Աստվածաշունչը փոխում է կյանքերը
ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ ապրող մի մարդու համար ի՞նչը հաջողակ գործարարի կարիերայից ավելի կարևոր դարձավ։ Ի՞նչը օգնեց Բրազիլիայում ապրող մի մարդու թողնելու անբարո ապրելակերպը և կոկաին (քրեք) ծխելը։ Ինչպե՞ս Սլովենիայում ապրող մի մարդ կարողացավ վերջ դնել հարբեցողությանը։ Ստորև կարդացեք, թե ինչ են պատմում նրանք։
«Կյանքս հրաշալի էր թվում» (ՋՈՆ ՌԻԿԵՏՍ)
ԾՆՎԵԼ Է՝ 1958թ.
ԵՐԿԻՐԸ՝ ՇՈՏԼԱՆԴԻԱ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՀԱՋՈՂԱԿ ԳՈՐԾԱՐԱՐ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես անխռով մանկություն եմ ունեցել։ Քանի որ հայրս բրիտանական բանակի սպա էր, մեր ընտանիքը հաճախ էր բնակության վայրը փոխում։ Շոտլանդիայից բացի, մենք ապրել ենք նաև Անգլիայում, Գերմանիայում, Քենիայում, Մալայզիայում, Իռլանդիայում և Կիպրոսում։ Ութ տարեկանից՝ հաճախեցի տարբեր մասնավոր միջնակարգ դպրոցներ Շոտլանդիայում։ Ժամանակի ընթացքում ավարտեցի Քեմբրիջի համալսարանը։
Քսան տարեկանում սկսեցի զբաղվել նավթային բիզնեսով։ Աշխատեցի Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Արևմտյան Ավստրալիայում, ընդհանուր հաշվով՝ ութ տարի։ Ավստրալիա տեղափոխվելուց հետո ներդրումային ընկերություն հիմնեցի։ Հետագայում այն վաճառեցի։
Վաճառքից ստացված հասույթն այնքան մեծ էր, որ կարող էի այլևս չաշխատել։ Այդ ժամանակ 40 տարեկան էի։ Ազատ ժամանակս շատ էր, ու սկսեցի ճանապարհորդել։ Երկու անգամ մոտոցիկլետով պտտվել եմ Ավստրալիայով մեկ, մեկ անգամ էլ շուրջերկրյա ճանապարհորդություն եմ կատարել։ Կյանքս հրաշալի էր թվում։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Դեռ գործս թողնելուց առաջ ցանկանում էի ինչ-որ ձևով շնորհակալություն հայտնել Աստծուն իմ կյանքի համար։ Սկսեցի գնալ անգլիկան եկեղեցի, որը հաճախել էի մանկության տարիներին։ Բայց եկեղեցին բավականաչափ աստվածաշնչային գիտելիք չէր տալիս։ Հետո գնացի մորմոնների մոտ, սակայն շուտով հետաքրքրությունս խամրեց, որովհետև նրանք չէին հիմնվում Աստվածաշնչի վրա։
Մի օր Եհովայի վկաները թակեցին իմ տան դուռը։ Միանգամից երևաց, որ նրանք իրենց ուսմունքները հիմնում են Աստվածաշնչի վրա։ Վկաները ինձ համար ընթերցեցին 1 Տիմոթեոս 2։3, 4 համարները, որտեղ ասվում է, որ Աստծու կամքն է, «որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն»։ Ինձ տպավորեց, որ Վկաները կարևորում են ոչ միայն պարզապես գիտելիքը, այլև Աստվածաշնչի վրա հիմնված ճշգրիտ գիտելիքը։
Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ ուսումնասիրելով՝ ես ստացա այդ ճշգրիտ գիտելիքները։ Օրինակ՝ սովորեցի, որ Աստված և Հիսուսը առեղծվածային Երրորդության մաս չեն, հակառակը՝ նրանք իրարից տարբեր երկու անձնավորություններ են (Հովհաննես 14։28; 1 Կորնթացիներ 11։3)։ Այս պարզ ճշմարտությունն իմանալով՝ շատ ուրախացա։ Նաև վրդովվեցի, որ անցյալում այդքան ջանք էի թափում՝ փորձելով հասկանալ անհասկանալին։
