր. Եհովային հավատարիմ մնալու համար անշուշտ արժե՛ ցանկացած զոհողություն անել։ Ոչինչ այնքան ուժգին ցավ չի պատճառում, որքան այն զգացողությունը, որ նա թողել է քեզ։ Միևնույն ժամանակ ոչինչ այնքան մեծ երջանկություն չի պարգևում, որքան այն զգացողությունը, որ Եհովան նվիրվածաբար սիրում է քեզ, չէ՞ որ նա «սիրառատ բարություն է դրսևորում հավիտյան» (Ես. 54։7, 8)։
«ԴՐԱՆՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՊԱՍՏԱՐԱՆ ԼԻՆԵՆ»
13. Ապաստանի քաղաք փախած մարդը ինչո՞ւ կարող էր իրեն ապահով ու երջանիկ զգալ։
13 Երբ անհատը գտնվում էր ապաստանի քաղաքում, նա պաշտպանված էր։ Այդ քաղաքների մասին Եհովան ասաց. «Դրանք ձեզ համար ապաստարան լինեն» (Հեսու 20։2, 3)։ Աստված չէր պահանջում, որ մարդասպանը նորից դատվեր նույն արարքի համար։ Բացի այդ, արյան վրիժառուին թույլ չէր տրվում մտնել այդ քաղաք ու կյանքից զրկել այդ անհատին։ Ուստի վերջինս բնավ չպետք է վախենար, որ իր հետ հաշվեհարդար կտեսնեն։ Քաղաքի ներսում նա ապահով էր՝ գտնվում էր Եհովայի պաշտպանության տակ։ Այդ ապաստանը բանտ չէր։ Քաղաքում ապրելով՝ նա կարող էր աշխատել, օգնել ուրիշներին և խաղաղությամբ ծառայել Եհովային։ Այո՛, այդ անհատը կարող էր ապրել երջանիկ, բավարարվածություն պատճառող կյանքով։
14. Զղջացող քրիստոնյան ինչո՞ւմ կարող է վստահ լինել։
14 Աստծու ծառաներից ոմանք, ովքեր լուրջ մեղք են գործել, բայց զղջացել են, իրենց բանտարկյալի պես են զգում՝ մեղավորության զգացման կապանքներում։ Նրանք նույնիսկ մտածում են, որ Եհովան հավիտյան կհամարի, թե իրենք արատավորված են լուրջ մեղքով։ Եթե դու էլ այսպիսի զգացողություն ունես, խնդրում ենք, վստահ եղիր, որ երբ Եհովան ներում է քեզ, այլևս կարիք չկա, որ քեզ մեղավոր զգաս. նրա ողորմությունը քո ապահովությունն է։ Դենիելը, որի մասին խոսեցինք, համոզվեց, որ դա իրոք այդպես է։ Երբ երեցները ուղղեցին նրան և օգնեցին նորից մաքուր խիղճ ունենալ, նա մեծ թեթևացում զգաց։ Եղբայրը պատմում է. «Վերջապես ազատ շունչ քաշեցի։ Երբ այդ հարցը պատշաճ ձևով լուծվեց, այլևս չպետք է ինձ մեղավոր զգայի։ Երբ մեղքը ներվում է, այն այլևս գոյություն չունի։ Ինչպես ասել է Եհովան, նա վերցնում է քո բեռը և քեզնից շատ հեռու մի տեղ է տանում։ Էլ երբեք ստիպված չես լինի տեսնել այն»։ Երբ անհատը ապաստանի քաղաքում էր գտնվում, կարիք չկար, որ նա տագնապի զգացում ունենար՝ վախենալով արյան վրիժառուից։ Նույն ձևով էլ, երբ Եհովան ներում է մեր մեղքը, մենք չպետք է վախենանք՝ մտածելով, թե նա պատճառ է փնտրում, որ նորից հիշի այն կամ դատի մեզ դրա համար (կարդա Սաղմոս 103։8–12)։
