Ընթերցողների հարցերը
Ո՞վ է Եսայիա 60։1-ում նշված «կինը», և ինչպե՞ս է նա «վեր կենում» և «լույս արձակում»
Եսայիա 60։1-ում կարդում ենք. «Վե՛ր կաց, ո՛վ կին, լո՛ւյս արձակիր, որովհետև քո լույսը եկել է, ու Եհովայի փառքը լուսավորել է քեզ»։ Համատեքստը ցույց է տալիս, որ «կինը» Սիոնն է կամ Երուսաղեմը, որը այդ ժամանակ Հուդայի մայրաքաղաքն էր (Ես. 60։14; 62։1, 2)։a Երուսաղեմը ներկայացնում է ողջ Իսրայել ազգին։ Այս համարի առնչությամբ երկու հարց է ծագում։ Առաջին՝ ե՞րբ և ինչպե՞ս է Երուսաղեմը «վեր կացել» և հոգևոր լույս արձակել։ Եվ երկրորդ՝ արդյո՞ք Եսայիայի խոսքերը ավելի մեծ կատարում ունեն։
Ե՞րբ և ինչպե՞ս է Երուսաղեմը «վեր կացել» և հոգևոր լույս արձակել։ Երբ հրեաները 70 տարի Բաբելոնի գերության մեջ էին, Երուսաղեմն ու տաճարը ավերված էին։ Սակայն երբ մարերն ու պարսիկները նվաճեցին Բաբելոնը, կայսրության տարածքում բնակվող իսրայելացիներին թույլ տրվեց վերադառնալ հայրենիք և վերականգնել մաքուր երկրպագությունը (Եզր. 1։1-4)։ Մ.թ.ա. 537 թ.-ին 12 ցեղերից ողջ մնացած հավատարիմները այդպես էլ արեցին (Ես. 60։4)։ Նրանք սկսեցին զոհեր մատուցել Եհովային, նշել տոները և վերակառուցել տաճարը (Եզր. 3։1-4, 7-11; 6։16-22)։ Եհովայի փառքը կրկին սկսեց շողալ Երուսաղեմի, այսինքն՝ Աստծու վերականգնված ժողովրդի վրա։ Նրանք էլ իրենց հերթին լույսի աղբյուր դարձան մյուս ազգերի համար, որոնք հոգևոր խավարի մեջ էին։
Այդուհանդերձ, վերականգնման մասին Եսայիայի մարգարեությունները հին Երուսաղեմի վրա միայն մասամբ կատարվեցին։ Իսրայելացիների մեծ մասը չշարունակեց հնազանդվել Աստծուն (Նեեմ. 13։27; Մաղ. 1։6-8; 2։13, 14; Մատթ. 15։7-9)։ Հետագայում նրանք նույնիսկ մերժեցին Մեսիային՝ Հիսուս Քրիստոսին (Մատթ. 27։1, 2)։ Եվ 70 թ.-ին Երուսաղեմն ու տաճարը ավերվեցին երկրորդ անգամ։
Եհովան նախազգուշացրել էր այդ աղետի մասին (Դան. 9։24-27)։ Հստակ է, որ վերականգնման մասին Եսայիա 60-րդ գլխում նշված մարգարեություններից ոչ բոլորը պետք է իրականանային Երուսաղեմ քաղաքի առնչությամբ։
Արդյո՞ք Եսայիայի խոսքերը ավելի մեծ կատարում ունեն։ Այո՛, սակայն մեկ ուրիշ այլաբանական կնոջ առնչությամբ՝ «վերին Երուսաղեմի»։ Պողոս առաքյալը նրա վերաբերյալ ասել է. «Նա է մեր մայրը» (Գաղ. 4։26)։ Վերին Երուսաղեմը Աստծու կազմակերպության երկնային մասն է, որը կազմված է հավատարիմ ոգեղեն արարածներից։ Նրա զավակներն են Հիսուսը, ինչպես նաև 144 000 ոգով օծված քրիստոնյաները, ովքեր Պողոսի պես՝ երկնային կյանքի հույս ունեն։ Օծյալ քրիստոնյաները միասին կազմում են մի «սուրբ ազգ», որը կոչվում է «Աստծու Իսրայել» (1 Պետ. 2։9; Գաղ. 6։16)։
Ինչպե՞ս է վերին Երուսաղեմը «վեր կացել» և «լույս արձակել»։ Նա դա արել է իր երկրային օծյալ զավակների միջոցով։ Նրանց հետ տեղի ունեցածը համեմատենք Եսայիա 60-րդ գլխում մարգարեացված իրադարձությունների հետ։
Օծյալ քրիստոնյաները պետք է «վեր կենային», քանի որ երկրորդ դարից սկսած՝ մարգարեացված հավատուրացության որոմները լայն տարածում էին գտել և հոգևոր խավարի մեջ գցել նրանց (Մատթ. 13։37-43)։ Մեծ Բաբելոնը՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը, նրանց գերի էր վերցրել։ Օծյալները գերի մնացին մինչև «աշխարհի վախճանը», ժամանակաշրջան, որը սկսվել է 1914 թ.-ին (Մատթ. 13։39, 40)։ Կարճ ժամանակ անց՝ 1919 թ.-ին, նրանք ազատ արձակվեցին և անմիջապես սկսեցին հոգևոր լույս արձակել՝ լծվելով քարոզչական գործին։b Տարիների ընթացքում բոլոր ազգերից մարդիկ, այդ թվում՝ Աստծու Իսրայելից մնացածները՝ Եսայիա 60։3-ում նշված «թագավորները», եկել են դեպի այդ լույսը (Հայտն. 5։9, 10)։
Ապագայում օծյալ քրիստոնյաները Եհովայից եկող լույսը կարտացոլեն ավելի մեծ մասշտաբով։ Ինչպե՞ս։ Երբ նրանք ավարտեն իրենց երկրային ընթացքը, կդառնան «Նոր Երուսաղեմի» մի մասը կամ Քրիստոսի՝ 144 000 թագավորակիցներից ու քահանաներից բաղկացած հարսը (Հայտն. 14։1; 21։1, 2, 24; 22։3-5)։
Նոր Երուսաղեմը առանցքային դեր է խաղալու Եսայիա 60։1-ում գրված մարգարեության իրականացման հարցում (համեմատիր Եսայիա 60։1, 3, 5, 11, 19, 20 համարները Հայտնություն 21։2, 9-11, 22-26 համարների հետ)։ Ճիշտ ինչպես Երուսաղեմն էր Հին Իսրայելի կառավարության նստավայրը, այնպես էլ Նոր Երուսաղեմը և Քրիստոսը կկազմեն նոր աշխարհի կառավարությունը։ Իսկ ի՞նչ իմաստով է Նոր Երուսաղեմը «իջնում երկնքից՝ Աստծու մոտից»։ Այն իմաստով, որ ուշադրություն է դարձնում երկրին։ Բոլոր ազգերից աստվածավախ մարդիկ «կքայլեն նրա լույսով», նրանք կազատվեն մեղքից ու մահից (Հայտն. 21։3, 4, 24)։ Արդյունքում, ինչպես մարգարեացել են Եսայիան և մյուս մարգարեները, տեղի կունենա «բոլոր բաների [լիարժեք] վերականգնում» (Գործ. 3։21)։ Մեծ վերականգնումը սկսվել է, երբ Քրիստոսը դարձել է Թագավոր, և կավարտվի Հազարամյա Իշխանության վերջում։
a «Նոր աշխարհ» թարգմանության մեջ Եսայիա 60։1 համարում «Սիոն» կամ «Երուսաղեմ» բառերի փոխարեն գրված է «կին», քանի որ «վեր կաց», «լո՛ւյս արձակիր» թարգմանված եբրայերեն բայերը, ինչպես նաև «քեզ» բառը իգական սեռի են։ «Կին» բառը ընթերցողին օգնում է հասկանալ, որ այստեղ խոսքը այլաբանական կնոջ մասին է։
b 1919 թ.-ին տեղի ունեցած հոգևոր վերականգնման մասին խոսվում է նաև Եզեկիել 37։1-14 և Հայտնություն 11։7-12 համարներում։ Եզեկիելի մարգարեությունը վերաբերում է բոլոր օծյալ քրիստոնյաների հոգևոր վերականգնմանը, որոնք գերության մեջ էին շատ երկար ժամանակ։ Իսկ «Հայտնություն» գրքի մարգարեությունը վերաբերում է առաջնորդող օծյալ եղբայրների մի փոքր խմբի հոգևոր վերածննդին, որը տեղի է ունենում այն բանից հետո, երբ նրանք ստիպված անգործության են մատնվում անհիմն ազատազրկման պատճառով։ 1919 թ.-ին եղբայրների այս խումբը նշանակվում է ծառայելու որպես «հավատարիմ և իմաստուն ծառա» (Մատթ. 24։45; տես «Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված» գիրքը, էջ 118 (անգլ., ռուս.))։