Երեմիա
19 Սա է ասում Եհովան. «Գնա ու կավագործից կավե մի կուժ գնիր:+ Քեզ հետ վերցրու ժողովրդի երեցներից ու քահանաներից մի քանի ավագների 2 և գնա Հիննոմի հովիտ,*+ որը Խեցիների դարպասի մուտքի մոտ է: Այնտեղ հայտնիր իմ այս խոսքերը: 3 Նրանց ասա. «Լսե՛ք Եհովայի խոսքը, ո՛վ Հուդայի թագավորներ և Երուսաղեմի բնակիչներ: Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է.
«Այս տեղի վրա ես այնպիսի աղետ եմ բերելու, որ ով լսի, նրա ականջները զնգան, 4 որովհետև նրանք թողեցին ինձ,+ այս վայրը անճանաչելի դարձրին+ և զոհեր մատուցեցին ուրիշ աստվածների, որոնց ո՛չ իրենք, ո՛չ իրենց նախահայրերը և ո՛չ էլ Հուդայի թագավորները չէին ճանաչում: Այս վայրը նրանք անմեղների արյունով լցրին:+ 5 Նրանք Բահաղի սրբավայրերը կառուցեցին, որ իրենց որդիներին կրակի մեջ ողջակիզեն Բահաղի համար,+ ինչը ես չէի պատվիրել, ինչի մասին չէի խոսել, և ինչը մտքովս* անգամ չէր անցել:+
6 Դրա համար օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ այս վայրը այլևս Տոֆեթ կամ Հիննոմի հովիտ չի կոչվի, այլ Սպանության հովիտ կկոչվի:+ 7 Այս վայրում ես կխափանեմ Հուդայի ու Երուսաղեմի ծրագրերը: Կկործանեմ նրանց իրենց թշնամիների սրով՝ իրենց սպանել ցանկացողների ձեռքով, և նրանց դիակները թռչուններին ու գազաններին որպես կերակուր կտամ:+ 8 Այս քաղաքը սարսափազդու տեսարան և ծաղրի* առարկա կդարձնեմ: Այնտեղով ամեն անցնող սարսափահար կնայի ու կսուլի՝ տեսնելով նրա վրա եկած բոլոր պատուհասները:+ 9 Նրանց կուտեցնեմ իրենց տղաների ու աղջիկների մարմինները, ամեն մեկն անելանելիությունից կուտի իր դրացու մարմինը, երբ թշնամիները՝ նրանց սպանել ցանկացողները, պաշարման մեջ պահեն նրանց»»:+
10 Ապա այն մարդկանց աչքի առաջ, ովքեր կգան քեզ հետ, կուժը կոտրիր 11 ու ասա նրանց. «Սա է ասում Զորքերի տեր Եհովան. «Ինչպես որ կավե անոթն են կոտրում, և այն այլևս հնարավոր չի լինում վերականգնել, այդպես էլ ես կոտրելու եմ այս ժողովրդին ու այս քաղաքը: Եվ Տոֆեթում կթաղեն մահացածներին, մինչև որ էլ թաղելու տեղ չմնա»»:+
12 «Ահա այդպես եմ վարվելու այս վայրի ու դրա բնակիչների հետ,– ասում է Եհովան,– որպեսզի այս քաղաքը Տոֆեթի պես դարձնեմ: 13 Երուսաղեմի տները և Հուդայի թագավորների տները Տոֆեթի պես անմաքուր կդառնան՝+ այն տները, որոնց տանիքների վրա նրանք զոհեր էին մատուցում երկնքի բոլոր զորքերի* համար,+ և որտեղ ըմպելիքի ընծաներ էին մատուցում ուրիշ աստվածներին»»:+
14 Երեմիան հետ եկավ Տոֆեթից, ուր Եհովան նրան ուղարկել էր մարգարեանալու, կանգնեց Եհովայի տան գավիթում* ու ողջ ժողովրդին ասաց. 15 «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այս քաղաքի և դրա շրջակա ավանների վրա բերելու եմ այն բոլոր աղետները, որոնց մասին խոսել եմ, որովհետև դրանց բնակիչները համառորեն հրաժարվեցին* հնազանդվել իմ խոսքերին»»:+