ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 7
«Լսիր իմաստունների խոսքերը»
«Ականջ դիր ու լսիր իմաստունների խոսքերը» (ԱՌԱԿ. 22։17)։
ԵՐԳ 123 Հավատարմորեն հնազանդվենք աստվածապետությանը
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Ինչպիսի՞ իրավիճակներում գուցե խորհուրդ ստանանք, և ինչո՞ւ բոլորս խորհրդի կարիք ունեք։
ԲՈԼՈՐՍ էլ ժամանակ առ ժամանակ խորհրդի կարիք ենք ունենում։ Երբեմն խորհրդի համար մենք ենք դիմում այնպիսի մարդկանց, ում հարգում ենք։ Որոշ դեպքերում էլ հոգատար եղբայրներից մեկն է մոտենում մեզ և զգուշացնում, որ «սխալ քայլ» անելու շեմին ենք (Գաղ. 6։1)։ Լինում է նաև, որ խրատ ենք ստանում լուրջ սխալ անելուց հետո։ Անկախ նրանից, թե ինչ իրավիճակներում ենք խորհուրդ ստանում՝ մենք պետք է ընդունենք այն։ Այդպես վարվելը օգուտներ կբերի մեզ և կարող է փրկել մեր կյանքը (Առակ. 6։23)։
2. Առակներ 12։15-ի համաձայն՝ ինչո՞ւ պետք է ընդունենք մեզ տրված խորհուրդը։
2 Բնաբանի համարը հորդորում է մեզ «լսել իմաստունների խոսքերը» (Առակ. 22։17)։ Չկա մի մարդ, որն ամեն ինչ իմանա, և միշտ էլ կլինի ինչ-որ մեկը, ով մեզանից ավելի շատ գիտելիքներ ու փորձ կունենա (կարդա Առակներ 12։15)։ Ուստի խորհուրդ ընդունելը խոնարհության նշան է։ Խորհուրդ ընդունելով՝ ցույց ենք տալիս, որ գիտակցում ենք մեր հնարավորությունների սահմանափակ լինելը և հասկանում ենք, որ մեր նպատակներին հասնելու համար օգնության կարիք ունենք։ Իմաստուն Սողոմոն թագավորը Աստծու ներշնչմամբ գրել է. «Խորհրդատուների շատության դեպքում հաջողություն է լինում» (Առակ. 15։22)։
3. Խորհուրդ ստանալու ի՞նչ կերպեր կան։
3 Հնարավոր է՝ մենք խորհուրդ ստանանք անուղղակի կամ ուղղակի կերպով։ Ո՞րն է անուղղակի կերպով ստացած խորհուրդը։ Երբ Աստվածաշնչում կամ մեր հրատարակություններում կարդում ենք մի բան, ինչը մղում է մեզ մի պահ կանգ առնելու, մտածելու մեր բռնած ընթացքի մասին ու փոփոխություններ անելու, դա համարվում է անուղղակի կերպով ստացած խորհուրդ (Եբր. 4։12)։ Իսկ ո՞րն է ուղղակի կերպով ստացած խորհուրդը։ Օրինակ՝ գուցե երեցը կամ հոգևորապես հասուն մեկ այլ հավատակից մեր ուշադրությունը հրավիրի մի ոլորտի վրա, որում աշխատելու տեղ ունենք։ Դա համարվում է ուղղակի կերպով ստացած խորհուրդ։ Եթե ինչ-որ մեկը մեզ այնքան շատ է սիրում, որ պատրաստ է սուրբգրային խորհուրդ տալ, ապա մենք պետք է գնահատենք նրա այդ քայլը՝ լսելով և ընդունելով խորհուրդը։
4. Ժողովող 7։9-ի համաձայն՝ խորհուրդ ստանալիս ի՞նչ չպետք է անենք։
4 Հատկապես դժվար է ընդունել ուղիղ խորհուրդը։ Ուղիղ խորհուրդ ստանալիս հնարավոր է՝ նույնիսկ վիրավորվենք։ Պատճառն այն է, որ թեև հեշտությամբ ընդունում ենք, որ անկատար ենք, սակայն երբ կոնկրետ սխալի վերաբերյալ մեզ խորհուրդ են տալիս, դժվարանում ենք ընդունել այն (կարդա Ժողովող 7։9)։ Գուցե արդարացնենք ինքներս մեզ, հարցականի տակ դնենք խորհուրդ տվողի մղումները կամ կենտրոնանանք խորհուրդ տալու ձևի վրա։ Թերևս նույնիսկ սկսենք քննադատել մեզ խորհուրդ տվողին՝ մտածելով. «Նա ի՞նչ իրավունք ունի ինձ խորհուրդ տալու։ Թող իր սխալներին նայի»։ Եվ ի վերջո, եթե խորհուրդը մեզ դուր չի եկել, հնարավոր է՝ անտեսենք այն կամ մեկ ուրիշից խորհուրդ հարցնենք՝ հույս ունենալով, որ նա մեր սրտի ուզածը կասի։
5. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
5 Հոդվածում նախ կքննենք աստվածաշնչյան ժամանակներում ապրած մարդկանց օրինակներ, որոնք մերժել են խորհուրդը։ Այնուհետև կուսումնասիրենք աստվածաշնչյան այնպիսի կերպարների օրինակներ, որոնք ընդունել են այն։ Բացի այդ՝ կտեսնենք, թե ինչը կօգնի մեզ ընդունել խորհուրդը, և օգուտներ քաղել դրանից։
ՆՐԱՆՔ ՄԵՐԺԵՑԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
6. Ի՞նչ դաս ենք քաղում Ռոբովամ թագավորի օրինակից։
6 Քննենք Ռոբովամի օրինակը։ Երբ նա թագավոր դարձավ Իսրայելում, ժողովուրդը մի խնդրանքով եկավ նրա մոտ։ Նրանք խնդրեցին, որ Ռոբովամը թեթևացնի այն լուծը, որը նրա հայր Սողոմոնը դրել էր իրենց վրա։ Թագավորը իմաստնորեն վարվեց և Իսրայելի երեցներին հարցրեց, թե ինչ պատասխան տա ժողովրդին։ Երեցներն ասացին, որ եթե թագավորը կատարի ժողովրդի խնդրանքը, ապա ժողովուրդը ընդմիշտ նրա ծառան կդառնա (1 Թագ. 12։3–7)։ Ակներևաբար, Ռոբովամին դուր չեկավ այդ առաջարկը, և նա խորհուրդ հարցրեց իր հասակակիցներից, ովքեր իր հետ էին մեծացել։ Վերջիններս հավանաբար 40-ն անց էին, ուստի որոշ չափով կյանքի փորձ ունեին (2 Տար. 12։13)։ Այդուհանդերձ, նրանք Ռոբովամին սխալ խորհուրդ տվեցին՝ ասելով, որ ավելի ծանրացնի ժողովրդի լուծը (1 Թագ. 12։8–11)։ Այսպիսով՝ Ռոբովամը երկու տարբեր խորհուրդ ստացավ։ Նա կարող էր աղոթքով դիմել Եհովային և հարցնել նրան, թե որ խորհրդին հետևի։ Բայց դրա փոխարեն որոշեց հետևել այն խորհրդին, որն իրեն ավելի շատ էր դուր եկել։ Ուստի արեց իր հասակակիցների ասածը։ Արդյունքում թե՛ Ռոբովամը և թե՛ իսրայելացիները աղետալի հետևանքներ կրեցին։ Նույնը կարող է լինել նաև մեր դեպքում. երբեմն գուցե մեզ տրված խորհուրդը մեր սրտով չլինի։ Բայց եթե այն հիմնված է Աստծու Խոսքի վրա, մենք պետք է հետևենք դրան։
7. Ի՞նչ դաս ենք քաղում Օզիա թագավորի օրինակից։
7 Օզիա թագավորը նույնպես մերժեց իրեն տրված խորհուրդը։ Նա մտավ Եհովայի տաճարի այն մասը, որտեղ միայն քահանաներին էր թույլատրվում մտնել, և փորձեց խունկ ծխել։ Դա տեսնելով՝ Եհովայի քահանաներն ասացին. «Ո՛վ Օզիա, Եհովայի համար խունկ ծխելը քո գործը չէ, դա քահանաների.... գործն է»։ Ինչպե՞ս արձագանքեց Օզիան։ Եթե նա խոնարհաբար ընդուներ խորհուրդը և անմիջապես դուրս գար տաճարից, Եհովան գուցե ներեր նրան։ Բայց «Օզիան.... զայրացավ»։ Ինչո՞ւ։ Նա ակներևաբար մտածում էր, թե որպես թագավոր՝ իրավունք ունի անելու այն, ինչ ուզում է։ Բայց Եհովան այդպես չէր մտածում։ Իր այդ հանդուգն արարքի պատճառով Օզիան բորոտությամբ հիվանդացավ և «մինչև իր մահվան օրը բորոտ մնաց» (2 Տար. 26։16–21)։ Օզիայի օրինակից սովորում ենք, որ անկախ նրանից, թե ով ենք մենք, եթե մերժենք սուրբգրային խորհուրդը, կկորցնենք Եհովայի հավանությունը։