15, 16. Երբ մտածում ես այն մասին, որ Հիսուսը մեր Քահանայապետն է ու Փրկագնողը, ինչպե՞ս է դա քեզ օգնում ավելի վստահ լինել, որ Աստված ողորմած կլինի քո հանդեպ։
15 Իսրայելացիների համեմատությամբ մենք ավելի ծանրակշիռ պատճառ ունենք վստահ լինելու, որ Եհովան ողորմած կլինի մեր հանդեպ։ Երբ Պողոս առաքյալը ասաց, որ ինքը թշվառ մարդ է, քանի որ չի կարողանում կատարյալ հնազանդություն դրսևորել Եհովայի հանդեպ, նա բացականչեց. «Շնորհակալ եմ Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 7։25)։ Ճիշտ է, Պողոսը պայքարում էր մեղքի դեմ և անցյալում մեղքեր էր գործել, որոնց համար զղջացել էր, սակայն նա վստահ էր, որ Աստված ներում է Հիսուսի միջոցով։ Հիսուսը՝ մեզ Փրկագնողը, մաքրում է մեր խիղճը և մեզ ներքին խաղաղություն է տալիս (Եբր. 9։13, 14)։ Որպես մեր Քահանայապետ՝ «նա կարող է նաև լիակատար փրկություն տալ նրանց, ովքեր մոտենում են Աստծուն իր միջոցով, որովհետև նա միշտ կենդանի է, որպեսզի բարեխոսի նրանց համար» (Եբր. 7։24, 25)։ Եթե քահանայապետի ծառայությունը իսրայելացիներին վստահեցնում էր, որ իրենց մեղքերը կներվեն, ապա որքա՜ն ավելի մեր Քահանայապետի՝ Հիսուսի ծառայությունը պետք է մեզ համոզվածությամբ լցնի, որ «Աստված ողորմություն և անզուգական բարություն կցուցաբերի, երբ մենք օգնության կարիք ունենանք» (Եբր. 4։15, 16)։
16 Ուստի Եհովայի մոտ ապաստան գտնելու համար հավատ դրսևորիր Հիսուսի զոհի հանդեպ։ Ոչ միայն վստահ եղիր, որ փրկանքը կարող է օգուտ բերել անթիվ-անհամար մարդկանց, այլև հավատա, որ այն քե՛զ համար է տրված (Գաղ. 2։20, 21)։ Հավատա, որ փրկանքը հիմք է տալիս ներելու քո՛ մեղքերը։ Հավատա, որ փրկանքը քե՛զ է հավիտենական կյանքի հույս տալիս։ Հիսուսի զոհը Եհովայի նվերն է, որը նա քե՛զ է տվել։
17. Ինչո՞ւ ես ուզում ապաստան գտնել Եհովայի մոտ։
17 Ապաստանի քաղաքները Եհովայի ողորմության արտացոլումն էին։ Սահմանելով այդ կարգը՝ Աստված ոչ միայն ընդգծեց, որ կյանքը սուրբ է, այլև ցույց տվեց, թե ինչպես են երեցները օգնում մեզ, ինչ է նշանակում իսկապես զղջալ, և ինչու կարող ենք լիովին վստահ լինել, որ մեր Հայրը ներում է մեզ։ Իսկ դու ապաստան գտնո՞ւմ ես Եհովայի մոտ։ Հիշի՛ր, որ դրանից ապահով վայր չկա (Սաղ. 91։1, 2)։ Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես ապաստանի քաղաքների շուրջ խորհրդածելը կարող է օգնել մեզ, որ արդարություն գործադրելու և ողորմություն դրսևորելու հարցում հետևենք Եհովայի մեծագույն օրինակին։
a Հրեական աշխատությունների համաձայն՝ պատահմամբ սպանություն գործած անհատի ընտանիքը, ըստ ամենայնի, նույնպես գալիս էր ապաստանի քաղաք։