Հինգերորդ գլուխ
Ազատություն, որը վայելում են Եհովայի երկրպագուները
1, 2. ա) Աստված ի՞նչ ազատություն տվեց առաջին մարդկային զույգին։ բ) Թվարկիր մի քանի օրենքներ, որոնք ղեկավարում էին Ադամին ու Եվային։
ԵՀՈՎԱ աստծո կողմից իրենց ստեղծման օրից առաջին տղամարդն ու կինը վայելում էին մի ազատություն, որը համեմատել անգամ չի լինի այն ազատության հետ, որն ունեն այսօր ապրող մարդիկ։ Նրանց տունը Դրախտն էր՝ Եդեմի չքնաղ պարտեզը։ Նրանք անթերի էին թե՛ մտային և թե՛ ֆիզիկական առումով, ուստի ոչ մի հիվանդություն չէր կարող սպառնալ նրանց երջանկությանը։ Ի տարբերություն մեզ՝ առաջին զույգին մահ չէր սպասում։ Նրանք նման չէին ռոբոտների, այլ ունեին մի հրաշալի պարգև՝ ազատ կամք, այսինքն՝ անձամբ որոշումներ կայացնելու իրավասություն։ Սակայն, նման հիասքանչ ազատությունը մշտապես վայելելու համար նրանք պետք է հարգեին Աստծո օրենքները։
2 Եկ նկատի առնենք Աստծո կողմից հաստատված ֆիզիկական օրենքները։ Անշուշտ, դրանք գրավոր օրենքներ չէին, սակայն Ադամն ու Եվան այնպես էին ստեղծված, որ այդ օրենքներին հնազանդվելը բնական էր նրանց համար։ Օրինակ՝ քաղցի զգացումը նրանց ազդանշան էր տալիս, որ հարկավոր է ուտել, ծարավի զգացումը՝ խմել, իսկ մայրամուտը «հրավիրում էր» քուն մտնել։ Եհովան նրանց նաև մի հանձնարարություն էր տվել։ Դա, ըստ էության, նույնպես օրենք էր, քանի որ ղեկավարելու էր նրանց։ Եվ այսպես՝ նրանք երեխաներ էին ունենալու, իշխելու էին երկրագնդի վրա ստեղծված կյանքի բոլոր տեսակների վրա և ընդարձակելու էին Դրախտի սահմաններն ամբողջ երկրով մեկ (Ծննդոց 1։28; 2։15)։ Ի՜նչ հաճելի և օգտակար օրենք։ Այդ մեծ բավականություն պատճառող աշխատանքը նրանց հնարավորություն էր տալու լիարժեք կերպով կիրառելու իրենց ողջ ընդունակությունները։ Նրանց նաև մեծ ազատություն էր տրվել որոշումներ կայացնելու, թե ինչպես իրագործել այդ հանձնարարությունը։ Սրանից ավել ուրիշ ի՞նչ կարելի էր պահանջել։
3. Որոշումներ կայացնելիս Ադամն ու Եվան ինչպե՞ս կարող էին սովորել իմաստուն կերպով գործի դնել իրենց ազատությունը։
3 Ինչ խոսք, այն փաստը, որ Ադամն ու Եվան հնարավորություն ստացան որոշումներ կայացնելու, չէր նշանակում, որ նրանց բոլոր որոշումները հաջողություն կբերեին։ Որոշումներ կայացնելիս նրանք պետք է Աստծո օրենքների և սկզբունքների սահմաններից դուրս չգային։ Իսկ այդ ամենն ինչպե՞ս կարող էին սովորել. լսելով իրենց Արարչին և քննելով նրա գործերը։ Քանի որ Աստված Ադամին ու Եվային բանականությամբ էր օժտել, ուստի նրանք կարող էին իրենց սովորածը կիրառել։ Եվ որովհետև ստեղծված օրից կատարյալ էին, հետևաբար որոշումներ կայացնելիս նրանք բնականից պետք է հակված լինեին ընդօրինակելու Աստծո հատկությունները։ Իրո՛ք. եթե նրանք շնորհակալ էին Աստծուն իրենց համար արած բոլոր բաների համար, ուրեմն պիտի ուշադրությամբ կատարեին այն, ինչը հաճելի էր նրա աչքին (Ծննդոց 1։26, 27; Յովհաննէս 8։29)։
