ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՏԸ
«Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց»
ՆՈՅՆ ուղղեց կորացած մեջքն ու ձգվեց՝ մեղմելու մկանների ցավը։ Նա նստեց մի հաստ գերանի վրա՝ փոքր-ինչ հանգիստ առնելու և հայացքն ուղղեց դեպի հսկա տապանը։ Օդում տարածվել էր հալած կուպրի հոտը, լսվում էին գործիքների ձայները։ Այստեղից Նոյը կարող էր տեսնել՝ ինչպես են որդիները տապանի տարբեր մասերում տքնաջան աշխատում։ Կինը, որդիներն ու հարսները արդեն մի քանի տասնյակ տարիներ էր, ինչ իր հետ մասնակցում էին տապանի շինարարությանը։ Նրանք աշխատանքի մի մասն արդեն արել էին, սակայն այն ավարտին հասցնելու համար դեռ բավականին գործ կար անելու։
Մարդիկ մտածում էին, թե Նոյն ու իր ընտանիքը խելքները թռցրել են։ Տապանի շինարարությունը օրեցօր մոտենում էր ավարտին, իսկ մարդիկ ծիծաղում էին նրանց խոսքերի վրա, թե՝ ջրերը հեղեղելու են ողջ երկիրը։ Այդ մեծ աղետի մասին Նոյի նախազգուշացումները անհավանական ու անհեթեթ էին թվում։ Նրանց գլխում չէր տեղավորվում, թե ինչու է այդ մարդը իր և իր ընտանիքի անդամների կյանքը վատնում այդ հիմարության վրա։ Սակայն Նոյի Աստծու՝ Եհովայի համար նա բոլորովին էլ հիմար չէր։
Աստվածաշունչը Նոյի մասին ասում է. «Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց» (Ծննդոց 6։9)։ Ի՞նչ է դա նշանակում։ Աստված չի քայլել երկրի վրա, և ոչ էլ Նոյն է գնացել երկինք։ Նա ամեն ինչում հնազանդվել է Աստծուն և այնքան շատ է սիրել նրան, որ ասես ինքն ու Եհովան որպես ընկերներ քայլել են միասին։ Հազարավոր տարիներ հետո Աստվածաշնչում նրա մասին հետևյալը գրվեց. «Հավատի միջոցով նա դատապարտեց աշխարհը» (Եբրայեցիներ 11։7)։ Ինչպե՞ս Նոյը արեց դա։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա դրսևորած հավատից։
ԱՆԱՐԱՏ ՄԱՐԴ՝ ԱՐԱՏԱՎՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Նոյը մեծացել է մի աշխարհում, որը գնալով ապականվում էր։ Նրա հոր պապի՝ Ենոքի օրերում աշխարհն արդեն լի էր չարությամբ։ Ենոքն արդար մարդ էր, որը քայլեց Աստծու հետ։ Նա կանխագուշակեց այն դատաստանի օրվա մասին, որ գալու էր անաստված մարդկանց վրա։ Այժմ՝ Նոյի օրերում, մարդիկ բարոյապես ավելի արատավոր էին դարձել։ Եհովայի աչքում երկիրն ապականվել էր և բռնությամբ էր լցվել (Ծննդոց 5։22; 6։11; Հուդա 14, 15)։ Ո՞րն էր պատճառը։
