Ինչու Նոյն արժանացավ Աստծու հաճությանը. ինչու դա պետք է հետաքրքրի մեզ
ՇԱՏԵՐՍ ենք հիշում դեպքեր, երբ կարևոր լուրեր ենք լսել։ Մենք հիշում ենք դրանք մանրամասնորեն, հիշում ենք ոչ միայն այն, թե որտեղ ենք եղել և թե ինչ ենք արել, այլև թե ինչպես ենք արձագանքել։ Անկասկած, Նոյը երբեք չմոռացավ այն օրը, երբ Եհովա Աստծուց՝ տիեզերքի Գերիշխանից, լուր ստացավ։ Ի՞նչը կարող էր ավելի կարևոր լինել, քան այդ լուրը։ Եհովան ասաց, որ որոշել է կործանել «ամեն մարմին»։ Նոյը պետք է մի հսկայական տապան կառուցեր, որ նա, իր ընտանիքը և ամեն տեսակի կենդանի կարողանային փրկվել (Ծննդոց 6։9–21)։
Ինչպե՞ս արձագանքեց Նոյը։ Ուրախացա՞վ արդյոք նա, երբ լսեց այդ լուրը, թե՞ տրտնջաց։ Ինչպե՞ս Նոյը այդ լուրը հայտնեց իր կնոջն ու ընտանիքին։ Աստվածաշունչը ոչինչ չի ասում այդ մասին։ Այնտեղ միայն կարդում ենք հետևյալը. «Նոյն արաւ բոլորը ինչպէս Աստուած պատուիրել էր նորան, այնպէս արաւ» (Ծննդոց 6։22)։
Անշուշտ, դա կարևոր տեղեկություն է, քանի որ Աստվածաշունչը ինչ–որ չափով բացատրում է, թե ինչու Նոյն արժանացավ Աստծու հաճությանը։ Նա պատրաստ էր անելու այն, ինչ Աստված ասել էր իրեն (Ծննդոց 6։8)։ Ուրիշ ի՞նչը պատճառ եղավ, որ Նոյն ունենա Աստծու հաճությունը։ Այս հարցի պատասխանն իմանալը կարևոր է, քանի որ մենք պետք է ընդօրինակենք Նոյին, որպեսզի փրկվենք, երբ Աստված մեկ անգամ ևս երկիրը մաքրի չարությունից։ Սակայն նախ քննենք, թե ինչպիսին էր կյանքը Ջրհեղեղից առաջ։
Դևերը երկրի վրա
Նոյն ապրել է հազարավոր տարիներ առաջ։ Նա ծնվել է առաջին մարդու ստեղծվելուց մոտ հազար տարի հետո։ Այդ ժամանակ մարդիկ չէին ապրում քարանձավներում, նրանք մազոտ կամ տգետ արարածներ չէին, որոնք քայլում էին կռացած՝ փայտերը ձեռքներին, ինչպես որ պատկերացնում են շատերը։ Նոյի օրերում կային երկաթյա ու պղնձյա գործիքներ, որոնք նա հավանաբար օգտագործել է տապանը կառուցելիս։ Այդ ժամանակ կային նաև երաժշտական գործիքներ։ Մարդիկ ամուսնանում էին, երեխաներ ունենում, հացահատիկ մշակում, ինչպես նաև կենդանիներ պահում։ Նրանք նաև զբաղվում էին առք ու վաճառքով։ Ուստի կարելի է ասել, որ այն ժամանակվա կյանքը շատ առումներով նման է ներկայիս կյանքին (Ծննդոց 4։20–22; Ղուկաս 17։26–28)։
Սակայն որոշ առումներով Նոյի օրերը տարբերվում են մեր օրերից։ Օրինակ՝ մարդիկ շատ ավելի երկար էին ապրում, և սովորական բան էր, որ մարդը ապրում էր ավելի քան 800 տարի։ Օրինակ՝ Նոյն ապրել է 950 տարի, Ադամը՝ 930, իսկ Մաթուսաղան՝ Նոյի պապը, ապրել է 969 տարի (Ծննդոց 5։5, 27; 9։29)a։
Մեկ ուրիշ տարբերության մասին արձանագրված է Ծննդոց 6։1, 2 համարներում, որտեղ կարդում ենք. «Եւ եղաւ երբոր մարդիկ սկսեցին շատանալ երկրի վերայ, եւ աղջկերք ծնեցին իրանց. Աստուծոյ որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը, որ գեղեցիկ էին, ամեն իրանց հաւանածներիցը իրանց համար կանայք էին առնում»։ «Աստուծոյ որդիքը» երկնքից եկած հրեշտակներ էին, որոնք ֆիզիկական մարմիններ հագան և ապրում էին երկրի վրա։ Նրանք Աստծու կողմից չէին ուղարկվել երկիր, և չէին եկել մարդկանց օգնելու։ Նրանք «թողեցին իրենց համար նախատեսված բնակության վայրը»՝ երկինքը, որպեսզի սեռական հարաբերություններ ունենան երկրի վրա ապրող գեղեցիկ կանանց հետ։ Այդպես նրանք դարձան դևեր (Հուդա 6)։
