Դաս ունենք քաղելու առաջին մարդկային զույգից
ԱՍՏՎԱԾ զննում էր Երկիր մոլորակը, որը պատրաստում էր մարդկանց բնակության համար։ Նա տեսավ, որ իր արած բոլոր բաները «բարի» էին։ Երբ իր ստեղծագործական աշխատանքն ավարտեց, նա նույնիսկ հայտարարեց, որ «շատ բարի» է (Ծննդոց 1։12, 18, 21, 25, 31)։ Սակայն մինչ այդ վերջնական եզրակացության հանգելը, Աստված իր ստեղծագործություններից ինչ–որ մեկի վերաբերյալ ասել էր՝ լավ չէ։ Բանն այն չէր, որ այդ ստեղծագործությունը թերություն ուներ, չէ՞ որ Աստված ամեն բան կատարյալ է ստեղծում։ Պատճառն այն էր, որ ստեղծագործությունն ինքը դեռ լիովին ավարտված չէր։ «Լաւ չէ որ մարդը մինակ լինի»,— ասել էր Եհովան։ «Նորա նման մի օգնական շինեմ իրան յարմար» (Ծննդոց 2։18)։
Եհովայի նպատակն էր, որ մարդկությունը հավիտյան վայելեր կյանքը երկրային դրախտում՝ առողջ, երջանիկ ու լիության մեջ։ Մարդկության հայրը Ադամն էր։ Նրա կինը՝ Եվան, «բոլոր կենդանեաց մայրը» դարձավ (Ծննդոց 3։20)։ Ու թեև ողջ աշխարհում նրանց սերունդն այժմ միլիարդների է հասնում, մարդկությունը շատ ու շատ հեռու է կատարելությունից։
Ադամի ու Եվայի պատմությունը հայտնի է գրեթե բոլորին։ Բայց ի՞նչ գործնական արժեք ունի այն մեզ համար։ Ի՞նչ դասեր կարելի է քաղել առաջին մարդկային զույգի հետ պատահածից։
«Արու եւ էգ ստեղծեց նորանց»
Կենդանիներին անուններ տալիս Ադամը նկատել էր, որ յուրաքանչյուրն իր զույգն ունի, մինչդեռ ինքը մենակ է։ Իսկ ավելի ուշ ուրախացել էր՝ իր կողքին տեսնելով այն գեղեցիկ արարածին, որին Եհովան ստեղծել էր հենց Ադամի կողոսկրից։ Հասկանալով, որ այդ անզուգական արարածն իր մի մասնիկն է՝ Ադամը բացականչել էր. «Սա հիմա ոսկր է իմ ոսկրիցը եւ մարմին է իմ մարմնիցը. սորան կ’կոչեն Կին. որովհետեւ սա մարդիցն առնուեցաւ» (Ծննդոց 2։18–23)։
Մարդն «օգնականի» կարիք ուներ ու այժմ ստացել էր իրեն հարմար այդ օգնականին։ Եվան բոլոր առումներով հրաշալիորեն համապատասխանում էր Ադամին. նա լրացնելու էր նրան՝ որպես մեկը, որը խնամելու էր իրենց տուն–պարտեզը, հոգալու էր կենդանիների մասին, երեխաներ էր ծնելու և՝ իբրև բանական էակ, նրան աջակցություն էր ցույց տալու (Ծննդոց 1։26–30)։
Եհովան այդ զույգին ապահովել էր այն ամենով, ինչ որ կարելի էր ցանկանալ ողջամտության սահմաններում։ Բերելով Եվային իր ամուսնու մոտ և դրանով իսկ հաստատելով նրանց միությունը՝ Աստված սահմանեց ամուսնական կարգադրությունը և ընտանիքը, որը պետք է կազմեր ապագա հասարակության հիմքը։ «Մարդը կ’թողնէ իր հայրը եւ մայրը, եւ կ’յարի իր կնոջը. եւ մէկ մարմին կ’լինին»։ Եվ օրհնելով ամուսնական առաջին զույգին ու պատվիրելով բազմանալ՝ Եհովան ցանկացել էր նաև, որ երեխաները ծնվեն հոգատար ընտանիքներում՝ իրենց սիրող ծնողների գուրգուրանքների ու խնամքի ներքո (Ծննդոց 1։28; 2։24)։
«Աստուծոյ պատկերովը»