Ողբերգական դեպքերի զարգացումը սկսվեց երկնքում։ Աստծու ոգեղեն որդիներից՝ հրեշտակներից մեկն արդեն ըմբոստացել էր նրա դեմ։ Աստծուն զրպարտելով և Ադամին ու Եվային մեղքի դրդելով՝ նա դարձել էր Բանսարկու Սատանա։ Նոյի օրերում ուրիշ հրեշտակներ հետևեցին նրան։ Թողնելով երկնքում Աստծու կողմից տրված իրենց դիրքը՝ նրանք իջան երկիր, մարդկային մարմիններ հագան և գեղեցիկ կանանց իրենց կին առան։ Այդ հպարտ ու եսասեր ըմբոստ հրեշտակները կործանարար ազդեցություն ունեցան մարդկային հասարակության վրա (Ծննդոց 3։1–5; 6։1, 2; Հուդա 6, 7)։
Մարմնավորված հրեշտակների և կանանց այս անբնական միության հետևանքով խառնածին սերունդ առաջ եկավ։ Կանայք որդիներ էին ծնում, որոնք արտասովոր չափեր և ուժ ունեին։ Աստվածաշունչը նրանց կոչում է «նեֆիլիմներ», որը բառացի նշանակում է «տապալողներ»։ Լինելով դաժան ու կատաղի՝ նեֆիլիմները ծայրահեղ չարությամբ լցրին առանց այն էլ ապականված երկիրը։ Ուստի զարմանալի չէ, որ «Եհովան տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի մտքերը ամեն ժամանակ հակված են միայն դեպի չարը»։ Նա վճռեց 120 տարի հետո մաքրել երկիրը այդ հասարակությունից (Ծննդոց 6։3–5)։
Պատկերացրու, թե որքան դժվար էր այդպիսի միջավայրում երեխա դաստիարակելը։ Այնուամենայնիվ Նոյին դա հաջողվեց։ Նա լավ կին էր գտել, իսկ 500 տարեկանում հայր էր դարձել։ Նա երեք որդի ուներ՝ Սեմը, Քամը, Հաբեթըa։ Ծնողները պետք է պաշտպանեին իրենց տղաներին շրջապատի ապականիչ ազդեցությունից։ Սովորաբար փոքր տղաները հիանում են ուժ և հեղինակություն ունեցող տղամարդկանցով, իսկ նեֆիլիմները հենց այդպիսին էին։ Դժվար թե Նոյն ու իր կինը այդ հսկաների սխրագործությունների մասին պատմությունները կարողանային հեռու պահել իրենց երեխաների ականջից, բայց կարող էին նրանց սովորեցնել Եհովա Աստծու մասին գեղեցիկ ճշմարտությունը, նրա, ով ատում է ամեն տեսակ չարություն։ Նրանք պետք է օգնեին իրենց զավակներին հասկանալու, որ Եհովան ցավ է զգում՝ տեսնելով աշխարհում տիրող բռնությունն ու ըմբոստության ոգին (Ծննդոց 6։6)։
Այսօր ծնողները նույն դժվարություններն ունեն, ինչ Նոյն ու իր կինն ունեին։ Ներկայիս աշխարհը նույնպես լի է բռնությամբ և ըմբոստության ոգով։ Նույնիսկ մանկական ֆիլմերն ու հաղորդումներն են տոգորված այդ ոգով։ Իմաստուն ծնողներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի պաշտպանեն իրենց երեխաներին այդ ազդեցությունից։ Նրանք սովորեցնում են նրանց խաղաղության Աստծու՝ Եհովայի մասին, որը մի օր վերջ է դնելու բռնությանը (Սաղմոս 11։5; 37։10, 11)։ Սակայն, չնայած չար աշխարհի ազդեցությանը, հնարավո՛ր է լավ երեխաներ մեծացնել։ Նոյին ու նրա կնոջը հաջողվեց դա։ Նրանց որդիները լավ մարդ դարձան և հետագայում ամուսնացան այնպիսի կանանց հետ, որոնք նույնպես ցանկանում էին ճշմարիտ Աստված Եհովային իրենց կյանքում առաջին տեղում դնել։
«ՔԵԶ ՀԱՄԱՐ ՄԻ ՏԱՊԱՆ ՇԻՆԻՐ»
