Հեսու
7 Սակայն իսրայելացիները անհավատարմությամբ վարվեցին՝ չհնազանդվելով կործանման դատապարտված բաների մասին պատվերին. Հուդայի ցեղից Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքանը+ վերցրեց այն բաներից, որոնք կործանման էին դատապարտված:+ Այդ պատճառով Եհովայի բարկությունը բորբոքվեց իսրայելացիների դեմ:+
2 Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի,+ որը Բեթ-Ավենի մոտ է՝ Բեթելից+ արևելք, և ասաց նրանց. «Գնացե՛ք ու լրտեսե՛ք այդ տարածքը»: Այդ մարդիկ էլ գնացին ու լրտեսեցին Գային: 3 Հետո, երբ վերադարձան, Հեսուին ասացին. «Կարիք չկա, որ ամբողջ ժողովուրդը գնա. մոտ երկու կամ երեք հազար մարդը բավական է Գային գրավելու համար: Պետք չէ ամբողջ ժողովրդին այնտեղ ուղարկել ու հոգնեցնել, քանի որ այդ տարածքում քիչ մարդ է ապրում»:
4 Ուստի մոտ 3 000 տղամարդիկ գնացին այնտեղ, սակայն ստիպված եղան փախչել գայեցիներից,+ 5 որոնք նրանցից մոտ 36 հոգու սպանեցին. քաղաքի դարպասներից մինչև Սեբարիմ* հետապնդելով՝ նրանք զառիվայրի վրա կոտորեցին նրանց: Դրանից ժողովրդի սիրտը դող ընկավ, և նրանց մեջ քաջություն չմնաց:*
6 Հեսուն պատռեց իր հագուստը, և ինքն ու Իսրայելի երեցները մինչև գետին խոնարհվեցին Եհովայի տապանակի առաջ: Նրանք այդպես մնացին մինչև իրիկուն և իրենց գլուխներին հող էին լցնում: 7 Հեսուն ասաց. «Ա՜խ, Գերիշխա՛ն Տեր Եհովա, ինչի՞ համար այս ժողովրդին Հորդանանի այս կողմը բերեցիր. որ մեզ ամորհացիների ձե՞ռքը մատնես, որ կործանվե՞նք: Երանի՜ թե գոհ լինեինք ու Հորդանանի այն կողմում* մնայինք: 8 Ների՛ր ինձ, Եհո՛վա, ի՞նչ կարող եմ ասել այն բանից հետո, երբ Իսրայելը նահանջեց իր թշնամիների առաջ: 9 Հիմա, երբ քանանացիներն ու այս երկրի բոլոր բնակիչները լսեն այդ մասին, կպաշարեն մեզ ու մեր անունը կջնջեն երկրի երեսից: Այդ ժամանակ ի՞նչ կանես քո մեծ անունը պաշտպանելու համար»:+
10 Եհովան պատասխանեց Հեսուին. «Վե՛ր կաց: Ինչո՞ւ ես մինչև գետին խոնարհվել: 11 Իսրայելացիները մեղք են գործել: Նրանք դրժեցին իմ ուխտը,*+ որը ես պատվիրել էի պահել: Նրանք վերցրին այն բաներից, որոնք պետք է կործանվեին.+ գողացան+ ու թաքցրին իրենց իրերի մեջ:+ 12 Այդ պատճառով նրանք չեն կարողանա դիմադրել իրենց թշնամիներին, այլ կշրջվեն ու կփախչեն նրանցից, որովհետև իրենք են դարձել կործանման ենթակա: Ես ձեզ հետ չեմ լինի, մինչև ձեր միջից չվերացնեք կործանման դատապարտվածը:+ 13 Վե՛ր կաց, նախապատրաստի՛ր* ժողովրդին+ ու ասա՛. «Վաղվա համար պատրաստվեք,* որովհետև սա է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ո՛վ իսրայելացիներ, ձեր մեջ կործանման դատապարտված կա: Դուք չեք կարողանա դիմադրել ձեր թշնամիներին, մինչև որ ձեր միջից չհեռացնեք այդ կործանման դատապարտվածը: 14 Առավոտյան բոլորդ ցեղ առ ցեղ ներկայացեք: Այն ցեղը, որին Եհովան ցույց կտա,+ թող մոտենա տոհմ առ տոհմ, այն տոհմը, որին Եհովան ցույց կտա, թող մոտենա տուն առ տուն, և այն տունը, որին Եհովան ցույց կտա, թող մոտենա տղամարդ առ տղամարդ: 15 Եվ նա, ով կործանման դատապարտված բանով բռնվի, ինքը և իր ամբողջ տունը պիտի այրվեն,+ որովհետև նա դրժեց Եհովայի ուխտը+ և խայտառակ արարք գործեց իսրայելացիների մեջ»»»:
16 Հեսուն վաղ առավոտյան վեր կացավ և Իսրայելին պատվիրեց ցեղ առ ցեղ մոտենալ: Աստված ցույց տվեց Հուդայի ցեղը: 17 Հետո մոտ եկան Հուդայի տոհմերը, և Աստված ցույց տվեց Զարայի տոհմը:+ Ապա մոտ եկավ Զարայի տոհմը՝ տղամարդ առ տղամարդ, և Աստված ցույց տվեց Զաբդիին: 18 Վերջապես Զաբդիի տունը մոտեցավ՝ տղամարդ առ տղամարդ, և բռնվեց Աքանը՝ Հուդայի ցեղից Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդին:+ 19 Այդ ժամանակ Հեսուն ասաց Աքանին. «Որդի՛ս, խնդրում եմ, պատվի՛ր Իսրայելի Աստված Եհովային և մեղքդ խոստովանի՛ր նրան: Ասա՛ ինձ, խնդրում եմ, ի՞նչ ես արել: Մի՛ թաքցրու ինձնից»:
20 Աքանը պատասխանեց Հեսուին. «Այո՛, ես եմ մեղք գործել Իսրայելի Աստված Եհովայի դեմ: Ահա թե ինչ եմ արել. 21 երբ ավարի մեջ Սենաարից+ բերված մի շատ գեղեցիկ ու թանկարժեք հագուստ տեսա, 200 սիկղ* արծաթ ու 50 սիկղ* կշռով ոսկու մի ձուլակտոր, ցանկացա դրանք ու վերցրի: Դրանք իմ վրանում՝ հողի տակ են թաքցված: Փողը հագուստի տակ է»:
22 Հեսուն իսկույն մարդիկ ուղարկեց, և նրանք վազելով գնացին ու մտան վրանը. հագուստը նրա վրանում էր թաքցված, փողն էլ՝ դրա տակ: 23 Նրանք այդ ամենը հանեցին վրանից, տարան Հեսուի և բոլոր իսրայելացիների մոտ ու դրեցին Եհովայի առաջ: 24 Հեսուն և նրա հետ ամբողջ Իսրայելը այդ արծաթը, թանկարժեք հագուստը և ոսկու ձուլակտորը,+ նաև Զարայի որդի Աքանին,+ նրա որդիներին ու աղջիկներին, նրա ցլերը, էշերը, հոտերը, վրանը և նրա ողջ ունեցվածքը տարան Աքորի հովիտ:+ 25 Հեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ վրա աղետ* բերեցիր:+ Եհովան էլ քե՛զ վրա այսօր աղետ կբերի»: Ամբողջ Իսրայելը քարկոծեց նրան ու նրա ընտանիքին,+ իսկ հետո այրեց:+ Այսպիսով՝ նրանց բոլորին քարկոծելով սպանեցին: 26 Եվ նրա վրա մի մեծ քարակույտ դիզեցին, որը կա մինչև այսօր: Դրանից հետո Եհովայի բորբոքված բարկությունը հանդարտվեց:+ Սա է պատճառը, որ մինչ օրս այդ վայրը Աքորի* հովիտ է կոչվում: