«Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք»
ԴՈՒ քեզ երախտագետ մարդ համարո՞ւմ ես։ Բոլորս էլ պետք է տանք մեզ այս հարցը։ Մեր օրերի մասին Աստվածաշնչում գրված է, որ շատերը անշնորհակալ են լինելու (2 Տիմոթ. 3։2)։ Հավանաբար դու էլ ես հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք կարծում են, թե բոլորը պարտական են իրենց, և որոնք հարկ չեն համարում երախտագետ լինել։ Համաձայն չե՞ս, որ այնքան էլ հաճելի չէ, երբ մեզ այսպիսի մարդիկ են հանդիպում։
Ի տարբերություն նրանց՝ Եհովայի ծառաները կարևորում են երախտագիտությունը, քանի որ Աստծու Խոսքը հորդորում է. «Երախտագետ եղեք»։ Այո՛, մենք պետք է «ամեն ինչի համար շնորհակալություն հայտնենք» (Կող. 3։15; 1 Թեսաղ. 5։18)։ Երախտագիտության ոգի զարգացնելը բարերար ազդեցություն է ունենում մեզ վրա։ Եվ դրա համար բազմաթիվ պատճառներ կան։
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆԸ
Երախտագետ լինելու կարևոր պատճառներից մեկն այն է, որ այդպիսի տրամադրվածությունը նպաստում է մարդու երջանկությանը։ Երբ ինչ-որ մեկին շնորհակալություն ենք հայտնում, մեզ լավ ենք զգում, և այն մարդը, որին շնորհակալություն ենք հայտնում, շոյված է զգում իրեն։ Իսկ ինչո՞ւ է երախտագիտությունը երկուստեք հաճույք պատճառում։ Օրինակ, երբ ուրիշները ինչ-որ լավ բան են անում քեզ համար, նշանակում է՝ սիրում ու գնահատում են քեզ։ Այդ հոգատարությունը զգալով՝ սիրտդ ջերմությամբ է լցվում։ Կարելի է ենթադրել, որ Հռութը հենց այդպես զգաց իրեն, երբ Բոոսը մեծահոգություն և առատաձեռնություն ցուցաբերեց իր հանդեպ։ Անկասկած, Հռութը շատ ուրախացավ, երբ հասկացավ, որ ինչ-որ մեկը հոգ է տանում իր մասին (Հռութ 2։10–13)։
Հատկապես տեղին է Աստծո՛ւն շնորհակալ լինել։ Անշուշտ, դու ժամանակ առ ժամանակ մտածում ես հոգևոր և ֆիզիկական այն բազմաթիվ բարիքների մասին, որ նա տվել է և շարունակում է տալ (2 Օրենք 8։17, 18; Գործ. 14։17)։ Բայց Աստծու բարության մասին միայն երբեմն հիշելու փոխարեն՝ ժամանակ հատկացրու և խորությամբ մտորիր այն անհամար օրհնությունների մասին, որ նա թափել է քեզ ու քո սիրելիների վրա։ Երբ խորհես քո նկատմամբ Աստծու դրսևորած առատաձեռնության մասին, նրա հանդեպ ունեցածդ երախտագիտությունը կմեծանա, և հերթական անգամ կհամոզվես, որ նա շատ է սիրում ու գնահատում քեզ (1 Հովհ. 4։9)։
Սակայն Եհովայի առատաձեռնության և նրա տված օրհնությունների շուրջ մտորելը բավական չէ. հարկավոր է նրան շնորհակալություն հայտնել իր բարության համար (Սաղ. 100։4, 5)։ Հոգեբանության վերաբերյալ մի աշխատության մեջ ասվում է, որ շնորհակալություն հայտնելը երջանկության տանող ուղիներից մեկն է։
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԵՐՄԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ
Երախտագետ լինելու մեկ այլ պատճառ էլ այն է, որ դա ամրացնում է ընկերական կապերը։ Բոլորս էլ գնահատված լինելու կարիք ունենք։ Երբ ինչ-որ մեկին սրտանց շնորհակալություն ես հայտնում իր բարության համար, մտերմանում ես այդ մարդու հետ (Հռոմ. 16։3, 4)։ Նաև երախտագետ մարդիկ հիմնականում պատրաստ են օգնելու ուրիշներին։ Նրանք նկատում են իրենց հանդեպ ցուցաբերված բարությունը և ձգտում են նույն ձևով հատուցել։ Իսկ ուրիշներին օգնելը երջանկություն է պարգևում, ինչպես ասել է Հիսուսը. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործ. 20։35)։
Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Էմոնսը նշել է. «Երախտագետ լինելու համար մենք պետք է հստակ հասկանանք, որ մեկս մյուսից կախում ունենք։ Երբեմն մենք հանդես ենք գալիս տվողի, երբեմն էլ ստացողի դերում»։ Փաստ է, որ կենդանի մնալու և երջանիկ կյանքով ապրելու համար մենք շատ հարցերում կախում ունենք ուրիշներից։ Օրինակ՝ ոմանք մեզ ապահովում են սննդով, ոմանք բժշկական օգնություն են ցուցաբերում և այլն (1 Կորնթ. 12։21)։ Երախտագետ մարդը լավ հասկանում է, թե ուրիշները ինչ են անում իր համար։ Իսկ դու շնորհակալություն հայտնելու սովորություն ունե՞ս։
