Երեմիա
43 Երբ Երեմիան ժողովրդին հայտնեց իրենց Աստված Եհովայի խոսքերը՝ այն բոլոր խոսքերը, որոնք իրենց Աստված Եհովան փոխանցել էր նրա միջոցով, 2 Օսեիայի որդի Ազարիան, Կարեի որդի Հոհանանը+ և բոլոր հանդուգն մարդիկ ասացին Երեմիային. «Սո՛ւտ ես ասում: Մեր Աստված Եհովան քեզ չի ուղարկել մեզ մոտ, որ ասես. «Մի՛ գնացեք Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու համար»: 3 Ներիայի որդի Բարուքը+ քեզ մեր դեմ է տրամադրում, որ մենք քաղդեացիների ձեռքն ընկնենք, որպեսզի մեզ սպանեն կամ գերի տանեն Բաբելոն»:+
4 Կարեի որդի Հոհանանը, բոլոր զորագլուխներն ու ողջ ժողովուրդը չհնազանդվեցին Եհովային, ով պատվիրել էր նրանց մնալ Հուդայում: 5 Կարեի որդի Հոհանանը և բոլոր զորագլուխները վերցրին Հուդայում մնացած ժողովրդին, որը ցրվել էր տարբեր ազգերի մեջ և վերադարձել Հուդա՝ բնակվելու՝+ 6 տղամարդկանց, կանանց, երեխաներին, թագավորի դուստրերին և բոլոր նրանց, ում պահակազորի պետ Նաբուզարդանը+ Սաֆանի+ որդի Աքիկամի+ որդի Գոդողիայի+ հոգածությանն էր հանձնել, ինչպես նաև վերցրին Երեմիա մարգարեին ու Ներիայի որդի Բարուքին 7 և գնացին Եգիպտոս, որովհետև չհնազանդվեցին Եհովային: Նրանք հասան Տափնաս:+
8 Տափնասում Եհովան ասաց Երեմիային. 9 «Մեծ քարեր վերցրու և հրեաների աչքի առաջ Տափնասում փարավոնի տան մուտքի մոտի քարահատակի աղյուսների արանքում թաքցրու դրանք՝ պատելով շաղախով: 10 Հետո ասա նրանց. «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ես կանչում եմ իմ ծառային՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին:+ Նրա գահը դնելու եմ հենց այս քարերի վրա, որոնք թաքցրել եմ, և նա իր արքայական վրանը դրանց վրա կտարածի:+ 11 Նա կգա ու կհարձակվի Եգիպտոսի վրա:+ Ոմանք մահացու հիվանդությունից կմեռնեն, ոմանք կգերեվարվեն, ուրիշներն էլ սրով կսպանվեն:+ 12 Ես հրի կմատնեմ Եգիպտոսի աստվածների տաճարները:+ Նա կայրի դրանք, իսկ կուռքերը* գերության կտանի: Նա իր վրա կփաթաթի Եգիպտոսը, ինչպես որ հովիվն է իր վրա փաթաթում իր հագուստը, և այնտեղից անվնաս* կհեռանա: 13 Նա ջարդուփշուր կանի Բեթսամյուսի* սյուները,* որը Եգիպտոսում է, ու կայրի Եգիպտոսի աստվածների տաճարները»»»: