Ընդօրինակիր մարգարեներին. Սոփոնիա
1. Ինչպիսի՞ իրավիճակում էր Սոփոնիան ծառայում որպես մարգարե, և ի՞նչ օրինակ է նա մեզ համար։
1 Մ.թ.ա. յոթերորդ դարի կեսերն է, և Հուդայում մեծ տարածում է գտել Բահաղի երկրպագությունը։ Չար Ամոն թագավորը սպանվել է, և այժմ պատանի Հովսիա թագավորն է իշխում (2 Տար. 33։21–34։1)։ Եհովան վեր կացրեց Սոփոնիային հռչակելու իր դատաստանները։ Թեև Սոփոնիան հավանաբար Հուդայի թագավորական տնից էր, սակայն չմեղմացրեց Եհովայի դատապարտական խոսքերը՝ ուղղված Հուդայի թագավորությանը (Սոփ. 1։1; 3։1–4)։ Մենք նույնպես ձգտում ենք ընդօրինակել Սոփոնիայի քաջությունը և թույլ չտալ, որ ընտանեկան կապերը Եհովային մատուցած մեր երկրպագության վրա բացասաբար ազդեն (Մատթ. 10։34–37)։ Ի՞նչ էր հայտնում Սոփոնիան, և ինչպիսի՞ն եղավ արդյունքը։
2. Ի՞նչ պետք է անենք Եհովայի բարկության օրը ծածկված լինելու համար։
2 Փնտրեք Եհովային։ Միայն Եհովան կարող է փրկել մարդկանց իր բարկության օրը։ Այդ պատճառով քանի դեռ ժամանակ կար, Սոփոնիան հորդորում էր Հուդայում ապրող մարդկանց փնտրել Եհովային, որոնել արդարություն և հեզություն (Սոփ. 2։2, 3)։ Պարագան նույնն է մեր օրերում։ Սոփոնիայի նման՝ մենք էլ ենք հորդորում մարդկանց փնտրել Եհովային, սակայն մենք նույնպես պետք է վճռենք երբեք չդադարել «Եհովային հետևելուց» (Սոփ. 1։6)։ Մենք շարունակում ենք փնտրել Եհովային՝ ուշադրությամբ ուսումնասիրելով նրա Խոսքը և աղոթքի միջոցով առաջնորդություն խնդրելով նրանից։ Մենք արդարություն ենք որոնում՝ բարոյապես մաքուր կյանքով ապրելով։ Մենք հեզություն ենք որոնում՝ հնազանդ ոգի զարգացնելով և պատրաստակամորեն հետևելով Եհովայի կազմակերպությունից եկող առաջնորդությանը։
3. Ինչո՞ւ պետք է դրական տրամադրվածություն պահպանենք ծառայության հանդեպ։
3 Դրական արդյունքներ։ Սոփոնիայի խիստ պատգամը մղեց ոմանց դրական փոփոխություններ անելու։ Ուշագրավ է հատկապես երիտասարդ Հովսիայի օրինակը, որը սկսել էր փնտրել Եհովային դեռ պատանեկությունից։ Հետագայում նա մեծ արշավ կազմակերպեց և երկրից արմատախիլ արեց կեղծ պաշտամունքը (2 Տար. 34։2–5)։ Այսօր թեև Թագավորության որոշ սերմեր ընկնում են ճանապարհի եզրին, ժայռոտ տեղերում կամ փշերի մեջ, սակայն որոշներն էլ ընկնում են լավ հողի մեջ և պտուղ են տալիս (Մատթ. 13։18–23)։ Մենք վստահ ենք, որ Եհովան կշարունակի օրհնել մեր ջանքերը, քանի դեռ զբաղված ենք մնում Թագավորության սերմերը ցանելու գործում (Սաղ. 126։6)։
4. Ինչո՞ւ պետք է սպասենք Եհովային։
4 Հուդայում ապրողներից ոմանք մտածում էին, որ Եհովան երբեք չի գործի։ Բայց Եհովան հավաստիացնում էր, որ իր մեծ օրը մոտ է (Սոփ. 1։12, 14)։ Կփրկվեին միայն նրանք, ովքեր Եհովային իրենց ապաստանը կդարձնեին (Սոփ. 3։12, 17)։ Ուստի մինչ սպասում ենք Եհովային, թող որ ցնծությամբ շարունակենք միասնականորեն ծառայել մեր մեծ Աստծուն (Սոփ. 3։8, 9)։