Ադամն Աստծո կատարյալ որդին էր՝ նրա ‘պատկերով ու նմանության պես’ ստեղծված։ Սակայն այդ նմանությունը ֆիզիկական չէր, քանի որ Աստված ինքը ոգի է (Ծննդոց 1։26; Յովհաննէս 4։24, ՆԱ)։ Նմանությունը նրանց հատկությունների մեջ էր, ինչը մարդուն բարձր էր դասում բոլոր կենդանիներից։ Այսպիսով՝ մարդու մեջ ի սկզբանե արմատավորված էին սերը, իմաստնությունը, զորությունն ու արդարությունը։ Մարդն օժտվել էր ազատ կամքով ու հոգևորի հանդեպ հակվածությամբ։ Բնածին բարոյական զգացումը՝ խիղճը, հնարավորություն էր տվել նրան՝ լավը վատից տարբերելու։ Նա մտային կարողությունների տեր արարած էր, ինչի շնորհիվ էլ կարող էր մտածել. խորհել, օրինակ, մարդկության գոյության իմաստի շուրջ, գիտելիքներ ձեռք բերել իր Արարչի մասին ու մտերմիկ փոխհարաբերություններ զարգացնել Նրա հետ։ Այս ամենն ունենալով՝ Ադամը հեշտությամբ կարող էր կատարել իրեն տրված հանձնարարությունը, այն է՝ ղեկավարել Աստծո երկրային ստեղծագործությունները։
Եվան մեղանչում է
Անկասկած, Ադամը Եվային անմիջապես տեղեկացրել էր Եհովայի սահմանած միակ արգելքի մասին. պարտեզի բոլոր ծառերն ու դրանց պտուղները նրանց էին պատկանում, բայց բարու և չարի գիտության ծառին չպետք է ձեռք տային, չպետք է ուտեին դրա պտղից։ Այդ պատվերը խախտելու դեպքում՝ նույն օրը նրանց մահ էր սպասում (Ծննդոց 2։16, 17)։
Շատ չանցած՝ արգելված պտղի մասին հարց բարձրացվեց։ Օձի միջոցով մի անտեսանելի ոգեղեն արարած, անմեղ ձևանալով, դիմեց Եվային հետևյալ խոսքերով. «Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք»։ Եվան պատասխանեց, որ նրանց թույլ է տրված ուտել բոլոր ծառերից՝ բացի մեկից։ Եվ այստեղ օձը, ժխտելով Աստծո խոսքերը, ասաց. «Բնաւ չէք մեռնիլ։ Այլ Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող»։ Կնոջ աչքին արգելված ծառը այժմ ցանկալի երևաց։ «Ծառը լաւ էր ուտելու համար, եւ.... հաճելի էր աչքերին»։ Տրվելով խաբեությանը՝ Եվան խախտեց Աստծո օրենքը (Ծննդոց 3։1–6; Ա Տիմոթէոս 2։14)։
Արդյո՞ք Եվայի մեղքն անխուսափելի էր։ Ոչ մի դեպքում։ Փորձեք պատկերացնել ձեզ նրա տեղը։ Օձի հայտարարությունը բոլորովին չէր համապատասխանում նախ՝ Աստծո և ապա՝ Ադամի ասածներին։ Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե անծանոթ մեկը խաբեբայության մեջ մեղադրեր ձեր հարազատին, որին դուք վստահում եք։ Եվայի պատասխանը պետք է լիներ զզվանքով, զայրույթով լի, պետք է ցույց տար, որ չի՛ ցանկանում անգամ լսել նրան։ Ի վերջո, ո՞վ էր օձը, որ կասկածի ենթարկեր Աստծո արդարությունն ու իր ամուսնու խոսքը։ Հարգանքը դեպի գլխավորության սկզբունքը պետք է ստիպեր Եվային, նախքան որևէ որոշում կայացնելը, խորհրդակցել։ Նույնը պետք է անենք և մենք, եթե երբևիցե բախվենք այնպիսի ինֆորմացիայի հետ, որը հակասում է Աստծո տված հրահանգներին։ Եվան, սակայն, վստահեց Փորձիչի խոսքերին՝ ցանկանալով լինել սեփական գլխի տերն ու անձամբ որոշել, թե ինչն է լավ ու ինչը՝ վատ։ Որքան շատ մտածեց նրա ասածների շուրջ, այնքան այդ միտքն իրեն հաճելի թվաց։ Ի՜նչ մոլորություն էր, ընտանիքի գլխի հետ խորհրդակցելու ու սխալ ցանկությունը սրտից հանելու փոխարեն, այն իր մեջ փայփայելը (Ա Կորնթացիս 11։3; Յակոբոս 1։14, 15)։
Ադամը լսում է կնոջ ձայնին
