ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 49
Կա աշխատելու ժամանակ և հանգստանալու ժամանակ
«Եկեք առանձին մի մեկուսի վայր գնանք և մի փոքր հանգիստ առեք» (ՄԱՐԿ. 6։31)։
ԵՐԳ 143 Արթուն ու եռանդուն լինենք, փափագով սպասենք
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Մարդիկ ինչպե՞ս են վերաբերվում աշխատանքին։
ՁԵՐ տեղանքում ի՞նչ տեսակետ է տարածված աշխատանքի վերաբերյալ։ Բազմաթիվ երկրներում մարդիկ գնալով ավելի շատ ու ավելի երկար են աշխատում։ Չափից շատ աշխատող մարդիկ սովորաբար այնքան զբաղված են լինում, որ չեն հասցնում հանգստանալ, ընտանիքի հետ ժամանակ անցկացնել կամ մտածել հոգևոր բաների մասին (Ժող. 2։23)։ Բայց կան մարդիկ էլ, որոնք ընդհանրապես չեն սիրում աշխատել և շարունակ պատճառաբանություններ են բերում, որ չաշխատեն (Առակ. 26։13, 14)։
2–3. Աշխատանքի հարցում Եհովան և Հիսուսը ի՞նչ օրինակ են թողել։
2 Հակառակ աշխարհում տիրող այս երկու ծայրահեղություններին՝ Եհովան և Հիսուսը աշխատանքի վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ունեն։ Կասկած չկա, որ մեր Արարիչը սիրում է աշխատել։ Դա հստակ երևում է Հիսուսի խոսքերից. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, և ես նույնպես գործում եմ» (Հովհ. 5։17)։ Հապա մտածիր, թե Աստված որքան է աշխատել անթիվ-անհամար ոգեղեն արարածներին և անծայրածիր տիեզերքը ստեղծելու համար։ Նրա ստեղծագործական աշխատանքի արգասիքներով լի է նաև մեր հրաշալի Երկիր մոլորակը։ Ուստի հասկանալի է, թե սաղմոսերգուներից մեկը ինչու է բացականչել. «Որքա՜ն շատ են քո գործերը, ո՛վ Եհովա, բոլորը իմաստությամբ ես արել։ Երկիրը լի է քո ստեղծագործություններով» (Սաղ. 104։24)։
3 Հիսուսը ճիշտ և ճիշտ իր Հոր նման է։ Նա՝ որպես անձնավորված իմաստություն, Եհովայի կողքին հմուտ վարպետ էր, երբ վերջինս «պատրաստում էր երկինքը» (Առակ. 8։27–31)։ Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ ևս հիանալի ձևով կատարում էր իրեն հանձնարարված գործը, որը կերակուրի պես բավականություն էր պատճառում իրեն։ Այն, թե նա ինչպես էր ամեն բան անում, փաստում էր, որ իր Հոր Որդին է, և Նա է ուղարկել իրեն (Հովհ. 4։34; 5։36; 14։10)։
4. Հանգստի վերաբերյալ ի՞նչ կարող ենք սովորել Եհովայից ու Հիսուսից։
4 Այն, որ Եհովան ու Հիսուսը տքնաջան աշխատել են, նշանակո՞ւմ է արդյոք, որ հանգստանալը ժամանակի վատնում է։ Բոլորովի՛ն։ Աստվածաշնչում ասվում է, որ երկինքն ու երկիրն արարելուց հետո Եհովան «դադարեց աշխատելուց ու սկսեց հանգստանալ» (Ելք 31։17)։ Թեև Աստված երբեք չի հոգնում և հանգստանալու կարիք չունի, սակայն «սկսեց հանգստանալ» այն իմաստով, որ պարզապես դադարեց նոր բաներ արարելուց և ժամանակ հատկացրեց, որ վայելի իր ձեռքի գործերը։ Ինչ վերաբերում է Հիսուսին, ապա նա նույնպես չէր մոռանում հանգստի մասին. խիստ զբաղված առօրյայից հետո նա ժամանակ էր տրամադրում հանգիստ առնելու և իր ընկերների հետ ճաշելու կամ ընթրելու համար (Մատթ. 14։13; Ղուկ. 7։34)։
5. Աստծու ծառաներից շատերը երբեմն ո՞ր հարցում են դժվարանում։
5 Սուրբ Գիրքը Աստծու ծառաներին հորդորում է աշխատասեր լինել։ Ծուլությունը վայել չէ մեզ (Առակ. 15։19)։ Ամենայն հավանականությամբ, դու աշխատում ես, որ հոգաս ընտանիքիդ կարիքները։ Բացի այդ, լինելով Քրիստոսի հետևորդ, հասկանում ես, որ պետք է մասնակցես քարոզչական գործին։ Սակայն պետք է նաև բավականաչափ հանգստանաս։ Երբեմն դժվարանո՞ւմ ես հավասարակշռել աշխատանքդ, ծառայությունդ և հանգիստդ։ Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե որքան է հարկավոր աշխատել և որքան հանգստանալ։
ԻՆՉՊԵՍ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌԵԼ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒ ՀԱՆԳԻՍՏԸ
6. Մարկոս 6։30–34 համարները ինչպե՞ս են ցույց տալիս, որ Հիսուսը հավասարակշռված վերաբերմունք ուներ աշխատանքի և հանգստի նկատմամբ։
6 Աշխատանքի վերաբերյալ ճիշտ տեսակետ ունենալը շատ կարևոր է։ Սողոմոն թագավորը գրել է, որ «ամեն ինչ իր ժամանակն ունի, և երկնքի տակ եղող ամեն գործի համար ժամանակ կա»՝ ինչպես տնկելու, կառուցելու, ողբալու, այնպես էլ ծիծաղելու, պարելու և այլ բաներ անելու համար (Ժող. 3։1–8)։ Հստակ է, որ աշխատանքն ու հանգիստը կյանքի կարևոր բաղադրիչներից են։ Հիսուսը հավասարակշռված վերաբերմունք ուներ թե՛ մեկի, թե՛ մյուսի նկատմամբ։ Մի անգամ, երբ առաքյալները վերադարձան քարոզչությունից, Հիսուսը նրանց ասաց. «Եկեք առանձին մի մեկուսի վայր գնանք և մի փոքր հանգիստ առեք»։ Նա այդպես ասաց, որովհետև եկող-գնացողները այնքան շատ էին, որ նրանք անգամ հաց ուտելու ժամանակ չունեին (կարդա Մարկոս 6։30–34)։ Թեև Հիսուսին ու նրա աշակերտներին ոչ միշտ էր հաջողվում հանգստանալ, բայց նա լավ հասկանում էր, որ հանգիստը անհրաժեշտություն է։
7. Շաբաթի օրենքը քննելը ինչո՞վ կօգնի մեզ։
7 Երբեմն բոլորս էլ իսկապես կարիք ենք ունենում առօրյայից կտրվելու և հանգստանալու։ Դա է փաստում նաև Շաբաթի օրենքը, որ Աստված տվել էր հին Իսրայելին։ Իհարկե, մենք Մովսիսական օրենքի տակ չենք, սակայն Շաբաթի օրենքը քննելով՝ օգտակար մտքեր կգտնենք մեզ համար։ Դրանք կօգնեն ինքնաքննություն անել և տեսնել, թե արդյոք հավասարակշռված ձևով ենք վերաբերվում աշխատանքին ու հանգստին։
ՇԱԲԱԹ՝ ՀԱՆԳՍՏԻ ՈՒ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ՕՐ
8. Ելք 31։12–15 համարների համաձայն՝ յոթերորդ օրը ինչի՞ համար էր նախատեսված։
8 Աստծու Խոսքում ասվում է, որ վեց արարչագործական «օրերից» հետո Աստված դադարեց երկրի վրա նոր բաներ ստեղծել (Ծննդ. 2։2)։ Բայց քանի որ նա սիրում է աշխատել, շարունակեց այլ գործեր անել (Հովհ. 5։17)։ Հետագայում Եհովան Իսրայելին պատվիրեց շաբաթվա յոթերորդ օրը հանգստանալ, ինչպես որ ինքը արեց. վեց օր արարելուց հետո յոթերորդ օրը սկսեց հանգստանալ։ Աստված ասաց, որ Շաբաթը նշան է իր ու Իսրայելի միջև. այն ցույց էր տալիս, որ նրանք հատուկ փոխհարաբերություններ ունեին։ «Յոթերորդ օրը լիակատար հանգստի շաբաթ էր», և այն «սուրբ էր Եհովայի համար» (կարդա Ելք 31։12–15)։ Շաբաթ օրն աշխատելու արգելքը տարածվում էր բոլորի վրա՝ ներառյալ երեխաների և ստրուկների. չէր կարելի աշխատեցնել անգամ ընտանի կենդանիներին (Ելք 20։10)։ Այդպես մարդիկ հնարավորություն էին ունենում այդ օրը կենտրոնանալու երկրպագության վրա։