4. ա) Ադամին ու Եվային տրված Աստծո պատվերն արդյոք նրանց զրկո՞ւմ էր ազատությունից։ բ) Ինչո՞ւ էր այն տեղին։
4 Լինելով Ադամի ու Եվայի կյանքի Աղբյուրը և, հետևաբար, ունենալով բոլոր իրավունքները՝ Աստված որոշեց ստուգել նրանց նվիրվածությունն իր հանդեպ, ինչպես նաև պատրաստակամությունը՝ մնալու իրենց ազատության սահմաններում։ Եհովան պատվիրեց Ադամին. «Պարտէզի ամեն ծառիցը համարձակ կեր. բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2։16, 17)։ Հետագայում, երբ ստեղծվեց Եվան, նա նույնպես տեղեկացավ այս օրենքի մասին (Ծննդոց 3։2, 3)։ Արդյո՞ք այս սահմանափակումը նրանց զրկում էր ազատությունից։ Իհարկե ոչ։ Նրանց տրամադրության տակ այնքան առատ ու համեղ սնունդ կար, որ նրանք կարիք չունեին ուտելու հենց այդ ծառի պտղից (Ծննդոց 2։8, 9)։ Միանգամայն տեղին կլիներ, եթե նրանք ընդունեին, որ երկիրն Աստծուն է պատկանում, քանզի նա է ստեղծել այն. ուստի Աստված իրավունք ունի օրենքներ հաստատելու, որոնք կծառայեն իր կամքին ու օգուտներ կբերեն մարդկանց (Սաղմոս 24։1, 10)։
5. ա) Ադամն ու Եվան ինչպե՞ս կորցրեցին իրենց չքնաղ ազատությունը։ բ) Ի՞նչը փոխարինեց նրանց վայելած ազատությանը, և ինչպե՞ս դա անդրադարձավ մեզ վրա։
5 Սակայն ի՞նչ պատահեց։ Եսասիրական մղումներից դրդված՝ հրեշտակներից մեկը չարաշահեց իր ազատ կամքն ու դարձավ Սատանա, որը նշանակում է հակառակորդ։ Նա մոլորեցրեց Եվային՝ հավատացնելով նրան, որ անի մի բան, ինչն Արարչի կամքին հակառակ էր (Ծննդոց 3։4, 5)։ Աստծո օրենքը խախտելու մեջ Եվային միացավ նաև Ադամը։ Վերցնելով այն, ինչ իրենց չէր պատկանում՝ նրանք կորցրեցին իրենց չքնաղ ազատությունը։ Մեղքը դարձավ նրանց տերը, և, ինչպես Աստված նախազգուշացրել էր, ի վերջո նրանք մահացան։ Այդ մեղքը՝ որպես ժառանգություն, անցավ նրանց զավակներին. դա դրսևորվում է սխալ գործելու բնածին հակվածությամբ։ Մեղքը նաև մարմնի տկարություն բերեց՝ հիվանդություն, ծերություն և մահ։ Իր հերթին Սատանան նպաստեց, որ սխալի հանդեպ հակվածությունը խոր արմատներ գցի մարդկանց մեջ. արդյունքում առաջ եկավ մարդկային մի հասարակություն, որի պատմության էջերը լի են ատելությամբ ու ոճրագործությամբ, բռնությամբ ու պատերազմներով, որոնք միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել։ Ի՜նչ ահռելի տարբերություն Աստծո կողմից մարդկանց տրված ազատության և այժմյան ազատության միջև (Բ Օրինաց 32։4, 5; Յոբ 14։1, 2; Հռովմայեցիս 5։12; Յայտնութիւն 12։9)։
Որտե՞ղ կարելի է ազատություն գտնել
6. ա) Որտե՞ղ կարելի է իսկական ազատություն գտնել։ բ) Հիսուսն ինչպիսի՞ ազատության մասին էր խոսում։
6 Տեսնելով այսօրվա տխուր իրականությունը՝ զարմանալի չէ, որ մարդիկ կարոտ են ավելի մեծ ազատության։ Բայց որտե՞ղ կարելի է իսկական ազատություն գտնել։ Հիսուսն ասաց. «Եթէ դուք իմ խօսքի մէջ կենաք, ճշմարտապէս իմ աշակերտներն էք։ Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ» (Յովհաննէս 8։31, 32)։ Այս ազատությունը նման չէ այն ազատությանը, որը երազում են ձեռք բերել մարդիկ՝ մերժելով մի կառավարչին կամ կառավարման ձևը և նախապատվությունը տալով մյուսին։ Ազատությունը, որի մասին խոսեց Հիսուսը, առնչվում է մարդկային խնդիրների բուն էությանը։ Դա ազատությունն է մեղքի կապանքներից (Յովհաննէս 8։24, 34–36)։ Հետևաբար նա, ով դառնում է Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը, մեծ փոփոխություն կզգա իր կյանքում, այսինքն՝ ազատագրում։
7. ա) Ի՞նչ իմաստով կարող ենք այսօր մեղքից ազատ լինել։ բ) Ի՞նչ պետք է անենք այդպիսի ազատություն ունենալու համար։
7 Սակայն դա ամենևին չի նշանակում, որ մեր օրերի ճշմարիտ քրիստոնյային մեղք գործելու բնածին հակումն այլևս չի անհանգստացնում։ Նա դեռ շարունակում է պայքարել ժառանգած մեղքի դեմ (Հռովմայեցիս 7։21–25)։ Սակայն, եթե անհատն իրոք ապրում է Հիսուս Քրիստոսի ուսուցումների համաձայն, նա այլևս չի ծառայի մեղքին։ Մեղքն այլևս նրան չի տիրի ինչպես մի բռնապետ, որը հրամաններ է տեղում իր ստրուկի գլխին, իսկ վերջինս կուրորեն հնազանդվում է նրան։ Այդպիսի անհատը չի ընկնի աննպատակ կյանք վարելու ծուղակն ու տանջվի խղճի խայթից։ Նա Աստծո առաջ մաքուր խիղճ կունենա, որովհետև անցյալում գործած նրա մեղքերը Հիսուս Քրիստոսի զոհաբերությանը հավատ ընծայելու շնորհիվ կներվեն։ Մեղավոր հակումները ժամանակ առ ժամանակ կարող են հիշեցնել իրենց մասին, սակայն եթե նա մերժի դրանց ենթարկվել և իր միտքը բերի Հիսուս Քրիստոսի հստակ ուսուցումները, ցույց կտա, որ մեղքն այլևս նրա տերը չէ (Հռովմայեցիս 6։12–17)։
8. ա) Ինչպիսի՞ ազատություն է մեզ պարգևել ճշմարիտ քրիստոնեությունը։ բ) Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը աշխարհի ղեկավարների հանդեպ։