Շատ չանցած՝ Եվան սկսում է համոզել Ադամին իրեն միանալ։ Ինչո՞վ բացատրել Ադամի լուռ համաձայնությունը (Ծննդոց 3։6, 17)։ Նրա մեջ հավատարիմ մնալու կամ չմնալու պայքար էր գնում։ Կհնազանդվե՞ր արդյոք իր Արարչին, որից ստացել էր ամեն բան, ներառյալ իր սիրելի կին Եվային։ Առաջնորդություն կխնդրե՞ր արդյոք Աստծուց ինչպե՛ս վարվել տվյալ իրավիճակում, թե՞ կմիանար կնոջը։ Ադամը շատ լավ գիտեր, որ Եվայի հույսերը՝ իբր, արգելված պտուղն ուտելով, արտառոց բաների տեր կդառնա, լոկ պատրանք էին։ Պողոս առաքյալը Աստծո ներշնչմամբ գրել է. «Ադա՛մը չխաբուեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց» (Ա Տիմոթէոս 2։14)։ Ուստի, Ադամը գիտակցաբար որոշեց չհնազանդվել Եհովային։ Կնոջից բաժանվելու վախը, ըստ երևույթին, ավելի մեծ էր, քան հավատն առ այն, որ Աստված կարող է այդ իրավիճակից դուրս գալու ելք գտնել։
Ադամի արարքը հավասար էր ինքնասպանության։ Եվ քանի որ նրա հետագա ողջ սերունդը (որին Եհովան ողորմածորեն թույլ տվեց, որ լույս աշխարհ գա) մեղքի ու մահվան դատապարտության ներքո ծնվեց, իր այդ քայլով Ադամը նաև մահվան մատնեց իր սերունդներին (Հռովմայեցիս 5։12)։ Որքա՜ն թանկ վճարեցին առաջին տղամարդն ու կինը եսասիրությունից մղված իրենց ցուցաբերած անհնազանդության դիմաց։
Մեղքի հետևանքները
Մեղքին անմիջապես հաջորդել էր ամոթի զգացումը։ Եհովայի ձայնին ուրախությամբ ու անհամբերությամբ արձագանքելու փոխարեն՝ Ադամն ու Եվան այս անգամ թաքնվեցին նրանից (Ծննդոց 3։8)։ Եհովայի հետ իրենց մտերմությունը անվերադարձ կորսված էր։ Նրանք խղճի խայթ անգամ չզգացին, երբ Եհովան հարցրեց, թե ինչ են արել, թեև երկուսն էլ գիտեին, որ խախտել են Աստծո օրենքը։ Ճաշակելով արգելված պտուղը՝ նրանք երես դարձրին իրենց նկատմամբ Աստծո ցուցաբերած բարությունից։
Աստված ասաց նրանց, որ կինը ցավով պիտի երեխաներ ծներ։ Նա միշտ փափագելու էր դեպի իր ամուսինը, իսկ վերջինս իշխելու էր նրա վրա։ Անկախություն ձեռք բերելու կնոջ փորձը, այսպիսով, հենց իր դեմ էր դուրս եկել։ Ադամն այժմ սեփական քրտինքով էր հաց վաստակելու։ Իր քաղցը Եդեմի պարտեզում առանց չարչարվելու հագեցնելու փոխարեն՝ այժմ նա պետք է քարից հաց քամեր իր գոյությունը պահպանելու համար այնքան ժամանակ, մինչև որ դեպի հողը վերադառնար, որից ստեղծվել էր (Ծննդոց 3։16–19)։
Ի Վերջո, Ադամն ու Եվան վտարվեցին Եդեմի պարտեզից։ Եհովան ասաց. «Ահա Ադամն եղաւ իբրեւ մեզանից մէկը՝ որ բարին եւ չարը գիտենայ, եւ հիմա մի գուցե իր ձեռքը մեկնէ, եւ կենաց ծառիցն էլ առնէ եւ ուտէ եւ յաւիտեան ապրի»։ «Խոսքն այստեղ անավարտ է»,— նշում է կրոնագիտության պրոֆեսոր Գորդոն Վինհեմը։ Ուրեմն մեզ մնում է, որ ինքներս ավարտենք Աստծո միտքը, որը մոտավորապես այսպես պետք է հնչեր. «Այժմ պետք է դուրս հանեմ նրան պարտեզից»։ Աստվածաշնչի գրողը սովորաբար Աստծո միտքն ամբողջությամբ է ներկայացնում։ Սակայն «այստեղ,— շարունակում է իր մեկնաբանությունը Վինհեմը,— շարունակության բաց թողումը ցույց է տալիս Աստծո ձեռնարկած քայլի արագությունը։ Նրա խոսքը դեռ բերանում էր, երբ նրանք արդեն դուրս էին վտարվել պարտեզից» (Ծննդոց 3։22, 23)։ Ըստ երևույթին, դրանով վերջ էր գտել Եհովայի ու առաջին զույգի միջև հաղորդակցությունը։
