ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 14
ԵՐԳ 56 Ճշմարտությունը քոնը դարձրու
«Շարունակիր ձգտել հասունության»
«Եկեք շարունակենք ձգտել հասունության» (ԵԲՐ. 6։1)։
ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ
Հոգևորապես հասուն քրիստոնյան ինչպե՞ս է մտածում ու գործում Աստծու կամքին ներդաշնակ և կայացնում իմաստուն որոշումներ։
1. Ի՞նչ է Եհովան ակնկալում մեզանից։
ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ կյանքում երեխայի լույս աշխարհ գալը շատ ուրախալի իրադարձություն է։ Ինչ խոսք, նրանք շատ են սիրում իրենց փոքրիկին, բայց ոչ մի ծնող չի ցանկանում, որ իր երեխան մանուկ մնա։ Եթե երեխան ֆիզիկապես նորմալ չի զարգանում, դա լուրջ անհանգստության պատճառ է ծնողների համար։ Նմանապես Եհովան շատ է ուրախանում, երբ դառնալով Քրիստոսի հետևորդներ՝ մեր առաջին քայլերն ենք անում։ Բայց նա չի ցանկանում, որ մենք միշտ հոգևոր մանուկ մնանք (1 Կորնթ. 3։1)։ Ուստի հորդորում է մեզ, որ հոգևոր առումով դառնանք «չափահաս» (1 Կորնթ. 14։20)։
2. Ի՞նչ կիմանանք այս հոդվածից։
2 Հոդվածից կիմանանք հետևյալ հարցերի պատասխանները. «Ինչպե՞ս է հոգևոր հասուն անհատը մտածում և գործում։ Ինչպե՞ս կարող ենք հոգևորապես հասունանալ։ Ի՞նչ դեր ունի պինդ հոգևոր կերակուրը այդ հարցում։ Ինչո՞ւ պետք է խուսափենք չափից շատ ինքնավստահ լինելուց»։
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԼԻՆԵԼ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ՀԱՍՈՒՆ
3. Ի՞նչ է նշանակում դառնալ «չափահաս» քրիստոնյա։
3 Աստվածաշնչում «չափահաս» թարգմանված հունարեն բառը կարող է նաև նշանակել «հասուն», «կատարյալ» և «ամբողջական» (1 Կորնթ. 2։6)։a Ուստի ինչպես երեխան է մեծանալով դառնում չափահաս մարդ, այնպես էլ մենք, հոգևորապես աճելով, դառնում ենք հասուն քրիստոնյա։ Ինչ խոսք, հոգևորապես հասուն դառնալուց հետո էլ մենք պետք է առաջադիմենք (1 Տիմոթ. 4։15)։ Բոլորս, այդ թվում՝ երիտասարդները, կարող ենք հոգևորապես հասուն լինել։ Իսկ ինչի՞ց է երևում, որ քրիստոնյան հոգևորապես հասուն է։
4. Բնութագրիր հասուն քրիստոնյային։
4 Հոգևորապես հասուն քրիստոնյան ապրում է Աստծու պահանջների համաձայն։ Նա չի ընտրում՝ այդ պահանջներից որին հետևի, որին՝ ոչ։ Ինչ խոսք, լինելով անկատար՝ նա սխալներ թույլ տալիս է, սակայն նրա ապրելակերպից երևում է, որ նա մտածում և գործում է Աստծու կամքին ներդաշնակ։ Հասուն քրիստոնյան հագել է նոր անձնավորությունը և շարունակ ձգտում է իր մտածելակերպը համապատասխանեցնել Աստծու մտածելակերպին (Եփես. 4։22-24)։ Նա սովորել է, Եհովայի օրենքների և սկզբունքների վրա հիմնվելով, իմաստուն որոշումներ կայացնել։ Ուստի օրենքների երկար ցուցակի կարիք չունի։ Եվ երբ որոշում է կայացնում, ինքնակարգապահություն դրսևորելով, վարվում է այդ որոշման համաձայն (1 Կորնթ. 9։26, 27)։
5. Ի՞նչ կարող է լինել այն քրիստոնյային, ով հոգևորապես հասուն չէ (Եփեսացիներ 4։14, 15)։
5 Ի տարբերություն հասուն քրիստոնյայի՝ ոչ հասուն քրիստոնյան հեշտությամբ կարող է խաբվել հավատուրացների և դավադրության տեսություններ ստեղծողների «խորամանկությամբ» և նրանց «հնարած խաբեությամբ» (կարդա Եփեսացիներ 4։14, 15)։b Այդպիսի մարդը հակված է նախանձելու, կոնֆլիկտներ ստեղծելու, հեշտությամբ վիրավորվելու և գայթակղության բախվելիս տրվելու դրան (1 Կորնթ. 3։3)։
6. Ո՞ր օրինակով կարող ենք պատկերացնել հոգևորապես հասունանալու պրոցեսը (տես նաև նկարը)։
6 Ինչպես արդեն նշեցինք, Աստվածաշունչը հոգևոր հասունության հասնելու պրոցեսը համեմատում է երեխայի աճի հետ։ Երեխան չի կարող խորությամբ մտածել, ուստի կարիք ունի, որ մեծերից մեկը պաշտպանի և առաջնորդի իրեն։ Պատկերացնենք օրինակով։ Մայրը իր փոքր աղջկա հետ փողոցն անցնելիս բռնում է նրա ձեռքը։ Հետագայում, երբ երեխան մեծանում է, մայրը թույլ է տալիս նրան ինքնուրույն անցնել փողոցը, սակայն հիշեցնում է, որ նայի ճանապարհի երկու կողմերին։ Իսկ երբ աղջիկը դառնում է չափահաս, ինքնուրույն է կողմնորոշվում, թե ինչպես վարվի նման վտանգավոր իրավիճակում։ Ճիշտ ինչպես փոքր երեխաները վտանգներից խուսափելու համար մեծահասակների օգնության կարիքն ունեն, այնպես էլ ոչ հասուն քրիստոնյաները հոգևոր վտանգներից խուսափելու և իմաստուն որոշումներ կայացնելու համար հաճախ հասուն քրիստոնյաների օգնության կարիքն ունեն։ Իսկ հասուն քրիստոնյաները նախքան որոշում կայացնելը տրամաբանում են աստվածաշնչյան սկզբունքների շուրջ, որպեսզի հասկանան, թե որն է տվյալ հարցում Եհովայի տեսակետը, և վարվում են համապատասխանաբար։
7. Հասուն քրիստոնյաները օգնության կարիք ունե՞ն։
7 Արդյո՞ք սա նշանակում է, որ հասուն քրիստոնյաները ուրիշների օգնության կարիքը չունեն։ Ո՛չ, նրանք նույնպես երբեմն օգնության են դիմում։ Բայց ի տարբերություն ոչ հասուն քրիստոնյայի, ով գուցե ակնկալի, որ ուրիշներն իրեն ասեն, թե ինչ անի, կամ իր փոխարեն որոշում կայացնեն, հասուն քրիստոնյան օգտվում է ուրիշների իմաստությունից և փորձից՝ միևնույն ժամանակ գիտակցելով, որ ինքն է պատասխանատու իր որոշումների համար, և պետք է կրի «իր բեռը» (Գաղ. 6։5)։
8. Ինչպե՞ս են հասուն քրիստոնյաները տարբերվում միմյանցից։
8 Ճիշտ ինչպես չափահաս մարդիկ են արտաքնապես տարբերվում իրարից, այնպես էլ հասուն քրիստոնյաներն են տարբերվում իրենց հատկություններով։ Օրինակ՝ ոմանք ավելի իմաստուն են, մյուսները՝ ավելի քաջ, ոմանք ավելի առատաձեռն են, իսկ մյուսները՝ ավելի կարեկից։ Բացի այդ՝ հասուն քրիստոնյաները նույն հարցի հետ կապված կարող են տարբեր կարծիքներ ունենալ, որոնք Աստվածաշնչի տեսանկյունից ճիշտ են։ Այդպես հաճախ լինում է խղճին թողնված հարցերի դեպքում։ Այս բանի գիտակցումը օգնում է, որ չդատենք միմյանց, երբ տարբեր որոշումներ ենք կայացնում, այլ նպաստենք միասնությանը (Հռոմ. 14։10; 1 Կորնթ. 1։10)։
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ
9. Արդյո՞ք հոգևոր աճը ինքնաբերաբար է լինում։ Բացատրիր։