Այս ըմբոստ, ապականված և գերմարդկային զորություն ու հասկացողություն ունեցող արարածները շատ վատ ազդեցություն էին թողնում մարդկանց վրա։ Հավանաբար նրանք իշխում էին մարդկանց վրա։ Դևերը գաղտնաբար չէին գործում, ինչպես որ հմուտ հանցագործներն են վարվում, որոնք թաքցնում են իրենց ինքնությունը և գաղտնի չարիք գործում։ Նրանք գործում էին բացահայտորեն և անամոթաբար ըմբոստանում էին Աստծու հաստատած կարգի դեմ։
Աստծու այդ ոգեղեն որդիները սեռական հարաբերություններ ունեցան կանանց հետ, և վերջիններս երեխաներ ունեցան, որոնք մեծանալով դարձան արտասովոր զորություն ունեցող մարդիկ։ Նրանք կոչվեցին «հսկաներ», եբրայերեն լեզվով՝ «նեֆիլիմ»։ Այդ մասին կարդում ենք. «Հսկաները կային այն օրերը երկրի վերայ. եւ այնուհետեւ էլ որ բոլոր Աստուծոյ որդիքը մարդկանց աղջկերանց մօտ էին մտնում, եւ նորանք նորանց համար ծնում էին. սորանք այն զօրաւորներն էին, որ վաղուց անուանի մարդիկ էին» (Ծննդոց 6։4)։ Մարդիկ նրանցից շատ էին վախենում։ «Նեֆիլիմ» բառը նշանակում է տապալողներ, որոնք գետին են տապալում մարդկանց։ Նրանք մարդասպաններ էին, որոնց դաժան արարքները արտացոլվել են հին առասպելներում։
Արդար մարդկանց վիշտը
Աստվածաշունչը այդ սերնդին նկարագրելիս նշում է, որ այն գոյություն է ունեցել երկար ժամանակ և շատ ապականված է եղել։ Այնտեղ կարդում ենք. «Շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր.... երկիրը անօրէնութեամբ լցուեցաւ։.... Ամեն մարմին իր ճանապարհը ապականել էր երկրի վերայ» (Ծննդոց 6։5, 11, 12)։
Ահա այսպիսի աշխարհում էր ապրում Նոյը։ Սակայն ի տարբերություն իր շուրջը գտնվող մարդկանց՝ «Նոյը մի արդար.... մարդ էր», որ «Աստուծոյ հետ վարուեցաւ» (Ծննդոց 6։9)։ Արդար մարդու համար դժվար է ապրել անարդար հասարակության մեջ։ Որքա՜ն էր Նոյը վշտանում՝ տեսնելով մարդկանց գործերը և լսելով նրանց խոսքերը։ Հավանաբար նա ուներ այն նույն զգացումները, ինչ որ Ղովտը, որը նույնպես արդար մարդ էր և ապրել է Ջրհեղեղից հետո։ Ղովտն ապրում էր Սոդոմի անբարո բնակիչների կողքին և «սաստիկ ընկճվել էր այն բանից, որ օրենքն արհամարհող մարդիկ անձնատուր էին եղել անառակ վարքին», և «այն ամենից, ինչ որ նա տեսնում ու լսում էր՝ օրեցօր նրանց մեջ ապրելով, նրա արդար հոգին տանջվում էր նրանց անօրեն գործերի պատճառով» (2 Պետրոս 2։7, 8)։ Նույնն էր նաև Նոյի պարագայում։
Իսկ դուք ընկճվո՞ւմ եք, երբ լուրերով լսում եք սարսափելի դեպքերի մասին կամ տեսնում եք ձեր շուրջն ապրող մարդկանց չար գործերը։ Եթե այո, ապա դուք կհասկանաք Նոյի զգացումները։ Պատկերացրեք, թե նրա համար որքա՜ն դժվար պետք է լիներ 600 տարի շարունակ տոկալ աշխարհում տեղի ունեցող անարդարություններին, իսկ նա հենց 600 տարեկան էր, երբ սկսվեց Ջրհեղեղը։ Հավանաբար նա շատ էր ուզում, որ չարությանը վերջ դրվեր (Ծննդոց 7։6)։
