Հոգեկան խնդիրներ. համաշխարհային ճգնաժամ
«Ես միշտ, թեկուզ մի քիչ, անհանգստության զգացում եմ ունենում, անգամ երբ պարզապես նստած եմ սենյակում»։
«Երբ ինձ շատ լավ եմ զգում, սկսում եմ անհանգստանալ։ Արդեն գիտեմ, որ երբ էմոցիաների վերելք եմ ունենում, դրան հաջորդում է տրամադրության կտրուկ անկում»։
«Փորձում եմ չանհանգստանալ, թե վաղվա օրն ինչ կբերի։ Բայց երբեմն անհանգստացնող մտքերը հանկարծակի գորշ ամպերի պես սկսում են կուտակվել գլխիս»։
Այս խոսքերն ասել են մարդիկ, ովքեր տառապում են հոգեկան առողջության խնդիրների պատճառով։ Իսկ դուք կամ գուցե ձեր հարազատներից մեկը ունե՞ք նման խնդիրներ։
Վստահ եղեք՝ դուք մենակ չեք։ Այսօր շատ մարդիկ են բախվում հոգեկան խնդիրների։
Մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում», որոնց պատճառով մարդիկ անհանգստություններ ու մտատանջություններ են ունենում (2 Տիմոթեոս 3։1)։ Ըստ մի հետազոտության՝ ամբողջ աշխարհում ութ հոգուց մեկը տառապում է հոգեկան խանգարումներով։ COVID-19 համավարակի պատճառով 2020 թվականին տագնապային խանգարում ունեցող մարդկանց թիվը գրեթե 26 տոկոսով ավելի շատ էր, քան 2019 թվականին։ Իսկ դեպրեսիայով տառապողների թիվը ավելացել էր գրեթե 28 տոկոսով։
Ճիշտ է, կարևոր է իմանալ, թե որքան մարդ է տառապում տագնապային խնդիրներով ու դեպրեսիայով, սակայն ավելի կարևոր է իմանալ, թե ինչ կարող եք անել, որպեսզի դուք և ձեր հարազատները հնարավորինս լավ զգաք ձեզ։
Ինչ է հոգեկան առողջությունը
Հոգեպես առողջ լինել նշանակում է լավ ինքնազգացողություն ունենալ և կարողանալ նորմալ մտածել ու գործել, այսինքն՝ ունենալ բավարարվածության զգացում, ի վիճակի լինել հաղթահարելու ամենօրյա սթրեսները և արդյունավետ աշխատել։
Հոգեկան խանգարում
Այն թուլության նշան չէ։
Դա առողջական խնդիր է, որի պատճառով մարդն ունենում է անհանգստության զգացում, մտահոգություններ։ Այն խաթարում է մարդու մտածողությունը, զգացական աշխարհը և անգամ ազդում է նրա պահվածքի վրա։
Դրա պատճառով մարդը հաճախ դժվարությամբ է կարողանում փոխհարաբերություններ հաստատել ուրիշների հետ և նույնիսկ առօրյա գործեր անել։
Ցանկացած մարդ կարող է բախվել այս խնդրին՝ անկախ տարիքից, մշակույթից, ռասայից, ազգությունից, կրոնից, կրթությունից և սոցիալական դիրքից։
Ինչպես օգնություն ստանալ
Եթե ձեր կամ ձեր հարազատներից որևէ մեկի անհատականության կամ սնվելու սովորությունների մեջ տեսնում եք նկատելի փոփոխություններ, քնի խանգարում, երկարատև տագնապի ու անհանգստության զգացում, ընկճվածություն, ապա լավ կլինի դիմեք մասնագետի օգնությանը։ Այդպես կկարողանաք հայտնաբերել հիվանդության պատճառները և բուժել դրանք։ Իսկ ո՞ւմ կարելի է դիմել օգնության համար։
Երբևէ ապրած ամենաիմաստուն մարդը՝ Հիսուս Քրիստոսը, նշել է. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9։12)։ Եթե առողջական խնդիրներ ունեցողները բժշկի դիմեն և համապատասխան բուժօգնություն ստանան, կարող են թեթևացնել իրենց վիճակը ու ապրել բավականություն պատճառող և ուրախ կյանքով։ Խելամիտ կլինի չհետաձգել բուժումը, եթե ախտանշանները լուրջ են ու երկարատև բնույթ են կրում։a
Չնայած Աստվածաշունչը բժշկական ձեռնարկ չէ, սակայն այնտեղ կան խորհուրդներ, որոնք կարող են օգտակար լինել մեր հոգեկան առողջության համար։ Հորդորում ենք ձեզ քննել հաջորդ հոդվածները, որտեղ խոսվում է այն մասին, թե Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել հաղթահարելու հոգեկան խնդիրները։
a «Դիտարան» ամսագիրը կոնկրետ բուժման ձև չի խրախուսում։ Յուրաքանչյուր մարդ պետք է ուսումնասիրի իրեն հասանելի բուժման տարբերակները և հետո անձնական որոշում կայացնի։