Եհովայի համար թանկ է քո «ամեն»-ը
ԵՀՈՎԱՆ թանկ է գնահատում մեր երկրպագությունը։ Նա «ուշադիր լսում է» իր ծառաներին, և նրա աչքից չի վրիպում ոչ մի բան, որ անում ենք իրեն փառաբանելու համար, լինի մեծ, թե փոքր (Մաղ. 3։16)։ Օրինակ՝ նկատի առնենք «ամեն» բառը, որ անթիվ անգամներ ենք ասել։ Մի՞թե Եհովայի համար արժեք ունի փառաբանություն արտահայտող նույնիսկ այս մի բառը։ Անշո՛ւշտ։ Որպեսզի իմանանք՝ ինչու է դա այդպես, նախ եկեք տեսնենք, թե այդ բառը ինչ է նշանակում և ինչպես է կիրառվել Աստվածաշնչում։
«ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹՈՂ ԱՍԻ՝ ԱՄԵ՛Ն»
«Ամեն» բառը նշանակում է «թող այդպես լինի» կամ «անշուշտ»։ Այն ծագել է եբրայերեն մի բառարմատից, որը նշանակում է հավատարիմ կամ վստահարժան լինել։ Հնում այդ բառը երբեմն օգտագործվում էր իրավական դաշտում։ Երդում տալուց հետո մարդն ասում էր՝ ամե՛ն՝ հաստատելով, որ այն, ինչ ասել է, ճշմարիտ է, և որ ինքը պատրաստ է կրել իր ասածի հետևանքները (Թվեր 5։22)։ Երբ նա հանրորեն «ամեն» էր ասում, դա նրան ավելի էր պարտավորեցնում իր խոսքի տերը լինել (Նեեմ. 5։13)։
«Ամեն» բառի գործածության հիշարժան օրինակ ենք գտնում «Երկրորդ Օրենք» գրքի 27-րդ գլխում։ Ավետյաց երկիր մտնելուց հետո իսրայելացիները պետք է հավաքվեին Գեբալ և Գարիզին հանդիպակաց լեռների ստորոտներում, որպեսզի լսեին Մովսիսական օրենքի ընթերցանությունը։ Սակայն նրանք հավաքվելու էին ոչ միայն լսելու Օրենքը, այլև հաստատելու, որ պարտավորվում են ապրել դրա համաձայն։ Նրանք դա պետք է անեին հետևյալ ձևով. երբ կարդացվեր, թե ինչ կլինի Օրենքը խախտելու հետևանքով, ժողովուրդը պետք է ասեր՝ ամե՛ն (2 Օրենք 27։15–26)։ Այժմ պատկերացրու, թե որքան տպավորիչ էր տեսնել ու լսել, թե ինչպես են բազմահազար տղամարդիկ, կանայք ու երեխաներ ընթերցանությունից հետո բարձրաձայն պատասխանում՝ ամե՛ն (Հեսու 8։30–35)։ Նրանց հիշողությունից երևի թե երբեք չջնջվեց այն, ինչ խոստացան այդ օրը։ Եվ նրանք իրենց խոսքի տերը եղան։ Աստվածաշնչում կարդում ենք. «Իսրայելը Եհովային ծառայեց Հեսուի բոլոր օրերում և այն երեցների բոլոր օրերում, որոնք շարունակեցին ապրել Հեսուից հետո և գիտեին Եհովայի ամեն գործերը, որ նա արեց Իսրայելի համար» (Հեսու 24։31)։
Հիսուսը նույնպես օգտագործել է «ամեն» բառը, որպեսզի հաստատի իր ասածի ճշմարտացիությունը, բայց դա յուրօրինակ ձևով է արել։ Նա «ամեն» էր ասում ոչ թե ուրիշի խոսքերին ի պատասխան, այլ որպես նախաբան՝ ինչ-որ կարևոր ճշմարտություն ներկայացնելուց առաջ (հայերեն թարգմանվել է «ճշմարիտ»)։ Երբեմն էլ իր խոսքը սկսելիս երկու անգամ էր «ամեն» ասում (Մատթ. 5։18; Հովհ. 1։51)։ Այդպես նա իր ունկնդիրներին հավաստիացնում էր, որ իր ասածը բացարձակ ճշմարտություն է։ Հիսուսը կարող էր այդպիսի համոզվածությամբ խոսել, որովհետև իշխանություն ուներ իրականացնելու Աստծու բոլոր խոստումները (2 Կորնթ. 1։20; Հայտն. 3։14)։
«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՍԱՑ՝ ԱՄԵՆ ՈՒ ԳՈՎԱԲԱՆԵՑ ԵՀՈՎԱՅԻՆ»