Նոյը քաջություն ունեցավ մյուսներից տարբերվելու
Նոյը «արդար եւ կատարեալ մարդ էր իր դարումը» (Ծննդոց 6։9)։ Ուշադրություն դարձրեք, որ Աստվածաշնչում ասվում է, որ նա կատարյալ մարդ էր, սակայն ոչ իր ժամանակակիցների տեսանկյունից։ Նոյը կատարյալ էր Աստծու աչքում, իսկ նախաջրհեղեղյան շրջանի մարդկանց համար նա տարօրինակ էր։ Կարող ենք վստահ լինել, որ Նոյը չէր առաջնորդվում հասարակական կարծիքով, չէր մասնակցում անբարո զվարճություններին և ընկերական հավաքույթներին։ Պատկերացրեք, թե ինչպես մարդիկ վերաբերվեցին Նոյին, երբ նա սկսեց կառուցել տապանը։ Նրանք հավանաբար ծաղրում էին նրան և լուրջ չէին վերաբերվում նրա ասածներին։
Բացի այդ, Նոյն ուներ ամուր համոզմունքներ և դրանց մասին պատմում էր մարդկանց։ Աստվածաշունչն ասում է, որ նա «արդարության քարոզիչ» էր (2 Պետրոս 2։5)։ Անկասկած, Նոյը գիտեր, որ հակառակության է հանդիպելու։ Նրա նախահայրը՝ Ենովքը, արդար մարդ էր եղել և նախագուշակել էր, որ Աստված դատաստան էր անելու չարերի դեմ։ Ակներևաբար, այդ պատճառով Ենովքին սկսեցին հալածել, սակայն Աստված թույլ չտվեց, որ հակառակորդները սպանեն նրան (Ծննդոց 5։18, 21–24; Եբրայեցիներ 11։5; 12։1; Հուդա 14, 15)։ Եվ քանի որ Սատանան, դևերը, հսկաները և մարդկանց մեծամասնությունը անտարբեր էին կամ հակառակություն էին ցույց տալիս, Նոյը պետք է քաջություն ունենար և հավատար, որ Եհովան ի զորու էր պաշտպանելու իրեն։
Նրանք, ովքեր ծառայում են Աստծուն, միշտ բախվել են հակառակության։ Նույնիսկ Հիսուս Քրիստոսին և նրա հետևորդներին են ատել (Մատթեոս 10։22; Հովհաննես 15։18)։ Նոյը քաջություն ունեցավ ծառայելու Աստծուն, չնայած որ իր օրերում մարդիկ այդպես չէին վարվում։ Նա հասկանում էր, որ շատ ավելի կարևոր է ունենալ Աստծու հավանությունը, քան արժանանալ Աստծուն հակառակվող մարդկանց հաճությանը։ Իրականում Նոյն ուներ Աստծու հավանությունը։
Նոյը «ուշադրություն դարձրեց»
Ինչպես տեսանք, Նոյը քաջաբար քարոզում էր մարդկանց։ Ինչպե՞ս էին նրանք արձագանքում նրա հաղորդած պատգամին։ Աստվածաշնչում ասվում է, որ Ջրհեղեղից առաջ մարդիկ «ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, և ուշադրություն չդարձրեցին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին»։ Նրանք ուշադրություն չդարձրին նախազգուշացմանը (Մատթեոս 24։38, 39)։
Հիսուսն ասաց, որ նույն բանը տեղի կունենա մեր օրերում։ Եհովայի վկաները ավելի քան հարյուր տարի է, ինչ զգուշացնում են, որ Եհովան վճռական քայլերի է դիմելու, որպեսզի իրականացնի արդար նոր աշխարհ հաստատելու մասին իր խոստումը։ Երկրի վրա ապրող միլիոնավոր մարդիկ դրականորեն են արձագանքում, սակայն միլիարդավոր մարդիկ էլ ուշադրություն չեն դարձնում այդ նախազգուշացմանը։ «Իրենց ցանկության համաձայն»՝ նրանք անտեսում են իրականությունը և լրջորեն չեն վերաբերվում Ջրհեղեղի նշանակությանը (2 Պետրոս 3։5, 13)։