Շուտով սկսեցի հաճախել Եհովայի վկաների հանդիպումներին։ Տպավորվել էի՝ տեսնելով յուրաքանչյուրի բարյացակամությունն ու բարձր բարոյականությունը. նրանք կարծես սրբեր լինեին։ Տեսնելով նրանց միջև տիրող անկեղծ սերը՝ համոզվեցի, որ գտել եմ ճշմարիտ կրոնը (Հովհաննես 13։35)։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Մկրտվելուց հետո հանդիպեցի Դայան անունով մի հիասքանչ կնոջ։ Նա մեծացել էր Եհովայի վկաների ընտանիքում և շատ լավ հատկություններ ուներ, որոնք ինձ գրավեցին։ Ժամանակի ընթացքում ամուսնացանք։ Դայանը հիանալի ընկեր և օգնական է. նա իսկական օրհնություն է Եհովայից։
Ես ու Դայանը մեծ ցանկություն ունեինք տեղափոխվելու այնտեղ, որտեղ աստվածաշնչյան բարի լուրի քարոզիչների մեծ կարիք կար։ 2010թ.-ին տեղափոխվեցինք Բելիզ (Կենտրոնական Ամերիկա)։ Այստեղ ծառայում ենք այն մարդկանց, ովքեր սիրում են Աստծուն և ծարավ են աստվածաշնչյան գիտելիքների։
Ես հոգեկան անդորր եմ վայելում, որովհետև վերջապես գտել եմ ճշմարտությունն Աստծու մասին և ճշգրիտ գիտելիքներ ունեմ նրա Խոսքից։ Իմ լիաժամ ծառայության ընթացքում շատերին եմ օգնել ձեռք բերելու աստվածաշնչյան գիտելիքներ։ Ավելի ուրախալի բան չկա, քան տեսնել, թե ինչպես է Սուրբ Գիրքը բարելավում մարդկանց կյանքը, այնպես, ինչպես որ բարելավեց իմ կյանքը։ Վերջապես ես իմացա, թե ինչպես կարող եմ լավագույն ձևով շնորհակալություն հայտնել Աստծուն իմ կյանքի համար։
«Նրանք շատ բարյացակամ էին իմ հանդեպ» (ՄԱՐԻՍՅՈՒ ԱՐԱՈՒԺՈՒ)
ԾՆՎԵԼ Է՝ 1967թ.
ԵՐԿԻՐԸ՝ ԲՐԱԶԻԼԻԱ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես մեծացել եմ Սան Պաուլու նահանգի Ավարե փոքրիկ քաղաքում։ Այդ քաղաքի բնակչության մեծ մասը բանվորներ են։
Մայրս հղի էր ինձանով, երբ հայրս մահացավ։ Երբ փոքր էի, մորիցս թաքուն՝ հագնում էի նրա զգեստները։ Ձեռք բերեցի կանացի շարժուձև. մարդիկ սկսեցին ինձ համարել համասեռամոլ։ Ժամանակի ընթացքում սկսեցի սեքսով զբաղվել տղաների ու տղամարդկանց հետ։
Երբ մոտ 20 տարեկան էի, սեքսով զբաղվելու համար արդեն զուգընկերներ (կին թե տղամարդ) էի փնտրում ամենուր՝ բարերում, գիշերային ակումբներում և նույնիսկ եկեղեցիներում։ Դիմակահանդեսների ժամանակ կնոջ պես էի հագնվում և պարում էի սամբայի դպրոցների շքերթներում։ Ես հանրաճանաչ դարձա։
Ընկերներիս մեջ կային համասեռամոլներ, մարմնավաճառներ և թմրամոլներ։ Նրանցից ոմանք առաջարկեցին ինձ կոկաին (քրեք) ծխել, և շատ շուտով կախվածություն ձեռք բերեցի։ Երբեմն ծխում էինք ամբողջ գիշեր, երբեմն էլ առանձնանում էի և ամբողջ օրս անցկացնում կոկաին ծխելով։ Այնքան նիհարեցի, որ սկսեցին լուրեր պտտվել, թե ՁԻԱՀ-ով եմ հիվանդացել։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Հենց այս ժամանակ էր, որ հանդիպեցի Եհովայի վկաներին։ Նրանք շատ բարյացակամ էին իմ հանդեպ։ Ինձ համար մի քանի աստվածաշնչյան համար ընթերցեցին. դրանցից մեկը Հռոմեացիներ 10։13-ն էր։ Այնտեղ ասվում է. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի»։ Ես հասկացա, որ շատ կարևոր է օգտագործել Աստծու անունը։ Շատ էր լինում, երբ ամբողջ գիշեր կոկաին ծխելուց հետո բացում էի պատուհանը, նայում երկնքին և արցունքն աչքերիս աղոթում Եհովային՝ աղաչելով օգնել ինձ։