9. Հիսուսի օրերում ոմանք ի՞նչ ծայրահեղական տեսակետ ունեին Շաբաթի օրենքի վերաբերյալ։
9 Շաբաթի օրենքը մարդկանց բարօրությանն էր նպաստում, սակայն Հիսուսի օրերում կրոնական առաջնորդները ծայրաստիճան խիստ կանոններ էին սահմանել այն պահելու վերաբերյալ։ Նրանք պնդում էին, թե շաբաթ օրը չի կարելի նույնիսկ մի քանի հասկ պոկել ուտելու համար կամ բուժել հիվանդ մարդու (Մարկ. 2։23–27; 3։2–5)։ Այդպիսի տեսակետը հակառակ էր Աստծու մտածելակերպին, և Հիսուսը հստակ ցույց տվեց դա։
10. Մատթեոս 12։9–12 համարները ինչպե՞ս են բացահայտում Հիսուսի տեսակետը Շաբաթը պահելու մասին։
10 Հիսուսն ու իր աշակերտները պահում էին Շաբաթը, որովհետև Մովսիսական օրենքի տակ էին։b Բայց Հիսուսն իր գործերով ու խոսքերով սովորեցրեց, որ Շաբաթի օրենքը պահելիս հարկավոր էր ողջամիտ լինել, և որ այն չէր արգելում բարի գործեր անել։ Հիսուսը հստակ ասաց. «Օրենքով թույլատրելի է շաբաթ օրը բարի գործ անել» (կարդա Մատթեոս 12։9–12)։ Աստծու Որդին չէր համարում, որ այդ օրը բարի գործեր անելը օրենքի խախտում է։ Հիսուսի արած բաները բացահայտում էին գլխավոր պատճառը, թե Եհովան ինչու էր տվել Շաբաթի օրենքը։ Այդ օրը առօրյա գործերից հանգստանալով՝ մարդիկ կարողանում էին կենտրոնանալ հոգևոր բաների վրա և մտերմանալ Աստծու հետ։ Հիսուսը մեծացել էր մի ընտանիքում, որտեղ ընդունված էր շաբաթ օրը տրամադրել երկրպագությանը։ Այդ մասին իմանում ենք Ղուկասի Ավետարանից. «Հիսուսը եկավ Նազարեթ, որտեղ որ մեծացել էր, և իր սովորության համաձայն՝ շաբաթ օրը ժողովարան մտավ և կանգնեց, որ կարդա» (Ղուկ. 4։15–19)։
ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
11. Հովսեփը աշխատասիրության ի՞նչ լավ օրինակ է եղել Հիսուսի համար։
11 Հովսեփը՝ Հիսուսի երկրային հայրը, անշուշտ ընդունում էր աշխատանքի վերաբերյալ Աստծու տեսակետը և իր որդուն ատաղձագործի արհեստն ուսուցանելու հետ մեկտեղ սովորեցրել էր նաև աշխատասեր լինել (Մատթ. 13։55, 56)։ Հիսուսը տեսել էր, որ Հովսեփը, ծանր աշխատանք կատարելով, հոգ էր տանում իր մեծ ընտանիքին։ Հետագայում նա իր աշակերտներին ասաց. «Աշխատողը արժանի է իր վարձին» (Ղուկ. 10։7)։ Այո՛, Հիսուսը շատ լավ հասկանում էր, թե ինչ է նշանակում ծանր աշխատանք կատարել։
12. Աստվածաշնչի ո՞ր համարներն են ցույց տալիս Պողոս առաքյալի վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ։