Սակայն Նոյը ուշադրություն դարձրեց իրեն տրված նախազգուշացմանը։ Նա հավատում էր այն ամենին, ինչ Եհովա Աստված ասել էր իրեն։ Իր հնազանդության շնորհիվ նա փրկվեց։ Պողոս առաքյալը գրել է. «Հավատով Նոյը, դեռ չերևացող բաների մասին Աստծուց նախազգուշացում ստանալով, աստվածավախություն դրսևորեց և իր ընտանիքի փրկության համար տապան կառուցեց» (Եբրայեցիներ 11։7)։
Լավ օրինակ մեզ համար
Նոյը կառուցել էր հսկայական մի տապան, որը ավելի երկար էր, քան ֆուտբոլի դաշտը, և բարձր էր, ինչպես երեք հարկանի շենքը։ Այն 30 մետրով երկար էր «Վայոմինգ» կոչվող նավից, որը երբևէ կառուցված ամենամեծ փայտյա նավն է եղել։ Անշուշտ, տապանը նավ չէր. այն ընդամենը պետք է ջրի վրա լողար։ Այդուհանդերձ, շինարարական հմտություններ էին անհրաժեշտ այն կառուցելու համար։ Տապանը պետք է ներսից և դրսից պատվեր կուպրով։ Հավանաբար տապանի շինարարությունը ավելի քան 50 տարի է տևել (Ծննդոց 6։14–16)։
Դեռ ավելին, Նոյը պետք է իր ընտանիքի և կենդանիների համար մեկ տարվա ուտելիք ամբարեր։ Նախքան Ջրհեղեղը նա պետք է կենդանիներին տապան մտցներ։ «Նոյն արաւ բոլորը ինչպէս Եհովան պատուիրեց նորան»։ Ի՜նչ մեծ թեթևացում հավանաբար նա զգաց, երբ ամեն բան պատրաստ էր, և Եհովան փակեց տապանի դուռը (Ծննդոց 6։19–21; 7։5, 16)։
Այնուհետև սկսվեց Ջրհեղեղը։ 40 օր և 40 գիշեր անձրև եկավ։ Մեկ տարի բոլորը պետք է տապանում մնային, մինչև որ ջրերը նվազեին (Ծննդոց 7։11, 12; 8։13–16)։ Բոլոր չար մարդիկ կործանվեցին։ Միայն Նոյն ու նրա ընտանիքը փրկվեցին։
Աստվածաշնչում նշվում է, որ Նոյի օրերի համաշխարհային Ջրհեղեղը «գալիք բաների օրինակ» է։ Ինչպե՞ս։ Կարդում ենք. «Այժմյան երկինքներն ու երկիրը նույն խոսքով պահվում են կրակի համար և պահպանվում են մինչև դատաստանի ու ամբարիշտ մարդկանց կործանման օրը»։ Սակայն ինչպես Նոյի օրերում փրկվողներ եղան, այնպես էլ այսօր կլինեն։ Մենք կարող ենք համոզված լինել, որ «Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից» (2 Պետրոս 2։5, 6, 9; 3։7)։
Նոյը աստվածանվեր, արդար մարդ էր չար սերնդի մեջ։ Նա լիովին հնազանդվեց Աստծուն։ Նոյը քաջություն ունեցավ անելու այն, ինչ ճիշտ է, նույնիսկ այն դեպքում, երբ գիտեր, որ դրա պատճառով արհամարհանքի և ատելության էր արժանանալու նրանց կողմից, ովքեր չէին ուզում ծառայել Աստծուն։ Եթե ընդօրինակենք Նոյին, մենք նույնպես կարժանանանք Աստծու հաճությանը և գալիք նոր աշխարհում ապրելու հեռանկար կունենանք (Սաղմոս 37։9, 10)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Արթնացե՛ք»–ի 2007 թ. հուլիսի համարի «Արդյո՞ք նրանք այդքան երկար են ապրել» վերնագրով հոդվածը, էջ 30, ռուս.։
[մեջբերում 5–րդ էջի վրա]
Հսկաների դաժան արարքները արտացոլվել են հին լեգենդներում
[նկար 7–րդ էջի վրա]
Եթե Նոյի պես հավատ ունենանք, մենք կարժանանանք Աստծու հաճությանը
[նկար 5–րդ էջի վրա]
Alinari/Art Resource, NY