Ես շատ էի անհանգստանում մորս մասին։ Նա այնքա՜ն էր տառապել իմ երեսից։ Նրա աչքի առաջ թմրանյութերը կործանում էին կյանքս։ Շուտով սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Նրանք ասացին, որ ուսումնասիրությունը ինձ բավական ուժ կտա թողնելու թմրանյութերը։ Այդպես էլ եղավ։
Աստվածաշունչ ուսումնասիրելու ընթացքում հասկացա, որ պետք է փոխեմ ապրելակերպս։ Հատկապես դժվար էր հրաժարվել միասեռական ապրելակերպից, քանի որ, ինչքան ինձ հիշում եմ, դա էր իմ կյանքը։ Ինձ օգնեց շրջապատի փոփոխությունը. խզեցի կապերս հին ընկերների հետ, դադարեցի բարեր և գիշերային ակումբներ գնալուց։
Հեշտ չէր այս փոփոխություններն անելը։ Ինձ շատ էր մխիթարում այն բանի իմացությունը, որ Եհովան հոգում է իմ մասին և հասկանում է, թե ինչ պայքար եմ ես մղում (1 Հովհաննես 3։19, 20)։ 2002թ.-ին արդեն վերջ էի դրել միասեռական կյանքին։ Հենց այդ տարի մկրտվեցի ու դարձա Եհովայի վկա։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Մայրս այնքան էր տպավորվել իմ կատարած փոփոխություններով, որ ինքն էլ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Դժբախտաբար, նա կաթված ստացավ, բայց շարունակեց խորացնել իր սերը Եհովայի և Աստվածաշնչի ճշմարտությունների հանդեպ։
Անցած ութ տարիներին ես լիաժամ եմ ծառայել, այսինքն՝ շատ ժամանակ եմ անցկացրել՝ մարդկանց Աստվածաշունչ սովորեցնելով։ Պետք է խոստովանեմ, որ երբեմն անպատշաճ ցանկություններ են արթնանում իմ մեջ, բայց ես հաղթահարում եմ դրանք։ Ինձ ոգևորում է այն միտքը, որ չտրվելով այդ ցանկություններին՝ կարող եմ ուրախացնել Եհովայի սիրտը։
Եհովայի հետ մտերմանալը և նրան հաճելի կյանքով ապրելը վերականգնել է իմ արժանապատվության զգացումը։ Հիմա ես երջանիկ մարդ եմ։
«Ես անտակ տակառ էի» (ԼՈՒԿԱ ՇՈՒՑ)
ԾՆՎԵԼ Է՝ 1975թ.
ԵՐԿԻՐԸ՝ ՍԼՈՎԵՆԻԱ
ՆԱԽԿԻՆՈՒՄ՝ ՄՈԼԻ ՀԱՐԲԵՑՈՂ
ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ծնվել եմ Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում։ Մինչև չորս տարեկանս լավ մանկություն եմ ունեցել։ Հետո հայրս ինքնասպան եղավ։ Այս ողբերգությունից հետո մայրս ստիպված էր տքնաջան աշխատել, որ կերակրի իր երկու մեծացող տղաներին՝ ինձ ու ավագ եղբորս։
Երբ տասնհինգ 15 էի, տեղափոխվեցի տատիկիս տուն։ Այնտեղ ես ինձ լավ էի զգում, քանի որ ընկերներիցս շատերը մոտակայքում էին ապրում։ Ավելի մեծ ազատություն ունեի, քան մեր տանը։ 16 տարեկանում սկսեցի շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր շաբաթ-կիրակի օրերին գնում էին խմելու։ Ես երկարացրի մազերս, հագնվում էի խռովարարի պես, ծխում էի։
Ճիշտ է, երբեմն թմրանյութեր էի օգտագործում, սակայն ինձ ավելի շատ դուր էր գալիս խմիչքը։ Շուտով մի քանի բաժակ գինուց անցա մի քանի շշի։ Խմածիս չափը թաքցնելու հարցում ես վարպետ էի դարձել։ Հաճախ միայն բերանիցս փչող հոտն էր մատնում, որ ալկոհոլ եմ օգտագործել։ Նույնիսկ եթե կռահում էին, որ խմած եմ, ոչ ոք չէր կարողանում ասել, թե քանի լիտր գինի, գարեջուր և օղի եմ լցրել փորս։
