Ինչպե՞ս կարող եք հավիտյան ապրել
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշունչը խոստանում է. «Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (1 Հովհաննես 2։17)։ Ի՞նչ է Աստված ակնկալում մեզնից։
Իմանալ Աստծու և նրա Որդու՝ Հիսուսի մասին։ Աստծուն ուղղած իր աղոթքում Հիսուսն ասաց. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհաննես 17։3)։ Ինչպե՞ս կարող ենք «ճանաչել» Աստծուն և Հիսուսին։ Մենք կարող ենք ճանաչել նրանց՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը և կյանքում կիրառելով մեր սովորածը։a Աստվածաշունչը բացահայտում է կյանք պարգևող մեր Արարչի՝ Եհովա Աստծու մտածելակերպը (Գործեր 17:24, 25)։ Սուրբ Գիրքը նաև պատմում է նրա Որդու՝ Հիսուսի մասին, որը սովորեցնում էր «հավիտենական կյանքի տանող խոսքերը» (Հովհաննես 6։67–69)։
Հավատ դրսևորել Հիսուսի քավիչ զոհի նկատմամբ։ Հիսուսը երկիր եկավ, որ «ծառայի և իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթեոս 20։28)։ Նրա քավիչ զոհը մարդկանց համար երկրային դրախտում հավիտյան ապրելու ճանապարհ բացեց (Սաղմոս 37:29)։b Հիսուսն ասաց. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսին հավատալուց ավելին է հարկավոր անել։ Մենք պետք է «հավատ դրսևորենք նրա հանդեպ»՝ ապրելով նրա սովորեցրածներին և նրա Հոր կամքին ներդաշնակ (Մատթեոս 7:21; Հակոբոս 2:17)։
Դառնալ Աստծու ընկերը՝ ամուր փոխհարաբերություններ զարգացնելով նրա հետ։ Աստված ցանկանում է, որ մոտենանք իրեն ու դառնանք իր ընկերը (Հակոբոս 2։23; 4։8)։ Աստված հավիտենական է։ Մահը իշխանություն չունի նրա վրա, և նա ցանկանում է, որ իր ընկերները նույնպես ապրեն հավիտյան։ Իր Խոսքի միջոցով Աստված հայտնում է, թե ինչ է ցանկանում իրեն փնտրող բոլոր մարդկանց. «Թող ձեր սրտերը ապրեն հավիտյան» (Սաղմոս 22։26)։
Սխալ կարծիքներ հավիտյան ապրելու վերաբերյալ
Սխալ կարծիք։ Մարդկային ջանքերով հնարավոր է հասնել հավիտենական կյանքի։
Փաստ։ Թեև բժշկության ոլորտում առաջընթացը հույս է տալիս, որ մարդու կյանքի տևողությունը հնարավոր է որոշ չափով երկարացնել, բայց այն, միևնույնն է, չի կարող հավիտյան ապրելու հնարավորություն տալ։ Միայն Աստված կարող է մեզ հավիտենական կյանք տալ, քանի որ միայն նա է «կյանքի աղբյուրը» (Սաղմոս 36։9)։ Աստված խոստանում է «կլանել մահը հավիտյան» և հավիտենական կյանք շնորհել բոլոր հավատարիմ մարդկանց (Եսայիա 25։8; 1 Հովհաննես 2։25)։
Սխալ կարծիք։ Միայն որոշակի ռասայի պատկանող մարդիկ կարող են ապրել հավիտյան։
Փաստ։ Աստված կողմնակալ չէ։ Ընդհակառակը՝ «բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35)։ Տարբեր էթնիկական խմբերի և մշակույթների պատկանող մարդիկ, ովքեր հնազանդվում են Աստծուն, կարող են ապրել հավիտյան։
Սխալ կարծիք։ Հավիտենական կյանքը ձանձրալի կլինի։
Փաստ։ Հավիտենական կյանքի առաջարկը Աստված է անում, նա, ով սիրում է մեզ և ցանկանում է, որ երջանիկ լինենք (Հակոբոս 1:17; 1 Հովհաննես 4:8)։ Նա գիտի, որ երջանիկ լինելու համար մենք իմաստալից աշխատանքի կարիք ունենք (Ժողովող 3:12)։ Աստված խոստանում է, որ երկրի վրա հավիտյան ապրող մարդիկ բավարարվածություն պատճառող, իմաստալից աշխատանք կունենան, որը օգտակար կլինի իրենց և իրենց սիրելիների համար (Եսայիա 65:22, 23)։
Բացի այդ, նրանք, ովքեր կապրեն հավիտյան, նոր բաներ կսովորեն իրենց Արարչի և նրա անթիվ-անհամար ստեղծագործությունների մասին։ Աստված մարդկանց մեջ հավիտյան ապրելու և իր մասին սովորելու ցանկություն է դրել, թեև «նրանք երբեք չեն կարողանա սկզբից մինչև վերջ ըմբռնել այն գործը, որ ճշմարիտ Աստված անում է» (Ժողովող 3։10, 11)։ Հետևաբար հավիտենական կյանք ունեցողները միշտ սովորելու և հետաքրքիր բաներ անելու հնարավորություն կունենան։
a Եհովայի վկաները առաջարկում են Աստվածաշնչի ուսումնասիրության անվճար ծրագիր։ Ավելի շատ տեղեկություն ստանալու համար դիտեք «Ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը» տեսանյութը։
b Տես «Ինչպե՞ս է Հիսուսը փրկում» հոդվածը։