Իսրայելացիները «ամեն» բառն օգտագործում էին նաև այն ժամանակ, երբ փառաբանում էին Եհովային և աղոթքներ էին մատուցում նրան (Նեեմ. 8։6; Սաղ. 41։13)։ Աղոթքից հետո ասելով այդ բառը՝ մարդիկ ցույց էին տալիս, որ լիովին համաձայն են ասվածին։ Այդպիսով բոլոր ներկաները կարողանում էին մասնակցել երկրպագությանը և ուրախություն ստանալ այդ հոգևոր միջոցառումից։ Օրինակ՝ հիշենք այն դեպքը, երբ Դավիթ թագավորը Եհովայի տապանակը բերեց Երուսաղեմ։ Այդ իրադարձությանը հաջորդած տոնակատարության ժամանակ որպես աղոթք հնչեց Դավթի գրած սրտաբուխ երգը։ Այն արձանագրված է 1 Տարեգրություն 16։8–36 համարներում։ Ներկաները այնքան տպավորված էին այդ երգի խոսքերով, որ ասացին՝ ամե՛ն, ու գովաբանեցին Եհովային։ Նրանց միասնական պատասխանը կրկնապատկեց այդ օրվա ուրախությունը։
Առաջին դարի քրիստոնյաները Եհովային փառաբանելիս նույնպես օգտագործել են «ամեն» բառը։ Հունարեն Գրությունների մաս կազմող նամակներում այն հաճախ է հանդիպում (Հռոմ. 1։25; 16։27; 1 Պետ. 4։11)։ «Հայտնություն» գրքում նկարագրվում է, որ նույնիսկ ոգեղեն արարածներն են Եհովային փառաբանելիս ասում. «Ամե՛ն։ Գովաբանե՛ք Յահին» (Հայտն. 19։1, 4)։ Վաղ քրիստոնյաները իրենց հանդիպումների ժամանակ հնչող աղոթքների վերջում սովորաբար «ամեն» էին ասում (1 Կորնթ. 14։16)։ Սակայն այնպես չէր, որ նրանք մեխանիկորեն՝ առանց մտածելու էին կրկնում այդ բառը։
ԻՆՉՈՒ Է ՔՈ «ԱՄԵՆ»-Ը ԱՐԺԵՔԱՎՈՐ
«Ամեն» բառի ծագումն ու պատմությունն ուսումնասիրելուց հետո հասկանալի է, թե ինչու է նպատակահարմար այդ բառով ավարտել աղոթքը։ Երբ մեր անձնական աղոթքի վերջում «ամեն» ենք ասում, հաստատում ենք մեր ասածը և ցույց ենք տալիս, որ անկեղծ ենք։ Իսկ երբ հանրության առաջ ասված աղոթքի վերջում ենք «ամեն» ասում, թեկուզ շշուկով, դրանով ցույց ենք տալիս, որ համաձայն ենք հնչած մտքերին։ Տեսնենք, թե մեր ասած «ամեն»-ը է՛լ ինչ է ցույց տալիս։
Այն ցույց է տալիս, որ արթուն մտքով ենք երկրպագություն մատուցում Աստծուն։ Աղոթքը մեր երկրպագության մասն է, ուստի դրա ժամանակ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ենք ասում, այլև այն, թե ինչպես ենք մեզ պահում։ Բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր ասած «ամեն»-ը արժեք ունենա, ուստի ձգտում ենք ճիշտ տրամադրվածությամբ լսել աղոթքը և հետևել, որ այդ ընթացքում մեր մտքերը չթափառեն։
Այն միավորում է Եհովայի երկրպագուներին։ Հանրային աղոթքների ժամանակ ժողովի բոլոր անդամները միասնաբար լսում են միևնույն մտքերը (Գործ. 1։14; 12։5)։ Երբ աղոթքի վերջում բոլորս միաձայն «ամեն» ենք ասում, ավելի միասնական ենք դառնում։ Անկախ նրանից՝ այդ բառը բարձրաձայն ենք ասում, թե մտքում՝ դա Աստծուն ավելի մեծ հիմք է տալիս կատարելու մեր ընդհանուր խնդրանքը։
«Ամեն» ասելով՝ փառաբանում ենք Եհովային։ Մեր երկնային Հայրը նկատում է ամեն բան, անգամ ամենաչնչին բանը, որ անում ենք իրեն երկրպագելու համար (Ղուկ. 21։2, 3)։ Նա տեսնում է նաև, թե ինչ մղումներ ունենք, և ինչ կա մեր սրտում։ Նույնիսկ երբ ժողովի հանդիպման ծրագիրը հեռախոսով ենք լսում, կարող ենք համոզված լինել, որ մեր ասած «ամեն»-ը չի վրիպում Եհովայի ուշադրությունից։ Այն ջրի կաթիլի պես թափվում է նրան ուղղված փառաբանության օվկիանը։
Գուցե թվա, թե մեր ասած «ամեն»-ը չնչին արժեք ունի, բայց դա բոլորովին էլ այդպես չէ։ Մի աստվածաշնչային հանրագիտարանում այս բառի վերաբերյալ ասվում է. «Ընդամենը այս մեկ բառով [Աստծու ծառաները] արտահայտում են իրենց վստահությունը, լիակատար համաձայնությունը և այն կենդանի հույսը, որով լցված է իրենց սիրտը»։ Թող որ յուրաքանչյուր «ամեն», որ հնչում է մեր շուրթերից, հաճելի լինի Եհովային (Սաղ. 19։14)։