Մի օր Նոյի կյանքը առհավետ փոխվեց։ Եհովան խոսեց իր սիրելի ծառայի հետ և նրան հայտնեց աշխարհը կործանելու մասին իր նպատակը։ Նա պատվիրեց Նոյին. «Քեզ համար մի տապան շինիր խիժաբեր ծառի փայտից» (Ծննդոց 6։14)։
Տապանը նավ չէր, ինչպես ոմանք են կարծում։ Այն ո՛չ նավաքիթ ուներ, ո՛չ էլ նավախել, ո՛չ թի, ո՛չ էլ ղեկ։ Այն մի հսկայական արկղի էր նման։ Եհովան Նոյին տվեց տապանի ճշգրիտ չափերն ու մանրամասները և պատվիրեց այն ներսից ու դրսից կուպրով պատել։ Ապա ասաց, թե ինչու. «Ես երկրի վրա ջրհեղեղ եմ բերելու.... Երկրի վրա ամեն կենդանի արարած պիտի մեռնի»։ Նաև հրահանգ տվեց. «Դու տապանը կմտնես, քեզ հետ նաև քո որդիները, կինդ ու որդիներիդ կանայք»։ Նոյը պետք է տապան բերեր նաև կենդանիների բոլոր տեսակներից։ Ջրհեղեղից փրկվելու էին միայն նրանք, ովքեր տապանում կլինեին (Ծննդոց 6։17–20)։
Նոյը պետք է հսկայական աշխատանք կատարեր։ Տապանը չափազանց մեծ էր լինելու. 133 մետր երկարության, 22 մետր լայնության և 13 մետր բարձրության։ Այն ավելի մեծ է եղել, քան մեր օրերում փայտից կառուցված ծովագնաց ամենամեծ նավերը։ Արդյոք Նոյը խույս տվե՞ց այդ հանձնարարությունից, բողոքե՞ց, թե դժվար գործ է, կամ փոխե՞ց տապանի նախագիծը՝ իր գործը հեշտացնելու համար։ Աստվածաշունչը պատասխանում է. «Նոյը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր իրեն։ Նա հենց այդպես արեց» (Ծննդոց 6։22)։
Շինարարությունը տասնամյակներ տևեց՝ հավանաբար 40–50 տարի։ Հարկավոր էր ծառեր կտրել, գերանները տեղափոխել, տարբեր չափերի կտրտել, տաշել և իրար ամրացնել։ Տապանը երեք հարկանի էր, բաժանմունքներ ուներ և մի կողմում՝ դուռ։ Ակներևաբար, տապանի վերևի հատվածում պատուհաններ կային, ուներ նաև տանիք, որի մեջտեղի հատվածը փոքր-ինչ բարձր էր, որպեսզի ջրերը վրայով հոսեին (Ծննդոց 6։14–16)։
Տարիներն անցնում էին, տապանը աստիճանաբար վեր էր խոյանում։ Որքա՜ն պետք է որ ուրախ լիներ Նոյը, որ ընտանիքը աջակցում էր իրեն։ Սակայն կար ևս մի գործ, որը տապան կառուցելուց թերևս ավելի դժվար էր։ Աստվածաշունչը հայտնում է, որ Նոյը «արդարության քարոզիչ» էր (2 Պետրոս 2։5)։ Նա չար և անաստված մարդկանց խիզախորեն զգուշացնում էր մոտալուտ կործանման մասին։ Իսկ ինչպե՞ս էին նրանք արձագանքում։ Հետագայում Հիսուս Քրիստոսը, խոսելով այդ ժամանակների մասին, ասաց, որ նրանք «ուշադրություն չդարձրին»։ Նրանք այնքան էին տարված իրենց առօրյայով՝ ուտելով, խմելով և ամուսնանալով, որ ականջ չդրին Նոյի նախազգուշացումներին (Մատթեոս 24։37–39)։ Անկասկած շատերը ծաղրում էին նրան ու նրա ընտանիքին, ոմանք էլ, հնարավոր է, սպառնում էին ու խիստ հակառակվում։