8 Եկ խորհենք, թե որպես քրիստոնյաներ ինչ հարցերում ենք ազատություն վայելում։ Մենք ազատագրվել ենք կեղծ ուսմունքների ազդեցությունից, սնահավատությունից ու մեղքին ծառայելուց։ Մահացածների վիճակի և հարության մասին հրաշալի ճշմարտությունները ազատել են մեզ մահվան անհիմն վախից։ Ճշմարտությունն այն մասին, որ Աստված շուտով մարդկային անկատար կառավարությունները փոխարինելու է իր արդար Թագավորությամբ, ազատում է մեզ հուսալքությունից (Դանիէլ 2։44; Մատթէոս 6։10)։ Սակայն այդ ազատությունը չի արդարացնում անհարգալից վերաբերմունքը կառավարությունների և նրանց օրենքների նկատմամբ (Տիտոս 3։1, 2; Ա Պետրոս 2։16, 17)։
9. ա) Ինչպե՞ս է Եհովան սիրով օգնում մեզ վայելել այն առավելագույն ազատությունը, որն այսօր հնարավոր է մարդկանց համար։ բ) Ինչպե՞ս կարող ենք իմաստուն որոշումներ կայացնել։
9 Եհովան չի ցանկանում, որ մենք փորձ ու փորձանքի միջով անցնելով հասկանանք, թե որն է կյանքի լավագույն ուղին։ Նա գիտի, թե ինչպե՛ս ենք մենք ստեղծված, ի՛նչը մեզ իրական բավարարվածություն կպատճառի և ի՛նչը մեր հավերժական օգտին կծառայի։ Նա գիտի, թե ինչպիսի մտածելակերպն ու վարքը կարող են խզել անհատի փոխհարաբերություններն ինչպես իր, այնպես էլ մարդկանց հետ ու թերևս զրկել նրան նոր աշխարհ ոտք դնելու հնարավորությունից։ Այս ամենի մասին Եհովան սիրով հայտնում է մեզ Աստվածաշնչի և իր տեսանելի կազմակերպության միջոցով (Մարկոս 13։10; Գաղատացիս 5։19–23; Ա Տիմոթէոս 1։12, 13)։ Մենք ենք որոշողը, թե ինչպես ենք վերաբերվելու այս ամենին և ինչպես ենք օգտագործելու մեր աստվածատուր ազատությունը։ Ի տարբերություն Ադամի՝ եթե մեր սրտին մոտ ընդունենք այն, ինչ Աստվածաշունչն է մեզ ասում, իմաստուն որոշումներ կկայացնենք։ Այդպես վարվելով՝ ցույց կտանք, որ Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ ունենալը կյանքում ամեն ինչից վեր ենք դասում։
Ձգտում դեպի այլ տեսակի ազատություն
10. Ինչպիսի՞ ազատության են ձգտում որոշ Եհովայի վկաներ։
10 Երբեմն որոշ երիտասարդ, ինչպես նաև տարեց Եհովայի վկաներ այլ տեսակի ազատության են ձգտում։ Թերևս աշխարհը սկսում է նրանց հմայիչ թվալ, և շարունակելով մտածել այդ ուղղությամբ՝ նրանց մեջ ուժգին ցանկություն է առաջանում զբաղվել այնպիսի գործերով, որոնք չնայած ընդունված են աշխարհում, սակայն վայել չեն քրիստոնյաներին։ Ճիշտ է, նման քրիստոնյաները թերևս չեն ցանկանում թմրադեղերի գերին դառնալ, խմիչքը չարաշահել կամ անբարոյություն գործել։ Սակայն սկսում են ընկերակցել ճշմարտությունից հեռու մարդկանց հետ և ձգտում են արժանանալ նրանց հավանությանը։ Նրանք նույնիսկ սկսում են ընդօրինակել իրենց նոր ընկերակիցների խոսելաձևն ու շարժուձևը (Գ Յովհաննէս 11)։
11. Երբեմն ո՞ւմ կողմից կարող է գալ սխալ գործելու գայթակղությունը։