Ադամն ու Եվան ֆիզիկապես չմահացան քսանչորսժամյա տևողություն ունեցող այդ օրը։ Նրանք այդ օրը հոգևոր առումով մահացան։ Կյանքի Աղբյուրից անվերադարձ օտարացած՝ նրանք բռնեցին դեպի մահ տանող ճանապարհը։ Պատկերացրեք, թե ինչ դառնություն պատճառեց նրանց մահվան առաջին դեպքը, երբ իրենց անդրանիկ որդի Կայենը սպանեց իր կրտսեր եղբայր Աբելին (Ծննդոց 4։1–16)։
Այս դեպքից հետո առաջին մարդկային զույգի մասին համեմատաբար քիչ բան է հայտնի։ Նրանց երրորդ որդին՝ Սեթը, ծնվեց, երբ Ադամը հարյուր երեսուն տարեկան էր։ Ադամը մահացավ ութ հարյուր տարի անց՝ ինը հարյուր երեսուն տարեկան հասակում, երբ «տղերք եւ աղջկերք» էր ունեցել (Ծննդոց 4։25; 5։3–5)։
Դաս՝ մեզ համար
Մարդկային հասարակության դեգեներացման պատճառներն ի հայտ բերելուց բացի՝ մարդկային առաջին զույգի մասին արձանագրությունը մեզ շատ կարևոր դաս է տալիս։ Եհովա Աստծուց անկախանալու ցանկացած ձգտում անմտություն է։ Նրանք, ովքեր իսկապես խելամիտ են, ինքնավստահորեն սեփական գիտելիքների վրա չեն հիմնվում, այլ հավատ են ընծայում դեպի Եհովան ու նրա Խոսքը։ Եհովան է սահմանում բարու և չարի չափանիշը, և բարին գործել, ըստ էության, նշանակում է հնազանդվել նրան. մինչդեռ չարը՝ դա նրա օրենքները ոտնահարելն ու նրա չափանիշներն արհամարհելն է։
Ժամանակին Եհովայի կամքն էր և այժմ էլ է, որ մարդկությունն ունենա այն ամենը, ինչ ցանկանում է՝ անվերջ, առողջ կյանք ազատության ու առատության մեջ, երջանկություն, խաղաղություն ու նորանոր հայտնագործությունների լայն հնարավորություններ։ Սակայն այս ամենը ձեռք բերելու և ապա վայելելու համար անհրաժեշտ է ճանաչել մեր բացարձակ կախվածությունը մեր երկնային Հայր Եհովա Աստծուց (Ժողովող 3։10–13; Եսայիա 55։6–13)։
[26–րդ էջի վրայի շրջանակը]
Ադամն ու Եվան առասպե՞լ
Դրախտի ու առաջին մեղքի պատճառով այդ վայրի կորստի մասին պատմությունը բավականին հայտնի ու լայնորեն տարածված է եղել բաբելոնյան, ասորական, եգիպտական և այլ մշակույթներում, ինչպես նաև դրանց հավատալիքներում։ Այդ պատմությունների ընդհանուր թեմաներից մեկը կենաց ծառն է, որի պտղից համտեսողը հավիտենական կյանք էր ստանալու։ Կարելի է ասել, որ մարդկության հիշողության միջից մինչև օրս չի ջնջվել Եդեմում տեղի ունեցած ողբերգական պատմությունը։
Այսօր շատերի համար Ադամի ու Եվայի մասին Աստվածաշնչի տեղեկությունը ընդամենը հին առասպել է։ Սակայն գիտնականների մեծամասնության կարծիքով՝ մարդկությունը մի ընտանիք է և նույն ծագումն ունի։ Աստվածաբաններից շատերը ստիպված են ընդունել, որ առաջին մեղքը, որի հետևանքով այսօր տառապում է ողջ մարդկությունը, կատարվել է մեկ ընդհանուր նախածնողի կողմից։ Հավատալ, թե մարդիկ սերվել են մեկից ավելի աղբյուրից, նշանակում է ստիպված լինել ընդունել նաև, որ առաջին մեղքը գործել են մի քանի նախահայրեր։ Դա էլ իր հերթին կժխտեր այն իրողությունը, որ Քրիստոսը՝ «վերջին Ադամը», ազատել է մարդկությանը։ Ի դեպ, Հիսուսն ու իր աշակերտները չեն բախվել նման խնդրի հետ։ Նրանք «Ծննդոց» գրքի հաղորդագրությունը համարել են իրական պատմություն (Ա Կորնթացիս 15։22, 45; Ծննդոց 1։27; 2։24; Մատթէոս 19։4, 5; Հռովմայեցիս 5։12–19)։