Սակայն Նոյն ու նրա ընտանիքը անկոտրում մնացին։ Նրանք շարունակեցին իրենց հանձնարարված գործը, չնայած որ ապրում էին մի աշխարհում, որտեղ մարդիկ միայն իրենց անձնական շահով էին հետաքրքրված և տապան կառուցելը հիմարություն ու անհեթեթություն էին համարում։ Այսօր քրիստոնյա ընտանիքները շատ բան կարող են սովորել Նոյի ու նրա ընտանիքի դրսևորած հավատից։ Մենք ապրում ենք, ինչպես Աստվածաշունչն է ասում, «վերջին օրերում» (2 Տիմոթեոս 3։1)։ Հիսուսը մեր օրերը նմանեցրեց Նոյի օրերին։ Երբ Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելիս քրիստոնյաները հանդիպում են անտարբերության, ենթարկվում ծաղրուծանակի և նույնիսկ հալածանքի, լավ կլինի՝ հիշեն Նոյին։ Նրանք առաջինը չեն, որ բախվում են նման դժվարությունների։
«ՏԱՊԱՆ ՄՏԵՔ»
Տասնամյակներ անցան։ Տապանը իր վերջնական տեսքն էր ստանում։ Նոյը մոտավորապես 600 տարեկան էր, երբ մահացավ նրա հայրը՝ Ղամեքըb։ Հինգ տարի անց 969 տարեկանում մահացավ Նոյի պապը՝ Մաթուսաղան։ Աստվածաշնչում հիշատակված մարդկանց մեջ նա ամենաերկարակյացն է (Ծննդոց 5։27)։ Թե՛ Մաթուսաղան, թե՛ Ղամեքը ապրել են այն ժամանակներում, երբ առաջին մարդը՝ Ադամը, դեռ կենդանի էր։
Այդ նույն տարի Եհովա Աստված պատվիրեց Նոյին. «Դու և քո ամբողջ ընտանիքը տապան մտեք»։ Նաև ասաց, որ տապան բերի ամեն տեսակ կենդանիների՝ մաքուր անասունից՝ յոթական՝ զոհ մատուցելու համար, իսկ մյուսներից՝ երկուական (Ծննդոց 7։1–3)։
Տեսարանը պետք է որ անմոռանալի լիներ։ Հարյուրավոր կենդանիներ, սողուններ ու թռչուններ՝ տարբեր տեսակների և չափերի, շարժվում էին դեպի տապանը։ Հարկ չկար, որ Նոյը այս բոլոր վայրի կենդանիներին քշեր կամ ստիպեր մտնել տապան։ Աստվածաշունչն ասում է, որ նրանք «մտան տապանը՝ Նոյի մոտ» (Ծննդոց 7։9)։
Որոշ քննադատներ գուցե ասեն. «Ինչպե՞ս է դա հնարավոր։ Ինչպե՞ս կարող էին այդ բոլոր կենդանիները մի տեղ խաղաղ մնալ»։ Սակայն մի՞թե տիեզերքն Արարողը անզոր է ղեկավարելու իր իսկ ստեղծած կենդանիներին ու անհրաժեշտության դեպքում հնազանդեցնելու նրանց։ Մի՛ մոռացիր, Եհովան այն Աստվածն է, որը բացեց Կարմիր ծովը և կանգնեցրեց արևը։ Մի՞թե չէր կարող անել այն ամենը, ինչ նկարագրված է Նոյի պատմության մեջ։
Ինչ խոսք, Եհովան կարող էր մեկ այլ կերպ փրկել իր ստեղծած կենդանիներին։ Սակայն նրանց հոգ տանելու գործը նա մարդուն վստահեց, ինչպես որ արել էր մարդկության պատմության սկզբում (Ծննդոց 1։28)։ Բազմաթիվ ծնողներ այսօր Նոյի պատմության միջոցով սովորեցնում են երեխաներին, որ Եհովան թանկ է գնահատում թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների կյանքը։
Եհովան Նոյին ասաց, որ յոթ օր հետո երկրի վրա ջրհեղեղ պիտի բերի։ Դրանք Նոյի ընտանիքի համար ծանրաբեռնված օրեր էին։ Միայն պատկերացրու. նրանք պետք է բոլոր կենդանիներին տեղավորեին տապանում, ուտելիք պահեստավորեին և իրենց ունեցվածքը տեղափոխեին։ Նոյի կինն ու հարսները հավանաբար զբաղված էին տապանում բնակության համար հարմարավետ պայմաններ ստեղծելով։
Իսկ ի՞նչ էին անում մարդիկ։ Նրանք շարունակում էին «ուշադրություն չդարձնել», թեև հստակ տեսնում էին, թե ինչպես է Եհովան օրհնում Նոյին ու նրա ջանքերը։ Իսկ կենդանիների բազմությունը, որը հորդում էր դեպի տապանը, նրանք չէին կարող չնկատել։ Սակայն մեզ չպետք է զարմացնի նրանց անտարբերությունը։ Այսօր էլ մարդիկ ուշադրություն չեն դարձնում ակնհայտ ապացույցներին, որ ապրում ենք վերջին օրերում։ Պետրոս առաքյալը կանխագուշակել էր, որ վերջին օրերում մարդիկ ծաղրելու են նրանց, ովքեր ուշադրություն են դարձնում Աստծու նախազգուշացումներին (2 Պետրոս 3։3–6)։ Նույն ձևով էլ ծաղրում էին Նոյին ու նրա ընտանիքին։
Ե՞րբ վերջ դրվեց ծաղրուծանակին։ Աստվածաշնչում ասվում է, որ երբ Նոյը իր ընտանիքին և կենդանիներին ներս բերեց տապան, «Եհովան դուռը փակեց նրա հետևից»։ Եթե մոտակայքում մարդիկ ծիծաղում էին նրանց վրա, Աստված դրանով պապանձեցրեց նրանց։ Իսկ եթե դեռ որևէ մեկը շարունակում էր ծաղրել, անձրևը լռեցրեց։ Անձրև տեղաց ժամեր, օրեր, շաբաթներ շարունակ և ի վերջո հեղեղեց ողջ երկիրը, ճիշտ ինչպես որ Եհովան ասել էր (Ծննդոց 7։16–21)։
Արդյոք Եհովան ուրախացա՞վ՝ տեսնելով չար մարդկանց մահը։ Բոլորովի՛ն (Եզեկիել 33։11)։ Նա ամեն հնարավորություն տվել էր նրանց փոխելու իրենց ընթացքը։ Կարո՞ղ էին նրանք փրկվել։ Նոյի կյանքը լուռ պատասխանն է այս հարցի։ Քայլելով Եհովայի հետ՝ ամեն ինչում իր Աստծուն հնազանդվելով՝ նա փաստեց, որ հնարավոր էր փրկվել։ Նրա հավատը դատապարտեց աշխարհը՝ բացահայտելով իր ժամանակակիցների չարությունը։ Նրա հավատի շնորհիվ կենդանի մնաց թե՛ ինքը, և թե՛ իր ընտանիքը։ Ընդօրինակելով Նոյի հավատը՝ դու էլ թերևս կարողանաս փրկել քեզ ու քո սիրելիներին։ Նոյի պես՝ դու էլ կարող ես Աստծու ընկերը լինել ու քայլել նրա հետ։ Եվ այդ ընկերությունը կարող է տևել հավիտյան։
a Այն ժամանակներում մարդիկ շատ ավելի երկար էին ապրում։ Նրանց երկարակեցությունը, ակներևաբար, պայմանավորված էր նրանով, որ մոտ էին այն կատարելությանը, որը կորցրել էին Ադամն ու Եվան։
b Ղամեքն իր որդու անունը Նոյ դրեց, որը հավանաբար նշանակում է «հանգիստ, մխիթարություն», ու մարգարեացավ, որ Նոյը կկատարի իր անվան նշանակությունը և մարդիկ հանգստություն կգտնեն անիծված հողի պատճառով տքնաջան աշխատելուց (Ծննդոց 5։28, 29)։ Ղամեքը չտեսավ այս մարգարեության կատարումը։