12 Նույնը կարելի է ասել Պողոս առաքյալի մասին։ Ճիշտ է, նրա գլխավոր գործը Հիսուսի և նրա սովորեցրած բաների մասին հիմնովին վկայություն տալն էր, սակայն Պողոսը նաև աշխատում էր, որ հոգար իր կարիքները։ Թեսաղոնիկեցիները լավատեղյակ էին, թե նա ինչպես էր «տքնությամբ ու մեծ ջանքերով օր ու գիշեր աշխատում, որպեսզի [իրենցից] ոչ մեկին ծախսի տակ չգցեր» (2 Թեսաղ. 3։8; Գործ. 20։34, 35)։ Պողոսը «օր ու գիշեր» հավանաբար վրանագործությամբ էր զբաղվում։ Կորնթոսում եղած ժամանակ նա մնում էր Ակյուղասի ու Պրիսկիղայի տանը և նրանց հետ միասին աշխատում էր, քանի որ նրանք նույնպես վրանագործներ էին։ Այն, որ առաքյալը «օր ու գիշեր» աշխատում էր, չէր նշանակում, թե նա առանց դադարի միայն վրաններ էր պատրաստում։ Պողոսը, անշուշտ, ժամանակ առ ժամանակ դադար էր տալիս, օրինակ՝ շաբաթ օրերին չէր աշխատում։ Այդպես նա հնարավորություն էր ունենում վկայություն տալու հրեաներին, որոնք ևս այդ օրը չէին աշխատում (Գործ. 13։14–16, 42–44; 16։13; 18։1–4)։
13. Պողոսից ի՞նչ կարող ենք սովորել։
13 Պողոս առաքյալը հիանալի օրինակ է մեզ համար. թեև նա աշխատում էր, բայց և կանոնավորաբար մասնակցում էր «Աստծու բարի լուրի սուրբ գործին» (Հռոմ. 15։16; 2 Կորնթ. 11։23)։ Առաքյալը ուրիշներին էլ էր հորդորում քարոզել բարի լուրը։ Հատկանշական է, որ նա իր արհեստակիցներ Ակյուղասին ու Պրիսկիղային կոչել է «Քրիստոս Հիսուսով իր համագործակիցներ» (Հռոմ. 12։11; 16։3)։ Աստվածաշնչում նաև կարդում ենք, որ Պողոսը Կորնթոսի քրիստոնյաներին հորդորել է «միշտ զբաղված լինել Տիրոջ գործում» (1 Կորնթ. 15։58; 2 Կորնթ. 9։8)։ Սակայն միևնույն ժամանակ առաքյալը Աստծու ներշնչմամբ գրել է. «Եթե որևէ մեկը չի ուզում աշխատել, ուրեմն թող ոչ էլ ուտի» (2 Թեսաղ. 3։10)։
14. Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց Հովհաննես 14։12-ում արձանագրված խոսքերը։
14 Այս վերջին օրերում կատարվող ամենից կարևոր գործը քարոզելու և աշակերտներ պատրաստելու առաջադրանքն է։ Հիսուսը մարգարեացել էր, որ իր հետևորդները նույնիսկ ավելի մեծ գործեր էին անելու, քան ինքը (կարդա Հովհաննես 14։12)։ Նա նկատի չուներ, թե մենք կարողանալու էինք իր պես հրաշքներ անել, այլ ուզում էր ասել, որ հնարավորություն էինք ունենալու ավելի շատ վայրերում, ավելի շատ մարդկանց ու ավելի երկար ժամանակ քարոզելու և աշակերտներ պատրաստելու։
15. Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ և ինչո՞ւ։
15 Այժմ հարցրու ինքդ քեզ. «Աշխատանքիս վայրում աշխատասե՞ր մարդու համբավ ունեմ։ Գործս լա՞վ եմ անում և սահմանված ժամկետներո՞ւմ եմ վերջացնում»։ Եթե այս հարցերին դրական պատասխան ես տալիս, ապա, ամենայն հավանականությամբ, քեզ կհաջողվի շահել գործատիրոջդ վստահությունը։ Նաև քեզ հետ աշխատող մարդիկ ավելի հակված կլինեն լսելու Թագավորության լուրը։ Իսկ ինչ վերաբերում է քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին, հարցրու ինքդ քեզ. «Հայտնի՞ եմ որպես եռանդուն քարոզիչ։ Ինչպես հարկն է նախապատրաստվո՞ւմ եմ առաջին այցելությանը։ Ժամանակի՞ն եմ վերայցելում հետաքրքրություն ցույց տված մարդկանց։ Կանոնավորաբար մասնակցո՞ւմ եմ ծառայության տարբեր ձևերի»։ Եթե այո, ապա ծառայությունդ ավելի մեծ ուրախություն կբերի քեզ։
ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՀԱՆԳՍՏԻՆ
16. Հիսուսն ու առաքյալները ի՞նչ տեսակետ ունեին հանգստի վերաբերյալ, և դա ինչո՞վ է տարբերվում մերօրյա շատ մարդկանց տեսակետից։
16 Հիսուսը գիտեր, որ ինքն ու իր առաքյալները հանգստի կարիք ունեն։ Սակայն ինչպես այն օրերում, այնպես էլ այսօր շատ մարդիկ նման են Հիսուսի պատմած առակի հարուստ մարդուն, որը ինքն իրեն ասում էր. «Հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր ու վայելի՛ր» (Ղուկ. 12։19; 2 Տիմոթ. 3։4)։ Նա կարծում էր, թե կյանքում ամենակարևոր բաները հանգիստն ու վայելքներն են։ Բայց ի տարբերություն նրա՝ Հիսուսն ու առաքյալները չէին համարում, որ անձնական հաճույքներին տրվելը հենց այն է, ինչի համար մարդ պետք է ապրի։
17. Ինչի՞ վրա ենք ծախսում աշխատանքից դուրս ունեցած ժամանակը։
17 Մենք ուզում ենք նմանվել Հիսուսին։ Ուստի աշխատանքից դուրս ունեցած ժամանակը ձգտում ենք ծախսել ոչ միայն հանգստանալու, այլև քարոզչական գործին մասնակցելու և քրիստոնեական հանդիպումներին հաճախելու համար։ Մենք այնքան ենք կարևորում մեր հոգևոր գործերը, որ ջանք չենք խնայում կանոնավորաբար դրանց մասնակցելու համար (Եբր. 10։24, 25)։ Անգամ երբ արձակուրդի ենք մեկնում, այնտեղ էլ ենք հաճախում մեր հանդիպումներին և առիթներ փնտրում մեզ հանդիպած մարդկանց հետ Աստվածաշնչի մասին զրուցելու (2 Տիմոթ. 4։2)։
18. Մեր Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, ի՞նչ է ուզում, որ անենք։
18 Որքա՜ն երախտապարտ ենք, որ մեր Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, ողջամիտ է և սովորեցնում է, որ մենք էլ հավասարակշռված տեսակետ ունենանք աշխատանքի ու հանգստի վերաբերյալ (Եբր. 4։15)։ Նա ցանկանում է, որ մենք բավականաչափ հանգստանանք։ Բայց և ուզում է, որ ջանասիրաբար աշխատենք ու հոգանք մեր կարիքները, ինչպես նաև մասնակցենք աշակերտներ պատրաստելու թարմացնող գործին։ Հաջորդ հոդվածում կքննենք, թե Եհովան է՛լ ինչ է արել ի նպաստ իր ժողովրդի։ Կխոսենք այն մասին, թե Հիսուսը ինչ տեսակի ստրկությունից է ազատագրել մեզ և ինչպես է դա արել։
ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ
a Աստվածաշունչն օգնում է հավասարակշռված տեսակետ ունենալ աշխատանքի և հանգստի վերաբերյալ։ Ուսումնասիրելով Աստծու կողմից իսրայելացիներին տրված Շաբաթի օրենքը՝ կկարողանանք ինքնաքննություն անել և տեսնել, թե ինչպես ենք վերաբերվում աշխատանքին և հանգստին։
b Աշակերտները այնքան խոր հարգանքով էին վերաբերվում Շաբաթի օրենքին, որ անգամ Հիսուսի մահից հետո նրա մարմինը մշակելու հետ կապված որոշ արարողություններ հետաձգեցին մինչև այդ օրվա ավարտը (Ղուկ. 23։55, 56)։
c ՆԿԱՐ։ Հովսեփը շաբաթ օրը իր ընտանիքին տանում է ժողովարան։
d ՆԿԱՐ։ Հայրը, որը աշխատում է և հոգ է տանում իր ընտանիքին, աշխատանքից հետո իր ազատ ժամանակն օգտագործում է հոգևոր գործերով զբաղվելու համար։ Նա անում է դա, նույնիսկ երբ իր ընտանիքի հետ մեկնում է հանգստանալու։