Ընթերցողների հարցերը
Ծննդոց 6։3-ում կարդում ենք. «Իմ ոգին հավիտյան չի հանդուրժի մարդուն, քանի որ նա ընդամենը մարմին է։ Դրա համար նրա օրերը հարյուր քսան տարի պիտի լինեն»։ Արդյոք Եհովան սահմանափակե՞ց մարդու կյանքի տևողությունը, որ այն լինի 120 տարի, և արդյոք Նոյը հայտնե՞ց գալիք Ջրհեղեղի մասին այդքան ժամանակ։
Այս երկու հարցերի պատասխանն է՝ ո՛չ։
Ջրհեղեղից առաջ շատ մարդիկ դարեր էին ապրում։ Նոյը 600 տարեկան էր, երբ Ջրհեղեղը սկսվեց, և ապրեց 950 տարի (Ծննդ. 7։6; 9։29)։ Ջրհեղեղից հետո ծնված որոշ մարդիկ նույնպես շարունակեցին ապրել 120 տարուց ավել։ Օրինակ՝ Արփաքսադը մահացավ 438 տարեկանում, իսկ Շելան՝ 433 (Ծննդ. 11։10–15)։ Սակայն Մովսեսի ժամանակներում կյանքի տևողությունը նվազել էր, և մարդիկ միջինը ապրում էին 70 կամ 80 տարի (Սաղ. 90։10)։ Ուստի Ծննդոց 6։3-ը չի հաստատում մարդու կյանքի տևողությունը՝ թե այն առավելագույնը կամ միջինը 120 տարի պետք է լինի։
Այդ դեպքում գուցե այս համարը Աստծու կողմից ակնա՞րկ է Նոյին, որ նա պետք է զգուշացնի կործանման մասին, որը գալու է 120 տարի անց։ Ո՛չ։ Եհովան շատ անգամներ էր խոսել Նոյի հետ։ Տասը համար հետո կարդում ենք. «Աստված ասաց Նոյին. «Ամեն մարմնի վերջը եկել է, որովհետև.... երկիրը բռնությամբ է լցվել»»։ Հաջորդ տարիների ընթացքում Նոյը ավարտին հասցրեց հսկայական մի գործ. նա տապան կառուցեց, ինչից հետո «Եհովան ասաց Նոյին. «Դու և քո ամբողջ ընտանիքը տապան մտեք»» (Ծննդ. 6։13; 7։1)։ Կան այլ դեպքեր էլ, երբ Եհովան տեղեկացնում էր նրան որոշ բաների մասին (Ծննդ. 8։15; 9։1, 8, 17)։
Սակայն այն, ինչ կարդում ենք Ծննդոց 6։3-ում, այլ կերպ է հնչում. այնտեղ չի նշվում Նոյի մասին, ոչ էլ ասվում է, որ Աստված դիմում է նրան։ Այս խոսքերը պարզապես Աստծու նպատակի կամ որոշման արտահայտումն են (համեմատի՛ր Ծննդոց 8։21)։ Կարևոր է նշել, որ Ադամի ապրած ժամանակներից շատ առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմական արձանագրության մեջ այսպիսի արտահայտության ենք հանդիպում՝ «Աստված ասաց» (Ծննդ. 1։6, 9, 14, 20, 24)։ Ակնհայտ է, որ Եհովան չէր խոսում երկրի վրա գտնվող մարդու հետ, քանի որ մարդը դեռևս չէր ստեղծվել։
Ուրեմն տրամաբանական է եզրակացնել, որ Ծննդոց 6։3-ն արտահայտում է Աստծու վճիռը՝ վերացնել ապականված աշխարհը։ Նա որոշել էր դա անել 120 տարի հետո, թեև Նոյը դեռևս տեղյակ չէր այդ մասին։ Իսկ ինչո՞ւ նա ժամանակ սահմանեց։ Ինչո՞ւ էր հարկավոր սպասել։
Պետրոս առաքյալը նշում է պատճառները. «Աստված համբերությամբ սպասում էր Նոյի օրերում, մինչ կառուցվում էր տապանը, որի մեջ մի քանի մարդ, այսինքն՝ ութ հոգի, ապահով անցան ջրերի միջով» (1 Պետ. 3։20)։ Այո՛, երբ Եհովան որոշեց 120 տարի անց բերել կործանումը, նա հաշվի առավ, որ դեռ որոշ բաներ պետք է արվեն։ Նոյն ու իր կինը մոտ 20 տարի անց միայն երեխաներ ունեցան (Ծննդ. 5։32; 7։6)։ Նրանց երեք որդիները մեծացան, ամուսնացան, ու իրենց ընտանիքի անդամներն արդեն «ութ հոգի» էին։ Հետո նրանք պետք է կառուցեին տապանը, ինչը շատ ժամանակ կպահանջեր, եթե հաշվի առնենք դրա մեծությունը և այն, թե քանի հոգուց էր բաղկացած Նոյի ընտանիքը։ Այո՛, Աստված 120 տարի համբերեց, և դա հնարավորություն տվեց, որ այս բաներն իրագործվեն, կյանքը պահպանվի և ութ հավատարիմ մարդիկ «ապահով անցնեն ջրերի միջով»։
Աստվածաշնչում կոնկրետ չի նշվում, թե որ թվին Եհովան Նոյին տեղեկացրեց այն մասին, որ Ջրհեղեղ է լինելու։ Քանի որ նրա որդիները ծնվել էին, մեծացել ու ամուսնացել, հնարավոր է՝ 40 կամ 50 տարի էր մնացել մինչև Ջրհեղեղը։ Այս բոլոր բաներից հետո Եհովան Նոյին ասաց. «Ամեն մարմնի վերջը եկել է»։ Նա ավելացրեց, որ Նոյը պետք է մի հսկա տապան կառուցի և իր ընտանիքի հետ այնտեղ մտնի (Ծննդ. 6։13–18)։ Մնացած տասնամյակների ընթացքում Նոյը արդարության օրինակ ծառայելուց ավելին արեց։ Նա ծառայեց որպես «արդարության քարոզիչ»՝ հռչակելով մի պարզ նախազգուշացնող պատգամ, որ Աստված վճռել է կործանել այդ ժամանակվա անաստված մարդկանց։ Թեև Նոյը Ջրհեղեղից կարճ ժամանակ առաջ իմացավ, թե որ տարում է այն լինելու, սակայն նա վստահ էր, որ այդ կործանումը անպայման լինելու է։ Եվ դու այսօր գիտես, որ դա տեղի ունեցավ (2 Պետ. 2։5)։