11 Ոչ քրիստոնեական վարք դրսևորելու գայթակղությունը երբեմն կարող է գալ իրեն քրիստոնյա ձևացնող անձնավորության կողմից։ Այն, ինչ տեղի ունեցավ որոշ վաղ քրիստոնյաների հետ, կարող է տեղի ունենալ և մեր օրերում։ Նման անհատը հաճախ ցանկանում է զբաղվել իրեն բավականություն պատճառող այնպիսի գործերով, որոնք, սակայն, դեմ են Աստծո օրենքներին։ Իր հերթին նա դրդում է մյուսներին էլ մի փոքր «զվարճանալ»։ «Ազատութիւն են խոստանում, եւ իրանք ապականութեան ծառաներ են» (Բ Պետրոս 2։19)։
12. Ի՞նչ ցավալի արդյունքներ է ունենում այն ընթացքը, որը հակառակ է Աստծո օրենքներին ու սկզբունքներին։
12 Այդ կեղծ ազատությունը միշտ էլ տխուր ավարտ է ունենում, քանի որ նման ազատություն «վայելողը» չի հնազանդվում Աստծո օրենքներին։ Օրինակ՝ ապօրինի սեռային հարաբերությունները հանգեցնում են էմոցիոնալ առումով անկման, հիվանդությունների, մահվան, անցանկալի հղիության և, թերևս, ընտանիքների քայքայման (Ա Կորնթացիս 6։18; Ա Թեսաղոնիկեցիս 4։3–8)։ Թմրադեղերի չարաշահումը մարդուն կարող է դարձնել դյուրագրգիռ, ազդել խոսքի արտահայտման վրա, թուլացնել տեսողությունը, գլխապտույտ, շնչահեղձություն ու զգայախաբություն (հալյուցինացիա) առաջացնել և, ի վերջո, մահ պատճառել։ Թմրանյութի նկատմամբ իր պահանջը բավարարելու համար անհատը կարող է նույնիսկ հանցանքի դիմել։ Նույն տխուր հետևանքներն են սպասվում նաև ալկոհոլի չարաշահման դեպքում (Առակաց 23։29–35)։ Նրանք, ովքեր նման ընթացք են բռնում, գուցե կարծում են, թե ազատ են, սակայն ավելի ուշ հայտնաբերում են, որ դարձել են մեղքի ծառաներ։ Իսկ ի՜նչ դաժան տեր է մեղքը... Այս ամենի մասին այժմ խորհելը կօգնի մեզ զգուշանալ նման ընթացքից (Գաղատացիս 6։7, 8)։
Որտեղ են սկիզբ առնում խնդիրները
13. ա) Ի՞նչն է մեր մեջ ցանկություն արթնացնում։ բ) Որպեսզի հասկանանք, թե որ ընկերակցություններն են չար, ո՞ւմ տեսակետի կարիքն ունենք։ գ) Պատասխանելով 13–րդ պարբերության մեջ բերված հարցերին՝ ընդգծիր Եհովայի տեսակետը։
13 Եկ խորհենք, թե հաճախ որտեղ են սկիզբ առնում խնդիրները։ Աստվածաշունչը բացատրում է. «Ամեն մէկը փորձվում է բուն իր ցանկութիւնիցը հրապուրուած եւ խաբուած։ Եւ այնուհետեւ որ ցանկութիւնը յղացած է՝ ծնվում է մեղք. եւ մեղքն էլ երբոր կատարվում է՝ մահ կ’ծնի» (Յակոբոս 1։14, 15)։ Ի՞նչն է մեր մեջ ցանկություն արթնացնում. մեր ուղեղը մուտք գործած ինչ–որ միտք։ Հաճախ այն կարող է ծագել Աստվածաշնչի սկզբունքներն անտեսող մարդկանց հետ ընկերակցելու պատճառով։ Անշուշտ, բոլորս էլ գիտենք, որ հարկավոր է խուսափել ‘չար ընկերակցություններից’ (Ա Կորնթացիս 15։33)։ Բայց ո՞ր ընկերակցություններն են չար։ Այս հարցում ո՞րն է Եհովայի տեսակետը։ Ստորև նշված հարցերի շուրջ խորհրդածելն ու աստվածաշնչյան համարները քննարկելը կօգնեն մեզ ճիշտ եզրակացություններ անել։
Երբ որոշ մարդիկ վայելում են ուրիշների հարգանքը, արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք լավ ընկերակիցներ են մեզ համար (Ծննդոց 34։1, 2, 18, 19)։
Նրանց խոսակցության թեմաներից, գուցե և կատակներից կարո՞ղ ենք եզրակացնել, թե նրանց հետ արժե՞ արդյոք մտերմանալ (Եփեսացիս 5։3, 4)։
Ի՞նչ կզգա Եհովան, եթե մենք ընկերանանք նրանց հետ, ովքեր չեն սիրում Աստծուն (Բ Մնացորդաց 19։1, 2)։
Թեև կարող ենք աշխատել կամ սովորել նրանց հետ, ովքեր մեր հավատալիքներին համամիտ չեն, սակայն ինչո՞ւ է հարկավոր զգոն լինել (Ա Պետրոս 4։3, 4)։
Հեռուստահաղորդումներ, այդ թվում ֆիլմեր դիտելը, Ինտերնետից օգտվելը, գրքեր, ամսագրեր և թերթեր ընթերցելը մարդկանց հետ ընկերակցելու տարբեր միջոցներ են։ Այս աղբյուրներից եկող ո՞ր նյութերից է հարկավոր զգուշանալ (Առակաց 3։31; Եսայիա 8։19; Եփեսացիս 4։17–19)։
Անհատի ընտրած ընկերակցությունն ի՞նչ է ասում Եհովային նրա մասին (Սաղմոս 26։1, 4, 5; 97։10)։
14. Ի՞նչ հիասքանչ ազատություն է սպասում նրանց, ովքեր այսօր հավատարմորեն կիրառում են Աստծո Խոսքից եկող խորհուրդները։
14 Եհովայի խոստացած նոր աշխարհն արդեն երևում է հորիզոնում։ Աստծո երկնային կառավարության՝ իր Թագավորության միջոցով մարդկությունը վերջնականապես կազատվի Սատանայի և նրա չար համակարգի ազդեցությունից։ Աստիճանաբար մեղքի բոլոր հետևանքները կվերանան և, ի վերջո, հնազանդ մարդկությունը կատարյալ կդառնա թե՛ մտային, թե՛ ֆիզիկական առումով. ուրեմն՝ կկարողանա՛նք վայելել հավերժական կյանքը Դրախտում։ Բոլոր արարածները վերջապես կվայելեն այն ազատությունը, որը լիովին ներդաշնակ է ‘Տիրոջ ոգուն’ (Բ Կորնթացիս 3։17)։ Արժե՞ արդյոք այս ամենը կորցնելու վտանգի առաջ կանգնել՝ անտեսելով Աստծո Խոսքից եկող խորհուրդները։ Եկեք մեր քրիստոնեական ազատությունն այսօր իմաստնորեն օգտագործելով՝ ցույց տանք, որ իրոք ցանկանում ենք «Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան[ը]» հասնել (Հռովմայեցիս 8։21)։
Կրկնենք թեման
• Ինչպիսի՞ ազատություն էր վայելում առաջին մարդկային զույգը։ Ինչո՞վ է այդ ազատությունը տարբերվում ներկայումս ապրող մարդկանց ազատությունից։
• Ինչպիսի՞ ազատություն ունեն ճշմարիտ քրիստոնյաները։ Ինչպե՞ս է այն տարբերվում աշխարհում ընդունված ազատությունից։
• Ինչո՞ւ է այդքան կարևոր խուսափել ‘չար ընկերակցություններից’։ ‘Չարը’ զատորոշելու հարցում ո՞ւմ տեսակետն ենք հաշվի առնում՝ ի տարբերություն Ադամի։
[Նկար 46–րդ էջի վրա]
Աստծո Խոսքը զգուշացնում է. «Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը»