Աստծու Թագավորությունը մարդու սրտո՞ւմ է
Աստվածաշնչի պատասխանը
Ոչ, Աստծու Թագավորությունը մարդու սրտում չէ, այն հոգեվիճակ չէ։a Աստվածաշունչը հստակ նշում է, թե որտեղ է իրականում այն գտնվում՝ Աստծու Թագավորությունը անվանելով «երկնքի թագավորություն» (Մատթեոս 4:17)։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես է Աստվածաշունչը ցույց տալիս, որ այն իրական կառավարություն է և իշխում է երկնքից։
Աստծու Թագավորությունն ունի ղեկավար մարմին, հպատակներ և օրենքներ։ Այն հանձնառու է հաստատել Աստծու կամքը երկնքում և երկրի վրա (Մատթեոս 6:10; Հայտնություն 5:10)։
Աստծու Թագավորությունը, կամ՝ կառավարությունը, իշխելու է «բոլոր ժողովուրդների, ազգությունների ու լեզուների» վրա (Դանիել 7:13, 14)։ Նրա ղեկավարները ընտրված են ոչ թե կառավարության հպատակների, այլ հենց Աստծու կողմից (Սաղմոս 2:4–6; Եսայիա 9:7)։
Հիսուսն իր հավատարիմ առաքյալներին ասաց, որ նրանք միանալու են իրեն երկնքի Թագավորությունում, որպեսզի «նստեն գահերի վրա» (Ղուկաս 22:28, 30)։
Թագավորությունն ունի թշնամիներ, որոնց կործանելու է (Սաղմոս 2:1, 2, 8, 9; 110:1, 2; 1 Կորնթացիներ 15:25, 26)։
Աստվածաշունչը չի սովորեցնում, թե երկնքի Թագավորությունը մարդու սրտում է այն առումով, որ իշխում է նրա սրտի միջոցով։ Այլ ցույց է տալիս, որ «թագավորության խոսքը»՝ Թագավորության բարի լուրը կարող է և պետք է ազդեցություն թողնի մեր սրտերի վրա (Մատթեոս 13:19; 24:14)։
Ի՞նչ է նշանակում «Աստծու թագավորությունը ձեր մեջ է»
Որտե՞ղ է իրականում Աստծու Թագավորությունը։ Ղուկաս 17։21-ի որոշ թարգմանություններ շփոթության մեջ են գցում ընթերցողին Թագավորության գտնվելու վայրի հետ կապված։ Օրինակ՝ «Էջմիածին» թարգմանության մեջ գրված է. «Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է»։ Այս խոսքերը ճիշտ հասկանալու համար եկեք նկատի առնենք համատեքստը։
Այդ պահին Հիսուսը խոսում էր փարիսեցիների՝ մի խումբ կրոնական առաջնորդների հետ, որոնք հալածում էին Հիսուսին և մտածում էին, թե ինչպես նրան սպանեն (Մատթեոս 12:14; Ղուկաս 17:20)։ Ուրեմն կարո՞ղ էր արդյոք Թագավորությունը այդ մարդկանց՝ Հիսուսի հակառակորդների սրտում լինել։ Նրանց մասին Հիսուսը նույնիսկ ասաց. «Ներսից լիքն եք կեղծավորությամբ ու անօրենությամբ» (Մատթեոս 23:27, 28)։
Աստվածաշնչի ուրիշ թարգմանություններում Ղուկաս 17։21-ում գրված Հիսուսի խոսքերը ավելի հստակ են փոխանցված։ Օրինակ՝ «Աստծու թագավորությունն այստեղ՝ ձեզ հետ է» (Contemporary English Version)։ Երկնքի Թագավորությունը փարիսեցիների հետ կամ մեջ էր այն իմաստով, որ Հիսուսը՝ Աստծու կողմից նշանակված Թագավորը, նրանց առաջ էր կանգնած (Ղուկաս 1:32, 33)։
a Քրիստոնեական շատ կրոններ սովորեցնում են, թե Աստծու Թագավորությունը մարդու ներսում է, կամ՝ սրտում։ Օրինակ՝ ԱՄՆ-ի Հարավային բապտիստական կոնվենցիան հայտարարել է, որ Աստծու Թագավորությունը նրա «իշխանությունն է յուրաքանչյուր մարդու սրտում և կյանքում»։ Նմանատիպ միտք է գրել նաև Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը իր «Նազովրեցի Հիսուսը» գրքում. «Աստծու Թագավորությունը գալիս է հնազանդ սիրտ ունենալու շնորհիվ» (Jesus of Nazareth)։