ԴԱՍ 4
Ինչպե՞ս ճանաչել Աստծուն
Աստծուն կարելի է ճանաչել՝ կարդալով Աստվածաշունչը։ Հնում Աստված ընտրեց որոշ մարդկանց, որպեսզի գրի առնեն իր մտքերը։ Այդ գրությունները կոչվում են Աստվածաշունչ։ Այսօր Աստծո մասին բավականին տեղեկություն ենք ստանում՝ կարդալով Աստծո Խոսքը։ Քանի որ այն բովանդակում է Եհովայի խոսքը կամ ուղերձը, այն կոչվում է նաև Աստծո Խոսք։ Մենք կարող ենք հավատալ Աստվածաշնչի ասածներին, որովհետև Եհովան երբեք չի ստում։ «Անհնար է, որ Աստուած սուտ խօսած լինի»,— ասվում է Եբրայեցիս 6։18–ում։ Աստծո Խոսքը ճշմարիտ է (Յովհաննէս 17։17)։
Աստվածաշունչը Աստծո տված թանկագին նվերներից մեկն է։ Այն կարելի է նմանեցնել մի նամակի, որը երեխաները ստանում են սիրառատ հորից։ Աստվածաշունչը պատմում է մեզ Աստծո այն խոստման մասին, համաձայն որի մեր երկիրը ապրելու հոյակապ մի վայրի է վերածվելու՝ դրախտի։ Աստծո Խոսքը մեզ տեղեկացնում է, թե Աստված ինչ գործեր է կատարել անցյալում, ինչ է անում այսօր և ինչ է անելու ապագայում իր հավատարիմ երեխաների համար։ Այն նաև ցույց է տալիս մեր պրոբլեմները լուծելու և երջանկության հասնելու ուղիները (Բ Տիմոթէոս 3։16, 17)։
Եհովայի վկաները Աստծո բարեկամներն են և կօգնեն քեզ հասկանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Հայտնի՛ր նրանց, որ ցանկանում ես Աստվածաշունչն ուսումնասիրել։ Նրանք դա անում են առանց դրամական վարձատրության (Մատթէոս 10։8)։ Բացի այդ, դու կարող ես այցելել քրիստոնեական հանդիպումներին։ Երկրպագության վայրերը, որտեղ նրանք հավաքվում են, կոչվում են Թագավորության սրահներ։ Եթե հաճախես քրիստոնեական հանդիպումներին, ապա արագորեն կաճես Աստծո գիտության մեջ։
Աստծուն կարելի է ճանաչել նաև իր ձեռքի գործերից։ Աստվածաշնչում ասվում է. «Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը» (Ծննդոց 1։1)։ «Երկինքը» ստեղծելիս Աստված շինեց արևը։ Ի՞նչ է այն մեզ հայտնում Աստծո մասին։ Այն ցույց է տալիս, որ Եհովան մեծ զորության տեր է։ Միայն նա կարող էր արև ստեղծել։ Դա նաև ապացուցում է Եհովայի իմաստուն լինելը, որովհետև իմաստություն է հարկավոր արևը ստեղծելու համար, որը ջերմություն և լույս է արձակում առանց իսպառ այրվելու։
Եհովայի ստեղծագործությունը վկայում է մեր հանդեպ ունեցած նրա սիրո մասին։ Խորհի՛ր, թե ինչքան բազմապիսի պտուղներ կան երկրի վրա։ Եհովան կարող էր միայն մի տեսակի պտուղ ստեղծել մեզ համար, կամ էլ բոլորովին չստեղծել։ Դրա փոխարեն՝ նա մեզ զանազան տեսակի մրգեր է տվել, տարբեր չափերի, գույների և համերի։ Սա խոսում է այն մասին, որ Եհովան ոչ միայն սիրառատ, այլև առատաձեռն, հոգատար և բարի Աստված է (Սաղմոս 104։24)։