9 Մարդու ֆիզիկական աճը ինքնաբերաբար է լինում, բայց պարագան այլ է հոգևոր աճի դեպքում։ Օրինակ՝ կորնթացիները ընդունեցին ճշմարտությունը, մկրտվեցին, ստացան սուրբ ոգին և մեծ օգուտներ քաղեցին Պողոսի սովորեցրածներից (Գործ. 18։8-11)։ Սակայն մկրտությունից տարիներ անց նրանցից շատերը դեռ հոգևոր մանուկ էին (1 Կորնթ. 3։2)։ Ի՞նչ կարող ենք անել, որ մեր հոգևոր աճը չդանդաղի։
10. Ի՞նչ պետք է անենք հոգևորապես հասունանալու համար (Հուդա 20)։
10 Հոգևորապես հասունանալու համար նախ ցանկություն է պետք։ Նրանք, ովքեր «սիրում են անփորձ լինել», նախընտրում են մնալ հոգևոր մանուկներ և չեն առաջադիմում (Առակ. 1։22)։ Մենք չենք ուզում լինել այն մարդկանց նման, ովքեր ֆիզիկապես հասունացել են, բայց դեռ ուզում են, որ ծնողները որոշումներ կայացնեն իրենց փոխարեն։ Մեր հոգևոր աճի համար մենք ենք պատասխանատու (կարդա Հուդա 20)։ Եթե ձգտում ես հոգևորապես առաջադիմել, աղոթիր Եհովային, որ դու «և՛ կամենաս, և՛ գործես» (Փիլիպ. 2։13)։
11. Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ հոգևորապես հասունանալ (Եփեսացիներ 4։11-13)։
11 Եհովան տարբեր կերպերով օգնում է մեզ հոգևորապես հասունանալ, օրինակ՝ նրանց միջոցով, ովքեր ժողովում ծառայում են որպես հովիվներ և ուսուցիչներ։ Այս եղբայրները օգնում են մեզ հոգևոր առումով դառնալ «չափահաս»՝ «հասնելով Քրիստոսի ողջ հասակին» (կարդա Եփեսացիներ 4։11-13)։ Եհովան նաև տալիս է մեզ իր սուրբ ոգին, որ ունենանք «Քրիստոսի միտքը» (1 Կորնթ. 2։14-16)։ Բացի այդ՝ նա մեզ տվել է չորս Ավետարանները, որոնցից իմանում ենք, թե ինչպես է Հիսուսը իր երկրային ծառայության ընթացքում մտածել, խոսել և գործել։ Հիսուսի մտածելակերպն ու գործելակերպը որդեգրելով՝ դու հոգևորապես կհասունանաս։
ՊԻՆԴ ԿԵՐԱԿՈՒՐԻ ԴԵՐԸ
12. Որո՞նք են «Քրիստոսի մասին սկզբնական ուսմունքները»։
12 Հոգևորապես հասունանալու համար մենք պետք է «Քրիստոսի մասին սկզբնական ուսմունքներից», այսինքն՝ քրիստոնեության տարրական ուսմունքներից, ավելին իմանանք։ Դրանցից են՝ մեղքերի համար զղջումը, հավատը, մկրտությունը և հարությունը (Եբր. 6։1, 2)։ Նման ուսմունքները քրիստոնեության հիմքն են։ Դա էր պատճառը, որ Պենտեկոստեի ժամանակ հավաքված ամբոխին քարոզելիս Պետրոս առաքյալը խոսեց դրանց մասին (Գործ. 2։32-35, 38)։ Քրիստոսի աշակերտ դառնալու համար այդ ուսմունքներն ընդունելը պարտադիր պայման է։ Պողոսը հստակ ցույց տվեց, որ ով մերժում է հարության ուսմունքը, չի կարող ասել, որ ճշմարիտ քրիստոնյա է (1 Կորնթ. 15։12-14)։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է սահմանափակվենք ճշմարտության մասին տարրական գիտելիքներով։
13. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի օգուտներ ստանանք Եբրայեցիներ 5։14-ում նշված հոգևոր պինդ կերակուրից (տես նաև նկարը)։
13 Ի տարբերություն հիմնական ուսմունքների՝ հոգևոր պինդ կերակուրի մեջ մտնում են ոչ միայն Եհովայի տված օրենքները, այլ նաև սկզբունքները, որոնք օգնում են մեզ հասկանալ նրա մտածելակերպը։ Այդ կերակուրից օգուտներ ստանալու համար մենք պետք է ուսումնասիրենք Աստծու Խոսքը, խորհրդածենք դրա շուրջ և ամեն կերպ ձգտենք կիրառել մեր սովորածը։ Եթե այդպես վարվենք, կսովորենք կայացնել այնպիսի որոշումներ, որոնք հաճելի կլինեն Եհովային (կարդա Եբրայեցիներ 5։14)։c
14. Պողոսն ինչպե՞ս օգնեց կորնթացիներին հոգևորապես առաջադիմել։
14 Ոչ հասուն քրիստոնյան հաճախ դժվարանում է ճիշտ որոշում կայացնել, երբ հայտնվում է այնպիսի իրավիճակում, որի վերաբերյալ աստվածաշնչյան կոնկրետ օրենք չկա, և հարկավոր է տրամաբանել աստվածաշնչյան սկզբունքների շուրջ։ Ոմանք գուցե մտածեն, որ եթե չկա աստվածաշնչյան կոնկրետ օրենք, կարող են անել այն, ինչ ուզում են։ Ոմանք էլ գուցե օրենք փնտրեն, անգամ երբ դրա կարիքը չկա։ Օրինակ՝ Կորնթոսում ապրող քրիստոնյաները թերևս ուզում էին, որ Պողոսը օրենք սահմաներ կուռքերին զոհաբերված կերակուրը ուտելու հետ կապված։ Բայց Պողոսը նրանց չասաց՝ ինչպես վարվեն, փոխարենը՝ ընդգծեց խղճի դերը և այն փաստը, որ յուրաքանչյուր անհատ ընտրության իրավունք ունի։ Պողոսը այնպիսի սկզբունքների մասին խոսեց, որոնք կօգնեին նրանց, որ ունենային մաքուր խիղճ և ուրիշներին սայթաքելու առիթ չտային (1 Կորնթ. 8։4, 7-9)։ Նա օգնեց կորնթացիներին հոգևորապես աճել, որպեսզի ուրիշներից կախում ունենալու կամ պարզապես օրենքներ փնտրելու փոխարեն գործի դնեին իրենց ըմբռնողականությունը։
15. Պողոսն ինչպե՞ս օգնեց եբրայեցի քրիստոնյաներին հոգևորապես առաջադիմել։
15 Մենք արժեքավոր դաս ենք սովորում եբրայեցի քրիստոնյաներին գրած Պողոսի նամակից։ Նրանցից ոմանք հոգևորապես այլևս չէին աճում. նրանք նորից «կաթի կարիք ունեին, ոչ թե պինդ կերակուրի» (Եբր. 5։12)։ Եբրայեցիները թերանում էին համաքայլ ընթանալ ճշմարտությանը, որը Եհովան աստիճանաբար բացահայտում էր ժողովի միջոցով (Առակ. 4։18)։ Օրինակ՝ շատ հրեա քրիստոնյաներ կառչած էին Մովսիսական օրենքին՝ չնայած արդեն մոտ 30 տարի էր, ինչ Քրիստոսի զոհի հիման վրա այն չեղյալ էր համարվել (Հռոմ. 10։4; Տիտոս 1։10)։ Ինչ խոսք, 30 տարին քիչ ժամանակ չէր հասկանալու համար, որ Մովսիսական օրենքն այլևս չի գործում։ Ուստի Պողոսը եբրայեցիներին գրած իր նամակով փորձում էր օգնել նրանց հասկանալ իր սովորեցրած ճշմարտությունների խորությունը։ Դա հենց այն էր, ինչ պետք էր այդ քրիստոնյաներին, որպեսզի համոզվեին, որ Եհովային պաշտելու նոր կարգը շատ ավելի լավն է։ Դա նրանց քաջությամբ կլցներ, որ շարունակեին քարոզել՝ չնայած հրեաների հակառակությանը (Եբր. 10։19-23)։
ՉԼԻՆԵՆՔ ՉԱՓԱԶԱՆՑ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ
16. Հոգևորապես հասունանալուց բացի՝ ի՞նչ պետք է անենք։
16 Շատ ջանքեր են անհրաժեշտ, որպեսզի ոչ միայն հասունանանք հոգևորապես, այլև մնանք այդպիսին։ Դրա համար կարևոր է, որ չափազանց ինքնավստահ չդառնանք (1 Կորնթ. 10։12)։ Մենք պետք է «շարունակ ստուգենք» ինքներս մեզ՝ հավաստիանալու համար, որ մեր հոգևոր աճը չի կանգնել (2 Կորնթ. 13։5)։