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՆՈՒՄ Է ՏԵՍՆԵԼ ԴՐԱԿԱՆԸ
Երախտագիտություն զարգացնելը կարևոր է ևս մեկ պատճառով. այն օգնում է բացասական բաների փոխարեն դրական բաների վրա կենտրոնանալ։ Երախտագիտությունը ինչ-որ առումով ֆիլտրի դեր է կատարում։ Դրա շնորհիվ մենք կարողանում ենք նկատել մեր կյանքի դրական կողմերը և չափից շատ չմտահոգվել խնդիրներով։ Որքան երախտագետ լինենք, այնքան ավելի շատ կնկատենք մեր կյանքում եղած լավ բաները, իսկ որքան շատ նկատենք, այնքան ավելի երախտագետ կդառնանք։ Դա էլ իր հերթին կօգնի հետևել Պողոս առաքյալի հորդորին. «Միշտ ուրախ եղեք Տիրոջով» (Փիլիպ. 4։4)։
Երախտագիտությունը օգնում է ձերբազատվել բացասական զգացմունքներից։ Չէ՞ որ դժվար է միաժամանակ լինել և՛ երախտագետ, և՛ նախանձ, տխուր կամ քինոտ։ Երախտագետ մարդիկ նաև ավելի քիչ են հակված նյութապաշտության։ Նրանք գոհ են իրենց ունեցածից և չեն ձգտում ամեն գնով ավելին ձեռք բերել (Փիլիպ. 4։12)։
ՀԱՇՎԻՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ
Լինելով Աստծու ծառա՝ դու հասկանում ես, որ Սատանան ուզում է այս չափազանց դժվար ժամանակներում կոտրել քո ոգին և վհատության մեջ գցել քեզ։ Նա իր նպատակին փորձում է հասնել քեզ բաժին ընկած դժվարությունների միջոցով։ Աստծու թշնամին շատ կուրախանա, եթե վատատես դառնաս ու դժգոհության ոգով լցվես։ Այդպիսի տրամադրվածության պատճառով քեզ համար դժվար կլինի այնպես քարոզել բարի լուրը, որ մարդիկ լսեն այն։ Բայց մենք ուզում ենք լինել ուրախ ու հավատով լի։ Այս հատկությունները Աստծու սուրբ ոգու պտղի մաս են կազմում։ Իսկ սուրբ ոգու պտղի հատկությունները սերտորեն կապված են երախտագիտության հետ։ Մենք ուրախություն ենք զգում, երբ տեսնում ու գնահատում ենք այն բոլոր լավ բաները, որ Աստված տվել է մեզ, և երբ հավատում ենք, որ ապագայի վերաբերյալ նրա խոստումները իրականություն կդառնան (Գաղ. 5։22, 23)։
Որպես քրիստոնյա՝ դու հավանաբար համաձայն ես այս հոդվածում նշված մտքերին։ Բայց նաև գիտակցում ես, որ երախտագիտությունն ու լավատեսությունը ինքնաբերաբար չեն առաջանում։ Սակայն վհատվելու կարիք չկա։ Դու կարող ես երախտագիտության ոգի զարգացնել ու պահպանել այն։ Ինչպե՞ս։ Ամեն օր ժամանակ հատկացրու և մտածիր մի քանի բանի մասին, ինչի համար կարող ես շնորհակալ լինել։ Որքան հաճախ անես դա, այնքան արագ այս հատկությունը կդառնա քո էության մի մասը։ Այդպես դու շատ ավելի երջանիկ կլինես, քան նրանք, ովքեր կենտրոնանում են կյանքի դժվարությունների վրա։ Մտածիր այն լավ բաների մասին, որ Աստված և ուրիշները անում են քեզ ուրախացնելու համար, և դա կջերմացնի սիրտդ։ Նույնիսկ կարող ես ամեն օր գրի առնել երկու կամ երեք բան, որոնց համար այդ օրը շնորհակալ ես եղել։
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ հաճախակի երախտագիտություն արտահայտելը կարող է փոխել մարդու ուղեղի նեյրոնների աշխատանքը, ինչի արդյունքում նրա համար ավելի հեշտ է լինում լավատես դառնալ։ Երախտագետ մարդիկ սովորաբար նաև ավելի ուրախ են լինում։ Ուստի հաշվեք ձեր օրհնությունները, վայելեք այն լավ բաները, որ լինում են ձեր կյանքում, և միշտ երախտագետ եղեք։ Մի՛ համարեք, թե այն, ինչ ունեք, սովորական բաներ են, այլ «շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա»։ Այո՛, «ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք» (1 Տար. 16։34; 1 Թեսաղ. 5։18)։