Շատ անգամ գիշերը դիսկոտեկում անցկացնելուց հետո միայն ես էի կարողանում հարբած ընկերներիս օգնել ոտքի վրա մնալու, չնայած որ երևի նրանցից երկու անգամ ավելի շատ էի խմած լինում։ Մի օր պատահաբար լսեցի, թե ընկերներիցս մեկն ինչպես ինձ անվանեց «անտակ տակառ». սլովեներենում սա նվաստացուցիչ արտահայտություն է այն անձնավորության մասին, ով մյուսներից ավելի շատ է կարողանում խմել։ Ես խորապես վիրավորվեցի։
Սկսեցի մտածել. «Այս ի՞նչ է իմ կյանքը»։ Ես թերարժեքության զգացումով էի լցվել, և ինձ թվում էր, որ կյանքս իմաստ չունի։
ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Մոտավորապես այդ ժամանակ նկատեցի, որ դասընկերներիցս մեկը փոխվել է. նա մեղմ մարդ էր դարձել։ Ինձ հետաքրքրեց այս փոփոխությունը, և ես հրավիրեցի նրան սրճարան։ Նա բացատրեց, որ Եհովայի վկաների հետ Աստվածաշունչ է ուսումնասիրում։ Իր սովորածից մի քանի բան պատմեց, որոնք բոլորովին նոր էին ինձ համար, որովհետև ես ոչ մի կրոնական դաստիարակություն չէի ստացել։ Սկսեցի հաճախել Վկաների հանդիպումներին և նրանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։
Ես սովորեցի բազմաթիվ հզոր, մղիչ ճշմարտություններ, օրինակ՝ այն, որ մենք ապրում ենք, ինչպես Աստվածաշունչն է ասում, «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3։1–5)։ Իմացա նաև, որ Աստված շուտով երկրի երեսից վատ մարդկանց վերացնելու է, իսկ լավ մարդկանց հնարավորություն է տալու հավիտյան ապրելու Դրախտում (Սաղմոս 37։29)։ Ես շատ էի ուզում մաքրել կյանքս, որպեսզի այդ լավ մարդկանց մեջ լինեմ։
Սկսեցի ընկերներիս պատմել այն ամենը, ինչ սովորում էի Աստվածաշնչից։ Մեծ մասը ծաղրում էր ինձ, բայց հենց դա էլ ինձ օգնեց։ Նրանք «օգնեցին» ինձ տեսնելու, որ իրենք իսկական ընկերներ չեն։ Հասկացա, որ իմ խմելու խնդիրը անմիջականորեն կապված է նրանց հետ. նրանք ամբողջ շաբաթ անհամբեր սպասում էին, որ շաբաթ-կիրակի օրերին դարձյալ խմեն։
Ես հրաժարվեցի նման ընկերներից և սկսեցի շփվել Եհովայի վկաների հետ, որոնք կերտիչ ազդեցություն էին թողնում ինձ վրա։ Նրանց ընկերակցությունը ինձ շատ էր ոգևորում. Վկաներն այն մարդիկ էին, ովքեր անկեղծորեն սիրում էին Աստծուն և ջանում էին ապրել նրա չափանիշներով։ Ինձ աստիճանաբար հաջողվեց ազատվել խմելու սովորությունից։
ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ես անչափ երախտապարտ եմ Եհովային, որովհետև ինձ երջանիկ զգալու համար այլևս ալկոհոլի կարիք չունեմ։ Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ վերջս ինչ կլիներ, եթե շարունակեի ապրել նախկին ձևով։ Բայց հիմա համոզված եմ, որ այսօր ավելի լավ կյանքով եմ ապրում։
Արդեն յոթ տարի է, ինչ պատիվ ունեմ ծառայելու Եհովայի վկաների՝ Սլովենիայի մասնաճյուղում։ Եհովային ճանաչելը և նրան ծառայելը կյանքս լցրել է իսկական իմաստով։