17. Կողոսացիներին ուղղված Պողոսի նամակը ինչպե՞ս է ընդգծում հոգևորապես հասուն մնալու կարևորությունը։
17 Կողոսացիներին ուղղված իր նամակում Պողոսը կրկին ընդգծեց հոգևորապես հասուն մնալու կարևորությունը։ Թեև նրանք արդեն հոգևորապես հասուն էին, Պողոսը զգուշացրեց նրանց աշխարհի մտածելակերպը որդեգրելու ծուղակի մասին (Կող. 2։6-10)։ Եպաֆրասը, ով ակներևաբար լավ գիտեր այս ժողովում ծառայող հավատակիցներին, շարունակ աղոթում էր, որ նրանք «վերջում կանգնած լինեն», այսինքն՝ հոգևորապես հասուն մնան (Կող. 4։12)։ Ի՞նչ ենք սովորում։ Թե՛ Պողոսը, թե՛ Եպաֆրասը լավ հասկանում էին, որ առանց Աստծու օգնության և առանց ջանքեր ներդնելու հնարավոր չէ հոգևորապես հասուն մնալ։ Նրանք ուզում էին, որ կողոսացի քրիստոնյաները, չնայած իրենց դժվարություններին, հոգևորապես հասուն մնային։
18. Ի՞նչ կարող է լինել հասուն քրիստոնյայի հետ (տես նաև նկարը)։
18 Պողոսը զգուշացրեց եբրայեցիներին, որ անգամ հասուն քրիստոնյան հնարավոր է՝ ընդմիշտ կորցնի Աստծու հավանությունը։ Չի բացառվում, որ նրա սիրտը այնքան կարծրանա, որ նա այլևս ունակ չլինի զղջալու և արժանանալու Աստծու ներմանը։ Ուրախալի է, որ եբրայեցիները այդքան չէին հեռացել Աստծուց (Եբր. 6։4-9)։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել մերօրյա այն քրիստոնյաների մասին, ովքեր ոչ ակտիվ են դարձել կամ զրկվել են ընկերակցությունից, բայց հետագայում վերադարձել են։ Նրանց խոնարհությունը և անկեղծ զղջումը ցույց են տալիս, որ նրանք տարբերվում են այն մարդկանցից, ում մասին գրեց Պողոսը։ Իհարկե, Եհովայի մոտ վերադառնալուց հետո էլ նրանք ունենում են Նրա օգնության կարիքը (Եզեկ. 34։15, 16)։ Երեցները գուցե քայլեր ձեռնարկեն, որ մի փորձառու Վկա օգնի նման քրիստոնյաների վերականգնել իրենց ամուր հոգևոր վիճակը։
19. Ի՞նչ նպատակ պետք է ունենանք։
19 Եթե ուզում ես միշտ հոգևորապես հասուն լինել, շարունակիր սնվել պինդ կերակուրով և ամեն օր փորձիր ավելի ու ավելի շատ մտածել Եհովայի պես։ Իսկ եթե արդեն դարձել ես հասուն քրիստոնյա, ձգտիր մնալ այդպիսին։
Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
Ի՞նչ է նշանակում դառնալ հոգևորապես հասուն քրիստոնյա։
Ինչպե՞ս կարող ենք հոգևորապես հասունանալ։
Ինչո՞ւ պետք է խուսափենք չափազանց ինքնավստահ դառնալուց։
ԵՐԳ 65 Միշտ առա՛ջ
a Թեև Եբրայերեն Գրություններում չեն օգտագործվում «հասուն» և «ոչ հասուն» բառերը, սակայն օգտագործվում են այնպիսի բառեր, որոնք փոխանցում են այդ գաղափարները։ Օրինակ՝ «Առակներ» գրքում երիտասարդ և անփորձ մարդը հակադրվում է իմաստուն և հասկացողություն ունեցող մարդուն (Առակ. 1։4, 5)։
b jw.org կայքում և JW Library® հավելվածի «Այլ նյութեր» հոդվածաշարում տես «Զգույշ եղիր ապատեղեկատվությունից» հոդվածը։
c Տես այս համարում հրատարակված «Օգտակար առաջարկ» հոդվածը։
d ՆԿԱՐ։ Եղբայրը զվարճություն ընտրելիս կիրառում է աստվածաշնչյան սկզբունքները։