ՆՐԱՆՔ ԸՆԴՈՒՆԵՑԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
8. Ինչպե՞ս Հոբն արձագանքեց իրեն տրված խորհրդին։
8 Աստվածաշնչում, բացի նախազգուշական օրինակներից, կան նաև այնպիսի մարդկանց օրինակներ, որոնք ընդունել են տրված խորհուրդը և օրհնվել։ Քննենք Հոբի օրինակը։ Ճիշտ է, նա աստվածավախ մարդ էր, բայց կատարյալ չէր։ Ծանր ճնշումների ներքո նա սխալ մտքեր արտահայտեց։ Դրա պատճառով Հոբը Եղիուսից և Եհովայից ուղիղ խորհուրդ ստացավ։ Իսկ ինչպիսի՞ն էր նրա արձագանքը։ Նա խոնարհաբար ընդունեց խորհուրդը և ասաց. «Ես խոսում էի, բայց չէի հասկանում.... Դրա համար էլ խոսքերս հետ եմ վերցնում, փոշու և մոխրի մեջ զղջում եմ ես»։ Եհովան օրհնեց Հոբին նրա խոնարհության համար (Հոբ 42։3–6, 12–17)։
9. Խորհուրդ ընդունելու հարցում ի՞նչ լավ օրինակ է Մովսեսը։
9 Մովսեսը լուրջ սխալ գործելուց հետո ընդունեց իրեն տրված խորհուրդը։ Նա լավ օրինակ է այդ հարցում։ Մի առիթով նա զայրացավ և փառքը չուղղեց Եհովային, ինչի պատճառով կորցրեց Ավետյաց երկիր մտնելու առանձնաշնորհումը (Թվեր 20։1–13)։ Իսկ երբ հետո նա խնդրեց Եհովային վերանայել իր որոշումը, վերջինս պատասխանեց. «Այլևս չխոսես ինձ հետ այդ մասին» (2 Օրենք 3։23–27)։ Դառնանալու փոխարեն Մովսեսը ընդունեց այդ որոշումը, և Եհովան շարունակեց նրա միջոցով առաջնորդել Իսրայել ազգին (2 Օրենք 4։1)։ Թե՛ Հոբը, թե՛ Մովսեսը հիանալի օրինակ են մեզ համար խորհուրդ ընդունելու հարցում։ Հոբը չփորձեց արդարացնել ինքն իրեն, այլ շտկեց իր մտածելակերպը։ Իսկ Մովսեսը փաստեց, որ ընդունել է Եհովայի խորհուրդը՝ հավատարիմ մնալով նրան նույնիսկ իր թանկ առանձնաշնորհումը կորցնելուց հետո։
10. ա) Ըստ Առակներ 4։10–13 համարների՝ որո՞նք են խորհուրդ ընդունելու օգուտները։ բ) Խորհուրդ ստանալիս ոմանք ի՞նչ լավ վերաբերմունք են դրսևորել։
10 Մենք մեծ օգուտներ կքաղենք՝ ընդօրինակելով Հոբին և Մովսեսին (կարդա Առակներ 4։10–13)։ Մեր եղբայրներից և քույրերից շատերը հենց այդպես են վարվել։ Ուշադրություն դարձնենք, թե Էմանուել անունով մի եղբայր, ով ապրում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, ինչ է պատմում իրեն տրված նախազգուշացման մասին. «Մեր ժողովի հոգևորապես հասուն եղբայրները նկատեցին, որ հոգևոր առումով նավաբեկության եմ ենթարկվում, և օգնության հասան։ Նրանք ինձ խորհուրդ տվեցին, որը ես ընդունեցի։ Այն օգնեց, որ խուսափեմ բազում խնդիրներից»։b Իսկ Մեգան անունով մի ռահվիրա քույր, ով ապրում է Կանադայում, խորհուրդ ստանալու վերաբերյալ հետևյալն է ասում. «Ինձ տրված խորհուրդները միշտ չէ, որ իմ սրտով են եղել, բայց դրանք հենց այն էին, ինչի կարիքը ես ունեի»։ Իսկ Խորվաթիայում ապրող մի եղբայր, ում անունը Մարկո է, ասում է. «Ես կորցրի ժողովում ունեցած իմ առանձնաշնորհումը, բայց երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ինձ տրված խորհուրդը օգնել է կրկին ամուր փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ»։
11. Ի՞նչ է ասել եղբայր Կարլ Քլեյնը խորհուրդ ընդունելու վերաբերյալ։
11 Եղբայր Կարլ Քլեյնը, ով եղել է Կառավարիչ մարմնի անդամ, նույնպես հիանալի օրինակ է խորհուրդ ընդունելու հարցում։ Իր կենսագրության մեջ նա պատմում է, որ մի անգամ լուրջ խորհուրդ է ստացել եղբայր Ջոզեֆ Ռադերֆորդից, ում հետ նրանք մտերիմ ընկերներ էին։ Եղբայր Քլեյնը ընդունում է, որ սկզբում այդքան էլ լավ չի արձագանքել այդ խորհրդին։ Նա պատմում է. «Դրանից հետո, երբ եղբայր Ռադերֆորդը տեսավ ինձ, ուրախ-ուրախ ասաց. «Ողջո՛ւյն, Կա՛րլ»։ Բայց քանի որ դեռ նեղված էի, քթիս տակ մի կերպ բարևեցի։ Ի պատասխան՝ եղբայր Ռադերֆորդն ասաց. «Զգո՛ւյշ եղիր, Կա՛րլ, Սատանան հետևիցդ է ընկել»։ Ես էլ շփոթված ասացի. «Ամեն ինչ կարգին է, եղբա՛յր Ռադերֆորդ»։ Բայց նա գիտեր՝ ինչ էր ասում, ուստի կրկնեց իր նախազգուշացումը. «Շատ լավ, բայց զգո՛ւյշ եղիր, Սատանան հետևիցդ է ընկել»։ Նա ճիշտ էր։ Եթե շարունակում ենք վիրավորված մնալ եղբորից, հատկապես այն բանի համար, որ նա ասել է մի բան, ինչի իրավունքն ունեցել է, ապա ինքներս մեզ անպաշտպան ենք դարձնում Սատանայի առաջ» (Եփես. 4։25–27)։c Եղբայր Քլեյնը ընդունեց եղբայր Ռադերֆորդի խորհուրդը, և նրանք մտերիմ ընկերներ մնացին։
Ի՞ՆՉԸ ԿՕԳՆԻ ՄԵԶ ԽՈՐՀՈՒՐԴ ԸՆԴՈՒՆԵԼ
12. Ինչպե՞ս է խոնարհությունը օգնում մեզ խորհուրդ ընդունել (Սաղմոս 141։5)։
12 Ի՞նչը կօգնի մեզ, որ խորհուրդ ընդունենք։ Մենք պետք է խոնարհ լինենք՝ հիշելով, որ անկատար ենք և երբեմն գուցե անմտորեն վարվենք։ Ինչպես տեսանք, թեև Հոբը սխալ մտածելակերպ ուներ, բայց հետագայում շտկեց այն, և Եհովան օրհնեց նրան դրա համար։ Հոբը ուղղեց իր մտածելակերպը, քանի որ խոնարհ էր։ Դա երևում է այն բանից, որ նա ընդունեց Եղիուսի խորհուրդը, չնայած որ վերջինս շատ ավելի երիտասարդ էր իրենից (Հոբ 32։6, 7)։ Խոնարհությունը մեզ էլ կօգնի, որ ընդունենք տրված խորհուրդը, անգամ երբ մտածում ենք, թե այն տեղին չէ, կամ երբ խորհուրդ տվողը մեզանից երիտասարդ է։ Կանադայում ապրող մի երեց ասում է. «Մենք մեզ կողքից չենք տեսնում, ուստի ինչպե՞ս կարող ենք առաջադիմել, եթե մեզ խորհուրդ չտան»։ Բոլորս էլ կարիք ունենք շարունակ զարգացնելու ոգու պտղի մաս կազմող հատկությունները և դառնալու ավելի հմուտ քարոզիչներ (կարդա Սաղմոս 141։5)։
13. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեզ տրված խորհրդին։
13 Խորհուրդը Աստծու սիրո դրսևորում համարիր։ Եհովան մեր լավն է ուզում (Առակ. 4։20–22)։ Երբ նա մեզ խորհուրդ է տալիս իր Խոսքի, դրա վրա հիմնված որևէ հրատարակության կամ հոգևորապես հասուն հավատակցի միջոցով, դրանով իր սերն է արտահայտում մեր հանդեպ։ Ինչպես նշվում է Եբրայեցիներ 12։9, 10 համարներում, «նա մեր օգտի համար է դա անում»։
14. Ինչի՞ վրա պետք է կենտրոնանանք, երբ մեզ խորհուրդ են տալիս։
14 Կենտրոնացիր ոչ թե խորհուրդ տալու ձևի, այլ ասելիքի վրա։ Երբեմն գուցե մտածենք, որ խորհուրդ տվողը դա կարող էր ավելի լավ ձևով անել։ Ինչ խոսք, նա պետք է ձգտի այնպես անել, որ դիմացինը հեշտությամբ ընդունի այն (Գաղ. 6։1)։d Իսկ եթե մեզ են խորհուրդ տալիս, լավ կլինի՝ կենտրոնանանք ասելիքի վրա, ոչ թե ասելու ձևի։ Ուստի կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Անգամ եթե ինձ դուր չի եկել խորհուրդ տալու ձևը, մի՞թե ասվածի մեջ ճշմարտության նշույլ չկա։ Կարո՞ղ եմ անտեսել անհատի թերությունները և օգուտ քաղել նրա տված խորհրդից»։ Իմաստնորեն վարված կլինենք, եթե ձգտենք ցանկացած խորհրդից որևէ բան սովորել (Առակ. 15։31)։
ԽՈՐՀՈՒՐԴ ՀԱՐՑՐՈՒ ԵՎ ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԻՐ
15. Ինչո՞ւ պետք է խորհուրդ հարցնենք։
15 Աստվածաշունչը հորդորում է մեզ խորհուրդ հարցնել։ Առակներ 13։10-ում ասվում է. «Իրար հետ խորհրդակցողների մոտ իմաստություն կա»։ Որքա՜ն ճշմարիտ են այս խոսքերը։ Սովորաբար նրանք, ովքեր չեն սպասում, որ իրենց խորհուրդ տան, այլ իրենք են դիմում խորհրդի համար, հոգևորապես ավելի արագ են առաջադիմում, քան նրանք, ովքեր ուրիշներից խորհուրդ չեն հարցնում։ Ուստի նախաձեռնություն վերցրու և խորհուրդ հարցրու։
16. Նշիր մի քանի իրավիճակ, երբ կարող ենք խորհուրդ հարցնել։
16 Քննենք մի քանի իրավիճակ, երբ կարող ենք մեր հավատակիցներից խորհուրդ հարցնել։ 1) Քույրը մի փորձառու քարոզչի հրավիրում է Աստվածաշնչի ուսումնասիրության, որից հետո խորհուրդ է հարցնում, թե ինչպես կարող է բարելավել ուսուցանելու իր հմտությունները։ 2) Ամուրի քույրը, ով ցանկանում է հագուստ գնել, կարծիք է հարցնում հոգևորապես հասուն մի քրոջից։ 3) Եղբայրը պատրաստվում է առաջին անգամ հանրային ելույթ ներկայացնել։ Նա խնդրում է մի փորձառու հռետորի ուշադրությամբ լսել իր ելույթը և խորհուրդ տալ, թե ինչը կարելի է բարելավել։ Լավ կլինի, որ նույնիսկ երկար տարիներ ելույթ ներկայացնող եղբայրը կարծիք հարցնի հմուտ հռետորներից և կիրառի նրանց տված խորհուրդները։
17. Ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե հետևենք մեզ տրված խորհրդին։
17 Գալիք շաբաթների կամ ամիսների ընթացքում բոլորս էլ ուղղակի կամ անուղղակի կերպով խորհուրդներ կստանանք։ Այդ ժամանակ հիշիր այն մտքերը, որ քննեցինք այս հոդվածում։ Խոնարհ մնա։ Կենտրոնացիր ոչ թե խորհուրդ տալու ձևի, այլ ասելիքի վրա։ Հետևիր քեզ տրված խորհրդին։ Մեզանից ոչ ոք իմաստուն չի ծնվում, բայց Աստվածաշունչը խոստանում է, որ եթե «խորհուրդ լսենք և խրատ ընդունենք», իմաստուն կդառնանք (Առակ. 19։20)։
ԵՐԳ 124 Միշտ նվիրված
a Եհովայի ժողովուրդը գիտակցում է սուրբգրային խորհուրդ ընդունելու կարևորությունը։ Սակայն խորհուրդ ընդունելը միշտ չէ, որ հեշտ է։ Ինչո՞ւ։ Ի՞նչը կարող է օգնել մեզ օգուտներ քաղել ստացած խորհրդից։
b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։
d Հաջորդ հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք խորհուրդ տալ նրբանկատ ձևով։